Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-118-06.09.2007-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի ՀՕ-186) 20-րդ հոդվածից հանել 30-րդ կետը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի մեկից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 30-րդ կետով սահմանված Հայաuտանի Հանրապետությունից oդային տրանuպորտի միջոցներով ֆիզիկական անձանց (oդային ուղեւորների) ելքի համար բազային տուրքի տասնապատիկի չափով գանձվող պետական տուրքը գործում է 1998 թվականից: Այդ վճարը սահմանվեց այն տարիներին, երբ բավականաչափ սուր էր դրված պետական բյուջեի համալրման խնդիրը, իսկ Հայաստանի օդային տրանսպորտը որպես Հայաստանը արտաքին աշխարհի հետ կապող փոխադրամիջոց լուրջ այլընտրանք չուներ:

Նման տուրքի գոյությունը առաջացրել էր բազմաթիվ խնդիրներ, ինչպիսիք են.

1. Միջազգային պրակտիկային հակասող տրանսպորտի տարբեր բնագավառների նկատմամբ խտրական մոտեցման կիրառումը, որի արդյունքում օդային տրանսպորտը անհավասար պայմանների մեջ դրվեց ավտոմոբիլային եւ երկաթուղային տրանսպորտի համեմատությամբ:

2. Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ), որի անդամն է նաեւ Հայաստանի Հանրապետությունը, սկզբունքների անտեսումը, որի համաձայն չի խրախուսվում օդային տրանսպորտի ոլորտից գանձել գումարներ, որոնք չեն ուղղվելու ճյուղի գործունեության ֆինանսավորմանը:

3. Հավասար (տվյալ պարագայում` անարդար) պահմաններում են հայտնվել ինչպես մոտակա, այնպես էլ հեռավոր թռիչքների ավիատոմսեր գնող ուղեւորները (հատկապես զգալի է ազդեցությունը «Շիրակ» եւ «Ստեփանավան» օդանավակայանների վրա` Վրաստանի հայաբնակ շրջանների քաղաքացիները փոխադրման բարձր ինքնարժեքի պատճառով խուսափում են օգտվել Հայաստանի հյուսիսային օդանավակայաններից` գերադասելով Թբիլիսիի օդանավակայանը):

4. Ոչ հեռավոր թռիչքներն անհավասար մրցակցային պայմաններում են ցամաքային տրանսպորտի միեւույն ուղղությամբ կատարվող փոխադրումների նկատմամբ:

5. Պետական տուրքի գանձման գործընթացի ապահովման հետ կապված աշխատանքների փաստացի ամբողջ ծավալն իրականացնում են վերգետնյա սպասարկում իրականացնող տնտեսվարող սուբյեկտները, որոնք կրում են ինչպես նյութական բեռը, այնպես էլ պատասխանատվությունը պետական մարմինների առջեւ, սակայն չեն ստանում որեւէ հատուցում:

6. Երկրի հեղինակության եւ վարկի հետ կապված հարցեր (որեւէ երկրում չի գործում նման պետական տուրք նման չափով):

Միաժամանակ հարկ է նշել, որ օդային ուղեւորներից տուրքի գանձումը հակասում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի դրույթներին. «Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` սույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններից Հայաստանի Հանրապետության պետական եւ (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր գանձույթ է »:

Նկատի ունենալով վերը նշված իրավական անհամապատասխանությունը, ինչպես նաեւ այն, որ պետական բյուջեն ավելի քան կրկնապատկվել է, եւ գանձվող տուրքի տեսակարար կշիռը բյուջեում նվազել է, իսկ տնտեսական քաղաքականությունն աստիճանաբար ուղղվում է դեպի պետական բյուջեի համալրում ոչ թե հավասարության, այլ արդարության սկզբունքի հիման վրա, տվյալ տուրքի հետագա պահպանումը աննպատակահարմար է: