Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-112-04.09.2007-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. ՀՀ Քրեական օրենսգրքում (այսուհետ` Օրենք) 164-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Նույն արարքները, որոնք կատարվել են լրագրողի կամ նրա ընտանիքի անդամի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով` կապված նրա կողմից մասնագիտական պարտականությունները կատարելու հետ, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից չորսհարյուրհիսնապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով` առավելագույնը երկու տարի ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման

Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալ հանգամանքներով:

Համաձայն մի շարք հասարակական կազմակերպությունների կողմից կատարված ուսումնասիրությունների, Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին շատացել են լրագրողների ու զանգվածային լրատվամիջոցների նկատմամբ բռնությունների ու մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերը: Հասարակական կազմակերպությունների կողմից կատարված լրագրողների հարցումների եւ քննարկումների արդյունքները ցույց են տալիս, որ լրագրողների իրավունքների պաշտպանվածության աստիճանը բավարար չէ եւ այլ երկրներում սահմանված սանկցիաների հետ համեմատ ՀՀ-ում լրագրողների գործունեությանը խոչընդոտելու համար օրենսդրությամբ սահմանված պատիժը բավականին մեղմ է:

ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավորի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչին` օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ խոչընդոտելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով: Ըստ վերոշարադրյալի նպատակահարմար է դիտվում, որ թե՛ իշխանության ներկայացուցչի, թե՛ լրագրողի նկատմամբ հանցավոր արարքներ կատարողների նկատմամբ պատասխանատվությունը` պատժաչափի եւ կիրառման առումով հավասարեցված լինի: Ի վերջո, նշված անձանց գործունեության նպատակն է` հանրային շահերի բավարարմանը, օրենքով սահմանված իրավունքների իրականացմանն ու պաշտպանությանը ուղղված գործառույթների համակցությունը: Հետեւաբար, կարեւորելով այդ գործունեության դերը հասարակության համար, խիստ արդարացված է, որ նշված համանման գործունեության խոչընդոտելը պետք է արժանանա նույնատիպ որակմանը եւ պատժին:

Բացի այդ, ներկայացված փոփոխություններն ու լրացումները նպատակ ունեն նաեւ խստացնելու տուգանքի չափը, սահմանելով այն նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափից` առավելագույնը հասցնելով մինչեւ չորսհարյուրհիսնապատիկը: Դա հիմնավորված է այն հանգամանքով, որ նյութական պատասխանատվության առավել խոշոր չափերի կիրառումը կնպաստի հետագա նախապատրաստվող հանցագործությունների կանխարգելմանը, իրավական մշակույթի ձեւավորմանը եւ անպատժելիության մթնոլորտի վերացմանը: