Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-089-28.08.2007-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի» (այսուհետ` Օրենք) 16-րդ հոդվածի 2-րդ մասի «արդարադատության շահերի պաշտպանության նկատառումներով» բառերից հետո լրացնել հետեւյալ նախադասությամբ.

«Դռնփակ դատական քննությունն իրականացվում է նաեւ այն դեպքում, երբ դատարանի որոշմամբ լրատվական գործունեություն իրականացնողին, ինչպես նաեւ լրագրողին պարտադրվում է բացահայտել տեղեկատվության աղբյուրը»:

Հոդված 2. Օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել 6-րդ ենթակետով, հետեւյալ բովանդակությամբ.

«6) լրատվական գործունեություն իրականացնողը եւ լրագրողը` պարզելու համար տեղեկատվության աղբյուրը, բացառությամբ` դատարանի որոշմամբ` քրեական գործի առիթով` ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակով, եթե հասարակության շահերի քրեաիրավական պաշտպանության անհրաժեշտությունն ավելի ծանրակշիռ է, քան տեղեկատվության աղբյուրը չբացահայտելու հասարակության շահագրգռվածությունը, եւ սպառված են հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցները»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման

«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը միջազգայնորեն ընդունված չափանիշներին համահունչ սահմանել է լրագրողական աղբյուրների պաշտպանության բարձր մակարդակ:

Սակայն անցած ժամանակահատվածում պրակտիկան ցույց տվեց, որ այս դրույթը հակասության մեջ է մտնում ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի հետ, եւ արդեն եղել են դեպքեր, երբ նախաքննական մարմինը տեղեկատվության աղբյուրը բացահայտելու նպատակով փորձել է հարցաքննել լրատվամիջոցների ղեկավարներին:

Ակնհայտ է, որ այն անձանց թվում, ովքեր վկա չեն կարող կանչվել եւ հարցաքննվել, նշված չեն լրագրողներն ու լրատվական գործունեություն իրականացնողները` տեղեկատվության աղբյուրները բացահայտելու նպատակով:

Բացի այդ` հակասություն կա նաեւ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի հետ: Այդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է այն դեպքերը, երբ կարող է տեղի ունենալ դռնփակ դատավարություն, եւ դարձյալ նշված չէ այն դեպքը, երբ «դատարանի որոշմամբ լրագրողին եւ լրատվական գործունեություն իրականացնողին պարտադրվում է բացահայտել տեղեկատվության աղբյուրը»:

Այս հակասությունները վերացնելու նպատակով առաջարկվում է փոփոխություններ կատարել ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ եւ 86-րդ հոդվածներում: