Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-105-29.08.2007-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՈՐՈՇՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ

Սույն օրենքը կարգավորում է տեխնիկական արատորոշման միջոցներով տրանսպորտային  միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման ծառայությունների մատուցման (այսուհետ` ծառայությունների մատուցում) համար գանձվող սակագների սահմանման սկզբունքները, ինչպես նաեւ դրանց սահմանումն ու վերանայումը։

ՀՈԴՎԱԾ 2. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՈՐՈՇՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՍԱԿԱԳՆԵՐԻ  ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

1. Տեխնիկական արատորոշման միջոցներով տրանսպորտային  միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման ծառայությունների մատուցման սակագները (այսուհետ` սակագներ) սահմանում եւ վերանայում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով)

2. Սակագների  ձեւավորման սկզբունքներն են՝

ա) միանմանությունն ու   միասնականությունը բոլոր ծառայություն մատուցողների համար  Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում,

բ) տեխնիկական արատորոշման միջոցներով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ` հիմնավորված շահագործման եւ պահպանման ծախսերի, հիմնական միջոցների եւ նյութական ակտիվների մաշվածության փոխհատուցման ապահովումը

գ) մատչելիությունը՝  տվյալ  ծառայության բոլոր սպառողների համար,

դ) ողջամիտ շահույթի ստացման հնարավորության ապահովումը

ե) հիմնավորված վարկերի սպասարկման ծախսերի ներառումը

զ) մատուցվող  ծառայության որակի բարձրացման խթանների ստեղծումը,

է) հիմնավորված եւ անհրաժեշտ ապահովագրական ծախսերի ներառումը

ը) տրանսպորտային միջոցների եւ ծառայությունների տեսակներով ու առանձնահատկություններով  պայմանավորված սակագների տարբերակումը:

ՀՈԴՎԱԾ 3. ՍԱԿԱԳՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ ԵՎ ԿԻՐԱՌՈՒՄԸ

1. Սակագների սահմանման եւ վերանայման կարգը, այդ առնչությամբ տեխնիկական արատորոշման միջոցներով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության ծառայություններ մատուցող անձանց կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ձեւերը եւ ցանկը սահմանում է Հանձնաժողովը, համաձայնեցնելով լիազոր մարմնի հետ: Հանձնաժողովը սակագները սահմանում է լիազոր մարմնի կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա:

2. Սահմանված սակագներն ուժի մեջ են մտնում որոշումն ընդունվելուց 30 օր հետո: Սակագների գործողության ժամկետը մեկ տարուց պակաս լինել չի կարող, բացառությամբ այն դեպքի, երբ սահմանված սակագների մեծությունների` դատական կարգով բողոքարկման արդյունքում դատարանի վճռի հիման վրա Հանձնաժողովն ընդունում է սակագնի սահմանման վերաբերյալ նոր որոշում:

3. Հանձնաժողովը կարող է սահմանել տեխնիկական արատորոշման միջոցներով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության ծառայությունների մատուցման երկարաժամկետ սակագին:

4. Սահմանված սակագինը կարող է արտահայտել ինչպես որոշակի թվային արժեք, այնպես էլ` որոշակի մեծություններից կախված հաշվարկային բանաձեւ:

5. Սահմանված սակագինը կարող է վերանայվել ինչպես ծառայություններ մատուցողների պահանջով լիազոր մարմնի առաջարկությամբ, այնպես էլ` Հանձնաժողովի նախաձեռնությամբ: Հանձնաժողովը սակագինը վերանայում (վերահաստատում կամ փոփոխում) եւ որոշում է կայացնում Լիազոր մարմնի կողմից վերանայման հայտի փաթեթն ընդունելուց հետո 90 օրյա ժամկետում:

6. Ծառայություններ մատուցողները կարող են տեխնիկական արատորոշման միջոցներով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության ծառայությունները մատուցել Հանձնաժողովի սահմանած սակագնից ավելի ցածր սակագնով` բացառելով գնային խտրականությունը: Սակագների նման իջեցման դեպքում նոր սակագներ սահմանելիս Հանձնաժողովը հաշվի չի առնում  սակագների իջեցման հետեւանքով ծառայություններ մատուցողների հնարավոր վնասները:

7. Լիազոր մարմնին հաշվետվություններ ներկայացնելու նպատակով հանձնաժողովը ծառայություններ մատուցողների համար սահմանում է ՀՀ օրենքներին, ազգային հաշվային պլանին եւ այլ իրավական ակտերին համապատասխանող հաշիվներ եւ ենթահաշիվներ:

8. Ծառայություններ մատուցողները իրենց ֆինանսատնտեսական գործունեությանը վերաբերվող հաշվետվությունները, այլ տեղեկատվությունը (անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթերով) ներկայացնում են Լիազոր մարմնին` սույն հոդվածի 1-ին կետով սահմանված ձեւերով եւ ցանկով:

9. Ներկայացված հաշվետվությունների եւ տեղեկությունների հավաստիության ճշգրտման նպատակով Լիազոր մարմինն իրավասու է իրականացնել կամ կազմակերպել ֆինանսատնտեսական գործունեության ուսումնասիրություններ` պահանջելով հիմնավորող անհրաժեշտ փաստաթղթեր:

10. Հիմք ընդունելով սույն  օրենքի 2-րդ հոդվածը Հանձնաժողովը հաստատում է սակագների հաշվարկի համար անհրաժեշտ մեթոդիկաները:

ՀՈԴՎԱԾ 4. ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Տեխնիկական արատորոշման միջոցներով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման ծառայությունների  մատուցման սակագների սահմանման եւ վերանայման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման վերաբերյալ

Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երկրների մեծամասնությունում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացումը չի դիտարկվում որպես պետական գործառույթ, այլ այն համարվում է ձեռնարկատիրական գործունեության տեսակ եւ իրականացվում իրավաբանական անձանց   (մասնավոր կազմակերպությունների) կողմից:

Նկատի ունենալով այդ, համապատասխան օրենքի նախագծով արդեն առաջարկվել է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունը համարել լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեության տեսակ, որից էլ բխում է «Տեխնիկական արատորոշման միջոցներով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման ծառայությունների  մատուցման սակագների սահմանման եւ վերանայման մասին» օրենքի ընդունումը:

Օրենքի ընդունումն ուղղված է տեխնիկական արատորոշման միջոցներով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման ծառայությունների մատուցում իրականացնող լիցենզառուների եւ տրանսպորտային միջոցների սեփականատերերի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ու հանրային շահերը պաշտպանելուն: Տեխնիկական արատորոշման միջոցներով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման ծառայություններ մատուցողների միջեւ մրցակցություն ապահովելու նպատակով սույն օրենքի նախագծով առաջարկվում է, որպեսզի տեխնիկական արատորոշման միջոցներով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման ծառայությունների մատուցման սակագները սահմանվեն Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից:

Օրենքի նախագիծը մշակելիս հաշվի են առնվել նաեւ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2005 թվականի դեկտեմբերի 12-ի NՆԿ 301-Ա կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի առաջարկությունները: