Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-100-29.08.2007-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (հունիսի 11-ի 2004 թվական, ՀՕ-109-Ն, այսուհետ` օրենք)     6-րդ հոդվածի 8-րդ մասում

ա) «ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի» բառերը փոխարինել «կրթության» բառով.

բ) հանել «(այսուհետ` լիազորված մարմին)» բառերը:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի`

ա) 2-րդ մասում «, բժշկական ապահովագրությունը եւ բուժական հսկողությունն» բառերը փոխարինել «ու բժշկական աջակցությունն» բառերով.

բ) 3-րդ մասում «լիազորված մարմնի» բառերը փոխարինել «ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում կառավարության լիազորած պետական մարմնի (այսուհետ` լիազորված մարմին)» բառերով:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասում «ծառայությանը» բառից հետո լրացնել «իրականացնում է պաշտպանության բնագավառում կառավարության լիազորած պետական մարմինը» բառերով:

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասությունը հանել:

Հոդված 5. Օրենքի 101 -րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածից հանել «որոնց որակավորման կարգը սահմանում է լիազորված մարմինը» բառերը:

Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 8. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ եւ 7-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 9. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 10. Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ կետում` «համակարգում են» բառերը փոխարինել «նպաստում են» բառերով, իսկ «գործունեությունը» բառը` «գործունեությանը» բառով:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կա՟տարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման վերաբերյալ

«Մանկապատանեկան սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) ընդունումը պայմանավորված է այն Հայաստանի Հանրապետության գործող օրենքներին համապատասխանեցնելու եւ առկա հակասությունները վերացնելու անհրաժեշտությամբ: Ըստ այսմ`

Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված բժշկական ապահովագրությունը չի կարող իրականացվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 54-րդ գլխի եւ «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի համաձայն պարտադիր ապահովագրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են օրենքով:

Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ նախադասության վերաբերյալ. նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ եւ 19-րդ հոդվածների պահանջները, պարզ չէ, թե լիազորված մարմինը դրանով նախատեսված ինչ կարգ պետք է սահմանի: Բացի դրանից, քանի որ այդ կարգով կարող են նախատեսվել իրավաբանական եւ ֆիզիկական անձանց իրավունքների սահմանափակումներ, գտնում ենք, որ հետագայում այդ կարգը սահմանող հրամանը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն պետական գրանցման ներկայացնելու դեպքում կառաջանան խնդիրներ:

Օրենքի 12-րդ հոդվածում նախատեսված մարզիչ-մանկավարժների որակավորման կարգ լիազոր մարմինը սահմանել չի կարող, քանի որ նման որակավորման պահանջն, ըստ էության, նշանակում է լիցենզավորում, եւ այդ առումով մարզիչ-մանկավարժների գործունեությունը փաստորեն կապվում է լիցենզիա տալու կամ մերժելու հանգամանքի հետ: Այդ առումով վերոհիշյալ հոդվածը հակասում է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներին, որոնց համաձայն նախարարի հրամանով չեն կարող սահմանվել ֆիզիկական անձանց իրավունքների սահմանափակումներ: Նույն հոդվածի համաձայն 19-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների խախտմամբ ընդունված իրավական ակտերը կամ դրանց համապատասխան մասերը իրավաբանական ուժ չունեն:

Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 20-րդ հոդվածի 2-րդ կետի կապակցությամբ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ այն չի բխում «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի պահանջներից:

Օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ կետի կապակցությամբ պետք է նկատի ունենալ, որ մարզադպրոցների գործունեությունը կանոնակարգվում է «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով:

Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ կետի կապակցությամբ արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեն որպես ստուգում իրականացնող մարմին նախատեսված չէ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածում եւ չի կարող իրականացնել վերահսկողական գործառույթներ: Նույն կետի համար արձանագրում ենք, որ օրենսդրության պահանջների կատարման վերահսկողությունը ենթադրում է նաեւ պատասխանատվության միջոցների կիրառում, ինչը չի կարող իրականացնել լիազոր մարմինը: Այդ առումով վերոհիշյալ կետը հակասում է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին: Բացի այդ, սահմանված չեն նաեւ օրենսդրության պահանջների կատարման վերահսկողության շրջանակները, քանի որ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմա՟կերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը հատուկ սահմանում է նաեւ ստուգում իրականացնող մարմինների լիազորությունների շրջանակը:

Օրենքի 101 -րդ հոդվածը հակասում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին, քանի որ այդ հոդվածը «մարզադպրոցների եւ նմանատիպ կազմակերպությունների գործունեության» լիցենզավորում չի նախատեսում: Հետեւաբար այդ գործունեությունն ազատ գործունեություն է եւ կարող է իրականացվել առանց լիցենզիայի: