Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1011-29.08.2007-ԳԿ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 ապրիլի 1999 թվականի, ՀՕ-297) 3-րդ հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները`

ա) 4-րդ ենթակետում «կազմակերպություն» բառը փոխարինել «իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում» բառերով.

բ) 6-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) հանրակրթական ուսումնական հաստատություն` մեկ կամ մի քանի հանրակրթական հիմնական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատություն.»:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները`

ա) 2-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հանրակրթական հիմնական ծրագրերն են`

1) տարրական հանրակրթական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ),

2) հիմնական հանրակրթական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ),

3) միջնակարգ հանրակրթական (ընդհանուր, մասնագիտացված, հատուկ):»:

բ) 5-րդ կետում «հանրակրթական» բառից հետո լրացնել «այդ թվում` նախադպրացական,» բառերը:

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետից հանել «(տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ (լրիվ) ընդհանուր, հատուկ ընդհանուր)» բառերը:

Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետից հանել «ընդհանուր» եւ «(լրիվ) ընդհանուր» բառերը:

Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 16. Հիմնական հանրակրթական ծրագրերի իրականացումը

1. Հիմնական հանրակրթական ծրագրերն իրականացվում են հանրակրթական ուսումնական հաստատություններում:

2. Հատուկ հանրակրթական ծրագրերը մշակվում են ընդհանուր հանրակրթական ծրագրերի հիման վրա` հաշվի առնելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների տարիքային, հոգեբանական, ֆիզիկական զարգացման առանձնահատկությունները եւ կարողությունները:

3. Մասնագիտացված հանրակրթական ծրագրերը մշակվում են ընդհանուր հանրակրթական ծրագրերի հիմքի վրա` ռազմական, սպորտի, գիտության, արհեստների կամ արվեստի որեւէ բնագավառում սովորողների խորացված հանրակրթություն ապահովելու նպատակով:

4. Տարրական, հիմնական եւ միջնակարգ հանրակրթական ծրագրերը կառուցվում են հաջորդականության սկզբունքով:

Հիմնական հանրակրթական ծրագիրը չյուրացնելու դեպքում սովորողին չի թույլատրվում անցնել հանրակրթական ուսուցման հաջորդ աստիճանին:

5. Հիմնական եւ միջնակարգ հանրակրթական ծրագրերի շրջանակներում տվյալ ուսումնական տարվա ծրագիրը չյուրացրած սովորողի հետագա ուսումնառությունը կարգավորվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով:»:

Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածում կատարել հետեւյալ փոփոխությունները.

ա) հոդվածը վերանվանել «Հանրակրթությունը»,

բ) հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«1. Հանրակրթության նպատակը սովորողների մտավոր, հոգեւոր, ֆիզիկական եւ սոցիալական որակների համակողմանի եւ ներդաշնակ զարգացումն է, նրա անձի` որպես ապագա քաղաքացու ձեւավորումը, մասնագիտական կողմնորոշումը, նրան ինքնուրույն կյանքին եւ մասնագիտական կրթությանը նախապատրաստելը:»:

գ) հոդվածի 3-րդ կետից հանել «(լրիվ) ընդհանուր» բառերը

Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածի վերնագրից հանել «ընդհանուր» բառը:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդ տասներորդ օրը: