Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-057-31.07.2007-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Արտակարգ դրության իրավական ռեժիմը

Արտակարգ դրությունը բացառապես մարդկանց անվտանգության ապահովման եւ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի պաշտպանության շահերից բխող ժամանակավոր միջոցառում է, որն իրենից ներկայացնում է պետական, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործունեության հատուկ իրավական ռեժիմ եւ թույլատրում է իրավաբանական անձանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների եւ ազատությունների որոշակի ժամանակավոր սահմանափակումների եւ սույն օրենքով նախատեսված լրացուցիչ պարտավորությունների սահմանում:

Հոդված 2. Արտակարգ դրություն հայտարարելու իրավական հիմքերը

Արտակարգ դրություն հայտարարելու իրավական հիմքերն են՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, սույն օրենքը եւ նորմատիվ իրավական այլ ակտերը:

Հոդված 3. Արտակարգ դրություն հայտարարելու նպատակը

Արտակարգ դրություն հայտարարելու նպատակն է վերացնել այն հանգամանքները, որոնք նպաստել են դրա առաջացմանը, պաշտպանել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը, ապահովել մարդու եւ քաղաքացու անվտանգությունը, իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը:

ԳԼՈՒԽ 2.

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

Հոդված 4. Արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքները

1. Արտակարգ դրություն հայտարարվում է միայն այն հանգամանքների առկայության դեպքում, որոնք անմիջականորեն սպառնում են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին եւ այդ հանգամանքների վերացումն անհնարին է այլ ձեւերով:

Հոդված 5. Արտակարգ դրություն հայտարարելու կարգը

1. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ նրա առանձին վարչատարածքային միավորներում Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ, Հայաստանի Հանրապետության Նախագահը հայտարարում է արտակարգ դրություն, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ եւ այդ մասին ուղերձով դիմում է ժողովրդին:

2. Արտակարգ դրություն հայտարարելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հատուկ նիստ:

3. Հայաստանի Հանրապետության տարածքում կամ տարածքի որոշակի մասում արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ պարտադիր տեղեկացվում են Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները:

Հոդված 6. Արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրի բովանդակությունը

1. Արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրում պետք է սահմանվեն՝

ա) արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքները,

բ) արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտության հիմնավորումը,

գ) այն տարածքի սահմանները, որտեղ հայտարարվում է արտակարգ դրություն,

դ) արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցները եւ ուժերը,

ե) Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, կազմակերպությունների իրավունքների եւ ազատության ժամանակավոր սահմանափակումների, կիրառվող միջոցների, ինչպես նաեւ նրանց նկատմամբ լրացուցիչ պարտավորությունների ցանկը,

զ) արտակարգ դրության ժամանակահատվածում ստեղծվող պետական հատուկ մարմինները եւ նրանց իրավասությունների շրջանակները,

է) արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման համար պատասխանատու պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք,

ը) արտակարգ դրության ուժի մեջ մտնելու եւ դրա գործողության ժամկետները:

2.Արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագիրը ենթակա է անհապաղ հրապարակման հեռուստատեսությամբ, ռադիոյով եւ մամուլով:

Հոդված 7. Արտակարգ դրության գործողության ժամկետը

1. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը, իսկ հանրապետության առանձին տարածքներում հայտարարված արտակարգ դրության ժամկետը՝ 60 օրը:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետների ավարտից հետո արտակարգ դրությունը համարվում է դադարեցված: Եթե նշված ժամկետների ընթացքում չեն վերացել այն հանգամանքները, որոնք հիմք են հանդիսացել արտակարգ դրություն հայտարարելու համար, ինչպես նաեւ չեն վերացվել արտակարգ դրության հետեւանքները, արտակարգ դրության ժամկետը կարող է երկարաձգվել Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով՝ սույն օրենքով արտակարգ դրություն հայտարարելու համար սահմանված կարգով եւ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետներում:

Հոդված 8. Արտակարգ դրությունը չեղյալ հայտարարելը

Մինչեւ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետների ավարտն արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքների վերացման դեպքում արտակարգ դրությունը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ հայտարարվել Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով, որի մասին բնակչությունն իրազեկվում է սույն օրենքով սահմանված արտակարգ դրություն հայտարարելու մասին տեղեկացվելու կարգով:

Հոդված 9. Արտակարգ դրության իրավական ռեժիմի առանձնահատկությունները

Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում արտակարգ դրության ժամանակ Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրություններ չի անցկացվում :

Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը չի կարող արձակվել:

ԳԼՈՒԽ 3.

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

Հոդված 10. Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում կիրառվող միջոցառումները եւ ժամանակավոր սահմանափակումները

1. Արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում, արտակարգ դրության ամբողջ ժամկետի ընթացքում կարող են կիրառվել հետեւյալ միջոցառումները եւ ժամանակավոր սահմանափակումները.

ա) արտակարգ դրություն հայտարարված տարածքում տեղաշարժման ազատության սահմանափակում, ինչպես նաեւ նշված տարածք մուտք գործելու եւ տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի սահմանում, որը ներառում է օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց՝ տվյալ տարածք մուտք գործելու եւ այնտեղ գտնվելու սահմանափակումները,

բ) հասարակական կարգի, պետական պահպանության ենթակա օբյեկտների, ինչպես նաեւ բնակչության կենսաապահովման եւ տրանսպորտի գործունեությունը կանոնակարգող օբյեկտների պահպանության ուժեղացում,

գ) ֆինանսա-տնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման, ներառյալ՝ ծառայությունների մատուցման, ապրանքների եւ ?ֆինանսական միջոցների շրջանառության սահմանափակումներ,

դ) սննդամթերքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքի, ձեռքբերման եւ շրջանառության հատուկ կարգի սահմանում,

ե) ժողովներ, միտինգներ, ցույցեր, երթեր եւ այլ զանգվածային միջոցառումներ իրականացնելու արգելում կամ սահմանափակում,

զ) գործադուլների եւ կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումների արգելում,

է) տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակում եւ դրանց զննության իրականացում,

ը) արտակարգ դրություն հայտարարելու հանգամանքների առաջացմանը նպաստող վտանգավոր արտադրությունների, պայթուցիկ, ռադիոակտիվ, քիմիական եւ կենսաբանական վտանգավոր նյութեր օգտագործող կազմակերպությունների գործունեության կասեցում:  Այդ կազմակերպությունների ղեկավարների կողմից պաշտոնեական պարտականությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում նրանց  գործունեությունը կարող է ժամանակավոր կասեցվել` պարտականությունների ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելով,

թ) նյութական եւ մշակութային արժեքների տարահանում, եթե իրական վտանգ կա արտակարգ հանգամանքներում դրանց ոչնչացման, կողոպտման կամ վնասման համար.

ժ) պետական, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, նշանակովի եւ ընտրովի պաշտոններ զբաղեցնող պաշտոնատար անձանց իրավասությունների ժամանակավոր սահմանափակում կամ կասեցում:

Սույն մասում եւ սույն օրենքի 11-րդ հոդվածում նշված միջոցառումների իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Արտակարգ դրություն հայտարարված տարածքում ընտրություններ եւ հանրաքվեներ չեն անցկացվում՝ մինչեւ արտակարգ դրության գործողության ժամկետի ավարտը: Այդ ընթացքում պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց լիազորությունների ժամկետի ավարտման դեպքում այդ լիազորությունները երակարաձգվում են մինչեւ արտակարգ դրության գործողության ժամկետի ավարտը, եթե նրանց լիազորությունները չեն դադարեցվել սույն օրենքով սահմանված կարգով:

3. Հայաստանի Հանրապետության Նախագահն իրավունք ունի դադարեցնել արտակարգ դրություն հայտարարված տարածքում պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերի գործողությունը, եթե դրանք հակասում են տվյալ տարածքում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրին:

Հոդված 11.  Արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումները եւ սահմանափակումները

Արտակարգ դրության պայմաններում, ի լրումն սույն օրենքի 10-րդ հոդվածում սահմանված միջոցառումների եւ ժամանակավոր սահմանափակումների, կարող են նախատեսվել նաեւ հետեւյալ միջոցառումները եւ ժամանակավոր սահմանափակումները.

ա) պարետային ժամի սահմանում, այսինքն՝ օրվա որոշակի ժամանակահատվածում առանց անձը հաստատող փաստաթղթերի եւ հատուկ թույլտվությունների փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու արգելում,

բ) օրենքով սահմանված կարգով խոսքի ազատության սահմանափակում, ինչպես նաեւ տպագրող սարքերի, ռադիոհեռարձակող, ձայնաուժեղացնող տեխնիկական միջոցների, բազմացնող տեխնիկայի ժամանակավոր առգրավում կամ կալանք, լրագրողների հավատարմագրման հատուկ կարգի կապի միջոցներից օգտվելու հատուկ կանոների սահմանում,

գ) արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացմանը խոչընդոտող կուսակցությունների եւ այլ հասարակական կազմակերպությունների գործունեության ժամանակավոր կասեցում,

դ) քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերի ստուգում, քաղաքացիների անձնական, առարկաների եւ տրանսպորտային միջոցների զննում,

ե) զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ եւ թունավոր նյութերի, հատուկ միջոցների վաճառքի արգելում, թմրամիջոցների եւ հոգեմետ նյութեր, ուժեղ ներգործող նյութեր պարունակող դեղագործական միջոցների եւ պրեպարատների, էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, սպիրտ պարունակող արտադրանքի շրջանառության հատուկ ռեժիմի սահմանում: Առանձնահատուկ դեպքերում թույլատրվում է քաղաքացիներից ժամանակավորապես առգրավել օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերված զենքը եւ զինամթերքը, թունավոր նյութերը, իսկ կազմակերպություններից՝ զենք, զինամթերք, մարտական ու ուսումնական ռազմական տեխնիկա, պայթուցիկ եւ ռադիոակտիվ նյութեր,

զ) արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած եւ տվյալ տարածքում չբնակվող անձանց վտարում՝ նրանց միջոցների հաշվին, իսկ նման միջոցներ չլինելու դեպքում՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ կատարված ծախսերի հետագա փոխհատուցման պայմանով,

է) հնարավոր արտակարգ իրավիճակները կանխելու, հնարավոր հետեւանքները նվազեցնելու եւ վերացնելու նպատակով արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության կանխարգելիչ միջոցառումների իրականացում,

ը) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության հիմնական միջոցառումների իրականացում,

թ) կարանտինի հայտարարում, սանիտարա-հակահամաճարակային, անասնաբուժական եւ այլ միջոցառումների իրականացում,

ժ) պետական նյութական պահուստի ներգրավում, կազմակերպությունների (անկախ սեփականության ձեւից եւ կազմակերպաիրավական տեսակից) ռեսուրսների հավաքագրում, նրանց աշխատանքի ռեժիմի փոփոխում,

ժա) առանձնահատուկ դեպքերում` կապված վթարա-վերականգնողական եւ այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման ու ապահովման անհրաժեշտության հետ, աշխատունակ բնակչության զորահավաք եւ քաղաքացիների տրանսպորտային միջոցների ու այլ գույքի ներգրավում.

ժբ) արտադրության որոշակի ճյուղերի վերապրոֆիլավորում, վերակազմակերպում` ելնելով արտակարգ դրության առաջացման հանգամանքներին նպաստող պայմանները վերացնելու համար նյութական եւ այլ միջոցների անհրաժեշտությունից:

ԳԼՈՒԽ 4.

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 12. Արտակարգ դրություն հայտարարված տարածքում պետական հատուկ կառավարման մարմինները

1. Արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացման եւ այլ հրատապ հարցեր լուծելու նպատակով Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով կարող են ստեղծվել պետական հատուկ կառավարման հետեւյալ մարմինները՝

ա) Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող պետական հանձնաժողով (այսուհետ՝ Պետական հանձնաժողով),

բ) արտակարգ դրություն հայտարարված տարածքի պարետատուն (այսուհետ՝ Տարածքի պարետատուն):

2. Պետական հանձնաժողովի եւ Տարածքի պարետատան կանոնադրությունները հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

Հոդված 13. Պետական հանձնաժողովի հիմնական խնդիրները եւ կազմը

1. Պետական հանձնաժողովի հիմնական խնդիրներն են՝

ա) արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացման միջոցառումների մշակումը,

բ) արտակարգ դրություն հայտարարված տարածքի կառավարումը եւ բնականոն գործունեությունն ապահովող օպերատիվ միջոցառումների անցկացման կազմակերպումը,

գ) արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքների վերացմանն ուղղված պետական կառավարման տարածքային եւ տեղական ինքնակառավարման, ինչպես նաեւ այդ հանգամանքների վերացման գործընթացին ներգրավված այլ մարմինների գործունեության կոորդինացումը,

դ) արտակարգ դրության համար հիմք ծառայող հանգամանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման նկատմամբ վերահսկողությունը.

ե) պետական, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին, բնակչությանը անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման ապահովումը:

2. Պետական հանձնաժողովն իրավունք ունի հրապարակել արտակարգ դրության ռեժիմի ապահովման հարցերով հրամաններ եւ կարգադրություններ, որոնք կատարման համար պարտադիր են արտակարգ դրություն հայտարարված տարածքում:

3. Պետական հանձնաժողովի կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը: Պետական հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել արտակարգ դրություն հայտարարված տարածքի  պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման, ինչպես նաեւ արտակարգ դրության հանգամանքների վերացման գործընթացին ներգրավված մարմինների ներկայացուցիչները:

Հոդված 14. Տարածքի պարետի լիազորությունները

1. Տարածքի պարետատունն իրականացնում է արտակարգ դրություն հայտարարված տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի եւ միջոցների միասնական ղեկավարումը: Տարածքի պարետատունը ղեկավարում է պարետը, որը նշանակվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից:

2. Պարետը՝

ա) իր իրավասությունների սահմաններում արձակում է հրամաններ եւ կարգադրություններ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման հարցերով, որոնք կատարման համար պարտադիր են արտակարգ դրություն հայտարարված տարածքի բնակչության, այլ քաղաքացիների ու պաշտոնատար անձանց, կազմակերպությունների, արտակարգ դրության ռեժիմն ապահովող մարմինների համար,

բ) սահմանում է պարետային ժամը, արտակարգ դրություն հայտարարված տարածք մուտք գործելու եւ տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմը, արտակարգ դրություն հայտարարված տարածքից սահմանված կարգով վտարում է արտակարգ դրության ռեժիմը խախտած անձանց,

գ) Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնում է առաջարկություններ արտակարգ դրություն հայտարարված տարածքում սույն օրենքի 10-11-րդ հոդվածներում նախատեսված միջոցառումների եւ ժամանակավոր սահմանափակումների կիրառման անհրաժեշտության վերաբերյալ,

դ) սահմանում է արտակարգ դրություն հայտարարված տարածքում լրագրողների հավատարմագրման եւ նրանց աշխատանքի հատուկ կարգ,

ե) իրավունք ունի մասնակցել արտակարգ դրություն հայտարարված տարածքում պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների նիստերին, իր իրավասությունների սահմաններում ներկայացնել առաջարկություններ,

զ) իրականացնում է իրավիճակից թելադրված այլ գործողություններ:

Հոդված 15. Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցները եւ ուժերը

1. Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով օգտագործվում են ոստիկանության, արդարադատության, արտաքին գործերի, պաշտպանության, ազգային անվտանգության եւ Հայաստանի փրկարար ծառայության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները:

2. Ոստիկանության, արդարադատության, պաշտպանության, ազգային անվտանգության եւ Հայաստանի փրկարար ծառայության պետական լիազոր մարմինների  ուժերն ու միջոցները կիրառվում են հետեւյալ խնդիրների իրականացման նպատակով.

ա) արտակարգ դրություն հայտարարված տարածք մուտք գործելու եւ տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի իրականացման ապահովում,

բ) ռեժիմային, հատուկ ռեժիմային եւ հատուկ պահպանվող օբյեկտների, բնակչության կենսագործունեությունն ու տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաեւ բնակչության կյանքի եւ առողջության, շրջակա միջավայրի համար վտանգ ներկայացնող օբյեկտների պաշտպանություն,

գ) զինված անօրինական խմբավորումների գործունեության դադարեցում,

դ) արտակարգ իրավիճակների կանխում, հնարավոր հետեւանքների նվազեցում եւ վերացում, մարդկանց կյանքի ու նութական արժեքների փրկություն:

3. Սույն հոդվածի 2-րդ մասի «ա-գ» կետերում նշված խնդիրները Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կողմից իրականացվում են ոստիկանության եւ ազգային անվտանգության մարմինների հետ համատեղ: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողները ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք եւ ռազմական տեխնիկա կիրառում են «Ոստիկանության զորքերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի եւ ռազմական տեխնիկայի կիրառման պայմաններին, կարգին ու սահմաններին համապատասխան:

ԳԼՈՒԽ 5.

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՐԱՇԽԻՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 16. Արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցների եւ ժամանակավոր սահմանափակումների սահմանները

1. Արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցները եւ ֆիզիկական անձանց սահմանադրական իրավունքների ու ազատությունների, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների փոփոխությունները, ինչպես նաեւ իրավաբանական անձանց առաջադրվող լրացուցիչ պարտավորությունները պետք է իրականացվեն այն սահմաններում, որոնք համարժեք են արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայող հանգամանքներին:

2. Արտակարգ դրության պայմաններում սույն օրենքով նախատեսված միջոցները եւ ժամանակավոր սահմանափակումները պետք է համապատասխանեն մարդու իրավունքների պաշտպանության եւ շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին եւ բխեն արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղվելու վերաբերյալ միջազգային պարտավորություններից:

Հոդված 17. Արտակարգ դրության գործողության ընթացքում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների երաշխիքները

1. Արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքներից կամ դրանց հետեւանքների վերացման գործողություններից տուժած ֆիզիկական անձանց փոխհատուցվում է կրած նյութական վնասը, տրամադրվում է անհրաժեշտ օգնություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, որոնց գույքն ու նյութական այլ միջոցներն օգտագործվել են արտակարգ դրության հետեւանքների վերացման նպատակով, իրավունք ունեն ստանալ համարժեք նյութական փոխհատուցում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ չափերով:

Հոդված 18. Ֆիզիակական ուժի, հատուկ միջոցների, զենքի եւ ռազմական տեխնիկայի կիրառման պայմաններն ու սահմանները

Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի եւ ռազմական տեխնիկայի կիրառման պայմաններն ու սահմաններն արտակարգ դրության ժամանակ ենթակա չեն փոփոխման:

Հոդված 19. Պարետային ժամի կանոնները խախտած անձանց ձերբակալման կարգը

1. Պարետային ժամի կանոնները խախտած անձինք ենթակա են ձերբակալման արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի կողմից՝ մինչեւ պարետային ժամի ավարտը, իսկ անձը հատատող փաստաթղթերի բացակայության դեպքում՝ մինչեւ նրանց անձի հաստատումը, բայց ոչ ավել, քան 48 ժամով՝ ոստիկանության տարածքային մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի որոշմամբ: Նշված ժամկետը կարող է դատարանի վճռով երկարաձգվել մինչեւ 10 օրով: Ձերբակալված անձինք, նրանց մոտ եղած առարկանները եւ տրանսպորտային միջոցները կարող են ենթարկվել զննության:

Ձերբակալման մասին որոշումը ֆիզիկական անձի կողմից կարող է բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

2. Արտակարգ դրություն հայտարարված տարածքում մարդկանց եւ կենդանիների վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածման սպառնալիքի հետեւանքով հայտարարված կարանտինի դեպքում, արտակարգ դրության իրավական ռեժիմը խախտած, տվյալ տարածքում չբնակվող եւ այլ հանգամանքներում վտարման ենթակա անձինք ձերբակալվում են ընդհանուր հիմունքներով եւ պահվում են մինչեւ առողջապահական մարմինների կողմից սահմանված ժամկետի ավարտը:

Հոդված 20. Արտակարգ դրությունը չեղյալ հայտարարելու իրավական հետեւանքները

1. Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով ընդունված եւ ֆիզիկական ու իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների ժամանակավոր սահմանափակման հետ կապված նորմատիվ իրավական ակտերը կիրառվում են միայն արտակարգ դրության գործողության ժամկետի ընթացքում եւ ուժը կորցրած են ճանաչվում արտակարգ դրությունը չեղյալ հայտարարելու հետ միաժամանակ՝ առանց այդ մասին հատուկ իրազեկելու:

2. Արտակարգ դրությունը չեղյալ հայտարարելը հանգեցնում է արտակարգ դրության իրավական ռեժիմի խախտման գործերով վարչական վարույթի դադարեցման եւ ձերբակալված անձանց անհապաղ ազատ արձակման:

Հոդված 21. Արտակարգ դրության իրավական ռեժիմի պահանջները խախտած ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, ինչպես նաեւ պաշտոնատար անձանց պատասխանատվությունը

1.  Արտակարգ դրության իրավական ռեժիմի պահանջները խախտած ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, ինչպես նաեւ պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող մարմինների աշխատակիցների կողմից ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների, զենքի եւ ռազմական տեխնիկայի անիրավաչափ կիրառումը, ինչպես նաեւ այդ մարմինների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների գերազանցումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:

ԳԼՈՒԽ 6.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 22. Արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման միջոցառումների ?ֆինանսավորումը

1. Արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման միջոցառումները ?ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդում սույն հոդվածի 1-ին մասում նշված միջոցաումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ չլինելու դեպքում այդ միջոցառումներն իրականացվում են արտակարգ դրություն հայտարարված տարածքում գտնվող կազմակերպությունների միջոցների հաշվին` հետագա համարժեք փոխհատուցմամբ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի քննարկմանը կարող է ներկայացվել պետական բյուջեում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ:

3. Արտակարգ դրություն հայտարարված տարածքում սույն օրենքով սահմանված կարգով ստեղծված պետական հատուկ կառավարման մարմինները կարող են օժտվել արտակարգ դրության հետեւանքների վերացմանն ուղղված ֆինանսական միջոցների տնօրինման լիազորություններով:

Հոդված 23. Միջազգային հումանիտար օգնությունը

Արտակարգ դրություն հայտարարված տարածքում միջազգային հումանիտար օգնությունը բաշխվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հոդված 24. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

Սույն նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի N 2200-Ն որոշման N3 հավելվածի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ եւ լրացումներ կատարվելու արդյունքում փոփոխվող կամ նոր ընդունվող իրավական ակտերի ցանկի 21-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով:

Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության եւ Հայաստանի փրկարար ծառայության կողմից` օգտագործելով ԽՍՀՄ, Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Բելոռուսի, Ուկրաինայի եւ Վրաստանի նմանատիպ իրավական ակտերը: