Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-017-29.06.2007,14.08.2007-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Սույն օրենքը կարգավորում է պետության արտաքին հետախուզության կազմակերպման եւ հետախուզական գործունեության իրականացման իրավական հիմքերը, դրա նկատմամբ հսկողության եւ վերահսկողության կարգը։

ԳԼՈՒԽ 1

Հոդված 1. Արտաքին հետախուզությունը

Արտաքին հետախուզությունը  ազգային անվտանգության մարմինների իրավասության սահմաններում  իրականացվող գործունեությունն է` ուղղված  Հայաստանի   Հանրապետության  ազգայնի անվտանգության  սպառնալիքների մասին  տեղեկություններ ստանալուն եւ պետության հիմքերն  ամրապնդելուն: Արտաքին հետախուզությունը պետության անվտանգության ապահովման համակարգի բաղկացուցիչ մասն է:

Հոդված 2. Հետախուզական գործունեությունը

Հետախուզական գործունեությունն իրականացվում է արտաքին հետախուզության մարմինների կողմից։ Դրանք օրենքով սահմանված կարգով հայթայթում, կուտակում եւ մշակում են Հայաստանի Հանրապետության կենսական շահերին առնչվող օտարերկրյա պետությունների, կազմակերպությունների եւ քաղաքացիների գաղտնի  պլանների, մտադրությունների, իրական եւ հնարավոր գործողությունների մասին տեղեկատվությունը (այսուհետ՝ հետախուզական տեղակատվություն) ինչպես նաեւ աջակցում են պետության կողմից իրականացվող Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներին։

Հոդվաց 3. Հետախուզական գործունեության վերաբերյալ օրենսդրությունը

Հետախուզական գործունեության մասին օրենսդրությունը բաղկացած է ՀՀ Սահմանադրությունից, ՀՀ միջազգային պայմանագրերից, սույն օրենքից, այլ օրենքներից եւ իրավական ակտերից։

Եթե Հայաստանի Հանրապետության անունից կնքված միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված է սույն օրենքով, ապա կիրառվում են պայմանագրի նորմերը։

Հոդված 4. Հետախուզական գործունեության սկզբունքները

Հետախուզական գործունեության սկզբունքներն են՝

1)պետության անվտանգության ապահովման գործում իրավասու մարմինների լիազորությունների տարանջատումը,

2)օրինականության ապահովումը,

3)մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը,

4)հետախուզական գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացումը,

5)գործունեության բացահայտ եւ գաղտնի մեթոդների, ձեւերի եւ միջոցների զուգակցումը,

6)հետախուզական միջոցառումների անվտանգության ապահովումը։

Հոդված 5. Հետախուզական գործունեության նպատակը

Հետախուզական գործունեության նպատական է՝

1) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման, քաղաքական, տնտեսական, պաշտպանական, գիտատեխնիկական  եւ բնապահպանական բնագավառներում  որոշումներ ընդունելու համար  հետախուզական տեղեկատվության  ձեռքբերումը  եւ Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովին եւ կառավարությանը տրամադրումը,

2) ազգային անվտանգության ապահովման ոլորտում իրականացվող պետական քաղաքականության համար անհրաժեշտ պայմաննեի ստեղծումը,

3)Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանը, գիտա-տեխնիկական առաջինթացին եւ անվտանգության ռազմատեխնիկական ապահովվածության, արտաքին եւ ներքին քաղաքականության աջակցումը։ Հետախուզական գործունեությունը չի կարող իրականացվել ոչ մարդասիրական նպատակակներով, ինչպես նաեւ սույն օրենքով չնախատեսված նպատակներին հասնելու համար։

Հոդված 6. Արտաքին հետախուզության մարմինների լիազորությունները

Արտաքին հետախուզության մարմինների լիազորություններն են՝

1)համապատասխան անձանց համաձայնությամբ՝ նրանց հետ գաղտնի  հիմունքներով համագործակցության,

2)հետախուզության մարմինների անձնակազմի գաղտնագրման եւ նրա գործունեության կազմակերպման ուղղությամբ միջոցառումների իրականացումը եւ հետախուզական նպատակներով այլ իրավասու մարմինների հնարավորությունների օգտագործումը,

3)փաստաթղթերի գաղտնագրման նպատակով արտաքին հետախուզության մարմինների, դրանց աշխատակիցների, ինչպես նաեւ ստորաբաժանումների, կազմակերպությունների, շինություննրի, տրանսպորտային միջոցների ծածկագրումը,

4)հակահահետախուզական եւ ազգային անվտանգության ապահովմանն ուղղված գործունգեւթյուն իրականացնող իրավասու մարմինների հետ համագործակցությունը,

5)հետախուզական գործունեություն իրականացնելու համար պետական հիմնարկների եւ կազմակերպությունների հետ համապատասխան համաձայնագրերի կնքումը,

6)պետական գաղտնիքի պաշտպանության կազմակերպումը եւ ապահովումը պետության՝ իր տարածքից դուրս գտնվող իրավասու մարմիններում՝ ներառյալ տվյալ իրավասու մարմնի ֆիզիկական եւ ինժեներատեխնիկական պաշտպանությունը, պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների տեխնիկական պատճառներով արտահոսքի կանխմանն ուղղված միջոցառումների իրականացումը,

7)այլ պետություններում գտնվող Հայաստանի Հանրապետության պետական հիմնարկների աշխատակիցների եւ նրանց ընտանիքի անդամների անվտանգության ապահովումը,

8) օտարերկրյա պետություններ գործուղված Հայաստանի Հարապետության այն քաղաքացիների եւ նրանց ընտանիքի անդամների անվտանգության ապահովումը, ովքեր իրենց գործունեության բնույթով ունեն ՀՀ օրենսդրությամբ պետական գաղտնիք համարվող տեղեկություններին առնչվելու իրավունք,

9)այլ պետությունների հետախուզական եւ հակահետախուզական ծառայությունների հետ սույն օրենքով սահմանված կարգով համագործակցությունը,

10)համապատասխան ուսումնական հաստատությունների, որակավորման բարձրացման հիմնարկների եւ արխիվների ստեղծումը, հատուկ հրատարակությունների թողարկումը,

11)հետախուզական մարմինների կողմից իրենց ուժերի, միջոցների եւ տեղեկատվության պաշտպանությունը հակաօրինական գործողություններից եւ վտանգից,

12)արտաքին հետախուզության մարմինների գործունեության համար կազմակերպական կառուցվածքի սահմանումը,

13)այլ պետություններում համապատասխան կառույցների ստեղծումը,

14)տարածել ՀՀ արտաքին եւ ներքին քաղաքականությանն օժանդակող տեղեկատվություն եւ համապատասխան ապատեղեկատվություն։

Արտաքին հետախուզության մարմինը իր գործունեության իրականացման համար կարող է օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերել, մշակել, ստեղծել եւ շահագործել տեղեկատվական համակարգեր, տվյալների փոխանցման եւ կապի համակարգեր, ինչպես նաեւ տեղեկատվության պաշտպանության եւ արտահոսքի կանխման միջոցներ։

Հոդված 7. Արտաքին հետախուզության մարմինների ֆինանսավորումը

Արտաքին հետախուզության մարմինները ֆինանսավորվում են պետական բյուջեի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված միջոցների հաշվին։

Հոդված 8. Արտաքին հետախուզության մարմինների մասին տեղեկությունների պաշտպանությունը

Արտաքին հետախուզության մարմինների մասին տեղեկությունների պաշտպանության կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը։

Հոդված 9. Արտաքին հետախուզության մարմինների կապը հասարակության հետ

Հասարակությանը արտաքին հետախուզության մարմինների գործունեության մասին տեղեկաիտվությունը տրամադրվում է այդ մարմինների կառուցվածքում ստեղծված համապատասխան կառույցների միջոցով։ Տրամադրված տեղեկությունը չի կարող պարունակել պետական եւ ծառայողական գաղտնիք։

Արտաքին հետախուզության մարմինների գործունեության ընթացքում քաղաքացիների անձնական կյանքին, բարի համբավին, պատվին ու արժանապատվությանը առնչվող ի հայտ եկած տեղեկությունները հրապարակման ենթակա չեն, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։

Արտաքին հետախուզության մարմինների վերաբերյալ պետական գաղտնի հանդիսացող տեղեկությունները զանգվածային լրատվական միջոցների կողմից հրապարակումը կանխելու նպատակով հրապարակության պատասխանատուն պարտավոր է դիմել արտաքին հետախուզության մարմնին՝ տեղեկության առկայության կամ բացակայության մասին տեղեկանք ստանալու համար։

Զանգվածային լրատվական միջոցների կողմից արտաքին հետախուզության մարմինների վերաբերյալ պետական գաղտնիք հանդիսացող կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների հրապարակումը, որը վնաս է պատճառել արտաքին հետախուզական մարմնին կամ նրա աշխատակցին, ենթակա է պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։


ԳԼՈՒԽ 2.
ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

Հոդված 10. Արտաքին հետախուզության մարմինների ձեւավորումը

Արտաքին հետախուզական գործունեությունն իրականացվում է ինչպես տվյալ բնագավառում պետական լիազորված մարմնի (այսուհետ՝ լիազորված մարմին), այնպես էլ իրավասու այլ մարմինների կողմից։

Արտաքին հետախուզության մարմինների ստեղծումը եւ վերակազմակերպումը, իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։

Հոդված 11. Արտաքին հետախուզության մարմինների գործունեության ոլորտները

Արտաքին հետախուզական գործունեությունը իրականացնում է՝

1)լիազորված մարմինը- քաղաքական, տնտեսական, ռազմաստրատեգիական, գիտատեխնիկական եւ բնապահպանության բնագավառներում, ինչպես նաեւ պետության սահմաններից դուրս գտնվող հիմնարկների եւ արտասահման գործուղված քաղաքացիների անվտանգության ապահովման ոլորտում, որոնք իրենց գործունեության բնույթով ունեն պետական գաղտնիք հանդիսացող տեղեկություններին առնչվելու իրավունք,

2)ՀՀ կառավարության լիազորված պետական մարմնի արտաքին հետախուզության կառույցը- ռազմական, ռազմաքաղաքական, ռազմատեխնիկական, ռազմա-տնտեսական եւ էկոլոգիական ոլորտներում,

3)ՀՀ սահմանապահ զորքերի արտաքին հետախուզության կառույցը- պետական սահմանի պաշտպանության ոլորտում։

Հայաստանի Հանրապետությունում արտաքին հետախուզական գործունեությունը իրականացվում է համակարգված՝ սույն օրենքին եւ ազգային անվտանգության մարմինների մասին Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան։

Հոդված 12. Արտաքին հետախուզական գործունեության ղեկավարումը

Արտաքին հետախուզական գործունեության ղեկավարումը իրականացնում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության  բնագավառի պետական կառավարաման լիազորված մարմինը (այսուհետեւ՝ լիազորված մարմին)։

Լիազորված մարմինը՝

1)որոշում է հետախուզական գործունեության օբյեկտները,

2)համակարգում է արտաքին հետախուզության մարմինների գործունեությունը,

3)իր իրավասության սահմաններում նշանակում է արտաքին հետախուզության կառույցների ղեկավարներին,

4)իրականացնում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ։

Հոդված 13. Հետախուզական գործունեության մեթոդները, ձեւերն ու միջոցները

Հետախուզական գործունեության ընթացքում արտաքին հետախուզության մարմինները կարող են օգտագործել բացահայտ եւ գաղտնի մեթոդներ, ձեւեր ու միջոցներ, որոնց բնույթը որոշվում է կոնկրետ գործունեության պայմաններով։

Հետախուզական գործունեության ժամանակ կիրառվող մեթոդները, ձեւերն ու միջոցները չպետք է վտանգեն մարդու կյանքին ու առողջությանը եւ վնաս հասցնեն շրջակա միջավայրին։

Արտաքին հետախուզության մարմինները հետախուզական գործունեության նպատակին հասնելու համար իրավասու են օգտագործել տեղեկատվական համակարգեր, աուդիո եւ տեսա-ձայնագրություններ, կինո-լուսանկարահանումներ, կապի տեխնիկական ալիքներ, փակ կապի միջոցները, ինչպես նաեւ այլ միջոցներ եւ ձեւեր։

Հետախուզական գործունեության ոչ հրապարակային մեթոդների, ձեւերի եւ միջոցների օգտագործման կարգը սահմանում են օրենքներով եւ այլ իրավական ակտերով։

Արտաքին  հետախուզական գործունեության բնագավառում ստացված տեղեկությունները համարվում են  պետական եւ ծառայողական գաղտնիք`  «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին»  ՀՀ օրենքի համաձայն

Արտաքին հետախուզության մարմինների կողմից իրենց անվտանգության ապահովումը իրականացում է Հայաստանի Հանրապետության օրենդրությամբ սահմանված կարգով։

Հոդված 14. Հետախուզական տեղեկատվության տրամադրումը

Հետախուզական տեղեկատվությունը տրամադրվում է Հանրապետության Նախագահին, Ազգային Ժողովին եւ կառավարությանը։

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հետախուզական տեղեկատվությունը կարող է տրամադրվել նաեւ պետության անվտանգությունը ապահովող այլ  մարմիններին։

Արտաքին հետախուզության մարմինների ղեկավարները պատասխանատվություն են կրում հետախուզական տեղեկատվության հավաստիության, օբյեկտիվության եւ ժամանակին տրամադրման համար։

Հետախուզական տեղեկատվություն ստանալու իրավունք ունեցող անձինք պետական գաղտնիք պարունակող տեղեկատվության բովանվակության հրապարակման կամ դրա աղբյուրի բացահայտման համար կրում են պատասխանատվություն Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

Հոդված 15. Արտաքին հետախուզական գործունեության համակարգումը

Հայաստանի Հանրապետությունում արտաքին հետախուզական գործունեության համակարգումը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդվրությամբ։

Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության մարմինների եւ օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների եւ առանձին օտարերկրյա կազմակերպությունների միջեւ համագործակցությունը իրականացվում է միջպետական եւ միջգերատեսչական համաձայնագրերով (պայմանագրերով)։

Հոդված 16. Արտաքին հետախուզության մարմինների փոխհարաբերությունները պետական մարմինների հետ

Պետական մարմինները, հիմնարկները եւ կազմակերպությունները աջակցում են արտաքին հետախուզության մարմիններին, եթե դա չի հանգեցնում վերջիններիս գործունեության հիմնական ուղղությունների փոփոխմանը։ Աջակցության հետ կապված ծախսերը փոխհատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին։

Արտաքին հետախուզական գործունեության իրականացման ընթացքում վարչական մարմինները փոխօգնություն են ցուցաբերում «Վարչարարության հիմունքների եւ  վարչական  վարույթի մասին» ՀՀ օրենքի  համաձայն:


ԳԼՈՒԽ 3
ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԵՎ ԱՅԴ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 17. Արտաքին հետախուզության մարմինների աշխատակիցները

Արտաքին հետախուզության մարմինների  աշխատակիցների  ծառայության անցնելու կարգը սահմանվում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքին համաձայն:

Արտաքին հետախուզության մարմինների ուսումնական հաստատությունների ունկնդիրների եւ Հայաստանի Հանրապետության  սահմաններից դուրս գործուղվող զինծառայողների հետ կնքվող պայմանագրերը եւ դրանց բովանդակույթունը սահմանվում է գերատեսչական նորմատիվ իրավական ակտերով։ Դրա հետ կապված կողմերի համար կարող է նախատեսվել պատասխանատվություն՝ պայմանագրի չկատարման համար։

Արտաքին հետախուզության մարմինների բանվորների եւ ծառայողների վրա  տարածվում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված արտոնությունները, իրավունքներն ու պարտականույթունները։

Արտաքին հետախուզության մարմինների կադրային ծառայողները եւ զինծառայողները, ինչպես նաեւ կադրային կազմի մեջ չմտնող ծառայողները եւ բանվորները չեն կարող լինել որեւէ կուսակցության անդամ, եթե դա  պայմանավորված չէ ծառայողական պարտականությունների կատարմամբ։

Հոդված 18. Արտաքին հետախուզության մարմինների կադրային կազմը

Արտաքին հետախուզության մարմինների կադրային կազմ ներառում է արտաքին հետախուզությաան համապատասխան մարմիններում զինծառայողների եւ ծառայողների այն  նշանակումները, որոնց ֆունկցիոնալ պարտականություններն անմիջապես կապված են հետախուզական գործունեության իրականացման հետ։

Կադրային կազմի ցուցակը որոշվում է լիազորված մարմնի ղեկավարի կողմից։

Արտաքին հետախուզության մարմինների կադրային կազմին կոնկրետ անձի,ներառյալ այդ մարմիններից ազատված աշխատակիցների պատկանելության մասին տեղեկությունները համարվում են պետական գաղտնիք եւ կարող են հրապարակվել միայն պետության արտաքին հետախուզության մարմնի ղեկավարի թույլտվության, իսկ ծառայության հետ կապ չունեցող տեղեկույթունները՝ այդ անձանց գրավոր համաձայնության առկայության դեպքում։

Արտաքին հետախուզության մարմինների կադրային կազմի աշխատակիցները իրենց ֆունկցիոնալ պարտականությունները կատարելու համար, սույն օրենքի պահանջներին համապատասխան, առանց բացահայտելու արտաքին հետախուզության մարմիններին իրենց պատկանելությունը, կարող են աշխատել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, հիմնարկներում, ձեռնարկություններում եւ կազմակերպություններում։

Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների, ձեռնարկությունների, կազմակերպությունների պաշտոնատար անձինք, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պատասխանատվություն են կրում  այդ աշխատակիցների արտաքին հետախուզության մարմինների պատկանելության վերաբերյալ տեղեկությունների հրապարակման համար:

Արտաքին հետախուզության մարմինների կադրային կազմի աշխատակիցները իրավասու չեն համատեղությամբ զբաղվելու  այլ վճարովի աշխատանքով, եթե դա թելադրված չէ ծառայողական  անհրաժեշտությամբ, բացառությամբ մանկավարժական, գիտական կամ ստեղծագործական գործունեությամբ, որն իրականացվում է արտաքին հետախուզության համապատասխան մարմնի ղեկավարի համաձայնությամբ :

Հոդված 19. Արտաքին հետախութզության մարմինների հետ գաղտնի համագործակցող անձինք

Աիտաքին հետածուզական գործունեության նպատակի համար արտատաքին հետախուզության մարմինները կարող են վճարովի կամ անվճար հիմունքով համագործակցել չափահաս, գործունակ անձանց հետ, որոք կամավոր համաձայնություն են տալիս գաղտնի համագործակցել  Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության մարմինների հետ: Այդպիսի անձանց հետ փոխհարաբերությունների կարգը  որոշում է արտաքին հետախուզության մարմինների նորմատիվ իրավական ակտերով:

Արտաքին հետախուզության մարմինները իրավասու չեն գաղտնի համագործակցության համար դիմել պատգամավորներին, կառավարության անդամներին, դատավորներին, դատախազներին, համայնքների ղեկավարներին, ավագանու անդամներին, հոգեւորականներին, գրանցված կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Արտաքին հետախուզության մարմիններին գաղտնի համագործակցող (համագործակցած) անձանց վերաբերյալ տեղեկությունները համարվում են պետական գաղտնիք եւ գաղտնազերծման ենթակա չեն: Այդ տվյալները մատչելի են միայն արտաքին հետախուզության մարմնի ղեկավարի եւ նրա կողմից լիազորված անձանց համար:

Նշված անձանց եւ նրանց ընտանիքի անդամների անվտանգությունը ապահովելու նպատակով կարող են անցկացվել միջոցառումներ, որոնք չեն խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը:

Այսպիսի միջոցառումների անցկացման կարգը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Արտաքին հետախուզության մարմինների հետ գաղտնի համագործակցող  /համագործակցած/ անձինք առանձին դեպքում կարող են ընդգրկվել կադրային կազմի մեջ՝ կառավարության սահմանած կարգով:

Հոդված 20. Արտաքին հետախուզության մարմինների աշխատակիցների  իրավական կարգավիճակը

Իրենց իրավական կարգավիճակով արտաքին հետախուզության մարմինների աշխատակիցները համարվում են պետական ծառայողներ, ունեն իրավունքներ եւ կրում են պատականություններ, որոնք օրենսդրությամբ նախատեսված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար՝ բացառությամբ օրենքով նախատեսված սահմանափակումների:

Արտաքին հետախուզության մարմինների աշխատակիցների ծառայողական գործունեությանը միջամտությունն արգելվում է, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Արտաքին հետախուզության մարմինների աշխատակիցների եւ նրանց ընտանիքի անդամների կյանքի, առողջության եւ արժանապատվության, ինչպես նաեւ գույքի պաշտպանությունը անօրինական ոտնձգություններից եւ վտանգներից՝ կապված հետախուզական գործունեության իրականացման հետ, ապահովվում է արտաքին հետախուզության մարմինների կողմից, օրենսդրությամբ սահմանված կարգով:

Արտաքին հետախուզության մարմինների աշխատակիցների կարգավիճակը չի կարող օգտագործվել նրանց ֆունկցիոնալ պարտականությունների հետ չհամատեղվող նպատակներով:

Հոդված 21. Արտաքին հետախուզության մարմինների աշխատակցի պատասխանատվությունը

Արտաքին հետախուզության մարմինների աշխատակիցը իրավախախտման համար կրում է պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

Արտաքին հետախուզության մարմնում նախկինում աշխատելը եւ արտաքին հետախուզական գործունեությանը մասնակցությունը, ինչպես նաեւ ներկայումս արտաքին հետախուզության մարմնում աշխատելը քաղաքացուն չի ազատում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվությունից:

Հոդված 22. Արտաքին հետախուզության մարմինների աշխատակիցների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանությունը

Արտաքին հետախուզության մարմինների աշխատակիցների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանությունը երաշխավորվում է պետության կողմից:

Այդ մարմինների կադրային կազմի աշխատակիցները ենթակա են պետական պարտադիր անձնական ապահովագրության պետական բյուջեի միջոցների հաշվին:

Արտաքին հետախուզության մարմինների կադրային կազմի աշխատակիցների, նրանց ընտանիքի անդամների առողջությանը պատճառած վնասները, կապված հետախուզական գործունեության իրականացման հետ լրիվ չափով ձոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Այդ միջոցներից նշված անձանց վճարվում է միանվագ նպաստ, որի չափը եւ տրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Արտաքին հետախուզության մարմինների կադրային կազմի աշխատակիցների, նրանց ընտանիքի անդամների մահվան դեպքում՝ կապված ծառայողական գործունեության հետ, նրանց հուղարկավորության հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Զոհվածի (մահացածի) ընտանիքին վճարվում է միանվագ նպաստ, որի չաձը եւ տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Արտաքին հետախուզության մարմինների կադրայի կազմի աշխատակիցի, նրա ընտանիքի անդամի՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հետախուզական գործունեության իրականացման հետ կապված, կալանքի, ձերբակալության, ազատազրկման դեպքու, պետությունը պարտավոր է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան աջակցել նրանց:

Արտաքին հետախուզության մարմինների կադրային կազմի աշխատակիցների մասնագիտական պիտանելիության լրիվ կամ մասնակի կորստի դեպքում՝ կապված ծածկազերծման հետ, արտաքին հետախուզության մարմինը պարտավոր է պայմաններ ստեղծել տվյալ աշխատակցի մասնագիտական պիտանելիության վերականգնման համար, ներառյալ կառավարության կողմից սահմանված պետական բյուջեի միջոցների հաշվին հատուցել դրա հետ կապված ծախսերը:

Արտաքին հետախուզության մարմինների կադրային կազմի աշխատակիցների եւ նրանց ընտանիքների նադամների հետախուզական գործունեության իրականացման հետ կապված գույքային վնասները փոխհատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին օրենսդրությանը համապատասխան:

Արտաքին հետախուզության մարմինների կադրային կազմի մեջ մտնող աշխատակցի հետախուզական հանձնարարության մեջ ներգրավելու ժամանակ առաջացած հետեւանքների դեպքում, որոնք նախատեսված են սույն հոդվածով բաժիններում, ապա նշված աշխատակիցների վրա տարածվում են արտաքին հետախուզության մարմինների կադրային կազմի աշխատակիցների համար նախատեսված իրավունքներն ու արտոնությունները:

Արտաքին հետախուզության մարմինների կադրային կազմի եւ որոշ դեպքերում կադրային կազմի մեջ չմտնող, սակայն հանձնարարություն կատարած աշխատակիցների համար, որոնք ծառայությունը ավարտել են թոշակի անցնելու կապակցությամբ սահմանված ժամկետից շուտ, արտաքին հետախուզության մարմիններում կատարած աշխատանքի ժամանակահատվածը հաշվարկվում է քաղաքացիական ծառայության ստաժի մեջ՝ նրա վրա տարածելով քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ սահմանված արտոնությունները:

Հոդված 23. Արտաքին հետախուզության մարմնին գաղտնի համագործակցող (համագործակցած) անձը

Արտաքին հետախուզության մարմնի գաղտնի համագործակցող (համագործակցած) անձը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունի, կարող է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Քաղաքացիություն ստացած անձանց սոցիալական պաշտպանությունը իրականացվում է սույն օրենքին համապատասխան:

Արտաքին հետախուզության մարմիններին գաղտնի համագործակցող (համագործակցած) անձի սոցիալական պաշտպանությունը, որը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունի իրականացվում է կառավարության սահմանած կարգով:


ԳԼՈՒԽ 4
ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

Հոդված 24. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:
 

«ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ  ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Արտաքին հետախուզության մասին» ՀՀ օրենքի նախագծի  մշակման համար հիմք են հանդիսացել 2001թ. ապրիլի 19-ին հրապարակված ԱՊՀ երկրների մոդելային օրենքի նախագիծը, ինչպես նաեւ մի շարք այլ երկրների համանման օրինագծերը։ Նախագիծը նախապատրաստվել է 2002թ. Վարդան Բոստանջյանի հետ միասին։

Մինչեւ Ազգային ժողովում շրջանառության մեջ դրվելը,  օրինագիծն ուղարկվել է Հայաստանի Հանրապետության կառավարություն եւ հիմնականում արժանացել է նրա դրական գնահատականին։

Օրինագծում ներառվել են պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի ներկայացրած գրեթե բոլոր առաջարկությունները։ Այդ մասին դեռեւս 11.09.2002 N012-4428 ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Մ.Թոփուզյանը գրություն է ներկայացրել հեղինակներին։

Օրինագիծը  նաեւ լրամշակվել է կառավարության 29.11.2002 եւ ԱԺ աշխատակազմի 18.11.2002թ. եզրակացությունների հիման վրա: