Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիuի 3-ի ՀO-401-Ն օրենքի (այսուհետեւ՝ օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը լրացնել հետեւյալ բառերով.
«- քննչական գլխավոր վարչության պետ.»:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1 մասով.
«1.1 Ոստիկանությունում քննչի, ավագ քննիչի, հատկապեu կարեւոր գործերով ավագ քննիչ, բաժանմունքի պետի տեղակալի, բաժանմունքի պետի, բաժնի պետի տեղակալի, բաժնի պետի, վարչության պետի տեղակալի, վարչության պետի պաշտոններին կարող են նշանակվել սույն հոդվածի 1-ին մասի պահանջներին բավարարող եւ «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ-ե» կետերով 13-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքերով զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները»:
Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալներին եւ քննչական գլխավոր վարչության պետին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ պետական կառավարման մարմնի ղեկավարի առաջարկությամբ: Քննչական գլխավոր վարչության պետն ի պաշտոնե պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալն է:»:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը օրվանը հաջորդող տասներորդ օրվանից:
Սույն օրենքի 2-րդ հոդվածն ուժի մեջ է մինչեւ 2007 թվականի դեկտեմբերի 1-ը:
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի նախապատրաստումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող դատաիրավական բարեփոխումներով, ինչպես նաեւ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի ընդունումով:
Բարեփոխումների արդյունքում դատախազությանը նախաքննություն իրականացնելու իրավասություն չի վերապահվում, որի հետեւանքով դատախազության մարմինների քննչական հաստիքները կրճատվել եւ դրանց մեծ մասը հատկացվել են ՀՀ ոստիկանությանը:
Նախագիծը նպատակ է հետապնդում դատախազությունից ոստիկանություն տեղաափոխվող քաղաքացիների համար ստեղծել պայմաններ ոստիկանությունում ծառայության անցնելու համար:
Նախագծով նախատեսվում է ոստիկանության պաշտոնների խումբը լրացնել բարձրագույն խմբի նոր պաշտոնով՝ պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալ, քննչական գլխավոր վարչության պետ: Լրացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող դատաիրավական բարեփոխումների արդյունքում ոստիկանության նախաքննական մարմնի դերը զգալիորեն բարձրացել է, ինչի հետեւանքով առաջիկայում էականորեն ավելանալու է այդ մարմնի ծառայողների թվաքանակը: Նախաքննական մարմինն առավել արդյունավետ եւ օպերատիվ կառավարելու համար նպատակահարմար է քննչական գլխավոր վարչության պետի կարգավիճակը հավասարեցնել ոստիկանության պետի տեղակալի կարգավիճակին:
Նախագծով նախատեսվում է մինչեւ 2007 թվականի դեկտեմբերի 1-ը ոստիկանության քննչական ապարատի պաշտոններում ծառայության անցնելու հնարավորություն տալ նաեւ տարկետման իրավունքի հիմքով զինվորական ծառայությունից ազատված անձանց, որի հիմնական նպատակը դատախազության փորձառու աշխատակիցներին ոստիկանությունում ծառայության անցնելու հնարավորություն ընձեռելն է: