Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Պ-173-01.03.2000-ՊԱ,ՊԻ-010
Կ-262-03.07.2000-ՊԱ-010 /2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

Սույն օրենքը սահմանում է հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության կազմակերպման եւ իրականացման իրավական հիմքերը, պետական պաշտպանություն իրականացնող մարմնի գործունեության կարգն ու առանձնահատկությունները, կարգավորում է այդ ոլորտում ծագող հարաբերությունները:
 


ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Հիմնական հասկացությունները

Սույն օրենքում կիրառվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

պետական պահպանություն՝ պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման ոլորտի գործառույթ, որն իրականացվում է իրավական, կազմակերպչական, պահպանական, ռեժիմային, օպերատիվ-հետախուզական, տեխնիկական եւ այլ միջոցառումների համակցության հիման վրա.

պետական պահպանության օբյեկտներ՝ սույն օրենքով հատուկ պետական պաշտպանության ենթակա անձինք.

պահպանվող օբյեկտներ՝ պետական իշխանության մարմինների զբաղեցրած կամ պետական պահպանության օբյեկտների ժամանակավոր գտնվելու վայրերի շենքեր, շինություններ, կառույցներ, դրանց հարող տարածքներ, տրանսպորտային միջոցներ, որոնք ենթակա են պահպանության պետական պահպանության օբյեկտների անվտանգությունն ապահովելու նպատակով, ինչպես նաեւ պետական պահպանության մարմիների կողմից օգտագործվող շենքեր, շինություններ, կառույցներ, դրանց հարող տարածքներ .

պահպանական միջոցառումներ՝ պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման եւ պահպանվող օբյեկտների պաշտպանության համար պետական պահպանության մարմինների կողմից իրականացվող գործողությունների համակցություն, այդ թվում՝ ընդգրկելով նաեւ անվտանգության ապահովման մյուս պետական մարմիններին.

անցագրային ռեժիմ՝ պահպանվող օբյեկտներ անձանց, տրանսպորտային միջոցների, իրերի մուտքի եւ ելքի սահմանված կարգ:

Հոդված 2. Պետական պահպանության իրավական հիմքը

Պետական պահպանությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, սույն օրենքի, այլ օրենքների եւ իրավական ակտերի հիման վրա:

Հոդված 3. Պետական պահպանության իրականացման հիմնական սկզբունքները

Պետական պահպանությունն իրականացվում է օրինականության, մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության եւ հրապարակայնության, անընդհատության, հասարակական միավորումների գործունեությունից անկախության սկզբունքների պահպանմամբ՝ միանձնյա եւ կենտրոնացված ղեկավարման միջոցով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված բացահայտ եւ գաղտնի մեթոդների եւ միջոցների կիրառման համակցմամբ:

Հոդված 4. Պետական պահպանության իրականացման միջոցառումները

Պետական պահպանությունն իրականացվում է հետեւյալ միջոցառումների հիման վրա.

1) պետական պահպանության օբյեկտների անհատական պահպանության, հատուկ կապի եւ տրանսպորտային սպասարկման, ինչպես նաեւ նրանց անվտանգությանն սպառնացող վտանգի տեղեկատվության տրամադրում.

2) օրենսդրությանը համապատասխան օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացում.

3) պետական պահպանության օբյեկտների մշտական կամ ժամանակավոր գտնվելու վայրերում հասարակական կարգի պահպանություն եւ պահպանական միջոցառումների իրականացում.

4) պահպանվող օբյեկտներում սահմանված անցագրային ռեժիմի եւ կարգի ապահովում:

ԳԼՈՒԽ 2.

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԸ

Հոդված 5. Պետական պահպանության օբյեկտները

1. Պետական պահպանության օբյեկտների շարքին դասվում են սույն օրենքով սահմանված բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ինչպես նաեւ օտարերկրյա պետությունների եւ կառավարությունների ղեկավարներն ու այլ պաշտոնատար անձինք՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակ:

Պետական պահպանություն տրամադրվում է՝

1) Հայաստանի Հանրապետության Նախագահին.

2) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին.

3) Հայաստանի Հանրապետության վարչապետին.

4) Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահին:

2. Այլ պետական պաշտոնյաններին, քաղաքական-հասարակական (կրոնական եւ այլ) գործիչներին (անձանց) կարող է տրամադրվել պահպանություն ՀՀ Նախագահի կողմից հաստատված կարգով եւ ժամկետներում: Այդ անձանց պահպանությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից սահմանած իրավասու մարմինը:

Հոդված 6. Հայաստանի Հանրապետության Նախագահին պետական պահպանություն տրամադրելը

1. Հայաստանի Հանրապետության Նախագահին, նրա ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակման պահից, տրամադրվում է պետական պահպանություն նրա մշտական եւ ժամանակավոր գտնվելու վայրերում՝ զուգորդված սույն օրենքի 4-րդ հոդվածում նախատեսված միջոցառումների լրիվ ծավալի իրականացմամբ:

Հայաստանի Հանրապետության Նախագահն, իր լիազորությունների ամբողջ ժամանակահատվածում, իրավունք չունի հրաժարվելու պետական պահպանությունից:

2. Հայաստանի Հանրապետության Նախագահի լիազորությունների իրականացման ողջ ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաեւ նրա հետ համատեղ բնակվող կամ նրան ուղեկցող ընտանիքի անդամներին:

3. Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահին տրամադրվում է անձնական ցմահ պետական պահպանություն:

Հոդված 7. Հայաստանի Հանրապետությունում պետական պաշտոններ զբաղեցնող այլ անձանց պետական պահպանություն տրամադրելը

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության վարչապետին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահին պետական պահպանություն տրամադրվում է իրենց պաշտոնավարման ժամանակահատվածում:

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված պաշտոնատար անձանց հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամներին պետական պահպանություն տրամադրվում է, եթե այդ պաշտոնատար անձինք գրավոր չեն հրաժարվել բնակվել պաշտոնատար անձանց համար նախատեսված եւ նրանց տրամադրված առանձնատներում:

Հոդված 8. Պետական պահպանության ապահովման միջոցառումների կիրառումը

1. Սույն օրենքի 5-րդ հոդվածի երկրորդ մասում նշված անձանց պետական պահպանության ապահովման միջոցառումներն իրականացվում են՝ ելնելով նրանց անվտանգությանը սպառնացող վտանգի ռեալությունից եւ բնույթից՝ սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

2.Պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովմանը եւ պահպանվող օբյեկտների պաշտպանությանն օրենսդրությամբ ամրագրված իրենց լիազորությունների սահմաններում մասնակցում են նաեւ այդ բնագավառում պետական կառավարման լիազորված մարմինները:

Հոդված 9. Օտարերկրյա պետությունների ղեկավարների, կառավարության ղեկավարների եւ այլ անձանց անվտանգության ապահովումը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա պետությունների եւ կառավարությունների ղեկավարների, բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց եւ նրանց ընտանիքի անդամների պետական պահպանության ապահովման միջոցառումները իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրության, միջազգային պայմանագրերի, ինչպես նաեւ պետական պահպանությունն իրականացնող մարմինների եւ այդ պետությունների իրավասու մարմինների միջեւ կնքված համաձայնագրերին համապատասխան՝ սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված պետական պաշտոններ զբաղեցնող անձանց պահպանության համար սահմանված կարգով:

2. Օտարերկրյա պետական այլ պաշտոնյաներին, քաղաքական-հասարակական (կրոնական եւ այլ) գործիչներին (անձանց) Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու դեպքում կարող է տրամադրվել պահպանություն Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից հաստատված կարգով եւ ժամկետներում:

ԳԼՈՒԽ 3.

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈւԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հոդված 10. Պետական պահպանության մարմինը

1. Պետական պահպանությունն իրականացնող մարմինը Հայաստանի Հանրապետության նախագահի եւ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց անվտանգության ծառայությունն է (այսուհետ՝ լիազոր մարմին):

Լիազոր մարմինն ազգային անվտանգության պետական լիազոր մարմնի համակարգում գործող կառուցվածքային ստորաբաժանում է՝ կառավարչական հիմնարկի կարգավիճակով:

Լիազոր մարմնի ղեկավարի պաշտոնն ազգային անվտանգության մարմիններում ծառայության բարձրագույն խմբի պաշտոն է:

2. Լիազոր մարմնի ղեկավարին նշանակում եւ պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

Լիազոր մարմնի սպայական կոչումներով համալրվող պաշտոններում նշանակումներ կատարում եւ այդ ծառայողներին կոչումներ շնորհում է ազգային անվտանգության պետական լիազոր մարմնի ղեկավարը՝ լիազոր մարմնի ղեկավարի առաջարկությամբ:

Լիազոր մարմնի ենթասպայական կոչումներով համալրվող պաշտոններում նշանակումներ կատարում եւ այդ ծառայողներին կոչումներ շնորհում է լիազոր մարմնի ղեկավարը:

3. Լիազոր մարմնի կանոնադրությունը, կառուցվածքը եւ ծառայողների թվաքանակը հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

Հոդված 11. Լիազոր մարմնի հիմնական խնդիրները

Լիազոր մարմնի հիմնական խնդիրներ են՝

1) պետական պահպանության օբյեկտներին սպառնացող վտանգի կանխատեսումը եւ բացահայտումը, այդ սպառնալիքների կանխարգելման համար համալիր միջոցառումների իրականացումը.

2) պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովումը նրանց մշտական կամ ժամանակավոր գտնվելու վայրում, այդ թվում՝ երթեւեկության ժամանակ.

3) իրենց իրավասության շրջանակներում համապատասխան կապի կազմակերպման եւ իրականացման ապահովումը.

4) իրենց իրավասության շրջանակներում տեռորիզմի դեմ պայքարին մասնակցելը.

5) պահպանվող օբյեկտների պաշտպանությունը.

6) պահպանվող օբյեկտներում հանցագործությունների եւ այլ իրավախախտումների բացահայտումը, կանխումը եւ նախազգուշացումը.

7) պահպանվող օբյեկտներում սահմանված անցագրային ռեժիմի եւ կարգի ապահովումը:

Հոդված 12. Լիազոր մարմնի պարտականությունները

Լիազոր մարմինը պարտավոր է՝

1) բացահայտել, կանխել եւ նախազգուշացնել հակաիրավական ոտնձգությունները՝ ուղղված պետական պահպանության օբյեկտների եւ պահպանվող օբյեկտների դեմ.

2) կազմակերպել եւ իրականացնել պահպանական, ռեժիմային, տեխնիկական եւ այլ միջոցառումներ՝ ուղղված պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովմանը.

3) ապահովել պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման համար անհրաժեշտ հասարակական կարգի պահպանումը նրանց մշտական կամ ժամանակավոր գտնվելու վայրերում, վերացնել պետական պահպանության իրականացմանը խոչընդոտող արգելքները.

4) անհրաժեշտության դեպքում ապահովել այն ավտոտրանսպորտային միջոցների ուղեկցումը, որոնցով երթեւեկում են պետական պահպանության օբյեկտները.

5) իրենց իրավասության շրջանակներում կազմակերպել եւ իրականացնել իրենց գործունեության համար անհրաժեշտ կապի համակարգի զարգացմանն ու կատարելագործմանը ուղղված միջոցառումներ, ապահովել դրանց հուսալիությունը, տեղեկատվական անվտանգությունը եւ օպերատիվությունը.

6) իրականացնել ծածկագրային աշխատանքներ.

7) պետական պահպանության օբյեկտների մշտական կամ ժամանակավոր գտնվելու վայրերում, պահպանվող օբյեկտներում կազմակերպել եւ իրականացնել օպերատիվ տեխնիկական զննումներ, իսկ համապատասխան ծառայությունների ներգրավմամբ՝ նաեւ սանիտարահիգիենիկ, ռադիացիոն եւ հակահամաճարակային վերահսկողություն.

8) իրականացնել իր գործունեության տեղեկատվական-վերլուծական ապահովում.

9) ապահովել սեփական անվտանգությունը.

10) համապատասխան մարմինների հետ համագործակցելով իրականացնել միջոցառումներ պահպանվող օբյեկտների տեխնիկական միջոցներից տեղեկատվական արտահոսքը կանխելու համար.

11) իրականացնել համագործակցություն օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների, իրավապահ մարմինների եւ համապատասխան կազմակերպություների հետ:

Հոդված 13. Լիազոր մարմնի իրավունքները

Լիազոր մարմինը պետական պահպանություն իրականացնելու նպատակով իրավունք ունի՝

1) անվտանգության ապահովմանն ուղղված պահպանական միջոցառումների նախապատրաստմանը եւ իրականացմանը մասնակցելու համար ներգրավել անհրաժեշտ ուժեր եւ միջոցներ.

2) օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենսդրությանը համապատասխան, իր լիազորության շրջանակներում, իրականացնել օպերատիվ-հետախուզական գործունեություն.

3) պահպանվող օբյեկտներ մուտքի եւ ելքի ժամանակ ստուգել քաղաքացիների եւ պաշտոնատար անձանց անձը հաստատող փաստաթղթերը, կատարել նրանց, ինչպես նաեւ նրանց մոտ գտնվող իրերի, նրանց տրանսպորտային միջոցների եւ դրանցով տեղափոխվող իրերի զննում, այդ թվում՝ կիրառելով տեխնիկական միջոցներ.

4) կատարել փաստերի եւ իրադարձությունների փաստաթղթավորում, լուսանկարում, ձայնագրում եւ տեսանկարահանում.

5) ձերբակալել եւ համապատասխան մարմիններին հանձնել պետական պահպանության օբյեկտների ժամանակավոր կամ մշտական գտնվելու վայրերում իրավախախտումներ կատարած կամ դրա փորձ կատարած անձանց, ովքեր խոչընդոտել են պետական պահպանության մարմնի օրինական պահանջների կատարմանը, ինչպես նաեւ մուտք են գործել կամ փորձ են արել մուտք գործել պահպանվող օբյեկտներ.

6) պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին եւ կազմակերպություններին միջնորդել վերացնելու պետական պահպանության օբյեկտների եւ պահպանվող օբյեկտների անվտանգությանը սպառնացող պատճառները.

7) հանցագործությունները կանխելիս անարգել մուտք գործել բնակելի եւ այլ շինություններ ու հողամասեր, եթե հապաղումը կարող է սպառնալիք առաջացնել պետական պահպանության օբյեկտների անվտանգությանը:

Քաղաքացիների կամքին հակառակ բնակելի տարածքներ կամ այլ շինություններ մուտք գործելու յուրաքանչյուր դեպքի մասին լիազոր մարմինը 24 ժամվա ընթացքում տեղյակ է պահում համապատասխան տարածքը սպասարկող դատախազին.

8) անհրաժեշտության դեպքում միջոցներ ձեռնարկել տրանսպորտային միջոցների եւ հետիոտնի երթեւեկությունը ժամանակավորապես սահմանափակելու ուղղությամբ, արգելել տրանսպորտային միջոցներին եւ քաղաքացիներին գտնվելը որոշակի վայրերում եւ օբյեկտներում, ինչպես նաեւ տեղափոխել տրանսպորտային միջոցները այդ վայրերից.

9) պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից անվճար ստանալ իր խնդիրների իրակացման համար անհրաժեշտ տեղեկավտություն.

10) թույլատրել լիազոր մարմնի ծառայողներին օրենքով սահմանված կարգով պահել, կրել, օգտագործել հրազեն եւ հատուկ միջոցներ.

11) օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների, իրավապահ մարմինների եւ կազմակերպությունների հետ իրենց իրավասության շրջանակներում փոխանակել օպերատիվ տեղեկատվություն, հատուկ տեխնիկական եւ այլ միջոցներ, ինչպես նաեւ համաձայնության գալ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման կարգի եւ պայմանների մասին:

Հոդված 14. Լիազոր մարմնի համագործակցությունը Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների եւ օտարերկրյա պետությունների կազմակերպությունների հետ

1. Լիազոր մարմինը պետական պահպանության օբյեկտների անվտանգությունն ապահովում է պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ այլ կազմակերպությունների հետ համագործակցելով:

2. Լիազոր մարմինն իր իրավասության շրջանակներում կազմակերպում է անվտանգության ապահովման պետական մարմինների հետ համագործակցություն եւ կոորդինացնում նրանց գործունեությունը պետական պահպանության ոլորտում:

3. Պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են աջակցել լիազոր մարմնին պետական պահպանության օբյեկտների անվտանգության ապահովման խնդրում:

Հոդված 15. Լիազոր մարմնի մասին տեղեկությունների պաշտպանվածությունը

Լիազոր մարմնում պետական գաղտնիքի պաշտպանությունն իրականացվում է պետական գաղտնիքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
 


ԳԼՈՒԽ 4.

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆՈՒՄ:
ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 16. Ծառայությունը լիազոր մարմնում

1. Լիազոր մարմնում ծառայողներն ազգային անվտանգության մարմիններում ծառայողներ են: Ծառայությունը լիազոր մարմնում կարգավորվում է ազգային անվտանգության մարմիններում ծառայությունը կարգավորող օրենսդրությանը համապատասխան, բացառությամբ սույն օրենքով կարգավորվող հարաբերությունների:

2. Լիազոր մարմնի ծառայողի՝ իր իրավասության սահմաններում առաջադրած պահանջների կատարումը պարտադիր է բոլոր պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների եւ քաղաքացիների համար:

3. Լիազոր մարմնի ծառայողի պահանջները չկատարելը եւ(կամ) նրա պարտականությունների կատարմանը խոչընդոտելն առաջացնում են պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

Հոդված 17. Լիազոր մարմնի ծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանությունը

Լիազոր մարմնի ծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանությունն իրականացվում է ազգային անվտանգության մարմիններում ծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող օրենսդրությանը համապատասխան:

ԳԼՈՒԽ 5.

ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺԻ, ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ
ԵՎ ԶԵՆՔԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

Հոդված 18. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ զենքի կիրառման պայմանները.

1. Լիազոր մարմնի ծառայողներն իրավունք ունեն գործադրելու ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ զենք՝ սույն օրենքով նախատեսված կարգով եւ դեպքերում, եթե այլ միջոցները չեն ապահովում լիազոր մարմնի վրա դրած պարտականությունների կատարումը:

Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ (կամ) զենք գործադրման ընտրություն կատարելիս լիազոր մարմնի ծառայողը առաջնորդվում է՝ ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից եւ իրավախախտի անձից:

2. Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ եւ (կամ) զենք գործադրելիս լիազոր մարմնի ծառայողը պարտավոր է՝

1) նախազգուշացնել դրանք օգտագործելու մասին՝ անձին բավարար ժամանակ տրամադրելով իր պահանջների կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ հապաղումն անմիջական վտանգ է ստեղծում պետական պահպանության օբյեկտների, լիազոր մարմնի կամ պահպանական միջոցառումների անցկացմանը ներգրավված մյուս ծառայողների եւ այլ անձանց կյանքին կամ առողջությանը կամ, երբ ստեղծված իրադրությունում նման նախազգուշացումն անհնար է.

2) դրանք գործադրել իրավախախտման կամ դիմադրության վտանգավորության բնույթին եւ աստիճանին համաչափ՝ ձգտել. որպեսզի իրավախախտին պատճառվող վնասը հասցվի նվազագույնի.

3) մարմնական վնասվածքներ ստացած անձանց ցույց տալ առաջին օգնություն:

3. Լիազոր մարմնի ծառայողները պատասխանավտություն չեն կրում սույն օրենքով նախատեսված դեպքերում գործադրված ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կամ զենքի կիրառման համար, եթե տվյալ դեպքում չի կատարվել անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության սահմանների անցում կամ հանցագործություն կատարած անձի ձերբակալման համար անհրաժեշտ միջոցառումների գերազանցում:

4. Լիազորությունների գերազանցմամբ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների եւ (կամ) հրազենի գործադրումը առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

5. Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կամ զենքի կիրառման յուրաքանչյուր դեպքի մասին լիազոր մարմինը անհապաղ ծանուցում է տվյալ տարածքի դատախազին:

Հոդված 19. Ֆիզիկական ուժի գործադրումը

Լիազոր մարմնի ծառայողներն իրավունք ունեն գործադրելու ֆիզիկական ուժ հանցագործությունների եւ այլ իրավախախտումների կանխամանրգելման, այն կատարած անձանց ձերբակալման, ծառայողների օրինական պահանջների հակազդեցության հաղթահարման համար:

Հոդված 20. Հատուկ միջոցների օգտագործումը

1. Լիազոր մարմնի ծառայողներն, անձամբ կամ ստորաբաժանման կազմում, ծառայողական պարտականությունները կատարելիս իրավունք ունեն օգտագործելու հատուկ միջոցները հետեւյալ դեպքերում՝

1) պետական պահպանության օբյեկտների վրա հարձակմանը կամ հարձակման վտանգին դիմակայելիս.

2) լիազոր մարմնի ծառայողների եւ քաղաքացիների անվտանգությունն ապահովող այլ պետական մարմինների ծառայողների վրա հարձակումը կամ հարձակման սպառնալիքը կանխելիս կամ ցույց տրվող դիմադրությունը կանխելիս.

3) պահպանվող օբյեկտների եւ տրանսպորտային միջոցների վրա հարձակումներին կամ հարձակման վտանգին դիմակայելիս.

4) օրինազանցներին եւ այլ անձանց ձերբակալելիս, որոնց հանդեպ անհրաժեշտ հիմքեր կան ենթադրելու, որ նրանք հակված են ցույց տալու զինված դիմադրություն կամ խոչընդոտելու լիազոր մարմնի ծառայողների պարտականությունները կատարելուն եւ նրանց համապատասխան մարմիններ բերման ենթարկելիս:

Բացի այդ հատուկ միջոցներ կարող են օգտագործվել սույն օրենքի 21-րդ հոդվածով նախատեսված դեպքերում:

2. Արգելվում է հատուկ միջոցների գործադրումը հղիության նկատելի նշաններ ունեցող կանանց, ակնհայտ հաշմանդամների եւ անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու եւ ծառայողի կյանքին եւ առողջությանն իրական վտանգ սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի:

3. Անհրաժեշտ պաշտպանության կամ ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում հատուկ միջոցների կամ զենքի բացակայության պայմաններում լիազոր մարմնի ծառայողն իրավունք ունի օգտագործել ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր միջոցները:

Հոդված 21. Զենքի կիրառումը եւ օգտագործումը

1. Լիազոր մարմնի ծառայողները, որպես ծայրահեղ միջոցառում, անձամբ կամ ստորաբաժանման կազմում իրավասու են զենք կիրառել՝

1) պետական պահպանության օբյեկտների կյանքին եւ առողջությանը վտանգ սպառնացող հարձակումը կամ հարձակման սպառնալիքը կանխելիս.

2) լիազոր մարմնի ծառայողների եւ պահպանական միջոցառումների ապահովման համար ներգրավված այլ մարմնի ծառայողների վրա հարձակումը կամ հարձակման սպառնալիքը կանխելիս՝ նրանց կյանքին եւ առողջությանը վտանգ սպառնացող հարձակումը կամ հարձակման սպառնալիքը, ինչպես նաեւ նրանց զենքին տիրանալու փորձը կանխելիս.

3) պահպանվող օբյեկտների եւ տրանսպորտային միջոցների վրա հարձակմանը կամ հարձակման սպառնալիքին դիմակայելիս.

4) պատանդներին ազատելիս.

5) տրանսպորտային միջոցները վնասելով կանգնեցնելիս, եթե այն իրական վտանգ է ստեղծում պետական պահպանության օբյեկտների կյանքին եւ առողջությանը եւ չի ենթարկվում ծառայողի՝ տրանսպորտային միջոցը կանգնեցնելու ազդանշանին.

6) պետական պահպանության օբյեկտների եւ այլ քաղաքացիների կյանքին եւ առողջությանն անմիջականորեն սպառնացող կենդանիներին վնասազերծելիս.

7) զենք օգտագործելու մտադրության մասին նախազգուշական կրակոց արձակելիս, տագնապ հայտարարելիս կամ օգնության կանչելիս:

2. Արգելվում է զենքի գործադրումը հղիության նկատելի նշաններ ունեցող կանանց, ակնհայտ հաշմանդամների եւ անչափահասների նկատմամբ, բացառությամբ նրանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու եւ ծառայողի կյանքին եւ առողջությանն իրական վտանգ սպառնացող գործողություններ կատարելու դեպքերի:

Մերկացրած զենքով ձերբակալում կատարող լիազոր մարմնի ծառայողին մոտենալու, նրա կողմից պահանջված հեռավորությունը խախտելու, առանց թույլտվության անսպասելի կտրուկ շարժում կատարելու, ձեռքերը գրպաները տանելու կամ զենքին մեկնելու՝ ձերբակալվողի ցանկացած փորձ լիազոր մարմնի ծառայողին իրավունք է տալիս առանց նախազգուշացման զենք գործադրել սույն հոդվածով սահմանված կարգով:

Զենքի կիրառման բոլոր դեպքերի մասին լիազոր մարմնի ծառայողը պարտավոր է զեկուցել իր անմիջական ղեկավարին:

ԳԼՈՒԽ 6.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 22. Լիազոր մարմնի ֆինանսավորումը եւ նյութատեխնիկական ապահովումը

Լիազոր մարմնի ֆինանսավորումը եւ նյութատեխնիկական ապահովումը կատարվում է պետական բյուջեի եւ օրենսդրությամբ սահմանված այլ միջոցների հաշվին:

Հոդված 23. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից երեք ամիս հետո: