Հոդված 1. «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի 26 դեկտեմբերի ՀՕ-518-Ն օրենքի (այսուհետեւ՝ օրենք) 44-րդ հոդվածի 1-ին մասից հանել «Դրանք կառավարության սահմանած կարգով ոչնչացվում են:» նախադասությունը:
Հոդված 2. Օրենքի 44-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ եւ 5-րդ մասերով.
«4. Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը կանխարգելող մարմինները փորձագիտական գործունեության մեջ օգտագործելու նպատակով կարող են ստեղծել ապօրինի շրջանառությունից բռնագրավված թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների նմուշների հավաքածու` հնարավորության դեպքում` դրանց պատրաստման տեխնոլոգիական պրոցեսների նկարագրմամբ:
5. Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը կանխարգելող մարմինների կողմից ապօրինի շրջանառությունից բռնագրավված թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների նմուշների հավաքածուի ստեղծման, համալրման, նմուշների փոխանցման կարգը եւ անհրաժեշտ չափաքանակները սահմանվում են ՀՀ կառավարության կողմից:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
«Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը նախապատրաստվել է ՀՀ կառավարության 2007 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 137-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով:
Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի հանելով «Դրանք կառավարության սահմանած կարգով ոչնչացվում են:» նախադասությունը՝ վերացվում է նույն հոդվածի 2-րդ մասում առկա կրկնությունը:
Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող լրացումները բխում են 2005-2007թթ. ընթացքում հանցավորության դեմ պայքարի համատեղ միջոցառումների Միջպետական Ծրագրի եւ 2005-2007թթ. թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի եւ դրանց պրեկուրսորների անօրինական շրջանառության դեմ պայքարի ԱՊՀ մասնակից պետությունների ծրագրի իրականացմանն ուղղված ԱՊՀ ՆԳ նախարարների Խորհրդի պլանի 2-րդ բաժնի 3.4 կետի պահանջներից, համաձայն որոնց ԱՊՀ մասնակից-պետություններում անհրաժեշտ է ունենալ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից բռնագրավված թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների /դրանց պատրաստման տեխնոլոգիական պրոցեսների նկարագրմամբ/ նմուշների համալրվող հավաքածու:
Խնդրո առնչությամբ ՀՀ ոստիկանությունում ուսումնասիրվել է ԱՊՀ երկրներում առկա համապատասխան ոլորտի փորձն ու օրենսդրական դաշտը: Պարզվել է, որ ԱՊՀ մի քանի երկրներում, այդ թվում նաեւ Ռուսաստանի Դաշնությունում գործում է փորձագիտական գործունեության մեջ օգտագործելու համար անօրինական շրջանառությունից բռնագրավված թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների փոխանցման կարգ:
Մեր հանրապետությունում քննարկվող խնդրին առնչվող օրենսդրական դաշտը չի կարգավորում նշված խնդրի լուծումը: «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի դրույթներով չի նախատեսվում թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից բռնագրավված թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների նմուշների հավաքածուի համալրում եւ որեւէ իրավական ակտով չի նախատեսվում այդ հավաքածուի ստեղծման, ինչպես նաեւ փորձագիտական գործունեության մեջ օգտագործելու նպատակով դրանց փոխանցման կարգ:
Նպատակ ունենալով կարգավորել ՀՀ օրենսդրական դաշտի բացը` ՀՀ ոստիկանության կողմից մշակվել է «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որը հնարավորություն կտա ՀՀ ոստիկանության համակարգում եւս ստեղծելու ապօրինի շրջանառությունից բռնագրավված թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների նմուշների հավաքածու:
Նկատի ունենալով ողջ աշխարհում այսօր առկա թմրաբիզնեսային հանցավորության վերընթաց աճը, միջազգային կառույցների կողմից այս ոլորտում տարվող պայքարի փոխհամագործակցության կարեւորությունը, արդիականացումը եւ հարցի կարեւորությունը` ներկայացված օրենքի նախագիծը անտարակույս կնպաստի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ տարվող պայքարի արդյունավետության բարձրացմանը եւ կհամապատասխանի հանցավորության տվյալ բնագավառում միջազգային նորմերով տարվող պայքարի կատարելագործմանը ներկայացվող պահանջներին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ապօրինի շրջանառությունից բռնագրավված թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների նմուշների համալրումն ունի փորձագիտական գործունեության մեջ օգտագործելու /համեմատելու, ուսումնասիրելու/ նպատակ, ինչը խիստ կարեւոր է հանցավորության դեմ տարվող պայքարի արդյունավետ իրականացման համար` ուստի ցանկալի է ունենալ նաեւ այդ նյութերի պատրաստման տեխնոլոգիական պրոցեսների նկարագրությունը: Սակայն, հաշվի առնելով, որ դա ոչ միշտ է հնարավոր`/օրինակ, երբ այն ներկրվում է այլ երկրներից, առավել եւս, երբ այն պատրաստվում է ոչ գործարանային` տնայնագործական եղանակով/ օրենքի նախագծում այն ոչ թե պարտադիր, այլ ցանկալի պայման է դիտվել:
Օրենքում կատարվող լրացումները հետագայում հնարավորություն կտան նաեւ մշակելու համապատասխան իրավական ակտ, որով կսահմանվեն փորձագիտական գործունեության մեջ օգտագործելու համար անօրինական շրջանառությունից բռնագրավված թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների փոխանցման կաննոները: