Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-0161-14.08.2007-ՄԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դտավարության օրենսգրքի /այսուհետ` օրենսգիրք/  14 բաժնում ավելացնել 54 1 գլուխ հետեւյալ խմբագրությամբ «Բռնադատվածների արդարացման կարգը»:

Հոդված 2. Օրենսգրքում ավելացնել հոդված 500 հետեւյալ խմբագրությամբ «Բռնադատվածի արդարացումն իրականացվում է բռնադատվածի, նրա ընտանիքի որեւէ անդամի, հարազատների կամ այլ շահագրգիռ անձանց կամ կազմակերպությունների դիմումի հիման վրա:

Այդ դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը ազգային անվտանգության եւ ոստիկանության բնագավառների պետական լիազորված մարմիների հետ միասին անցկացնում է ուսումնասիրություններ եւ կազմում է համապատասխան եզրակացություններ բոլոր այն քրեական գործերի վերաբերյալ, որոնք նշված են «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում եւ որոնց մասին որոշումները չեն վերացվել /փոխվել/ դրանք կայացնելուց հետո, իսկ արդարացված անձանց մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը դիմումատուին տալիս է համապատասխան տեղեկանք՝ դիմումն ստանալուց հետո երկու ամսվա ընթացքում:

Եթե կան հիմքեր, անձի արդարացման ենթակա չլինելու մասին կամ սահմանված կարգով ներկայացված դիմումների ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ համապատասխան անձանց մասին տեղեկությունները բացակայում են կամ անբավարար են եւ նրանց արդարացնելու հիմքերը թերի, ապա Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը այդ դիմումն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում քրեական գործն իր եզրակացությամբ ուղարկում է այն դատարաններ, որոնց օրենքով սահմանված կարգով ընդդատյա են այդ գործերը: Դրանք քննարկվելուց հետո դատարանը կարող է ընդունել հետեւյալ որոշումներից որեւէ մեկը՝

ա) որ անձը հիմքերի առկայությամբ դատապարտվել կամ քրեական պատասխանատվության է ենթարկվել արտադատարանական կարգով եւ նրա վրա չեն տարածվում «Բռնադատվածների մասին»  օրենքի դրույթները.

բ) որ անձը անհիմն դատապարտվել կամ քրեական պատասխանատվության է ենթարկվել արտադատարանական կարգով եւ նա ենթակա է արդարացման «Բռնադատվածների մասին» օրենքի համաձայն: Այդ դեպքում դատարանը բեկանում է նախկին որոշումը եւ կարճում է գործը: Գործերը քննարկելիս դատարանը կարող է նաեւ փոփոխություններ կատարել դատարանների նախկինում կայացված դատավճիռներում /վճիռներում/, որոշումներում եւ արարքների որակումներում, ինչպես նաեւ արտադատարանական մարմինների որոշումներում:

Դատարանի կողմից արդարացման ոչ ենթակա ճանաչված անձանց տրվում է համապատասխան որոշում /վճիռ/: Դատարանի կողմից անհիմն դատապարտված կամ արտադատարանական կարգով քրեական պատասխանատվության ենթարկված, ճանաչված անձանց տրվում է արդարացման մասին տեղեկանք: Անձին բռնադատված ճանաչելու հետ կապված որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով: Համապատասխան հիմքերի եւ տեղեկությունների բացակայության կամ անբավարար լինելու դեպքերում անձի բռնադատման փաստը կարող է հաստատվել դատարանում՝ վկայություն տալու հիման վրա:»:

Այդ կապակցությամբ օրենսգրքի  հոդված 500-ը համարել հոդված 501:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից: