Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-495-13.08.2001,19.10.2001-ՊԱ,ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1.

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքն ամրագրում է անձի, հասարակության եւ պետության անվտանգության ապահովման իրավական հիմքերը, որոշում է անվտանգության համակարգն ու նրա գործառույթները:

Հոդված 2. Անվտանգության մասին օրենսդրությունը

Հայաստանի Հանրապետությունում անվտանգության ապահովման հարաբերութունները կարգավորվում են Սահմանադրությամբ, սույն օրենքով, միջազգային պայմանագրերով, այլ օրենքներով եւ իրավական ակտերով:

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված է սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 3. Անվտանգության հասկացությունը

Անվտանգությունն արտաքին եւ ներքին սպառնալիքներից անձի, հասարակության եւ պետության կենսականորեն կարեւոր շահերի պաշտպանվածության վիճակ է:

Կենսականորեն կարեւոր շահերը պահանջմունքների ամբողջություն է, որոնց բավարարումը ապահովում է անձի, հասարակության եւ պետության գոյության եւ առաջընթաց զարգացման հնարավորությունները:

Հոդված 4. Անվտանգության օբյեկտները

Անվտանգության օբյեկտներն են՝

անձը, նրա իրավունքներն ու ազատությունները.

հասարակությունը, նրա նյութական եւ հոգեւոր արժեքները.

պետությունը, նրա սահմանադրական կարգը, ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը:

Հոդված 5. Անվտանգության ապահովման սուբյեկտները

Անվտանգության ապահովման հիմնական սուբյեկտը պետությունն է, որն այդ ոլորտում գործառույթներ է իրականացնում օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների միջոցով:

Պետությունն ապահովում է քաղաքացու անվտանգությունը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Պետությունը երաշխավորում է արտասահմանում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պաշտպանությունն ու հովանավորությունը:

Քաղաքացիները, կուսակցությունները, հասարակական միավորումներն ու կազմակերպությունները համարվում են անվտանգության սուբյեկտներ, եթե Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ունեն անվտանգության ապահովմանը մասնակցելու իրավունքներ եւ կրում են պարտականություններ:

Հոդված 6. Անվտանգության սպառնալիքը

Անվտանգության սպառնալիքը անձի, հասարակության եւ պետության կենսականորեն կարեւոր շահերի համար վտանգ ստեղծող պայմանների եւ գործոնների ամբողջությունն է:

Հոդված 7. Անվտանգության ապահովումը

Անվտանգությունն ապահովվում է պետական միասնական քաղաքականության իրականացմամբ՝ անվտանգության սպառնալիքներին համարժեք քաղաքական, կազմակերպչական, տնտեսական եւ այլ բնույթի միջոցառումների համակարգով:

Անվտանգության օբյեկտների պաշտպանվածության անհրաժեշտ մակարդակ ստեղծելու եւ պահպանելու համար մշակվում է անվտանգության բնագավառում հարաբերությունների կարգավորման իրավական նորմերի համակարգ, որոշվում են պետական իշխանության եւ տվյալ ոլորտի կառավարման մարմինների գործունեության հիմնական ուղղությունները, կարգավորվում կամ վերակառուցվում են անվտանգության ապահովման մարմինները եւ նրանց գործունեության նկատմամբ վերահսկողության ու հսկողության մեխանիզմը:

Անձի, հասարակության եւ պետության անվտանգության ապահովմանը նպատակամղված գործառույթների անմիջական կատարման համար գործադիր իշխանության համակարգում, գործող օրենսդրության համաձայն, կազմավորվում են անվտանգության ապահովման պետական մարմիններ:

Հոդված 8. Անվտանգության ապահովման սկզբունքները

Անվտանգության ապահովման հիմնական սկզբունքներն են՝

ա) օրինականությունը.

բ) անձի, հասարակության եւ պետության անվտանգության հաշվեկշռվածության ապահովումը.

գ) անձի, հասարակության եւ պետության փոխադարձ պատասխանատվությունը.

դ) միջազգային անվտանգության համակարգերի հետ համագործակցությունը:

Հոդված 9. Քաղաքացիների իրավունքները եւ ազատությունները անվտանգության ապահովման ժամանակ

Անվտանգության ապահովման ժամանակ քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների սահմանափակումն արգելվում է, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

Անվտանգության սուբյեկտներն իրավունք ունեն անվտանգության ապահովման մարմիններից, օրենսդրությամբ սահմանված կարգով, ստանալ գրավոր բացատրություն՝ իրենց իրավունքների եւ ազատությունների սահմանափակման վերաբերյալ:

Անվտանգության ապահովման գործընթացում իրենց լիազորությունները գերազանցած պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:


ԳԼՈՒԽ 2.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ  ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 10. Անվտանգության համակարգի հիմնական տարրերը

Անվտանգության համակարգը կազմում են անվտանգության սուբյեկտները, որոնք, օրենսդրությամբ սահմանված կարգով, մասնակցում են անվտանգության ապահովմանը:

Արգելվում է օրենքով չնախատեսված անվտանգության ապահովման մարմինների ստեղծումը:

Հոդված 11. Անվտանգության համակարգի հիմնական գործառույթները

Անվտանգության համակարգի հիմնական գործառույթներն են՝

ա) անձի, հասարակության եւ պետության կենսականորեն կարեւոր շահերի դեմ ուղղված արտաքին եւ ներքին սպառնալիքների հայտնաբերումն ու կանխորոշումը, դրանց կանխմանը եւ վնասազերծմանը նպատակամղված օպերատիվ եւ երկարաժամկետ համալիր միջոցառումների իրականացումը.

բ) անվտանգության ապահովման ուժերի ու միջոցների ստեղծումը եւ պատրաստականության ապահովումը.

գ) անվտանգության ապահովման ուժերի եւ միջոցների կառավարումը.

դ) արտակարգ իրավիճակի հետեւանքով տուժած տարածքներում անվտանգության ապահովման օբյեկտների բնականոն գործունեության վերականգնման նպատակով համալիր միջոցառումների իրականացումը.

ե) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս անվտանգության ապահովման միջոցառումներին մասնակցությունը:

Հոդված 12. Անվտանգության համակարգում պետական մարմինների գործունեության ղեկավարումը

Անձի, հասարակության եւ պետության անվտանգության ապահովումը, համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, իրականացվում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի հիման վրա:

Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը՝ Հանրապետության Նախագահն է:

Հանրապետության Նախագահը՝

ա) ղեկավարում է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհուրդը.

բ) համակարգում է անվտանգության ապահովման պետական մարմինների գործունեությունը.

գ) ընդունում է անվտանգության ապահովման վերաբերյալ որոշումներ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝

ա) իր իրավասության սահմաններում ապահովում է ազգային անվտանգության քաղաքականության իրականացումը.

բ) կազմակերպում եւ վերահսկում է Հայաստանի Հանրապետության նախարարությունների եւ գերատեսչությունների կողմից անվտանգության ապահովման միջոցառումների մշակումը եւ իրագործումը:

Հայաստանի Հանրապետության նախարարությունները եւ գերատեսչությունները իրենց իրավասության սահմաններում՝

ա) ապահովում են անվտանգության օբյեկտների կենսականորեն կարեւոր շահերի պաշտպանությունը.

բ) նախատեսում են անվտանգության ապահովմանը վերաբերող դրույթներ գերատեսչական կանոնադրություններում եւ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում, ներկայացնում դրանք Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը:

Հոդված 13. Անվտանգության ապահովման ուժերը եւ միջոցները

Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման ուժերը եւ միջոցները ստեղծվում ու գործում են համաձայն օրենքների եւ Հանրապետության Նախագահի հրամանագրերի հիման վրա:

Անվտանգության ապահովման ուժերը ներառում են՝

ա) Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, ազգային անվտանգության, ներքին գործերի, մաքսային ծառայության մարմինները.

բ) արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման ծառայությունները, քաղաքացիական պաշտպանության կազմավորումները.

գ) արդյունաբերության, էներգետիկայի, տրանսպորտի եւ գյուղատնտեսության բնագավառներում աշխատանքների անվտանգության ապահովման մարմինները.

դ) հատուկ պահպանության օբյեկտների անվտանգությունն ապահովող մարմինները.

ե) կապի եւ տեղեկատվության միջոցների անվտանգությունն ապահովող ծառայությունները.

զ) բնապահպանական, բնակչության առողջության պաշտպանության եւ օրենքով սահմանված անվտանգության ապահովման այլ պետական մարմինները:

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության, ներքին գործերի բնագավառների պետական լիազորված մարմինների, ինչպես նաեւ պետական այլ մարմինների ստորաբաժանումները, որոնք իրենց գործունեության մեջ օգտագործում են հատուկ ուժեր եւ միջոցներ, գործում են բացառապես իրենց իրավասության շրջանակներում եւ օրենսդրության համապատասխան:

Անվտանգության ապահովման մարմինների ղեկավարները, համաձայն օրենսդրության, պատասխանատվություն են կրում նրանց գործունեության սահմանված կարգի խախտման կամ անգործության համար:

ԳԼՈՒԽ 3.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Հոդված 14. Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի կարգավիճակը

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդը (այսուհետ՝ Անվտանգության խորհուրդ)_ խորհրդակցական մարմին է, որը կարող է կազմավորվել Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից:

Անվտանգության խորհուրդը գործում է իր կանոնադրության համաձայն, որը հաստատում է Հանրապետության Նախագահը:

Անվտանգության խորհրդի գործունեության ապահովման նպատակով նրա կանոնադրությամբ կարող է նախատեսվել Անվտանգության խորհրդի աշխատակազմ:

Անվտանգության խորհուրդն ուսումնասիրում է անվտանգության ապահովման ոլորտում Հայաստանի Հանրապետության ներքին եւ արտաքին քաղաքականության, պետական, տնտեսական, հասարակական, պաշտպանական, տեղեկատվական, բնապահպանական եւ այլ տեսակների անվտանգության ռազմավարական խնդիրները, բնակչության առողջության պաշտպանության, արտակարգ իրավիճակների կանխատեսման, կանխարգելման եւ դրանց հետեւանքների վերացման, կայունության եւ օրինականության ապահովման հարցերը:

Հոդված 15. Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի կազմը եւ կազմավորման կարգը

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդը կազմավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ սույն օրենքի հիման վրա:

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի կազմում մտնում են՝ Հայաստանի Հանրապետության Նախագահը, քարտուղարը, մշտական անդամները եւ Անվտանգության խորհրդի անդամները:

Անվտանգության խորհրդի նախագահն ի պաշտոնե համարվում է Հայաստանի Հանրապետության նախագահը:

Անվտանգության խորհրդի նիստերին մասնակցում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը կամ նրա հանձնարարությամբ Ազգային ժողովի նախագահի տեղակալը:

Հաշվի առնելով քննարկվող հարցի բովանդակությունը՝ Անվտանգության խորհուրդը քննարկմանը կարող է մասնակից դարձնել նաեւ այլ անձանց՝ խորհրդատվական իրավունքով:

Հանրապետության տարածքում անվտանգության ապահովման հարցերի քննարկմանն Անվտանգության խորհրդի նիստերին կարող են մասնակից դարձնել նաեւ տարածքային մարմինների լիազոր ներկայացուցիչները:

Հոդված 16. Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի հիմնական խնդիրները

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի հիմնական խնդիրներն են՝

ա) անվտանգության սպառնալիքի գնահատումը.

բ) անձի, հասարակության եւ պետության կենսական կարեւորագույն շահերի որոշումը, անվտանգության օբյեկտներին սպառնացող ներքին եւ արտաքին վտանգների հայտնաբերումը.

գ) անվտանգության ապահովման ռազմավարության հիմնական սկզբունքներից բխող պետական ծրագրերի նախապատրաստման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.

դ) անձի, հասարակության եւ պետության անվտանգության ապահովման, ներքին եւ արտաքին քաղաքականության վերաբերյալ որոշումներ ընդունելու համար Հայաստանի Հանրապետության Նախագահին առաջարկություններ նախապատրաստելը.

ե) իրավիճակից թելադրվող գործողություններ ձեռնարկելու եւ ռազմական դրություն հայտարարելու կամ վերացնելու մասին Հանրապետության Նախագահին առաջարկությունների ներկայացումը.

զ) անվտանգության ապահովման ոլորտում ընդունված որոշումների իրագործման եւ գնահատման արդյունքում պետական մարմինների գործունեության կոորդինացման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը.

է) անձի, հասարակության եւ պետության անվտանգության ապահովման նպատակով անվտանգության ապահովման համակարգերը կատարելագործելու եւ նորմատիվ աշխատանքը բարելավելու առաջարկությունների մշակումը.

թ) իր կանոնադրությամբ նախատեսված այլ ուղղությունները:

Անվտանգության խորհուրդն իր գործունեության ուղղություններով իրականացվող աշխատանքների վերաբերյալ Հանրապետության Նախագահին ներկայացնում է նյութեր, տեղեկանքներ եւ եզրակացություններ:

Հոդված 17. Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի միջգերատեսչական հանձնաժողովները

Իր գործունեության հիմնական խնդիրների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդը կազմավորում է միջգերատեսչական հանձնաժողովներ՝ տարածքային կամ առարկայական հիմունքներով:

Անհրաժեշտության դեպքում, արտակարգ իրավիճակների նախականխման եւ հետեւանքների վերացման, պետական եւ հասարակական իրավակարգի ամրապնդման հիմնահարցերի, ինչպես նաեւ սահմանադրական կարգի, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ապահովման նպատակներով առաջարկություններ մշակելու համար անվտանգության խորհրդի կազմում կարող են ստեղծվել նաեւ ժամանակավոր միջգերատեսչական հանձնաժողովներ:

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի որոշմամբ մշտական եւ ժամանակավոր միջգերատեսչական հանձնաժողովները կարող են ղեկավարվել անվտանգության խորհրդի անդամների, ինչպես նաեւ համապատասխան նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարների, նրանց տեղակալների կամ Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից դրա համար լիազորված անձանց կողմից:

Հոդված 18. Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի աշխատակազմը

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի կազմակերպչական, տեխնիկական եւ տեղեկատվական ապահովման գործնեությունն իրականացնում է նրա աշխատակազմը՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի ղեկավարությամբ:

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի աշխատակազմի կառուցվածքն ու հաստիքացուցակը, ինչպես նաեւ աշխատակազմի ստորաբաժանումների հրահանգները հաստատում է Անվտանգության խորհրդի նախագահը:

Հոդված 19. Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի միջգերատեսչական հանձնաժողովների եւ աշխատակազմի հիմնական խնդիրները

Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի միջգերատեսչական հանձնաժողովների եւ աշխատակազմի խնդիրներն են՝

ա) անվտանգության օբյեկտների կենսական կարեւորագույն շահերին սպառնացող արտաքին եւ ներքին սպառնալիքների գնահատումը, վտանգների աղբյուրների հայտնաբերումը.

բ) անվտանգության վիճակի վրա ազդող ներքին եւ արտաքին պայմանների եւ գործոնների փոփոխությունների վերաբերյալ գիտականորեն հիմնավորված կանխատեսումների նախապատրաստումը.

գ) անվտանգության ապահովման հանրապետական ծրագրերի մշակումը, համադասումը, դրանց արդյունավետության գնահատումը.

դ) անվտանգության ապահովման վերաբերյալ տեղեկատվության կուտակումը, մշակումը եւ վերլուծությունը, դրանց կատարելագործման առաջարկությունների մշակումը.

ե) Անվտանգության խորհրդի՝ նրա որոշումների կատարման ընթացքի մասին տեղեկատվության ներկայացումը.

զ) անվտանգության ապահովման բնագավառում գիտական հետազոտությունների կազմակերպումը.

է) անվտանգության հարցերի վերաբերյալ Անվտանգության խորհրդի որոշումների եւ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի նախագծերի նախապատրաստումը.

ը) անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին Հայաստանի Հանրապետության Նախագահի զեկուցման նյութերի նախապատրաստումը:


ԳԼՈՒԽ 4.

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 20. Անվտանգության ապահովման գործունեության ֆինանսավորումը

Անվտանգության ապահովման գործունեության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
 


ԳԼՈՒԽ 5.

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ  ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 21. Անվտանգության ապահովման գործունեության վերահսկողությունը

Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, իրենց իրավասությունների սահմաններում վերահսկողություն են իրականացնում անվտանգության ապահովման ուղղությամբ նախարարությունների, գերատեսչությունների, ձեռնարկությունների, հիմնարկությունների եւ կազմակերպությունների գործունեության նկատմամբ:

Հասարակական եւ այլ միավորումները, կազմակերպությունները, քաղաքացիները, համաձայն գործող օրենսդրության, իրավունք ունեն տեղեկատվություն ստանալ անվտանգության ապահովման մարմինների գործունեության մասին:

ԳԼՈՒԽ 6.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 22. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: