Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-076-09.08.2007-ԱՄ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (9 նոյեմբերի 2004 թվականի) 250-րդ հոդվածի 6-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման պահանջը կապված է 2005 թվականի հոկտեմբերի 24-ի` «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման հետ, որտեղ արդեն իսկ սահմանված են արտադրական վտանգավոր օբյեկտները եւ դրանց նկատմամբ կիրառվող տեխնիկական անվտանգության պահանջները: Համաձայն նույն օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասի` Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը վարում է արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստր, որտեղ գրանցման նպատակով արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը դիմումին կից ներկայացնում է նաեւ տվյալ օբյեկտի տեխնիկական անվտանգության վկայագիրը, որում արտացոլվում եւ ամփոփվում են տվյալներ արտադրական վտանգավոր օբյեկտում տեխնածին վթարների հավանականության, դրանց բնույթի ու մասշտաբների, աշխատողների, շրջակա բնակչության եւ միջավայրի վրա վտանգավոր գործոնների հնարավոր ազդեցության, դրանց կանխարգելման եւ վերացման համար նախատեսված միջոցառումների, ինչպես նաեւ միջավայրի պաշտպանվածությունն ապահովելու նպատակով արտադրական վտանգավոր օբյեկտը գոտիավորող տարածքների մասին:

Բացի այդ, համաձայն «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի, առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտ շահագործող անձը պարտավոր է իր գործունեության ամբողջ ժամանակահատվածում, ելնելով այն հանգամանքից, որ իր կողմից կատարվող աշխատանքները հանդիսանում են գործունեության առավել վտանգի աղբյուր, պարտադիր կարգով ապահովագրել պատասխանատվության այն ռիսկը, երբ արտադրական վտանգավոր օբյեկտի շահագործման ընթացքում եւ դրա հետեւանքով վնաս է պատճառվել իր աշխատողների կյանքին, առողջությանը եւ գույքին, այդ աշխատանքների հետ անմիջականորեն չկապված, սակայն այդ աշխատանքների արդյունքում քաղաքացիների կյանքին, առողջությանը եւ գույքին, ինչպես նաեւ շրջակա միջավայրին:

Քանի որ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքով արդեն իսկ համակողմանիորեն լուծված են այն խնդիրները, որոնց կարգավորումը նախատեսված է Հայաստանի Հանրապետության  աշխատանքային օրենսգրքի 250-րդ հոդվածի 6-րդ մասով, այդ հոդվածի անհրաժեշտությունը վերանում է:

Հարկ է նշել նաեւ, որ վտանգավոր նյութեր արտադրող, օգտագործող եւ պահպանող կազմակերպությունների ցանկի հաստատումը ՀՀ կառավարության կողմից հնարավոր չէ, քանի որ ցանկում ընդգրկված որեւէ կազմակերպություն ցանկացած պահի կարող է փոխել իր գործունեության տեսակը, միաժամանակ ցանկացած պահի կարող է նման գործունեություն ծավալել որեւէ այլ կազմակերպություն: