Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-115-05.09.2007-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՉԵՌՆՈԲԻԼԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ԵՎ ԱՅԼ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

Ընդհանուր  դրույթներ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան եւ գործողության ոլորտը

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների իրավունքների ու շահերի պաշտպանության հետ կապված հարաբերությունները, որոնք տուժել են` մասնակցելով Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի (այսուհետ` ՉԱԷԿ) վթարից միջուկային աղետների հետեւանքների վերացման աշխատանքներին:

Սույն օրենքով նշված անձանց տրվող արտոնություններն ու փոխհատուցումները տարածվում են նաեւ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, վթարի վերացման աշխատանքներին մասնակցած այլ հանրապետությունների քաղաքացիների վրա:

Հոդված 2. ՉԱԷԿ-ի վթարի եւ այլ միջուկային աղետների հետեւանքներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության վերաբերյալ օրենսդրությունը

ՉԱԷԿ-ի վթարից եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանությունն ապահովվում է սույն օրենքով եւ սույն օրենքից բխող ենթաօրենսդրական ակտերով:

Հոդված 3. ՉԱԷԿ-ի վթարի հետեւանքներից տուժած քաղաքացիների բժշկական օգնության եւ ճառագայթային ազդեցությունից պաշտպանվածության իրավունքը

ՉԱԷԿ-ի վթարի հետեւանքներից տուժած քաղաքացիները իրավունք ունեն բժշկական օգնության եւ դիսպանսերիզացիայի առողջապահական կազմակերպություններում ըստ բնակության վայրի: Այդ անձանց մասնագիտացված բուժօգնությունը ապահովում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով լիցենզավորված համապատասխան կազմակերպությունները: Նրանց հիվանդության եւ հաշմանդամության պատճառական կապը որոշում են բժշկասոցիալական փորձաքննության գործակալության տարածքային մարմինները` ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի եւ ՀՀ առողջապահության նախարարության ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնի կողմից տրված եզրակացությունների հիման վրա:

Հոդված 4. ՉԱԷԿ-ի վթարի հետեւանքներից տուժած քաղաքացիների վնասի փոխհատուցում ստանալու եւ արտոնություններից օգտվելու իրավունքը

ՀՀ քաղաքացիները, որոնց առողջությունը վնասվել է ՉԱԷԿ-ի վթարի վերացման աշխատանքներին մասնակցելու հետեւանքով, իրավունք ունեն`

ա) առողջությանը պատճառած վնասի փոխհատուցման` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով,

բ) արտոնյալ պայմաններով բժշկական օգնության

գ) օգտվելու այն բոլոր արտոնություններից, որոնք նախատեսված են ռադիոակտիվ ճառագայթումից առաջացած անբարենպաստ ազդակների միջավայրում աշխատողների համար:

Հոդված 5. Քաղաքացիների տեղեկատվության իրավունքը

Քաղաքացիներն իրավունք ունեն ժամանակին ստանալու լրիվ եւ ճշգրիտ տեղեկություններ` կապված չեռնոբիլյան վթարի ազդեցության եւ հանրապետությունում ճառագայթային իրավիճակի հետ: Այդ տեղեկությունները հաղորդվում են կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից: Լիազորված պաշտոնատար անձինք, համաձայն գործող օրենսդրության, պատասխանատվություն են կրում տեղեկությունների սխալ տրամադրման եւ կանխամտածված խեղաթյուրման համար:

Հոդված 6. ՉԱԷԿ-ի վթարի հետեւանքներից տուժած քաղաքացիների խմբերը

Սույն օրենքի դրույթները տարածվում են Չեռնոբիլյան վթարի հետեւանքներից տուժած քաղաքացիների հետեւյալ խմբերի վրա

1. Անձինք, որոնք հիվանդացել են ճառագայթային հիվանդությամբ` կապված ՉԱԷԿ-ի վթարի հետեւանքների վերացման աշխատանքներին մասնակցելու հետ, ինչպես նաեւ այն քաղաքացիները, որոնք ճանաչվել են հաշմանդամ եւ հաշմանդամությունը կապվել է անմիջականորեն Չեռնոբիլյան վթարի ազդեցության հետ, այդ թվում`

ա) անձինք (ժամանակավորապես ուղարկված կամ գործուղված), որոնք մասնակցել են Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքներին,

բ) զինծառայողներ, ներքին գործերի մարմինների աշխատակիցներ, զինապարտներ, որոնք կանչված են եղել հատուկ հավաքների` աշխատելու այդ ժամանակաշրջանում ախտահարված գոտում, Չեռնոբիլի վթարի հետեւանքների վերացման նպատակով

2. Անձինք (ժամանակավորապես ուղարկված կամ գործուղված), որոնք 1986-1987թթ. մասնակցել են ՉԱԷԿ-ի վթարի հետեւանքների վերացման աշխատանքներին ախտահարված գոտում, զինծառայողներ, ներքին գործերի մարմինների աշխատողներ եւ զինապարտներ, որոնք կանչվել են հատուկ հավաքների` այդ ժամանակաշրջանում վթարի վերացման աշխատանքներին մասնակցելու համար:

3. Անձինք (ժամանակավորապես ուղարկված կամ գործուղված), որոնք 1988-1989թթ. մասնակցել են Չեռնոբիլի վթարի հետեւանքների վերացման աշխատանքներին ախտահարված գոտում, զինծառայողներ, ներքին գործերի մարմինների աշխատողներ եւ զինապարտներ, որոնք կանչվել են հատուկ հավաքների` այդ ժամանակաշրջանում վթարի վերացման աշխատանքներին մասնակցելու համար:


Գլուխ 2

Փոխհատուցում եւ արտոնություններ ՉԱԷԿ-ի վթարի հետեւանքներից տուժած անձանց

Հոդված 7. Ճառագայթային հիվանդությամբ հիվանդացած եւ հաշմանդամ դարձած անձանց արտոնությունները

Սույն օրենքի առաջին գլխի 6-րդ հոդվածում նշված անձինք իրավունք ունեն`

1. անվճար դեղորայքի ձեռքբերման (բժշկի դեղատոմսով)

2. անվճար ատամնապրոթեզավորման (բացառությամբ պրոթեզի թանկարժեք մետաղից)

3. բուժկանխարգելիչ հիմնարկներում եւ դեղատներում առաջնահերթ սպասարկման

4. ԲՍՓՀ-ի եզրակացությամբ` անվճար առողջարանային ուղեգրերի ապահովման, իսկ ուղեգրի տրման անհնարինության դեպքում` ուղեգրի արժեքի չափով փոխհատուցման

5.ամենամյա բժշկական հետազոտման, անհրաժեշտ մասնագետների ներգրավմամբ

Նշված բոլոր արտոնությունները վերաբերում են ՉԱԷԿ-ի վթարից զոհված եւ ճառագայթային հիվանդությունից մահացածների ընտանիքների անդամների վրա:

Հոդված 8. ՉԱԷԿ-ի վթարի հետեւանքների վերացման աշխատանքներին ախտահարման գոտում մասնակցած անձանց արտոնությունները

ՉԱԷԿ-ի վթարի հետեւանքների վերացման աշխատանքներին ախտահարման գոտում մասնակցած անձինք իրավունքն ունեն օգտվելու սույն օրենքի 7-րդ հոդվածում նշված բոլոր արտոնություններից:

Հոդված 9. Հաշմանդամների եւ կերակրողին կորցրած ընտանիքների փոխհատուցում ստանալու իրավունքը

ՉԱԷԿ-ի վթարի հետեւանքների վերացման աշխատանքներին մասնակցելու հետեւանքով հաշմանդամ դարձած եւ զոհվածների (մահացածների) ընտանիքները ստանում են ամենամյա դրամական փոխհատուցում` ՀՀ կառավարության սահմանած կարգով եւ չափով:

Հոդված 10. Փոխհատուցում ՉԱԷԿ-ի վթարի հետեւանքների վերացման աշխատանքների մասնակիցներին

ՉԱԷԿ-ի վթարի հետեւանքների վերացման աշխատանքներին մասնակցած անձինք ստանում են ամենամյա դրամական փոխհատուցում` ՀՀ կառավարության սահմանած կարգով եւ չափով:


Գլուխ 3

ՉԱԷԿ-ի վթարի հետեւանքների վերացման մասնակիցների կենսաթոշակային ապահովումը

Հոդված 11. Կենսաթոշակն ըստ տարիքի

1. Քաղաքացիները (ժամանակավորապես ուղարկված կամ գործուղված), որոնք 1988-1989թթ. մասնակցել են Չեռնոբիլի վթարի հետեւանքների վերացման աշխատանքներին ախտահարված գոտում, նաեւ զինծառայողները, ներքին գործերի մարմինների աշխատողները եւ զինապարտները, որոնք կանչվել են հատուկ հավաքների` այդ ժամանակաշրջանում վթարի վերացման աշխատանքներին մասնակցելու, իրավունք ունեն կենսաթոշակի անցնելու

տղամարդիկ - 60 տարին լրանալու,

կանայք - 55 տարին լրանալու դեպքում:

2. Քաղաքացիները (ժամանակավորապես ուղարկված կամ գործուղված), որոնք ստացել են պրոֆեսիոնալ հիվանդություն կապված ճառագայթային ազդեցության հետ` ախտահարման գոտում վթարի վերացման աշխատանքներին մասնակցելիս, ունեն կենսաթոշակի իրավունք.

տղամարդիկ - 55 տարին լրանալու

կանայք - 50 տարին լրանալու դեպքում

Հոդված 12. ՉԱԷԿ-ի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների երեխաների բժշկական սպասարկման կազմակերպումը

Երեխաներին, որոնք ծնվել են ծնողներից նրանց որեւիցէ մեկի ճառագայթումից հետո, երաշխավորվում է

ա) մասնագիտացված բժշկական հսկողություն

բ) պետական պատվերի շրջանակներում

գ) երեխաներին եւ դեռահասներին, որոնց հիվանդությունները պայմանավորված են նրանց ծնողների ճառագայթված լինելով, երաշխավորվում են սույն օրենքով նախատեսված փոխհատուցումները եւ արտոնությունները:

Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

1986թ. ապրիլի 26-ի Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարը մարդկության խոշորագույն տեխնոգեն աղետներից մեկն էր: Շուրջ 3000 հայորդիներ մեր հանրապետությունից մասնակցեցին այդ աղետի հետեւանքների վերացման աշխատանքներին:

Աղետի հետեւանքների վերացման աշխատանքների 3000 մասնակիցներից 200-ը մահացել են, 900-ից ավելին` հաշմանդամներ են, ծնվել են տարբեր արատներով բազմաթիվ երեխաներ` ճառագայթված ծնողներից:

Աղետի հետեւանքների վերացման աշխատանքների մասնակիցների սոցիալական իրավունքի իրացման օրինական հիմքի ստեղծման անհրաժեշտությամբ է հիմնավորվում նշված օրենքի ընդունումը: Օրենքի նախագծով կարգավորվում է Չեռնոբիլի էլեկտրակայանի վթարի եւ այլ միջուկային աղետների հետեւանքներից տուժած անձանց տրվող արտոնությունների եւ փոխհատուցումների խնդիրը:

Օրենքի ընդունումը բխում է նաեւ ԱՊՀ երկրների շրջանակներում ընդունված «Չեռնոբիլի ԱԷԿ-ի եւ այլ միջուկային աղետների եւ վթարների հետեւանքով ճառագայթահարման ենթարկված քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» համաձայնագրի դրույթներից, որը դեռեւս 1994թ. վավերացվել է Հայաստանի Հանրապետության կողմից: