Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-501-08.02.2005-ԱՄ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է մարդու առողջության պահպանման հետ կապված հարաբերությունները եւ սահմանում է բնակչության առողջության պահպանման պետական քաղաքականության սկզբունքները, առողջապահության բնագավառում մարդու իրավունքները, բժշկական օգնության եւ սպասարկման կարգը, առողջապահության համակարգի իրավական, տնտեսական, ֆինանսական եւ կազմակերպական հիմքերը:

Հոդված 2. Առողջապահության մասին օրենսդրությունը

Առողջապահության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, միջազգային պայմանագրերից, սույն օրենքից, այլ իրավական ակտերից:

Եթե Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 3. Առողջապահության մասին օրենքի խնդիրները

Սույն օրենքի խնդիրներն են՝

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու առողջության պահպանման իրավունքի ապահովումը եւ պաշտպանությունը.

2) առողջապահության բնագավառում պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ իրավասությունների բաշխումը եւ տարանջատումը.

3) առողջապահության համակարգի գործունեության համար իրավական երաշխիքների եւ մեխանիզմների ապահովումը.

4) առողջապահության բնագավառում իրավաբանական եւ ֆիզիկական անձանց իրավունքների եւ պարտականությունների սահմանումը եւ փոխհարաբերությունների իրավական կարգավորումը.

5) առողջապահության բնագավառում հրապարակայնության, թափանցիկության եւ տեղեկատվական մատչելության ապահովում:

Հոդված 4. Սույն օրենքում կիրառվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները`

առողջապահություն` տնտեսական, իրավական, սոցիալական, գիտական, բժշկական, սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային բնույթի միջոցառումների համախումբ, որն ուղղված է մարդու ֆիզիկական եւ հոգեկան առողջության ամրապնդմանն ու պահպանմանը, առողջությամբ պայմանավորված կյանքի որակի բարելավմանը, առողջության կորստի դեպքում` նրան բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրմանը.

առողջապահության համակարգ` բնակչության առողջության պահպանմանն ու վերականգնմանը ուղղված գործունեություն իրականացնող պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների, առողջապահական կազմակերպությունների` անկախ կազմակերպական իրավական եւ սեփականության ձեւից, եւ ֆիզիկական անձանց համախումբ.

առողջապահական կազմակերպություն` առողջապահության բնագավառում գործունեության տեսակ իրականացնող կազմակերպություն.

բժշկական օգնություն եւ սպասարկում` բնակչությանը կանխարգելիչ, ախտորոշիչ, բուժական եւ վերականգնողական օգնության ցուցաբերում, hարբժշկական եւ ոչ բուժական բնույթի այլ ծառայությունների մատուցում.

բժշկական հաստատություն` իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր կամ հիմնարկ հանդիսացող առողջապահական կազմակերպություն, որոնք ունեն բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնելու լիցենզիա.

բուժաշխատող` բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող ու դրա համար համապատասխան մասնագիտական կրթություն եւ որակավորում ունեցող ֆիզիկական անձ.

պացիենտ` բժշկական օգնության եւ սպասարկման օբյեկտ հանդիսացող ֆիզիկական անձ.

մասնագիտական որակավորման չափորոշիչներ` բուժաշխատողների կրթությանը, գիտելիքներին եւ հմտություններին ներկայացվող պարտադիր պահանջներ.

բնակչության առողջության ցուցանիշներ` բնակչության առողջական վիճակի գնահատման համակարգված եւ տիպային ցուցանիշներ.

բժշկական օգնության եւ սպասարկման որակի չափորոշիչներ` առավել բարենպաստ արդյունքներ ապահովող բժշկական օգնությանն ու սպասարկմանը ներկայացվող պարտադիր պահանջներ.

բժշկական փաստաթղթեր` բուժաշխատողի եւ բժշկական հաստատության կողմից մարդու առողջական վիճակի եւ նրան տրամադրված բժշկական օգնության ու սպասարկման մասին տեղեկություններ պարունակող որեւէ նյութական կրիչի վրա ամրագրված փաստաթուղթ.

առողջապահական պետական ծրագրեր` պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող բնակչության առողջության պահպանմանն ուղղված ծրագրեր:

Հոդված 5. Առողջապահության բնագավառում պետական քաղաքականության նպատակները

Առողջապահության բնագավառում պետական քաղաքականության հիմնական նպատակներն են`

1) բնակչության առողջության պահպանումը եւ ամրապնդումը.

2) անկախ ազգությունից, քաղաքացիությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, տարիքից, առողջական վիճակից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ վիճակից մարդու առողջության պահպանման իրավունքի իրականացումը եւ պաշտպանությունը.

3) առողջապահության բնագավառում պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության ու համագործակցության ապահովումը.

4) առողջության կորստի դեպքում սոցիալական պաշտպանվածությունը.

5) բժշկական օգնության եւ սպասարկման անվտանգության եւ որակի ապահովումը.

6) հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման ու բուժման առաջադեմ եւ արդյունավետ մեթոդների մշակման ու կիրառման համար պետական աջակցության ցուցաբերումը:

Հոդված 6. Առողջապահության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները

Առողջապահության բնագավառում պետական քաղաքականության հիմնական սկզբունքներն են`

1) բնակչության առողջությունը որպես հասարակության զարգացման եւ ազգային անվտանգության գործոն ճանաչելը.

2) ընտանեկան բժշկության հիմքի վրա առողջության առաջնային պահպանման ծառայությունների կազմակերպման առաջնահերթությունը.

3) հիվանդությունների կանխարգելման, մոր եւ մանկան առողջության, բնակչության հիգիենիկ եւ հակահամաճարակային անվտանգության ապահովման, բնակչության սոցիալապես անապահով խմբերի առողջական խնդիրների գերապատվությունը.

4) առողջապահության բնագավառում սոցիալական արդարությունը.

5) բժշկական օգնության եւ սպասարկման մատչելիությունը եւ հասանելիությունը.

6) գյուղական համայնքներում բժշկական հաստատությունների զարգացման, բշժկական կադրերի պատրաստման եւ շարունակական մասնագիտական զարգացման գերակայության ապահովում եւ պետական աջակցություն.

7) բնակչության առողջության կորստի հետ կապված ֆինանսական ռիսկերի նվազեցումը եւ բժշկական ապահովագրության զարգացումը.

8) առողջապահության բնագավառի քաղաքականության իրականացմանը բնակչության եւ կազմակերպությունների մասնակցությունը. 

ԳԼՈՒԽ 2.

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 7. Առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը

Առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են`

1) բնակչության առողջության պահպանման միասնական պետական քաղաքականության իրականացման ապահովումը եւ առողջապահության համակարգի զարգացման գերակայությունների հաստատումը.

2) բնակչության առողջության, սանիտարահամաճարակային անվտանգության եւ շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված պետական կառավարման մարմինների գործունեության համակարգումը.

3) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում առողջապահության համակարգին հատկացվող միջոցների ձեւավորումը եւ դրա համաձայն` առողջապահության ֆինանսավորումը.

4) օրենքով սահմանված կարգով պետական առողջապահական կազմակերպությունների ստեղծումը, վերակազմակերպումը եւ լուծարումը.

5) կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի (այսուհետ՝ լիազոր մարմին) ներկայացմամբ բժշկական սարքավորումների գրանցման կարգի հաստատումը.

6) միջազգային համագործակցությունը.

7) սույն օրենքով եւ այլ օրենքներով սահմանված այլ իրավասություններ:

Հոդված 8. Առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը եւ դրա իրավասությունը

1. Առողջապահության բնագավառում պետական քաղաքականությունն իրականացնում է լիազոր մարմինը:

2. Լիազոր մարմնի իրավասություններն են`

1) բնակչության առողջության պահպանման պետական միասնական քաղաքականության եւ առողջապահության համակարգի զարգացման ծրագրերի մշակումը եւ իրականացումը.

2) արտակարգ իրավիճակներում բնակչության բժշկական օգնության կազմակերպումը, կենսաահաբեկչության կանխարգելումը ու դրա դեմ պայքարի մեթոդների մշակումը եւ ներդրումը.

3) առողջապահական պետական ծրագրերի մշակումը եւ իրականացումը, առողջապահությանն ուղղված պետական բյուջեի ծախսերի նախահաշվի կազմումն ու ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարություն.

4) բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման ու որակի նկատմամբ հսկողությունը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում` անկախ առողջապահական կազմակերպությունների կազմակերպական իրավական եւ սեփականության ձեւից կամ ենթակայությունից.

5) առողջապահության բնագավառում գործունեության տեսակների լիցենզավորումը՝ անկախ առողջապահական կազմակերպությունների կազմակերպական իրավական եւ սեփականության ձեւից կամ ենթակայությունից, բացառությամբ գենետիկ ինժեներիայից.

6) պետական սանիտարական եւ հակահամաճարակային հսկողությունը, սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման կազմակերպական մեթոդական ապահովումը.

7) առողջապահության բնագավառում հաշվառման, հաշվետվությունների, բժշկական փաստաթղթերի ձեւերի եւ դրանց վարման կարգի սահմանումը, առողջապահության պետական տեղեկատվական համակարգի վարումը.

8) հիսուն տոկոսից ավել պետական բաժնեմաս ունեցող առողջապահական հաստատությունների կառավարման առանձնահատկությունների սահմանումը եւ դրանց ղեկավարներին ներկայացվող պահանջների հաստատումը.

9) առողջապահական կազմակերպությունների գիտամեթոդական, կազմակերպա-մեթոդական ու խորհրդատվական օգնությունը, առողջապահության բնագավառում գիտահետազոտական աշխատանքների համակարգումը եւ գիտական նվաճումների ներդրման խթանումը.

10) գրանցման ենթակա բժշկական սարքավորումների ցանկի մշակումը եւ ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացումը.

11) տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվող առողջապահական ծրագրերի մշտադիտարկումը.

12) բնակչության առողջական վիճակի ուսումնասիրումը, հիվանդացության եւ մահացության նվազեցման ծրագրերի իրականացումը.

13) բնակչության բժշկահիգիենիկ կրթության եւ առողջ ապրելակերպի քարոզչության կազմակերպումը, օրենքով սահմանված դեպքերում` գովազդի նկատմամբ հսկողությունը.

14) առողջապահության բնագավառում միջազգային եւ միջգերատեսչական համագործակցությունը.

15) սույն օրենքով, այլ իրավական ակտերով սահմանված այլ իրավասություններ:

Հոդված 9. Առողջապահության բնագավառում տարածքային կառավարման մարմինների իրավասությունը

Առողջապահության բնագավառում տարածքային կառավարման մարմինները`

1) ապահովում են առողջապահության բնագավառում պետական միասնական քաղաքականության իրականացումը.

2) գնահատում են բնակչության առողջության ցուցանիշները մարզերում եւ առաջարկություններով հանդես են գալիս լիազոր մարմնի առջեւ.

3) աջակցում են հիգիենիկ եւ հակահամաճարակային մարմիների` սանիտարահիգիենիկ, հակահամաճարակային եւ կարանտինային միջոցառումների իրականացմանը, համաճարակների կամ դրանց վտանգի դեպքում ապահովում են հատուկ ռեժիմի պահանջների կատարումը.

4) աջակցում են մարզերում պետական առողջապահական ծրագրերի իրականացմանը.

5) օրենքով սահմանված կարգով մասնակցում են մարզային ենթակայության առողջապահական հաստատությունների կառավարմանը.

6) իրականացնում են օրենքով սահմանված այլ իրավասություններ:

Հոդված 10. Առողջապահության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները

1. Առողջապահության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների պարտադիր լիազորություններն են`

1) հիգիենիկ եւ հակահամաճարակային մարմինների սանիտարահիգիենիկ, հակահամաճարակային եւ կարանտինային միջոցառումներին աջակցությունը.

2) արտակարգ իրավիճակներում փրկարար աշխատանքներին աջակցությունը.

3) համայնքի տարածքում համաճարակների կամ դրանց վտանգի դեպքում հատուկ ռեժիմի պահանջների կատարման ապահովումը.

4) համայնքային ենթակայության բժշկական հաստատությունների կառավարումը.

5) համայնքում բարենպաստ սանիտարական վիճակի պահպանման ապահովումը.

6) համայնքներում բնակչության առողջության պահպանմանն ուղղված ծրագրերին աջակցումը եւ դրանց իրականացումը.

2. Առողջապահության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների կամավոր լիազորություններն են`

1) բնակչության հիգիենիկ եւ սանիտարական կրթության, առողջ ապրելակերպի քարոզչության աջակցությունը.

2) գյուղական համայնքներում բուժաշխատողների բնակարանային, կոմունալ -կենցաղային խնդիրների լուծմանը աջակցելը:

Հոդված 11. Առողջապահական պետական տեղեկատվական համակարգը

1. Լիազոր մարմինը վարում է առողջապահական պետական տեղեկատվական համակարգը եւ տեղեկատվության սպառողների պահանջարկի ուսումնասիրության հիման վրա ստեղծում տեղեկատվական շտեմարաններ:

2. Առողջապահական պետական տեղեկատվական համակարգի վարման հիմնական խնդիրներն են`

1) առողջապահության պետական քաղաքականության վերլուծության եւ մշակման հիմքերի ապահովումը.

2) բնակչության առողջության վիճակի գնահատումը եւ կանխատեսումը.

3) առողջապահության համակարգի գործունեության արդյունավետ կառավարման ապահովումը, համակարգումը, բարելավումը եւ գնահատումը.

4) առողջապահությանն ուղղված պետական բյուջեի ֆինանսավորման կանխատեսումը եւ ամենամյա առողջապահական պետական ծրագրերի մշակումը.

5) բժշկական օգնության եւ սպասարկման որակի գնահատումը.

6) առողջապահության բնագավառում ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետության գնահատումը.

7) առողջապահական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ տեղեկությունների տրամադրումը.

8) առողջապահության բնագավառում մարդկային եւ այլ ռեսուրսների գնահատումն ու պլանավորումը:

3. Առողջապահական պետական տեղեկատվական համակարգի տվյալների աղբյուրներն են`

1) առողջապահական կազմակերպություններից ստացված տեղեկատվությունը.

2) լիազոր մարմնի կողմից իրականացված ստուգումների, ուսումնասիրությունների, հարցումների, փորձաքննությունների արդյունքները.

3) պետական ու տարածքային կառավարման մարմինների, դրանց համակարգերում գործող պետական հիմնարկների, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրված տեղեկատվությունը.

4) հասարակական հարցումների եւ ուսումնասիրությունների արդյունքները.

5) ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դիմումներն ու բողոքները.

6) միջին, բարձրագույն եւ հետբուհական բժշկական ուսումնական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների, բարձրագույն որակավորման հանձնաժողովի տրամադրած տեղեկատվությունը.

7) առողջապահության բնագավառին վերաբերող դատական վճիռները.

8) օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:

4. Լիազոր մարմինը պարտավոր է ապահովել առողջապահական պետական տեղեկատվական համակարգում պարունակվող տեղեկատվության որակը, մատչելիությունը եւ հրապարակայնությունը, բացառությամբ պետական, ծառայողական, բանկային, առեւտրային գաղտնիք, անհատական տվյալներ եւ օրենքով սահմանված այլ գաղտնիք պարունակող տեղեկատվության: Առողջապահության պետական համակարգում մշակվող անհատական տվյալների իրավական վիճակը սահմանվում է օրենքով:

5. Առողջապահական պետական տեղեկատվական համակարգից տվյալների տրամադրման կարգը սահմանվում է օրենքով:

6. Լիազոր մարմինը վարում է վիճակագրական վարչական ռեգիստրը` համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

ԳԼՈՒԽ 3.

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 12. Առողջապահության բնագավառում գործունեության տեսակների լիցենզավորումը

1. Առողջապահության բնագավառում լիցենզավորումը «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, սույն օրենքի եւ այլ օրենքների համաձայն՝ լիցենզիաների տրման, վերաձեւակերպման, գործողության կաuեցման ու դադարեցման հետ կապված գործընթաց է:

2. Առողջապահության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները սահմանվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հոդված 13. Առողջապահության բնագավառում գործունեության տեսակների լիցենզավորման առանձնահատկությունները

1. Օրենքով սահմանված դեպքերում լիցենզիա ստանալու համար պահանջվում է մասնագիտական որակավորում: Լիցենզիա տալու համար լիցենզավորման կարգերով սահմանված դեպքերում կարող են անցկացվել մասնագիտական որակավորման ստուգումներ: Մասնագիտական որակավորում ունենալու փաստը հաստատվում է օրենսդրությամբ սահմանված կարգով տրված համապատասխան վկայականներով, դիպլոմներով, որակավորման դասերով, գիտական կոչումներով կամ օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթերով: Լիցենզիայի հայտի ներկայացմանը նախորդող երեք տարվա անընդմեջ մասնագիտական գործունեությամբ զբաղվելը համարվում է մասնագիտական որակավորում ունենալու փաստը հավաստող փաստաթուղթ միայն այն դեպքում, երբ անձը նշված ժամանակահատվածում մասնակցել է լիազոր մարմնի կողմից սահմանված շարունակական մասնագիտական զարգացման ծրագրերին: Մասնագիտական որակավորման պահանջները սահմանվում են սույն օրենքով եւ այլ օրենսդրական ակտերով:

2. Առողջապահության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության համար լիցենզավորման կարգերով մասնագիտական, գործառույթային կամ այլ առանձնահատկություններ սահմանվելու դեպքում լիցենզավորման կարգերով կարող է նախատեսվել լիցենզավորման ենթակա գործունեության առանձնահատկությունները սահմանող լիցենզիայի ներդիրի տրամադրում:

3. Լիցենզավորման կարգերով սահմանված դեպքերում լիցենզիան տրվում է որոշակի անձանց հետ քաղաքացիաիրավական պայմանագրեր կնքելու պայմանով:

4. Լիցենզիայի տրման համար լիցենզավորման կարգերով կարող են պահանջվել բնապահպանական, հիգիենիկ եւ սանիտարահամաճարակային, հակահրդեհային նորմերի եւ կանոնների պահպանումը հաստատող փաստաթղթեր:

Հոդված 14. Առողջապահության բնագավառում տրված լիցենզիաների կասեցումն ու դադարեցումը

1. Առողջապահության բնագավառում տրված լիցենզիաների գործողությունը, բացի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերից, կարող է ամբողջությամբ կամ գործունեության մասնագիտական եւ գործառույթային որոշակի մասով մասնակիորեն կասեցվել մինչեւ խախտման պատճառի վերացումը լիցենզավորվան ենթակա գործունեության իրականացման ժամանակ այդ լիցենզիայի պահանջների ու պայմանների, ինչպես նաեւ լիցենզավորման ենթակա գործունեությունը կարգավորող օրենսդրության խախտման դեպքում.

2. Առողջապահության բնագավառում տրված լիցենզիաների գործողությունը, բացի «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերից, կարող է ամբողջությամբ կամ գործունեության մասնագիտական եւ գործառույթային որոշակի մասով մասնակիորեն դադարեցվել մեկ տարվա ընթացքում մեկից ավելի անգամ լիցենզավորվան ենթակա գործունեության իրականացման ժամանակ այդ լիցենզիայի պահանջների ու պայմանների, ինչպես նաեւ լիցենզավորման ենթակա գործունեությունը կարգավորող օրենսդրության խախտման դեպքում.

3. ֆիզիկական անձանց կողմից ստացված բժշկական օգնության եւ սպասարկման իրականացման լիցենզիան կարող է կասեցվել լիցենզավորման կարգերով նշված ժամկետով կամ դադարեցվել բժշկական էթիկայի հանձնաժողովի միջնորդությամբ՝ բժշկական էթիկայի կանոնների պարբերաբար խախտման դեպքում:

ԳԼՈՒԽ 4.

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 15. Առողջապահության ֆինանսավորման աղբյուրները

Առողջապահության ֆինանսավորման աղբյուրներն են`

1) պետական եւ համայնքային բյուջեների միջոցները.

2) բժշկական ապահովագրության միջոցները.

3) անձի կողմից մատուցվող աշխատանքների եւ ծառայությունների, ներառյալ՝ բժշկական օգնության ու սպասարկման համար վճարները, եւ իր գույքի վարձակալության դիմաց ստացած փոխհատուցումները.

4) բարեգործական նպատակներով հատկացվող միջոցները.

5) օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների նվիրատվությունները.

6) վարկերը եւ այլ փոխառու միջոցները.

7) օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:

Հոդված 16. Առողջապահության ֆինանսավորումը պետական բյուջեի միջոցների հաշվին

1. Պետական բյուջեի միջոցների հաշվին առողջապահության ֆինանսավորումն իրականացվում է առողջապահական պետական ծրագրերի շրջանակներում տրամադրվող բյուջետային հատկացումների, պետության սեփականություն հանդիսացող առողջապահական կազմակերպությունների կապիտալ ծախսերի, դրամաշնորհների ու սուբսիդիաների, եւ գիտական ու գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման միջոցով:

2. Պետական բյուջեից դրամաշնորհները եւ սուբսիդիաները տրվում են կրթական, գիտական, հանրային առողջության բարելավման եւ առողջ ապրելակերպի քարոզչությանն ուղղված ծրագրեր իրականացնող համայնքներին, առողջապահական կազմակերպություններին, հասարակական կազմակերպություններին եւ արհեստակցական միավորումներին:

Հոդված 17. Պետական բյուջեի միջոցների հաշվին առողջապահության ֆինանսավորման չափը

1. Պետական բյուջեից առողջապահությանն ուղղված դրամաշնորհների եւ սուբսիդիաների չափը սահմանվում է պետական բյուջեի մասին օրենքով:

2. Պետական բյուջեից առողջապահության բնագավառում գիտական եւ գիտատեխնիկական գործունեության բազային, նպատակային-ծրագրային եւ պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման ծավալների չափը եւ դրանց միջեւ համամասնությունները սահմանվում են պետական բյուջեի մասին օրենքով: Պետական բյուջեից առողջապահության բնագավառում գիտության ֆինանսավորման ընդհանուր ծավալում բազային ֆինանսավորման մասնաբաժինը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ լիազոր մարմնի ներկայացմամբ:

Հոդված 18. Առողջապահական պետական ծրագրերը

1. Առողջապահական պետական ծրագրերը սահմանում են պետական բյուջեի միջոցների հաշվին բնակչությանը տրամադրվող բժշկական օգնության եւ սպասարկման տեսակներն ու ծավալները, կանխարգելիչ եւ հիգիենիկ հակահամաճարակային անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները, անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ու բժշկական նշանակության ապրանքներ ստանալու իրավունք ունեցող բնակչության խմբերը:

2. Առողջապահական պետական ծրագրերի շրջանակներում տրամադրվող բժշկական օգնություն ու սպասարկում եւ դեղեր ստանալիս կարող է կիրառվել համավճար: Համավճարի չափը եւ կիրառման պայմանները սահմանվում են առողջապահական պետական ամենամյա ծրագրով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է առողջապահական պետական ծրագրերը եւ «Պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կազմում ներկայացնում է Ազգային ժողով:

4. Առողջապահական պետական ամենամյա ծրագիրը հրապարակվում է առնվազն 1000 տպաքանակ ունեցող մամուլի միջոցներով:

Հոդված 19. Պետական բյուջեի հաշվին առողջապահության ֆինանսավորման կարգը

1. Պետական բյուջեի հաշվին բյուջետային հիմնարկների ֆինանսավորման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

2. Պետական բյուջեի միջոցների հաշվին բժշկական օգնություն եւ սպասարկում կարող են իրականացնել առողջապահական պետական ծրագրերով նախատեսված բժշկական օգնության ու սպասարկման տեսակներ իրականացնող, լիազոր մարմնի կողմից սահմանված բժշկական օգնության եւ սպասարկման որակի չափորոշիչներին համապատասխանող առողջապահական կազմակերպությունները` անկախ սեփականության ձեւից ու կազմակերպաիրավական տեսակից:

3. Առողջապահական պետական ծրագրերի շրջանակներում բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնող կազմակերպությունների ֆինանսավորումն իրականացվում է համապատասխան լիազոր մարմնի եւ առողջապահական կազմակերպության միջեւ կնքված պայմանագրին համապատասխան:

4. Առողջապահական պետական ծրագրերի շրջանակներում մատուցվող բժշկական օգնության եւ սպասարկման ծախսերի փոխհատուցման մասին օրինակելի պայմանագրի ձեւը սահմանում է լիազոր մարմինը:

5. Առողջապահական պետական ծրագրերի շրջանակներում մատուցվող բժշկական օգնության ու սպասարկման ծախսերի փոխհատուցման մասին պայմանագրի կնքման պայմանները եւ կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

6. Պետական բյուջեի միջոցների հաշվին դրամաշնորhների եւ սուբսիդիաների տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 20. Առողջապահության ֆինանսավորումը բժշկական ապահովագրության միջոցների հաշվին

1. Բժշկական ապահովագրությունը բնակչության սոցիալական պաշտպանության ձեւ է, որն ուղղված է առողջության պահպանման կամ առողջության կորստի հետ կապված ֆինանսական ծախսեր կրելու ռիսկի նվազեցմանը:

2. Բժշկական ապահովագրությունն իրականացվում է օրենքով սահմանված կարգով: 

ԳԼՈՒԽ 5.
 
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 21. Առողջապահության բնագավառում գործունեության տեսակները

1. Առողջապահության բնագավառում գործունեությունն ուղղված է բնակչության առողջության պահպանմանը եւ ամրապնդմանը, հիվանդությունների կանխարգելմանը, ախտորոշմանը, բուժմանն ու բժշկական վերականգնմանը, բուժաշխատողների պատրաստմանը եւ վերապատրաստմանը, առողջության պահպանման նոր մեթոդների ու տեխնոլոգիաների ներդրմանը:

2. Առողջապահության բնագավառում գործունեության տեսակներն են`

1) բժշկական օգնություն եւ սպասարկում.

2) սանիտարահամաճարակային անվտանգության ապահովում.

3) դեղագործական գործունեություն.

4) բժշկական, ատամնաբուժական եւ դեղագործական միջին, բարձրագույն ու հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի իրականացում.

5) գիտական եւ գիտատեխնիկական գործունեություն.

6) բժշկական փորձաքննություն:

Հոդված 22. Բժշկական օգնությունը եւ սպասարկումը

Հայաստանի Հանրապետությունում մատուցվող բժշկական օգնությունը եւ սպասարկումը պետք է համապատասխան են լիազոր մարմնի սահմանած բժշկական օգնության եւ սպասարկման որակի չափորոշիչներին:

Հոդված 23. Բժշկական օգնության եւ սպասարկման տեսակները

1.Բժշկական օգնության եւ սպասարկման տեսակներն են`

1) առաջնային բժշկական օգնություն.

2) մասնագիտացված բժշկական օգնություն:

2. Առաջնային բժշկական օգնությունն առավել մատչելի մեթոդների եւ տեխնոլոգիաների վրա հիմնված բժշկական օգնության եւ սպասարկման տեսակ է:

3. Առաջնային բժշկական օգնության հիմնական սկզբունքներն են`

1) բնակչության առողջության ընթացիկ հսկողությունը անկախ առողջության վիճակից, սեռից եւ տարիքից, բժշկական օգնության եւ սպասարկման կանխարգելիչ ուղղվածությունը, հիվանդությունների վաղ հայտնաբերումը, ախտորոշումը եւ բուժումը.

2) տարածքային հասանելիությունը.

3) քաղաքացիներին մատուցվող առաջնային բժշկական օգնության պետական ֆինանսավորման համարժեքությունը:

4. Առաջնային բժշկական օգնությունը ներառում է`

1) առավել տարածված եւ ստացիոնար բուժում չպահանջող վիճակների բուժում.

2) հիվանդությունների կանխարգելում, առողջ ապրելակերպի քարոզչություն եւ առողջության ամրապնդում.

3) ընտանիքի առողջության պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացում.

4) բժշկական հաստատություններում, անհրաժեշտության դեպքում ըստ բնակության վայրի, բժշկական օգնության եւ սպասարկման տրամադրում:

5. Մասնագիտացված բժշկական օգնությունը ախտորոշման եւ բուժման հատուկ մեթոդների ու բարդ բժշկական տեխնոլոգիաների վրա հիմնված բժշկական օգնության եւ սպասարկման տեսակ է:

6. Մասնագիտացված բժշկական օգնության հիմնական սկզբունքներն են`

1) բժշկական օգնությունն ու սպասարկումը՝ ըստ առողջական խնդրի, պացիենտի սեռի կամ տարիքի.

2) նեղ մասնագիտացված բժշկական օգնության եւ սպասարկման իրականացումը բժշկական հաստատություններում.

3) պացիենտների ընդունումն առաջնային բժշկական օգնություն իրականացնող բժշկական հաստատություններից` ուղեգրման համակարգով:

Հոդված 24. Բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման ձեւերը

1. Բժշկական օգնության եւ սպասարկման կազմակերպման ձեւերն են`

1) հիվանդանոցային.

2) արտահիվանդանոցային.

3. Հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում են բժշկական միջոցառումների համալիր կիրառում` ախտորոշում, բուժում, անմիջական բժշկական հսկողություն եւ հատուկ խնամք պահանջող հիվանդությունների դեպքում:

4. Արտահիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում են հիվանդանոցային բժշկական օգնություն եւ սպասարկում չպահանջող իրավիճակներում:

ԳԼՈՒԽ 6.
 
ԲԺՇԿԱԿԱՆ, ԱՏԱՄՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԵՎ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 25. Բժշկական, ատամնաբուժական եւ դեղագործական կրթությունը

1. Բժշկական, ատամնաբուժական եւ դեղագործական կրթությունն իրականացվում են բժշկական, ատամնաբուժական ու դեղագործական միջին մասնագիտական, բարձրագույն եւ հետբուհական կրթական ծրագրերով:

2. Բժշկական, ատամնաբուժական ու դեղագործական միջին մասնագիտական, բարձրագույն եւ հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների հավատարմագրումն իրականացնում է կրթության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը՝ առողջապահության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի մասնակցությամբ:

3. Բժշկական, ատամնաբուժական եւ դեղագործական միջին, բարձրագույն ու հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերի պետական կրթական չափորոշիչները մշակում եւ հաստատում է կրթության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը՝ լիազոր մարմնի մասնակցությամբ:

4. Լիազոր մարմինը բուժաշխատողների պահանջարկի դիտարկումների եւ կանխատեսումների հիման վրա իրականացնում է կադրային պահանջարկի ուսումնասիրություն եւ առաջարկություն է ներկայացնում կրթության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնին՝ պետական բյուջեի միջոցների հաշվին բժշկական կադրերի պատրաստման պետական պատվերի ձեւավորման վերաբերյալ:

5. Լիազոր մարմնի ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է բժշկական միջին, բարձրագույն եւ հետբուհական մասնագիտացման կրթական ծրագրեր իրականացնելու կրթական հաստատություններին ներկայացվող պայմաններն ու պահանջները:

6. Լիազոր մարմնի առաջարկությամբ եւ կրթության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է բժշկական մասնագիտությունների ցանկը եւ ըստ մասնագիտությունների ուսման տեւողությունը:

Հոդված 26. Բուժքույրական եւ դեղագործական միջին մասնագիտական կրթական ծրագրեր

1. Բուժքույրական, ատամնաբուժական եւ դեղագործական միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման նպատակն առողջապահության բնագավառում միջին մասնագիտական որակավորման մասնագետներ պատրաստելն է:

2. Բուժքույրական, ատամնաբուժական եւ դեղագործական միջին մասնագիտական կրթությունն իրականացվում է բուժքույրական ու դեղագործական միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնելու լիցենզիա ունեցող քոլեջներում:

3. Բուժքույրական, ատամնաբուժական եւ դեղագործական միջին մասնագիտական կրթական ծրագրերն իրականացվում են միայն առկա (ստացիոնար) ձեւով:

4. Բուժքույրական, ատամնաբուժական եւ դեղագործական միջին մասնագիտական կրթությունն իրականացնելու լիցենզիա ունեցող քոլեջների ավարտական ատեստավորումն անցած շրջանավարտներին շնորհվում է բուժքրոջ եւ դեղագործի որակավորում:

5. Բուժքույրական, ատամնաբուժական եւ դեղագործական միջին մասնագիտական կրթական ծրագրերի տեւողությունն առնվազն 2 տարի է:

6. Բուժքույրական, ատամնաբուժական եւ դեղագործական միջին մասնագիտական կրթական ծրագրերի հիման վրա շարունակական մասնագիտական զարգացման ծրագրերով կրթությունն իրականացվում է լիազոր մարմնի կողմից թույլտվություն ստացած ուսումնական հաստատություններում եւ գիտական կազմակերպություններում:

7. Դեղագործական միջին մասնագիտական որակավորում ունեցող դեղագործը չի կարող ինքնուրույն զբաղվել դեղագործական գործունեությամբ:

Հոդված 27. Բժշկական, ատամնաբուժական եւ դեղագործական բարձրագույն կրթական ծրագրեր

1. Բժշկական, ատամնաբուժական եւ դեղագործական բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման նպատակը բժիշկներ, բարձրագույն կրթությամբ բուժքույրեր, ատամնաբույժներ ու դեղագետներ պատրաստելն է:

2. Բժշկական, ատամնաբուժական ու դեղագործական բարձրագույն կրթությունն իրականացվում է բժշկական, ատամնաբուժական եւ դեղագործական բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնելու լիցենզիա ունեցող ուսումնական հաստատություններում:

3. Բժշկական, ատամնաբուժական եւ դեղագործական բարձրագույն կրթական ծրագրերն իրականացվում են միայն առկա (ստացիոնար) ձեւով:

4. Բժշկական, ատամնաբուժական ու դեղագործական բարձրագույն կրթությունն իրականացնելու լիցենզիա ունեցող ուսումնական հաստատությունների բարձրագույն կրթության առաջին փուլի (բազային բժշկական կրթություն) ավարտական ատեստավորումն անցած շրջանավարտներին շնորհվում է համապատասխանաբար բժշկի, ատամնաբուժի, դեղագետի եւ բարձրագույն կրթությամբ բուժքրոջ որակավորում: Լիազոր մարմնի ներկայացմամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է բժշկի, բարձրագույն կրթությամբ բուժքրոջ, ատամնաբույժի եւ դեղագետի գործառույթները:

5. Բժշկական, ատամնաբուժական եւ դեղագործական բարձրագույն բազային կրթական ծրագրերի տեւողությունն առնվազն 5 տարի է, բուժքույրական բարձրագույն կրթական ծրագրերինը՝ առնվազն 4 տարի:

6. Բժշկական բարձրագույն մասնագիտացման (կլինիկական օրդինատուրա), ատամնաբուժական եւ դեղագործական բարձրագույն մասնագիտացման կրթական ծրագրերի տեւողությունն առնվազն 1 տարի է:

7. Կլինիկական օրդինատուրայում բժշկական, ատամնաբուժական եւ դեղագիտական բարձրագույն մասնագիտական կրթություն անցած շրջանավարտներին շնորհվում է համապատասխանաբար բժիշկ մասնագետի, ատամնաբույժ մասնագետի եւ դեղագետ մասնագետի որակավորում եւ տրվում է տվյալ մասնագիտությամբ գործունեություն իրականացնելու լիցենզիա:

Հոդված 28. Բժշկական, ատամնաբուժական եւ դեղագործական հետբուհական կրթությունը

1. Բժշկական, ատամնաբուժական ու դեղագործական հետբուհական կրթությունն իրականացվում է ասպիրանտուրայում, դոկտորանտուրայում, վերամասնագիտացման եւ շարունակական մասնագիտական զարգացման ծրագրերով:

2. Ասպիրանտուրայում եւ դոկտորանտուրայում բժշկական, ատամնաբուժական ու դեղագործական հետբուհական մասնագիտական կրթությունն իրականացվում է բժշկական, ատամնաբուժական եւ դեղագործական բարձրագույն կրթության հիման վրա` բժշկական, ատամնաբուժական ու դեղագործական բարձրագույն մասնագիտական կրթություն իրականացնելու թույլտվություն ունեցող ուսումնական հաստատություններում կամ գիտական կազմակերպություններում` հետազոտողի ծրագրով

3. Վերամասնագիտացման ծրագրերով բժշկական, ատամնաբուժական ու դեղագործական հետբուհական մասնագիտական կրթությունն իրականացվում է կլինիկական օրդինատուրայի հիման վրա:

4. Ասպիրանտուրան, դոկտորանտուրան, վերամասնագիտացման եւ շարունակական մասնագիտական զարգացման ծրագրերը իրականացվում են առկա, հեռակա եւ հեռավար ձեւով:

ԳԼՈՒԽ 7.
 
ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԸ

Հոդված 29. Բժշկական հաստատությունները

1. Բժշկական օգնության եւ սպասարկման տեսակների եւ կազմակերպական ձեւերի հիման վրա գործունեություն իրականացնող բժշկական հաստատությունների տեսակների ցանկը, դրանց կառուցվածքը եւ ներկայացվող պահանջները սահմանում է կառավարությունը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության, լիազոր մարմնի, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հիմնադրվող բժշկական հաստատությունները ունեն շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպության կարգավիճակ:

3. Բժշկական հաստատության տեսակը պետք է արտացոլվի դրա անվանման մեջ: Լիցենզիա չունեցող, այդ թվում` նոր ստեղծվող կամ լիցենզիայի գործողությունը դադարեցված անձինք բժշկական հաստատության տեսակն իրենց անվանման մեջ չեն կարող օգտագործել վեց ամիս ավել ժամկետից:

Հոդված 30. Բժշկական հաստատությունների կառավարումը եւ աշխատանքային կանոնակարգը

1. Բժշկական հաստատությունները, անկախ սեփականության ձեւից եւ գերատեսչական պատկանելիությունից, կառավարվում են խորհրդատվական մարմնի (խորհրդի) կողմից:

2. Բժշկական հաստատությունները պետք է ընդունեն աշխատանքային կանոնակարգ:

3. Բժշկական հաստատությունների աշխատանքային կանոնակարգը պետք է ներառի հետեւյալ տեղեկությունները.

1) բժշկական հաստատության, դրա բաժանմունքների եւ բժիշկների աշխատանքային ժամերը.

2) բժշկական հաստատության բժշկական օգնության եւ սպասարկման համար դիմելու կարգը.

3) բժշկական հաստատության կողմից առողջապահական պետական ծրագրերի շրջանակներում իրականացվող ծառայությունների ցանկը, դրանց տրամադրման կարգը եւ համավճարների չափը.

4) բժշկական հաստատություն ընդունելության, դուրսգրման եւ ուղեգրման կարգը.

5) բժշկական փաստաթղթերից քաղվածք կամ պատճենը տրամադրելու կարգը.

6) բժշկական հաստատության կողմից մատուցվող ծառայությունների ցանկը եւ վճարովի ծառայությունների սակագները.

7) բողոքների եւ առաջարկությունների ներկայացման ու քննարկման կարգը:

Բժշկական հաստատությունների աշխատանքային կանոնակարգում կարող են սահմանվել բժշկական հաստատությունում վարքի կանոնները, հարակից ծառայություններից օգտվելու պայմանները եւ բժշկական հաստատության գործունեության եւ ծառայություններից օգտվելու մասին այլ տեղեկություններ:

4. Լիազոր մարմինը հաստատում է առանձին տեսակների բժշկական հաստատությունների օրինակելի աշխատանքային կանոնակարգեր:

5. Բժշկական հաստատության աշխատանքային կանոնակարգը պետք է փակցված լինի բժշկական հաստատության տեսանելի վայրում (վայրերում):

Հոդված 31. Բժշկական հաստատությունների իրավունքները

Բժշկական հաստատություններն իրավունք ունեն`

1) իրենց տրամադրված լիցենզիային համապատասխան՝ իրականացնել կանխարգելիչ, ախտորոշիչ, բուժական եւ վերականգնողական օգնություն.

2) սահմանել իրենց կողմից մատուցվող բժշկական եւ հարբժշկական ծառայությունների սակագները.

3) լիազոր մարմնի հետ կնքել պայմանագրեր` պետական առողջապահական ծրագրերի շրջանակներում բժշկական օգնության եւ սպասարկման մասին.

4) ապահովագրել իրենց գործունեության հետ կապված քաղաքացիական պատասխանատվության ռիսկը.

5) իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ իրավունքներ:

Հոդված 32. Բժշկական հաստատությունների պարտականությունները

Բժշկական հաստատությունները պարտավոր են`

1) բժշկական օգնություն եւ սպասարկում ցուցաբերել սահմանված որակի չափորոշիչներին համապատասխան.

2) յուրաքանչյուր մարդու ցուցաբերել անհետաձգելի բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի եւ այլ հանգամանքների առկայությունից.

3) պացիենտի պահանջով կամ համաձայնությամբ բժշկական օգնության եւ սպասարկման համար վճարողին տրամադրել անհրաժեշտ տվյալներ պացիենտին ցուցաբերված բժշկական օգնության եւ սպասարկման քանակական ու որակական բնութագրիչների եւ տրամադրված ծառայությունների սակագների մասին.

4) ներդնել բժշկական օգնության եւ սպասարկման որակի ներքին կառավարման կազմակերպական ու կառուցվածքային մեխանիզմներ.

5) ապահովել մարդու բժշկական օգնության դիմելու փաստի, նրա առողջական վիճակի մասին հետազոտման, ախտորոշման ու բուժման ընթացքում պարզված տվյալների եւ բժշկական փաստաթղթերի պաշտպանությունը եւ գաղտնիությունը.

6) լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով վարել բժշկական փաստաթղթեր, օրենքով սահմանված դեպքերում լիազոր մարմին եւ այլ պետական կառավարման մարմիններին ներկայացնել վիճակագրական եւ այլ տեղեկություններ.

7) լիազոր մարմնին տեղեկացնել շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների, զանգվածային թունավորումների, շրջակա միջավայրի, ջրի, սննդամթերքի վարակվածության դեպքերի մասին:

Հոդված 33. Բուժաշխատողները

1. Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունք ունեն բժշկական օգնության եւ սպասարկման լիցենզիա ստացած եւ մասնագիտական որակավորում ունեցող բուժաշխատողները: Մասնագիտական որակավորման ենթակա են`

1) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բժշկական եւ ատամնաբուժական միջին կրթական ծրագրեր իրականացնելու լիցենզիա ունեցող՝ կրթական հաստատություններում բժշկական կամ ատամնաբուժական միջին մասնագիտական որակավորում ստացած անձինք.

2) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բժշկական եւ ատամանաբուժական բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնելու լիցենզիա ունեցող՝ կրթական հաստատություններում դիպլոմավորված բժշկի կամ ատամնաբուժի որակավորում ստացած եւ կլինիկական օրդինատուրա ավարտած բժիշկ եւ ատամնաբույժ մասնագետները.

3) այլ պետություններում միջին, բարձրագույն եւ հետբուհական բժշկական եւ ատամանաբուժական կրթություն ստացած անձինք, երբ օտարերկրյա միջին, բարձրագույն եւ հետբուհական բժշկական եւ ատամնաբուժական կրթական ծրագրերը առնվազն համարժեք են Հայաստանի Հանրապետության համապատասխան կրթական ծրագրերին, ինչի մասին եզրակացություն է տալիս լիազոր մարմինը:

2. Հայաստանի Հանրապետությունում բարեգործական եւ մարդասիրական ծրագրերի շրջանակներում օտարերկրյա բուժաշխատողներն իրավունք ունեն բժշկական գործունեությամբ զբաղվել առանց որակավորման ստուգման` լիազոր մարմնի կողմից թույլտվության պայմաններին եւ պահանջներին համապատասխան:

Հոդված 34. Բժշկական էթիկան

1. Բժշկական էթիկայի կանոնները մարդասիրության եւ բարոյականության համընդհանուր սկզբունքների վրա հիմնված բժիշկների գործունեությունը, վարվելակերպի, վարքագծի, միմյանց եւ պացիենտների հետ փոխհարաբերությունները կարգավորող նորմեր են:

2. Բժշկական էթիկայի կանոնները մշակվում եւ հաստատվում են լիազոր մարմնի կողմից:

3. Լիցենզավորման կարգերով նախատեսված դեպքերում բժշկական հաստատություններում պարտադիր պետք է ստեղծվի բժշկական էթիկայի հանձնաժողովը:

Հոդված 35. Բուժաշխատողների հասարակական կազմակերպությունները եւ արհեստակցական միավորումները

1. Բուժաշխատողները իրենց մասնագիտական, աշխատանքային, հոգեւոր եւ սոցիալական պահանջմունքները բավարարելու համար կարող են միավորվել հասարակական կազմակերպությունների եւ արհեստակցական միավորումների:

2. Բուժաշխատողները հասարակական կազմակերպությունները եւ արհեստակցական միավորումները լիազոր մարմնի սահմանված կարգով մասնակցում են`

1) բժշկական էթիկայի կանոնների մշակմանը, այդ կանոններին առնչվող հարցերի լուծմանը.

2) բժշկական օգնության եւ սպասարկման որակի եւ բժշկատնտեսագիտական չափորոշիչների մշակմանը.

3) բուժաշխատողների մասնագիտական որակավորման չափորոշիչների մշակմանը, մասնագիտական որակավորմանը.

4) առողջապահության բնագավառում լիցենզավորմանը, լիցենզավորման պարտադիր պահանջների եւ պայմանների մշակմանը.

5) առողջապահության բնագավառում կրթական ծրագրերի մշակմանը:

3. Բուժաշխատողների հասարակական կազմակերպությունները եւ արհեստակցական միավորումները իրավունք ունեն բժշկական էթիկայի կանոններին առնչվող հարցերըի քննարկման արդյունքում հանդես գալ լիազոր մարմնի առջեւ բուժաշխատողին բժշկական օգնության եւ սպասարկման լիցենզիան կասեցնելու եւ դադարեցնելու միջնորդությամբ:

Հոդված 36. Բուժաշխատողի երդումը

1. Բժշկական, ատամանաբուժական, դեղագործական միջին եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտները ավարտական փաստաթուղթ ստանալիս տալիս են երդում:

2. Երդման տեքստը հաստատում է լիազոր մարմինը:

Հոդված 37. Բժշկական գաղտնիքը

1. Անձի բժշկական օգնության դիմելու փաստի, նրա հիվանդության ախտորոշման, առողջության վիճակի մասին, բժշկական հետազոտման ու բուժման ժամանակ ստացված այլ տեղեկությունները հանդիսանում են բժշկական գաղտնիք:

2. Բժշկական օգնության դիմելու փաստի, հիվանդության ախտորոշման, առողջության վիճակի, բժշկական հետազոտման ու բուժման մասին անանունացված տվյալները բժշկական գաղտնիք չեն հանդիսանում:

3. Բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները կարող են փոխանցվել երրորդ անձանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնությամբ:

4. Բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկություններն առանց պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության կարող է փոխանցվել միայն`

1) պացիենտի հետազոտման եւ բուժման համար, երբ պացիենտն ի վիճակի չէ նկարագրել իր վիճակը.

2) շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների եւ զանգվածային թունավորումների սպառնալիքի դեպքում.

3) հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի հարցման դեպքում, եթե առկա է հարուցված քրեական գործ.

4) դատարանի համապատասխան ակտով.

5) հետաքննության մարմնի աշխատակցին, քննիչին, դատախազին մարդու առողջությանը դիտավորյալ վնաս հասցնելու կասկածանքի կամ հանցագործության նշանների առկայության դեպքում:

5. Սույն օրենքի դրույթների խախտմամբ բժշկական գաղտնիք բացահայտող անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

Հոդված 38. Բուժաշխատողների իրավունքները

1. Բուժաշխատողներն իրավունք ունեն`

1) իրենց որակավորման համապատասխան իրականացնելու կանխարգելիչ, ախտորոշիչ, բուժական եւ վերականգնողական օգնություն.

2) ապահովագրելու իրենց գործունեության հետ կապված քաղաքացիական պատասխանատվության ռիսկը.

3) անարգել օգտագործել կազմակերպությունների կամ մարդկանց կապի միջոցները, ինչպես նաեւ առկա տրանսպորտային միջոցները` պացիենտին մոտակա բժշկական հաստատություն հասցնելու համար, երբ նրա կյանքին վտանգ է սպառնում.

4) պաշտպանելու մասնագիտական պատիվը եւ արժանապատվությունը.

5) մասնագիտական գործունեության հետեւանքով իրենց առողջությանը հասցված վնասի դեպքում ստանալու պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում.

6) կատարելագործելու իրենց մասնագիտական գիտելիքները, մասնագիտական որակավորման պահանջներին համապատասխան անցնել շարունակական մասնագիտական կրթական ծրագրեր.

7) բուժօգնություն ստանալու պետական բյուջեի միջոցների հաշվին, որոնց ծավալները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Բուժաշխատողների կողմից կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց կապի, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցների օգտագործմամբ պատճառված վնասի փոխհատուցումը իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

Հոդված 39. Բուժաշխատողների պարտականությունները

Բուժաշխատողները պարտավոր են`

1) բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնելիս առաջնորդվել պացիենտի շահերով եւ կամքով.

2) յուրաքանչյուր մարդու ցուցաբերել անհետաձգելի բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի եւ այլ հանգամանքների առկայությունից.

3) հոգատար եւ հարգալից վերաբերմունք ցուցաբերել պացիենտների նկատմամբ.

4) պացիենտին տեղյակ պահել իր հետազոտությունների արդյունքների, հիվանդության ախտորոշման եւ բուժման մեթոդների, դրանց հետ կապված ռիսկի, բժշկական միջամտության հնարավոր տարբերակների, հետեւանքների ու բուժման արդյունքների մասին.

5) բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնելիս կիրառել լիազոր մարմնի կողմից թույլատրված կանխարգելման, ախտորոշման, բուժման եւ վերականգնողական մեթոդներ, դեղեր, բժշկական սարքեր, բժշկական նշանակության առարկաներ.

6) լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով վարել բժշկական փաստաթղթերը.

7) ոստիկանությանը տեղեկացնել մարդու առողջությանը դիտավորյալ վնաս հասցնելու կասկածանքի կամ հանցագործության նշանների առկայության մասին.

8) կատարելագործել իրենց մասնագիտական գիտելիքները եւ հմտությունները, մասնագիտական որակավորման պահանջներին համապատասխան անցնել շարունակական մասնագիտական զարգացման կրթական ծրագրեր:

ԳԼՈՒԽ 8.

ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Հոդված 40. Մարդու առողջության պահպանման իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք, անկախ ազգությունից, ռասայից, լեզվից, սեռից, դավանանքից, տարիքից, առողջական վիճակից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, Հայաստանի Հանրապետությունում ունի առողջության պահպանման իրավունք:

2. Պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պաշտպանությունը, հիգիենիկ, սանիտարական եւ հակահամաճարակային անվտանգությունը, աշխատանքի ու հանգստի բարենպաստ պայմանները, բժշկական օգնության եւ սպասարկման հասանելիությունը:

3. Այլ պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առողջության պահպանման իրավունքն իրականացվում է տվյալ պետության օրենսդրության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն:

4. Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք եւ փախստականներն ունեն առողջության պահպանման իրավունք` Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի համաձայն:

Հոդված 41. Առողջության վրա ազդող գործոնների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի զանգվածային լրատվության միջոցներով կամ համապատասխան պետական եւ տեղական ինքնակառավարման մարմնի, պետական կառավարչական հիմնարկի կողմից ստանալ առողջության վրա ազդող գործոնների վերաբերյալ հավաստի տեղեկատվություն ` հարցումների հիման վրա:

2. Մարդկանց կյանքին եւ առողջությանը սպառնացող դեպքերի եւ գործոնների մասին տեղեկություններ թաքցնող պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

Հոդված 42. Առողջությանը հասցված վնասի դիմաց հատուցում ստանալու մարդու իրավունքը

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր առողջությանը պատճառված վնասի դիմաց ստանալ հատուցում՝ օրենքով սահմանված կարգով:

Հոդված 43. Մարդու բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունքը

1. Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր ոք ունի բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունք:

2. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ստանալ բժշկական օգնություն եւ սպասարկում՝ պետության կողմից երաշխավորված առողջապահական ծրագրերի շրջանակներում:

3. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի այդ ծրագրերի շրջանակներից դուրս բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալ բժշկական ապահովագրական հատուցումների, անձնական վճարումների, սույն օրենքով նախատեսված այլ աղբյուրների հաշվին:

Հոդված 44. Մարդու իրավունքները բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալիս

Բժշկական օգնության դիմելիս, ինչպես նաեւ բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալիս յուրաքանչյուր ոք իրավունք ունի՝

1) ընտրել բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողներին.

2) ստանալ բժշկական օգնություն եւ սպասարկում՝ բուժական եւ սանիտարահիգիենիկ պահանջներին համապատասխանող պայմաններում.

3) պահանջել բժշկի օգնությանը դիմելու փաստի, իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման, բուժման եւ վերականգնման ընթացքում պարզված տեղեկությունների գաղտնիության ապահովում, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.

4) իրազեկ լինել իր հիվանդության մասին եւ համաձայնություն տալ բժշկական միջամտության համար.

5) հրաժարվել բժշկական միջամտությունից, բացի սույն օրենքով նախատեսված դեպքերից.

6) արժանանալ հարգալից վերաբերմունքի` բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից.

7) բժշկական հաստատություններում իրականացնել կրոնական ծեսեր, եթե այն չի խախտում բժշկական հաստատության աշխատանքային կանոնակարգը եւ խանգարում պացիենտների հանգիստը:

Հոդված 45. Առողջական վիճակի մասին տեղեկություն ստանալու մարդու իրավունքը

1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի լիարժեք եւ հավաստի տեղեկություն ստանալ իր առողջական վիճակի, հետազոտությունների արդյունքների, հիվանդության ախտորոշման, բուժման եւ վերականգնման մեթոդների, դրանց հետ կապված ռիսկ, բժշկական միջամտության հնարավոր տարբերակների, հետեւանքների եւ բուժման արդյունքների մասին:

2. Մարդու առողջական վիճակի մասին տեղեկությունը նրա կամքին հակառակ չի կարող հաղորդվել նրան կամ այլ անձանց, բացառությամբ սույն օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի (1), (3), (4) եւ (5) կետերով սահմանված դեպքերից:

Հոդված 46. Համաձայնությունը բժշկական միջամտության համար

1. Բժշկական միջամտության համար մարդու համաձայնությունն անհրաժեշտ պայման է, բացի սույն օրենքով նախատեսված դեպքերից:

2. Բուժողի կամ պացիենտի պահանջով համաձայնությունը պետք է լինի նաեւ գրավոր:

3. Բժշկական միջամտության ընթացքւոմ պացիենտը կամ նրա օրինական ներկայացուցիչը կարող է հրաժարվել համաձայնությունից ցանկացած պահի, բացառությամբ այն դեպքերի, երբ բժշկական միջամտության ընդհատումը կհանգեցնի պացիենտի մահվան կամ առողջության առավել վատթարացման:

4. Յուրաքանչյուր ոք կամ նրա օրինական ներկայացուցիչն իրավունք ունի հրաժարվելու բժշկական միջամտությունից: Բժշկական միջամտությունից հրաժարվելու փաստը՝ հնարավոր հետեւանքների նշումով, գրանցվում է բժշկական փաստաթղթերում եւ հավաստվում պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի կողմից:

Հոդված 47. Բժշկական միջամտությունն առանց մարդու համաձայնության

1. Այն դեպքերում, երբ անհետաձգելի բժշկական միջամտության կարիք ունեցող անձն ի վիճակի չէ արտահայտել իր կամքը եւ հնարավոր չէ ձեռք բերել բժշկական միջամտության մասին նրա օրինական ներկայացուցչի համաձայնությունը կամ հրաժարումը, բժշկական միջամտության վերաբերյալ որոշումը` ելնելով պացիենտի շահերից, կայացվում է բժշկական խորհրդակցության (կոնսիլիումի), իսկ դրա անհնարինության դեպքում` բժշկի կողմից:

2. Այն դեպքերում, երբ անհետաձգելի բժշկական միջամտության կարիք ունեցող երեխայի ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները երեխայի շահերին հակառակ հրաժարվում են բժշկական միջամտությունից, բժշկական միջամտության վերաբերյալ որոշումը` ելնելով երեխայի շահերից, կայացվում է բժշկական խորհրդակցության (կոնսիլիումի), իսկ դրա անհնարինության դեպքում` բժշկի կողմից:

3. Առանց մարդու կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության թույլատրվում է բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնել շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքում` օրենքով սահմանված կարգով:

Հոդված 48. Արտակարգ իրավիճակներում տուժած անձանց բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունքը

1. Արտակարգ իրավիճակներում տուժած անձինք բժշկական օգնություն եւ սպասարկում ստանում են պետական բյուջեի եւ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

2. Արտակարգ իրավիճակներում մարդկանց կյանքի եւ առողջության պաշտպանության կազմակերպումը կարգավորվում է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Հոդված 49. Երեխայի առողջության պահպանման իրավունքը

1. Յուրաքանչյուր երեխա ունի առողջության պահպանման եւ ամրապնդման, պետական առողջապահական ծրագրերի շրջանակներում բժշկական օգնություն ու սպասարկում ստանալու իրավունք:

2. Երեխաները ենթակա են պարբերական բժշկական զննության եւ մշտական բժշկական հսկողության` լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով: Ծնողներն ու խնամակալները պարտավոր են ապահովել երեխայի պարբերական բժշկական զննության եւ մշտական դիսպանսեր հսկողության իրականացումը:

3. Անձինք, ովքեր խուսափում են երեխայի առողջության պահպանման եւ ամրապնդման իրենց պարտականություններից, պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

Հոդված 50. Հղի կանանց եւ մայրերի առողջության պահպանման իրավունքը

1. Հայաստանի Հանրապետությունում մայրությունը պաշտպանվում եւ խրախուսվում է պետության կողմից: Մայրության պաշտպանությունը ներառում է հղիության ընթացքում, ծննդաբերությունից առաջ եւ հետո պետական առողջապահական ծրագրերի շրջանակներում բժշկական օգնություն ու սպասարկում, հղի կանանց համար աշխատանքի արտոնյալ պայմաններ, երեխայի ծննդի հետ կապված արձակուրդներ եւ նպաստներ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ արտոնություններ:

Հոդված 51. Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությամբ տառապող անձանց իրավունքները եւ պարտականությունները

1. Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններով տառապող անձինք իրավունք ունեն ստանալ պետության կողմից երաշխավորված բժշկական օգնություն եւ սպասարկում, բուժվել դրա համար նախատեսված մասնագիտացված բժշկական հաստատություններում:

2. Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններով տառապող անձինք պարտավոր են ենթարկվել բուժման եւ հաշվառման ու պարբերաբար ենթարկվել բժշկական հետազոտման՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեպքերում եւ կարգով:

3. Շրջապատին վտանգ ներկայացնող հիվանդություններով տառապող անձինք պարտավոր են անցնել բժշկական զննություն, ենթարկվել ամբուլատոր կամ ստացիոնար բուժման, կատարել բժշկի ցուցումները` հիվանդություններն այլ անձանց փոխանցումը կանխարգելելու նպատակով:

4. Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններով տառապող անձինք կարող են բուժման ենթարկվել հարկադրաբար` օրենքով սահմանված կարգով:

5. Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկը սահմանում է կառավարությունը:

Հոդված 52. Գործունեության առանձին տեսակներով զբաղվող անձանց պարտադիր բժշկական հետազոտումը

1. Առանձին մասնագիտությունների, ինչպես նաեւ առանձին կազմակերպությունների աշխատողները մասնագիտական հիվանդությունների կանխարգելման եւ բնակչության առողջության պահպանման նպատակով նախքան նրանց աշխատանքի ընդունվելն ու աշխատելու ընթացքում պարտավոր են պարբերաբար ենթարկվել բժշկական հետազոտման՝ կառավարության կողմից սահմանված դեպքերում եւ կարգով:

2. Առանձին մասնագիտությունների, ինչպես նաեւ առանձին կազմակերպությունների աշխատողները մասնագիտական հիվանդությունների կանխարգելման եւ բնակչության առողջության պահպանման նպատակով պարտադիր բժշկական հետազոտման անցկացման ծախսերը հատուցվում են գործատուի կողմից:

Հոդված 53. Բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնելիս նոր դեղերի, մեթոդների, ձեւերի, միջոցների կիրառումը եւ կենսաբժշկական հետազոտությունների անցկացումը

1. Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնություն ու սպասարկում տրամադրելիս թույլատրվում է մարդկանց բուժման նպատակով նոր դեղերի, մեթոդների, ձեւերի, միջոցների կիրառումը եւ կենսաբժշկական հետազոտությունների անցկացումն այն դեպքերում, երբ նոր դեղերի, մեթոդների, ձեւերի, միջոցների կիրառումը եւ կենսաբժշկական հետազոտությունների գիտական, լաբորատոր ու կենսաբանական փորձաքննությունները հիմք են տալիս եզրակացություն անել դրանց արդյունավետության եւ մարդու կյանքի ու առողջության նկատմամբ անվտանգության մասին եւ երբ առկա է հետազոտությունների անցկացման վերաբերյալ բժշկական էթիկայի հանձնաժողովի որոշումը:

2. Նոր դեղերի, մեթոդների, ձեւերի, միջոցների կիրառումը, ցանկացած կենսաբժշկական հետազոտության անցկացումը կարող է իրականացվել բացառապես մարդու գրավոր համաձայնության դեպքում: Նոր դեղերի, մեթոդների, ձեւերի, միջոցների կիրառման եւ կենսաբժշկական հետազոտության իրականացման համաձայնություն ձեռք բերելիս մարդը պետք է գրավոր տեղեկացվի հնարավոր կողմնակի երեւույթների, ռիսկի, հետազոտությունների տեւողության ու հնարավոր հետեւանքների մասին:

3. Մարդն իրավունք ունի հրաժարվել հետազոտությանը մասնակցելուց` դրա ցանկացած փուլում:

4. Արգելվում է նոր դեղերի, մեթոդների, ձեւերի, միջոցների կիրառմանը եւ կենսաբժշկական հետազոտություններում մասնակցող անձանց նյութական խրախուսումը:

5. Արգելվում է զանգվածային լրատվության միջոցներով նոր դեղերի, մեթոդների, ձեւերի, միջոցների կիրառման եւ կենսաբժշկական հետազոտություններում մասնակցելու վերաբերյալ քարոզչությունը:

Հոդված 54. Էվթանազիայի արգելումը

1. Հայաստանի Հանրապետությունում արգելվում է էվթանազիան` պացիենտի խնդրանքով նրա մահվան արագացումը որեւէ գործողությամբ կամ միջոցներով:

2. Այն անձինք, ովքեր պացիենտին գիտակցաբար դրդում են էվթանազիայի կամ իրականացնում են այն, պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

Հոդված 55. Մարդու պարտականություններն առողջապահության բնագավառում

1. Յուրաքանչյուր ոք բժշկական օգնության եւ սպասարկման դիմելիս պարտավոր է բժշկին տրամադրել ճիշտ տեղեկություններ իր առողջական վիճակի ու ապրելակերպի վերաբերյալ: Պացիենտի կողմից իր առողջական վիճակի ու ապրելակերպի վերաբերյալ միտումնավոր կեղծ տեղեկություններ տրամադրելու դեպքում բժիշկը ազատվում է կեղծ տեղեկությունների հետեւանքով պացիենտի առողջությանը իր կողմից պատճառված վնասի համար պատասխանատվությունից:

2. Յուրաքանչյուր ոք բժշկական օգնություն ու սպասարկում ստանալիս պարտավոր է ենթարկվել բժշկական հաստատության աշխատանքային կանոնակարգին:

3. Մարդու կյանքին վտանգ սպառնալու դեպքում, անհետաձգելի բժշկական օգնություն ցուցաբերող բժշկի պահանջով յուրաքանչյուր ոք պարտավոր է վերջինիս տրամադրել տրանսպորտային, կապի եւ այլ միջոցներ:

4. Հղի կանայք պարտավոր են պարբերաբար անցնել բժշկական զննություն ու կատարել բժշկական ցուցումները եւ նշանակումները:

ԳԼՈՒԽ 9.

ԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Հոդված 56. Ժամանակավոր անաշխատունակության փորձաքննությունը

1. Ժամանակավոր անաշխատունակության փորձաքննությունը հիվանդության, վնասվածքի, հղիության, ծննդաբերության, ընտանիքի հիվանդ անդամի խնամքի, պրոթեզավորման, առողջարանային բուժման հետ կապված անաշխատունակության եւ անաշխատունակության ժամկետների, ժամանակավորապես կամ մշտապես այլ աշխատանքի տեղափոխման կամ բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրման անհրաժեշտության որոշումն է:

2. Ժամանակավոր անաշխատունակության փորձաքննությունն իրականացվում է բուժող բժշկի կողմից, որը քաղաքացիներին տալիս է անաշխատունակության թերթիկ` մինչեւ 15 օրացույցային օր ժամկետով: Ավելի երկար ժամկետով անաշխատունակության թերթիկներ տրվում են բժշկական կազմակերպության ղեկավարի կողմից` բուժող բժշկի ներկայացմամբ:

3. Անաշխատունակության թերթիկում նշվում է գործող հիվանդությունների միջազգային դասակարգման համակարգի ծածկագիրը: Հիվանդության ախտորոշումն անաշխատունակության թերթիկում նշվում է միայն պացիենտի պահանջով:

4. Անաշխատունակության թերթիկի ձեւը եւ տրամադրման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:

Հոդված 57. Բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրման համար բժշկական փորձաքննություն

1. Բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրման համար բժշկական փորձաքննությունը որոշում է հիվանդության, վնասվածքի, խեղման եւ արատների հետեւանքով օրգան համակարգերի ֆունկցիաների խանգարման աստիճանը, որոնք բերել են օրգանիզմի ֆունկցիաների կայուն կամ տեւական խանգարման, եւ գործունեության սահմանափակումների առկայությունը:

2. Բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրման համար բժշկական փորձաքննությունը իրականացվում է բժշկական հաստատությունների կողմից:

3. Բժշկասոցիալական փորձաքննության ուղեգիրը հիմք է հանդիսանում անձի բժշկասոցիալական փորձաքննության անցկացման համար:

4. Բժշկասոցիալական փորձաքննության ուղեգրման համար բժշկական փորձաքննությունն իրականացնելու իրավունք ունեցող բժշկական հաստատություններին ներկայացվող պահանջները եւ իրականացման կարգը սահմանում է կառավարությունը:

Հոդված 58. Ռազմաբժշկական փորձաքննությունը

1. Ռազմաբժշկական փորձաքննությունը որոշում է զինվորական ծառայության անցնելու ենթակա քաղաքացիների, զինծառայողների, պահեստազորի զինծառայողների առողջական վիճակով պայմանավորված պիտանիությունը, հաստատում է զինծառայողի ու զինծառայությունից արձակվածների հիվանդությունների, վնասվածքների պատճառական կապը զինծառայության հետ, սահմանում է բժշկական, սոցիալական, մասնագիտական վերականգնման իրականացման տեսակները, ծավալը եւ ժամկետները:

2. Ռազմաբժշկական փորձաքննությունը կազմակերպվում եւ իրականացվում է «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում ու կառավարության կողմից սահմանված կարգով:

3. Ռազմաբժշկական փորձաքննության եզրակացությունները կարող են օրենսդրությանբ սահմանված կարգով բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:

Հոդված 59. Դատաբժշկական, դատահոգեբուժական եւ դատանարկոլոգիական փորձաքննությունը

1. Դատաբժշկական, դատահոգեբուժական եւ դատանարկոլոգիական փորձաքննությունը նշանակվում է հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի կամ դատարանի որոշմամբ, իրականացվում է դատաբժշկական փորձաքննության գործակալության, լիազոր մարմնին առընթեր միջգերատեսչական դատահոգեբուժական եւ դատանարկոլոգիական փորձաքննությունների հանձնաժողովների կամ դատարանի որոշմամբ նշանակված հանձնաժողովի կողմից:

2. Ժամանակավոր անաշխատունակության, բժշկասոցիալական եւ ռազմաբժշկական փորձաքննության եզրակացությունների դատական բողոքարկման դեպքում, դատաբժշկական ու դատահոգեբուժական փորձաքննության հանձնաժողովի անդամ չի կարող նշանակվել այն փորձագետը, որը մասնակցել է վիճարկվող փորձաքննությանը կամ գտնվում է ծառայողական կամ այլ կախվածության մեջ այն մարմիններից, կազմակերպություններից, պաշտոնատար անձանցից եւ քաղաքացիներից, որոնք շահագրգռվածություն ունեն տվյալ փորձաքննության արդյունքների մեջ:

Հոդված 60. Ախտաբանաանատոմիական հերձումները

1. Ախտաբանաանատոմիական հերձումներն անցկացվում են մահվան պատճառի որոշման եւ ախտորոշիչ նպատակներով:

2. Ախտաբանաանատոմիկական հերձումների անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
 

ԳԼՈՒԽ 10.
 
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հոդված 61. Պատասխանատվությունն օրենքը խախտելու համար

Սույն օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 11.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 62. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

2. Ուժը կորցրած ճանաչել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքը:

3. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության եւ սպասարկման տրված լիցենզիաները ենթակա են վերաձեւակերպման սույն օրենքի ուժի մտնելուց երեք տարվա ընթացքում:

4. Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու տարվա ընթացքում, բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող ֆիզիական անձինք պետք է օրենքով սահմանված կարգով անցնեն լիցենզավորում եւ ստանան լիցենզիա: