Armenian ARMSCII Armenian
Կ-1091-05.02.2007-ՊԱ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքով կարգավորվում են օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման բնագավառում ծագող իրավահարաբերությունները: Օրենքը սահմանում է օպերատիվ-հետախուզական գործունեության հասկացությունը, խնդիրները, սկզբունքները, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելիս նրանց իրավունքները եւ պարտականությունները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների տեսակները,  օպերատիվ-հետախուզական գործունեության նկատմամբ հսկողությունը եւ վերահսկողությունը:

Հոդված 2. Օպերատիվ-հետախուզական գործունեությունը կարգավորող իրավական ակտերը

1. Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքից, Մաքսային օրենսգրքից, «Դատախազության մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին», «Ոստիկանության մասին», «Քրեակատարողական ծառայության մասին, «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներից, սույն օրենքից, այլ իրավական ակտերից, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:

2. Օպերատիվ-հետախուզական գործունեության նախապատրաստման եւ անցկացման գործելակերպը կարգավորվում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների նորմատիվ իրավական ակտերով:

Հոդված 3. Օպերատիվ-հետախուզական գործունեության հասկացությունը

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պետական ու հասարակական անվտանգությունը հակաիրավական ոտնձգություններից պաշտպանելու նպատակով` օրենքով նախատեսված օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումն է:

Հոդված 4. Օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակները

1. Օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակներն են`

1) հանցագործությունների հայտնաբերումը, բացահայտումը, կանխումը եւ խափանումը.

2) հանցագործությունը նախապատրաստող, կատարող կամ կատարած անձանց հայտնաբերումը.

3) քրեական պատասխանատվությունից խուսափող անձանց հետախուզումը եւ հայտնաբերումը, ինչպես նաեւ անհայտ կորած անձանց հետախուզումը.

4) վկաների, դիակի, հանցագործության հետքերի, առարկաների, իրեղեն ապացույցների եւ այլ իրերի, փաստաթղթերի հայտնաբերումը.

5) ազգային անվտանգության ապահովման համար անհրաժեշտ տեղեկությունների ձեռքբերումը.

6) մաքսանենգության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տրանսպորտային միջոցների ապօրինի տեղափոխման խափանումն ու բացահայտումը.

7) հարկային օրենսդրության խախտումների նախազգուշացումը, հայտնաբերումը, կանխումը եւ բացահայտումը.

8) քրեակատարողական հիմնարկների բնականոն գործունեության ապահովումը, քրեակատարողական հիմնարկներում նախապատրաստվող հանցագործությունների նախազգուշացումը, կանխումը եւ բացահայտումը.

9) հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգությանն սպառնացող հանգամանքների առկայությունը, ինչպես նաեւ հատուկ պետական պաշտպանություն իրականացնող մարմնի կողմից` օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում օպերատիվ-հետախուզական մարմիններին  տրված ցուցումները, որոնք վերաբերում են հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգությանն սպառնացող հանգամանքների վերացմանը.

10) պետական եւ ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկություններին առնչվելու թույլտվության որոշման կայացման համար տեղեկություններ հավաքելը.

11) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների աշխատակիցների, ինչպես նաեւ այդ մարմինների հետ համագործակցող կամ համագործակցած անձանց (եւ նրանց ընտանիքի անդամների) անվտանգությունն ապահովելու համար տեղեկություններ հավաքելը.

12) ոստիկանության կողմից օրենքով սահմանված կարգով սահմանային գոտում գտնվելու  թույլտվության համար տեղեկություններ հավաքելը.

13) սահմանապահ զորքերի կողմից օրենքով սահմանված կարգով սահմանային շերտ մուտք գործելու եւ այնտեղ գտնվելու թույլտվության համար տեղեկություններ հավաքելը.

14) օպերատիվ-հետախուզական գործունեությանը մասնակցելու կամ դրա իրականացման հետեւանքով ստացված նյութերին ծանոթանալու թույլտվության մասին որոշում ընդունելու համար տեղեկություններ հավաքելը.

15) ազգային անվտանգության մարմիններում եւ ոստիկանությունում, ինչպես նաեւ օրենքով նախատեսված դեպքերում այլ պետական մարմիններում, աշխատանքի անցնելու համար դիմում ներկայացրած անձանց ուսումնասիրելու համար տեղեկություններ հավաքելը.

16) օտարերկրյա քաղաքացիներին կամ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստան կամ կացության կարգավիճակ տալու մասին եզրակացություն կազմելու եւ որոշում ընդունելու համար տեղեկություններ հավաքելը:

Հոդված 5. Օպերատիվ-հետախուզական գործունեության սկզբունքները

Օպերատիվ-հետախուզական գործունեությունն իրականացվում է հետեւյալ հիմնական սկզբունքների հիման վրա`

1) օրինականության.

2) մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների եւ օրինական շահերի պաշտպանության եւ գերակայության.

3) գործունեության բացահայտ եւ գաղտնի մեթոդների ու միջոցների համակցության.

4) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների աշխատակիցների, աշխատանքի ձեւերի, մեթոդների, ուժերի եւ միջոցների գաղտնապահության.

5) օպերատիվ-հետախուզական գործունեության բազմակողմանիության, լրիվության եւ օբյեկտիվության:

Հոդված 6. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների հետեւանքով ստացված նյութերի եւ փաստաթղթերի հրապարակայնությունը

1. Յուրաքանչյուր անձ իր նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժվելուց կամ հարուցված քրեական գործի վարույթը կարճվելուց` հանցագործության դեպքի բացակայության կամ արարքի կատարման մեջ հանցակազմի բացակայության պատճառով, կամ պատճառված վնասը քրեական օրենքով օրինաչափ համարվելուց կամ իր նկատմամբ արդարացման դատավճիռ կայացվելուց հետո` եռամսյա ժամկետում, իրավունք ունի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններից պահանջելու իր նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների հետեւանքով  ստացված նյութերը եւ փաստաթղթերը:

2. Նշված նյութերը եւ փաստաթղթերը տրամադրելը մերժվում է, եթե առկա է պետական կամ ծառայողական գաղտնիքի հրապարակման վտանգ, կամ երբ դրանով կարող են բացահայտվել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հաստիքային գաղտնի աշխատակիցները եւ այդ մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած անձինք:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում եւ ժամկետում, եթե անձը չի պահանջում տրամադրել իր նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների հետեւանքով  ստացված նյութերը եւ փաստաթղթերը, ապա դրանք ոչնչացվում են:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված նյութերը ենթակա են ոչնչացման անձի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժվելուց, կամ հարուցված քրեական գործի վարույթը կարճվելուց` հանցագործության դեպքի բացակայության կամ արարքի կատարման մեջ հանցակազմի բացակայության պատճառով, կամ պատճառված վնասը քրեական օրենքով օրինաչափ համարվելուց կամ անձի նկատմամբ արդարացման դատավճիռ կայացվելուց հետո` եռամսյա ժամկետում:

Հոդված 7. Հատուկ տեխնիկական միջոցները

1. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում օգտագործվող հատուկ տեխնիկական միջոցների ցանկը լիազոր պետական մարմնի ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում կիրառվող հատուկ տեխնիկական միջոցները չպետք է վնաս պատճառեն մարդկանց կյանքին ու առողջությանը, ինչպես նաեւ շրջակա միջավայրին:

3. Արգելվում է գաղտնի տեղեկություններ ստանալու համար նախատեսված (մշակված, ծրագրված, հարմարեցված) հատուկ տեխնիկական եւ այլ միջոցների օգտագործումը եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացումը սույն օրենքով չլիազորված պետական մարմինների, ստորաբաժանումների կամ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից:

ԳԼՈՒԽ 2

 ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ  ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հոդված 8. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները

1. Օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն`

1) ոստիկանությունը.

2)  ազգային անվտանգության մարմինները.

3)  հարկային մարմինները.

4)  մաքսային մարմինները` մաքսանենգության եւ այլ հանցագործությունների խափանման ու բացահայտման նպատակով.

5) քրեակատարողական ծառայությունը` միայն քրեակատարողական հիմնարկներում:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմիններն իրենց կառուցվածքում պետք է ունենան համապատասխան ստորաբաժանումներ, որոնց վրա է դրված օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը: Այդ ստորաբաժանումների կառուցվածքը, ենթակայությունը, ինչպես նաեւ աշխատանքի կազմակերպման եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների փաստաթղթավորման կարգը սահմանում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարը:

3. Օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցներն իրենց գործունեությունն իրականացնելիս ղեկավարվում են օրենքով եւ ենթարկվում իրենց անմիջական ղեկավարին: Հրաման կամ ցուցում ստանալու դեպքում օպերատիվ ստորաբաժանման աշխատակիցը պարտավոր է uտացած հրամանի կամ ցուցումի oրինականության վերաբերյալ իր կաuկածների մաuին անհապաղ գրավոր զեկուցել հրամանը կամ ցուցումը տվողին կամ նրա վերադաuին կամ նրանց փոխարինող անձին: Եթե ցուցում տվողը գրավոր հաuտատում է տրված հրամանը կամ ցուցումը, ապա օպերատիվ ստորաբաժանման աշխատակիցը պարտավոր է դա կատարել, բացառությամբ, եթե դա կհանգեցնի օրենքով uահմանված քրեական պատաuխանատվության: Օպերատիվ ստորաբաժանման աշխատակցի կողմից այդ հրամանի կամ ցուցումի կատարման համար պատաuխանատվությունը կրում է դրանք գրավոր հաuտատած անձը:

4. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների աշխատակիցները կարող են համատեղ ընդունված գերատեսչական նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով համագործակցել սույն օրենքով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելիս:

5. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցներից:

Հոդված 9. Հայատանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի համակարգում գործող ծառայությունը

1. Սույն օրենքով նախատեսված հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումը ապահովում է միայն Հայատանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի համակարգում գործող ծառայությունը (այսուհետ` Ծառայություն) այդ օպերատիվ-հետախուզական միջոցառումն  իրականացնելու իրավասություն ունեցող մարմինների միջնորդության հիման վրա`  սույն օրենքով սահմանված կարգով:

2. Ծառայության ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարը: Ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է Ծառայության ղեկավարը, որին նշանակում եւ պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը՝ Հայաuտանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական  մարմնի ղեկավարի ներկայացմամբ: Ծառայության ղեկավարի պաշտոնն ազգային անվտանգության մարմիններում  ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն է: Ծառայությունում uպայական կոչումներով (բացառությամբ ենթաuպայականի)  համալրվող պաշտոններում նշանակումներ կատարում եւ այդ ծառայողներին կոչումներ  շնորհում է Հայաuտանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական  մարմնի ղեկավարը` Ծառայության ղեկավարի ներկայացմամբ:

3. Ծառայության ենթաuպայական կոչումներով համալրվող  պաշտոններում նշանակումներ կատարում եւ այդ ծառայողներին կոչումներ շնորհում է  Ծառայության ղեկավարը:

4. Ծառայության կանոնադրությունը, կառուցվածքը, ծառայողների եւ  քաղաքացիական անձնակազմի թվաքանակը հաuտատում է Հայաuտանի Հանրապետության  Նախագահը՝ Հայաuտանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական  մարմնի ղեկավարի ներկայացմամբ:

5. Ծառայությունն ապահովում է հեռահաղորդակցության օպերատորի մոտ համապատասխան օպերատիվ-տեխնիկական անհրաժեշտ պայմաններ` սույն օրենքով լիազորված մարմինների կողմից հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու համար:

Հոդված 10. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների իրավունքները

1. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններն իրենց խնդիրներն իրականացնելիս իրավունք ունեն`

1) բացահայտ կամ գաղտնի մեթոդներով իրականացնելու սույն օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված միջոցառումները.

2) հատուցումով կամ անհատույց, պայմանագրով կամ առանց դրա համագործակցելու օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ գաղտնի համագործակցելու ցանկություն հայտնած անձանց հետ.

3) օգտագործելու օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին պատկանող շինությունները, հատուկ եւ այլ տեխնիկական ու տրանսպորտային միջոցները:

Ազգային անվտանգության մարմինները եւ ոստիկանությունը սույն օրենքով սահմանված խնդիրներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են ստեղծել իրականում գոյություն չունեցող կազմակերպություններ, ինչպես նաեւ օգտագործել ազգային անվտանգության մարմինների պատրաստած քողարկող փաստաթղթեր:

2. Սույն օրենքով սահմանված կարգով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան` օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների եւ հատուկ ծառայությունների, միջազգային իրավապահ կազմակերպությունների հարցումների հիման վրա:

3. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններն իրավունք չունեն սույն հոդվածով նախատեսված իրենց իրավունքներն իրականացնելու ի շահ կամ ի վնաս որեւէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի կամ միջամտելու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու կուսակցությունների գործունեությանը:

Հոդված 11. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների պարտականությունները

1. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները պարտավոր են`

1) կատարել քննիչի պարտադիր գրավոր հանձնարարությունները, հետաքննության մարմնի հանձնարարությունները, դատախազի պարտադիր գրավոր ցուցումները, քննիչի եւ դատարանի որոշումները` անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ.

2) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով համագործակցել միջազգային իրավապահ կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների եւ հատուկ ծառայությունների հետ.

3) հանցավոր ոտնձգություններից պաշտպանել օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցներին, այդ մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձանց, քրեական դատավարությանը մասնակցող անձանց, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամներին.

4) իրենց լիազորություններն իրականացնելիս համագործակցել իրավապահ մարմինների հետ` նրանց փոխանցելով իրենց հայտնի դարձած եւ այդ մարմինների իրավասությանը վերաբերող տեղեկությունները, բացառությամբ սույն օրենքով նախատեսված ոչնչացման ենթակա տեղեկությունների:

Հոդված 12. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցող անձինք

1. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների նախապատրաստմանն ու անցկացմանն անվճար կամ պայմանագրի հիման վրա վճարովի հիմունքներով կարող են ներգրավվել չափահաս եւ գործունակ անձինք` պահպանելով համագործակցության գաղտնիությունը: Համագործակցությունը հնարավոր է այդ անձանց համաձայնությամբ: Այդ անձինք պարտավոր են չհրապարակել համագործակցության առնչությամբ իրենց հայտնի դարձած տեղեկությունները, ինչպես նաեւ ակնհայտ կեղծ տեղեկություններ չտրամադրել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին: Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները պարտավոր են գաղտնի պահել իրենց մոտ գաղտնի հիմունքներով համագործակցող եւ համագործակցած անձանց անհատական տվյալները:

2. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձանց հավաքագրման, ներդրման եւ վճարման կարգը սահմանվում է այդ մարմինների նորմատիվ իրավական ակտերով:

3. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններն իրավունք չունեն օպերատիվ-հետախուզական գործունեության նախապատրաստմանն ու անցկացմանը որպես համագործակցող անձ ներգրավելու`

1) պատգամավորների.

2) նախարարների.

3) դատավորների.

4) ազգային անվտանգության մարմինների, ոստիկանության, զինված ուժերի աշխատակիցների, քրեակատարողական ծառայողների, բացառությամբ օրենքով սահմանված կարգով իրականացվող հակահետախուզական գործունեության իրականացման նպատակով ներգրավման, ինչպես նաեւ դատախազության եւ այլ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների:

Հոդված 13.   Օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների եւ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցող անձանց, նրանց ընտանիքի անդամների ու խնամքի տակ գտնվող անձանց անվտանգությունը եւ սոցիալական պաշտպանությունը

1. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցող անձինք ազատվում են հանցագործության կատարման համար քրեական պատասխանատվությունից` օրենքով սահմանված կարգով:

2. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները պարտավոր են ապահովել օպերատիվ-հետախուզական միջոցառումների նախապատրաստմանն ու անցկացմանը ներգրավված անձանց եւ նրանց ընտանիքի անդամների պաշտպանությունը, եթե առկա է նրանց կյանքին եւ առողջությանը սպառնացող իրական վտանգ, որը պայմանավորված է այդ մարմինների հետ նրանց համագործակցությամբ:

3. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցող, ինչպես նաեւ հանցագործությունների բացահայտմանն ու հանցագործների հայտնաբերմանն աջակցած անձինք կարող են ստանալ դրամական եւ այլ պարգեւատրումներ: Այդ պարգեւատրումների գումարները հարկման եւ հայտարարագրման ենթակա չեն:

4. Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնող մարմինների հետ գաղտնի համատեղ համագործակցող անձի` օպերատիվ-հետախուզական միջոցառմանը մասնակցելու հետեւանքով զոհվելու դեպքում նրա ընտանիքին եւ խնամքի տակ գտնվող անձանց պետական բյուջեի միջոցներից վճարվում է միանվագ նպաստ` զոհվածի ամսական դրամական բավարարման տասը տարվա գումարի չափով, եւ օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակվում է կերակրողին կորցնողի կենսաթոշակ: Իսկ եթե անձը նշված պայմաններում վիրավորվել է, ստացել է խեղում, կոնտուզիա կամ հաշմանդամություն, ապա պետական բյուջեի միջոցներից նրան վճարվում է միանվագ նպաստ` ամսական դրամական բավարարման հինգ տարվա գումարի չափով, եւ օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակվում է հաշմանդամության կենսաթոշակ:

5. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների պաշտոնատար անձանց` կազմակերպված հանցավոր խմբերում հատուկ առաջադրանքներ  կատարելու, ինչպես նաեւ հաստիքային գաղտնի աշխատակիցների կարգավիճակով ծառայության ժամանակահատվածը արտոնյալ հաշվարկով մտնում է օպերատիվ-հետախուզական   գործունեություն իրականացնող մարմնում ծառայության ընդհանուր ստաժի  մեջ, որի հաշվարկման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

ԳԼՈՒԽ 3

ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Հոդված 14. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների տեսակները

1. Օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում կարող են անցկացվել օպերատիվ-հետախուզական հետեւյալ միջոցառումները.

1) օպերատիվ հարցում.

2) օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում.

3) համեմատական հետազոտումների նմուշների հավաքում.

4) հսկիչ գնում.

5) վերահսկելի մատակարարում եւ գնում.

6) իրերի եւ փաստաթղթերի հետազոտում.

7) արտաքին դիտում.

8) ներքին դիտում.

9) անձի նույնացում.

10) շենքերի, կառույցների, տեղանքի, շինությունների եւ տրանսպորտային միջոցների հետազոտում.

11) նամակագրության, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների վերահսկում.

12) հեռախոսային խոսակցությունների վերահսկում.

13) օպերատիվ ներդրում.

14) օպերատիվ փորձարարություն.

15) ֆինանսական տվյալների մատչելիության ապահովում եւ ֆինանսական գործարքների գաղտնի վերահսկում.

16) կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումները սահմանվում են միայն օրենքով:

2. Ոստիկանությունն իրավունք ունի անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ,  6-րդ,  7-րդ,  8-րդ,  9-րդ,  10-րդ,  11-րդ,  12-րդ,  13-րդ,  14-րդ,  15-րդ եւ 16-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները:

3. Ազգային անվտանգության մարմիններն իրավունք ունեն անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ,  6-րդ,  7-րդ,  8-րդ,  9-րդ,  10-րդ,  11-րդ,  12-րդ,  13-րդ,  14-րդ,  15-րդ եւ 16-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները:

4. Մաքսային մարմիններն իրավունք ունեն անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ,  6-րդ,  7-րդ,  8-րդ,  9-րդ,  13-րդ եւ  14-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները:

5. Հարկային մարմիններն իրավունք ունեն անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ,  6-րդ,  7-րդ, 10-րդ, 13-րդ եւ 14-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները:

6.  Քրեակատարողական ծառայության մարմիններն իրավունք ունեն անցկացնելու սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ,  6-րդ,  7-րդ,  8-րդ,  9-րդ,  10-րդ,  11-րդ,  12-րդ, 13-րդ եւ 14-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները` միայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգի նախնական կալանքի վայրերում եւ ուղղիչ աշխատանքային հիմնարկների տարածքներում:

Հոդված 15. Օպերատիվ հարցումը

Հարցումը կատարված, նախապատրաստվող կամ կատարվող  հանցագործու՟թյունների, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում պարզաբանման ենթակա այլ հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ հավաքելն է` իրականում կամ հավանաբար այդպիսի տեղեկատվության տիրապետող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հարցեր տալու (հարցումներ անելու) եւ պատասխաններ ստանալու միջոցով:

Հոդված 16. Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերումը

Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերումը օպերատիվ-հետախուզական գործունեության խնդիրների իրականացման նպատակով օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող անձանց եւ փաստերի վերաբերյալ տեղեկությունների հավաքումն է:

Հոդված 17. Համեմատական հետազոտությունների համար նմուշների հավաքումը

 Համեմատական հետազոտությունների համար նմուշների հավաքումը համապատասխան նյութերի, առարկաների, իրերի, փաստաթղթերի եւ այլ նշումների հավաքումն է (ստացումն է)` անհրաժեշտ համեմատություններ եւ ուսումնասիրություններ կատարելու համար:

Հոդված 18. Հսկիչ գնումը

Հսկիչ գնումն իրականացվում է ստանդարտացման եւ չափումների միասնականության ապահովման օրենսդրության եւ հարկային հաշվառման կանոնների պահպանումը ստուգելու, ինչպես նաեւ հետագա հետազոտությունների նպատակով նմուշներ ստանալու, ապրանքների, ծառայությունների եւ աշխատանքների իրական գների բացահայտման համար:

Հոդված 19. Վերահսկելի մատակարարումը եւ գնումը

1. Վերահսկելի մատակարարումը եւ գնումը ապրանքների եւ ծառայությունների շրջանառության վերահսկումն է, այդ թվում` ապրանքներն ու ծառայությունները գնելու կամ այդպիսիք վաճառելու միջոցով հանցագործության մասնակիցներին պարզելու նպատակով:

2. Այն առարկաների, ապրանքների եւ արտադրանքի վերահսկելի մատակարարումը եւ գնումը, որոնց ազատ իրացումն արգելված է, կամ որոնց շրջանառությունը սահմանափակված է, իրականացվում են օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարի որոշման հիման վրա:

Հոդված 20. Իրերի եւ փաստաթղթերի հետազոտումը

Իրերի եւ փաստաթղթերի հետազոտումը դրանց զննումն է, հատկանիշների եւ բովանդակության բացահայտումը` տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց, ինչպես նաեւ հետազոտման արդյունքների ամրագրումը տեսանկարահանման, ձայնագրման,  լուսանկարահանման, էլեկտրոնային եւ այլ կրիչների միջոցով կամ առանց դրանց: Հետազոտման ընթացքում դրանից հետո ապահովվում է օբյեկտների եւ դրանց վրա եղած հետքերի պահպանությունը:

Հոդված 21. Արտաքին դիտումը

Արտաքին դիտումը, առանց բնակարանի անձեռնմխելիության խախտման, անձանց հետեւելը կամ առանձին դեպքերի եւ իրադարձությունների ընթացքի վերահսկումն է բաց տարածությունում կամ հասարակական վայրերում` հատուկ եւ այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց, ինչպես նաեւ դիտման արդյունքների ամրագրումը տեսանկարահանման, լուսանկարահանման, էլեկտրոնային եւ այլ կրիչների միջոցով կամ առանց դրանց:

Հոդված 22. Ներքին դիտումը

1. Ներքին դիտումը բնակարանում հատուկ եւ այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց անձին (անձանց) հետեւելն ու առանձին դեպքերի եւ իրադարձությունների ընթացքի վերահսկումն է, ինչպես նաեւ դիտման արդյունքների ամրագրումը տեսանկարահանման,  ձայնագրման, լուսանկարահանման, էլեկտրոնային եւ այլ կրիչների միջոցով կամ առանց դրանց:

2. Սույն օրենքում բնակարան հասկացությունը օգտագործվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իմաստով:

Հոդված 23. Անձի նույնացումը

Անձի նույնացումը օպերատիվ-հետախուզական նպատակներով նրա ինքնությունը պարզելն է արտաքին նշանների, մատնահետքերի եւ քրեագիտական այլ հետքերի հիման վրա:

Հոդված 24. Շենքերի, շինությունների, կառույցների, տեղանքի եւ տրանսպորտային միջոցների հետազոտումը

Շենքերի, շինությունների, կառույցների, տեղանքի եւ տրանսպորտային միջոցների հետազոտումը դրանց արտաքին զննումն է, հատկանիշների եւ այլ տեղեկությունների բացահայտումն է հատուկ եւ այլ տեխնիկական միջոցներով կամ առանց դրանց, ինչպես նաեւ հետազոտման արդյունքների ամրագրումը տեսանկարահանման, ձայնագրման, լուսանկարահանման, էլեկտրոնային եւ այլ կրիչների միջոցով կամ առանց դրանց:

Հոդված 25.  Նամակագրության, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների վերահսկումը

Նամակագրության, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների, այդ թվում` հեռապատճենի (ֆաքսի) վերահսկումը` տեխնիկական միջոցների օգտագործմամբ կամ առանց դրանց, փոխանցվող նամակների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների, այդ թվում` դրանց բովանդակության հետազոտումն է եւ դրանց արդյունքների ամրագրումը, ինչպես նաեւ նամակի, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումներն ուղարկող անձի նույնացումը նրա ձեռագրի միջոցով կամ այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ:

Հոդված 26. Հեռախոսային խոսակցությունների վերահսկումը

Հեռախոսային խոսակցությունների վերահսկումը հատուկ եւ այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ իրականացվող խոսակցությունների, այդ թվում` ինտերնետային հեռախոսային խոսակցությունների եւ էլեկտրոնային հաղորդումների գաղտնի վերահսկումն է, որը նշանակում է`

1) հեռախոսային ֆիքսված ցանցի դեպքում`

ա. հեռախոսային խոսակցության ձայնագրումը կամ դրա բովանդակության այլ ձեւով ամրագրումը,

բ. հեռախոսահամարի պարզումը,

գ. տվյալ հեռախոսահամարի բաժանորդի անհատական տվյալները, հեռախոսային խոսակցությունն սկսելու պահին եւ ընթացքում հաղորդակցվողների գտնվելու վայրը եւ տեղաշարժը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ հավաքելը եւ (կամ) ամրագրելը,

դ. հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում այն հեռախոսի համարի պարզումը, որի վրա փոխանցվել է զանգը.

2) բջջային հեռախոսային ցանցի դեպքում`

ա. հեռախոսային խոսակցության, ներառյալ` կարճ հաղորդագրությունների (sms) եւ ձայնային հաղորդագրությունների ձայնագրումը կամ դրանց բովանդակության այլ ձեւով ամրագրումը,

բ. հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը եւ ավարտը, հեռախոսահամարը, տվյալ հեռախոսահամարի բաժանորդի անհատական տվյալները, հեռախոսային խոսակցությունն սկսելու պահին եւ ընթացքում հաղորդակցվողների գտնվելու վայրը եւ տեղաշարժը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ հավաքելը եւ (կամ) ամրագրելը.

3) ինտերնետային հաղորդակցության, այդ թվում` ինտերնետային հեռախոսային խոսակցությունների եւ ինտերնետի միջոցով փոխանցվող էլեկտրոնային հաղորդումների դեպքում հաղորդման ձայնագրումը կամ դրա բովանդակության այլ ձեւով ամրագրումը, ինչպես նաեւ տվյալները, որոնց միջոցով կարող են պարզվել`

ա. ինտերնետային ցանցին միանալու եւ ցանցից դուրս գալու աշխարհագրական վայրը, օրը, ժամը եւ տեւողությունը, ներառյալ`  IP (ինտերնետ պրոտոկոլի) հասցեն,

բ. ինտերնետն օգտագործողի կամ բաժանորդի անունը եւ անհատականացման տվյալները (user ID),

գ. հեռախոսի համարը, որով նա միանում է ընդհանուր օգտագործման հեռախոսացանցին, ինտերնետային հասցեն, ինտերնետային հեռախոսային զանգն ստացողի անունը կամ այդ անձին վերաբերող փաuտերի, դեպքերի, հանգամանքների մաuին յուրաքանչյուր տվյալ այնպիuի տեuքով, որը թույլ է տալիu կամ կարող է թույլ տալ նույնականացնել նրա ինքնությունը:

Հոդված 27. Օպերատիվ ներդրումը

Օպերատիվ ներդրումը օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հաստիքային գաղտնի աշխատակիցների, ինչպես նաեւ այդ մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձանց գաղտնի ներդրումն է որոշակի մարմիններում, կազմակերպություններում կամ խմբավորումներում:

Հոդված 28. Օպերատիվ փորձարարությունը
 

Օպերատիվ փորձարարությունը որոշակի հանգամանքներում այս կամ այն իրադարձու՟թյունների կատարման հնարավորության ստուգումն է` օպերատիվ հետախուզական գործունեության ընթացքում պարզաբանման ենթակա հանգամանքների կամ դրանց մի մասի վերարտադրության միջոցով:

Հոդված 29. Ֆինանսական տվյալների մատչելիության ապահովումը եւ ֆինանսական գործարքների գաղտնի վերահսկումը

Ֆինանսական տվյալների մատչելիության ապահովումը եւ ֆինանսական գործարքների գաղտնի վերահսկումը բանկային կամ այլ ֆինանսական կազմակերպություններից բանկային եւ այլ տեսակի հաշիվների (ավանդների) վերաբերյալ տեղեկությունների ստացումն է, ինչպես նաեւ իրականացվող ֆինանսական գործարքների մշտական վերահսկումը առանց այն անձանց գիտության, որոնց վերաբերում են այդ գործարքները:

Հոդված 30. Կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակումը

1. Կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակումը` որպես օպերատիվ-հետախուզական միջոցառում, կարող է իրականացվել միայն կաշառք ստանալու կամ կաշառք տալու հանցագործության բացահայտման համար՝ բացառապես կաշառք ստանալու կամ կաշառք տալու առաջարկ ստացած անձի գրավոր հայտարարության հիման վրա:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված «կաշառք ստանալ» եւ «կաշառք տալ» հասկացությունները սույն օրենքում օգտագործվում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված իմաստով:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքները հավաստվում են բացառապես տեսանկարահանման կամ ձայնագրման միջոցով: Ընդ որում, տեսանկարահանումը կամ ձայնագրումը անձի բնակարանում իրականացվում է բացառապես դատարանի որոշմամբ:

ԳԼՈՒԽ 4

ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ: ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

Հոդված 31. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացմանը ներկայացվող ընդհանուր պահանջները

1. Հեռախոսային խոսակցությունների վերահսկումը ոստիկանության կամ քրեակա՟տարողական ծառայության մարմինների կողմից անցկացվում է` Ծառայության կողմից օպերատիվ-տեխնիկական պայմաններ ստեղծելով, այդ թվում` կապի ուղիների եւ միջոցների տրամադրումով, ոստիկանության կամ  քրեակատա՟րողական ծառայության մարմինների կողմից ստացվող տվյալների, տեղեկատվության եւ հաղորդումների անմիջական հսկմամբ եւ ամրագրմամբ, ընդ որում` բացառելով ազգային անվտանգության մարմինների եւ Ծառայության կողմից այդ տվյալների, տեղեկատվության եւ հաղորդումների հսկումը եւ (կամ) ամրագրումը:

2. Ինտերնետային ցանցով փոխանցվող հաղորդումների, միջազգային նամակագ՟րության, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների վերահսկումը ոստիկանության կամ քրեակա՟տարողական ծառայության մարմինների կողմից անցկացվում է` ազգային անվտանգության մարմինների կողմից օպերատիվ-տեխնիկական պայմաններ ստեղծելով, այդ թվում` կապի ուղիների եւ միջոցների տրամադրումով, ոստիկանության կամ  քրեակատա՟րողական ծառայության մարմինների կողմից ստացվող տվյալների, տեղեկատվության եւ հաղորդումների անմիջական հսկմամբ եւ ամրագրմամբ, ընդ որում` բացառելով ազգային անվտանգության մարմինների կողմից այդ տվյալների, տեղեկատվության եւ հաղորդումների հսկումը եւ (կամ) ամրագրումը:

3. Նամակագրության, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների վերահսկումը, բացառությամբ միջազգային նամակագրության, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդում՟ների փոխանցման, ոստիկանությունը եւ քրեակատարողական ծառայության մարմիններն իրավունք ունեն անցկացնելու ինչպես ինքնուրույն, այնպես էլ ազգային անվտանգության մարմինների կողմից կապի միջոցների տրամադրումով` սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:

4. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ, 12-րդ եւ 15-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները կարելի է անցկացնել միայն այն դեպքերում, երբ անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է ծանր եւ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ, եւ եթե կան հիմնավոր ապացույցներ, որ այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից սույն օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումն անհնարին է:

5. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելիս հեռահաղորդակցության եւ փոստային կապի կազմակերպությունները պարտավոր են Ծառայության պահանջով տրամադրել տեխնիկական համակարգեր եւ ստեղծել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու համար անհրաժեշտ այլ պայմաններ:

6. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելիս հեռահաղորդակցության եւ փոստային կապի կազմակերպությունները պարտավոր են ազգային անվտանգության մարմինների, իսկ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում ոստիկանության եւ քրեակատարողական ծառայության մարմինների պահանջով տրամադրել տեխնիկական համակարգեր եւ ստեղծել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու համար անհրաժեշտ այլ պայմաններ:

7. Արգելվում է անցկացնել սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ եւ 12-րդ կետերով նախատեսված օպերատիվ միջոցառումները, երբ անձը, որի նկատմամբ իրականացվելու է այդ միջոցառումը, հաղորդակցվում է իր փաստաբանի հետ:  Անհապաղ ոչնչացման են ենթակա սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ եւ 12-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման նպատակից անկախ պատճառով ստացված փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկությունները:

Հոդված 32. Հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ հետախուզական միջոցառման անցկացման ընթացակարգը

1. Հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելու իրավասություն ունեցող մարմինները, ներառյալ` ազգային անվտանգության մարմինները, հեռախոսային խոսակցության վերահսկում իրականացնելու նպատակով Ծառայություն են ներկայացնում դատարանի որոշման քաղվածքը, իսկ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում` օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի  ղեկավարի որոշումը: Քաղվածքը տրվում է դատարանի կողմից` նշված օպերատիվ-հետախուզական գործունեության վերաբերյալ որոշման հետ միաժամանակ, եւ այն պետք է պարունակի միայն վերահսկման ենթակա հեռախոսահամարը:

2. Այն դեպքերում, եթե սույն հոդվածով օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման հապաղումը կարող է հանգեցնել ահաբեկչության կատարման կամ Հայաստանի Հանրապետության պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգությանն սպառնացող իրադարձությունների կամ գործողությունների, ապա Ծառայությունը սույն հոդվածով նախատեսված կարգով ապահովում է այդ միջոցառումների իրականացումը, սակայն այդ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման միջնորդությամբ Ծառայությանը դիմած մարմինը պարտավոր է 48 ժամվա ընթացքում Ծառայություն ներկայացնել դրանց իրականացումը թույլատրելու կամ չթույլատրելու մասին դատարանի որոշման քաղվածքը:

3. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված` 48 ժամվա ընթացքում դատարանի թույլտվությունը չներկայացնելու կամ սույն հոդվածով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը չթույլատրելու մասին դատարանի որոշման քաղվածքը Ծառայություն ներկայացնելու դեպքում դրանց անցկացումն անմիջապես դադարեցվում է, իսկ արդեն ձեռք բերված տեղեկությունները եւ նյութերը միջոցառումն իրականացնող մարմնի կողմից ենթակա են անհապաղ ոչնչացման: Սույն մասով նախատեսված յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ Ծառայության ղեկավարը անհապաղ զեկուցում է Հայաստանի Հանրապետության Նախագահին:

4. Ծառայության ղեկավարը օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման իրավասություն ունեցող յուրաքանչյուր մարմնի կտրվածքով հաջորդ տարվա հունվարի 31-ից ոչ ուշ Հայաստանի Հանրապետության Նախագահին տարեկան հաշվետվություն է ներկայացնում, որը պարունակում է նախորդ տարվա ընթացքում`

1) սույն հոդվածով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ Ծառայություն ներկայացրած միջնորդությունների ընդհանուր թվաքանակը.

2) այն միջնորդությունների թվաքանակը, որ բերվել են առանց դատարանի որոշման քաղվածքի, եւ հետագայում քաղվածքը չի ներկայացվել.

3) այն միջնորդությունների թվաքանակը, որ բերվել են առանց դատարանի որոշման քաղվածքի, իսկ դատարանը հետագայում իր որոշմամբ չի թույլատրել նման օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը:

Հոդված 33. Օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման նկատմամբ անմիջական վերահսկողությունը

Սույն օրենքով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման նկատմամբ անմիջական վերահսկողություն է իրականացնում այդ միջոցառումներն անցկացնելու մասին որոշում կայացրած պաշտոնատար անձը, որը անձնական պատասխանատվություն է կրում օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման օրինականության համար:

Հոդված 34. Դատական վերահսկողությունը օպերատիվ-հետախուզական գործունեության նկատմամբ

1. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ, 12-րդ, 15-րդ եւ 16-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները, ինչպես նաեւ արտաքին դիտում օպերատիվ հետախուզական միջոցառումը, եթե արտաքին դիտման արդյունքների ամրագրումն առանց տեխնիկական միջոցների օգտագործման հնարավոր չէ, եւ անձը (անձինք), որի (որոնց) նկատմամբ իրականացվում է արտաքին դիտումը, ողջամտորեն չէր (չէին) կարող ենթադրել դրա անցկացման հնարավորության մասին, ապա կարող են անցկացվել միայն դատարանի թույլտվությամբ:

2. Սույն հոդվածով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման համար դատարանի թույլտվությունը ստանալու համար օպերատիվ ստորաբաժանման ղեկավարը օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարին ներկայացնում է օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին որոշումը եւ միջնորդությունը` օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու համար դատարան դիմելու վերաբերյալ: Որոշումը եւ դրան կցվող նյութերը դատարան է ներկայացնում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարը` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

3. Եթե օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման հապաղումը կարող է հանգեցնել ահաբեկչության կատարման կամ Հայաստանի Հանրապետության պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգությանն սպառնացող իրադարձությունների կամ գործողությունների, որոնց անցկացման համար սույն օրենքով պարտադիր է համարվում դատարանի թույլտվությունը, ապա օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարի որոշման հիման վրա թույլատրվում է նման միջոցառումների անցկացումը 48 ժամվա ընթացքում` այդ մասին Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ծանուցելով դատարանին: Եթե դատարանը բավարար չի համարում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման հիմքերը, ապա դրա անցկացումն անմիջապես դադարեցվում է, իսկ դրա արդյունքում ձեռք բերված տեղեկությունները եւ նյութերը անհապաղ ոչնչացվում են: Հակառակ դեպքում դատարանը որոշում է կայացնում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումը թույլատրելու մասին: Սույն մասի դրույթները չեն տարածվում սույն օրենքի  14-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ 32-րդ հոդվածով նախատեսված հարաբերությունների նկատմամբ:

Հոդված 35. Դատախազական հսկողությունը օպերատիվ-հետախուզական գործունեության նկատմամբ

1. Նախաքննության եւ հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելիս դատախազը հսկողություն է իրականացնում օպերատիվ-հետախուզական գործունեության օրինականության նկատմամբ` օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում: Դատախազի կողմից հսկողության ենթակա չեն օպերատիվ-հետախուզական գործունեության կազմակերպման եւ իրականացման եղանակները:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված լիազորություններն իրականացնելիս դատախազի պահանջով օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների ղեկավարները պարտավոր են նրան ներկայացնել այդ միջոցառումների անցկացման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը եւ այլ անհրաժեշտ տեղեկատվություն: Դատախազը պարտավոր է ապահովել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների` իրեն ներկայացրած փաստաթղթերի եւ տեղեկությունների գաղտնիությունը:

3. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հաստիքային աշխատակիցների եւ այդ մարմինների հետ գաղտնի համագործակցող անձանց վերաբերյալ տեղեկությունները դատախազին ներկայացվում են միայն այդ անձանց համաձայնությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ առաջ է գալիս նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը:

ԳԼՈՒԽ 5

 ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

Հոդված 36.  Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու մասին որոշման հիմքերը

1. Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն անցկացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի որոշման հիման վրա, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

2. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման որոշում կայացնելու հիմք են դատախազի գրավոր ցուցումները, քննիչի, հետաքննության մարմնի եւ դատարանի որոշումները` իրենց վարույթում գտնվող քրեական գործերով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ օպերատիվ-ստորաբաժանման աշխատակցի պատճառաբանված միջնորդությունը:

Հոդված 37. Oպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ օպերատիվ-ստորաբաժանման աշխատակցի պատճառաբանված միջնորդությունը եւ դրա քննարկման կարգը

1. Oպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ օպերատիվ-ստորաբաժանման աշխատակցի պատճառաբանված միջնորդության մեջ պետք է նշվեն`

1) օպերատիվ-հետախուզական այն միջոցառումը (միջոցառումները), որ (որոնք) նախատեսվում է (են)  անցկացնել.

2) օպերատիվ-հետախուզական միջոցառման կամ միջոցառումների անցկացման հիմքերը.

3) տվյալ տեսակի միջոցառումն անցկացնելու  անհրաժեշտությունը հիմնավորող հանգամանքները.

4) այն տեղեկատվությունը, նյութերը կամ փաստաթղթերը, որոնք նախատեսվում են ստանալ դրա հետեւանքով.

5) միջոցառման կամ միջոցառումների անցկացման տեղը, սկիզբը եւ ավարտը:

2. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու վերաբերյալ միջնորդությունը պետք է պարունակի նաեւ այն հեռախոսահամարը (հեռախոսահամարները), որը (որոնք) լսվելու է (են):

3. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու վերաբերյալ միջնորդությունը պետք է պարունակի նաեւ փոստային կամ էլեկտրոնային հասցեն, որը վերահսկվելու է, որոնողական հետաքրքրություն ներկայացնող բառերը կամ բառակապակցությունները (փոստային առաքումների եւ այլ հաղորդումների վերահսկման դեպքում փոստային կամ էլեկտրոնային հասցեի, որոնողական հետաքրքրություն ներկայացնող բառերի կամ բառակապակցությունների բացակայության դեպքում կարող են ներկայացվել անձի ձեռագրի նմուշը կամ այդ անձին նույնացնելու համար բավարար այլ հատկանիշներ, որի նամակագրության, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումները պետք է վերահսկվեն):

4. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով նախատեսված օպերատիվ- հետախուզական միջոցառումն անցկացնելու վերաբերյալ միջնորդությունը պետք է պարունակի նաեւ վերահսկվող բանկային հաշվի (ավանդի) տվյալները, տվյալներ այն ֆինանսական գործարքների վերաբերյալ, որոնք պետք է վերահսկվեն, ինչպես նաեւ այն անձանց անհատական տվյալները, որոնց վերաբերում են այդ գործարքները, կամ որոնց պատկանում է բանկային հաշիվը:

5. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով նախատեսված օպերատիվ- հետախուզական միջոցառումն անցկացնելու վերաբերյալ միջնորդությանը կից պետք է ներկայացվի նաեւ կաշառք ստանալու կամ կաշառք տալու առաջարկության վերաբերյալ համապատասխան անձի հայտարարությունը:

6. Օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու հիմքերի բավարար լինելը ստուգելու համար օպերատիվ ստորաբաժանման ղեկավարը կարող է միջնորդությունը ներկայացրած օպերատիվ ստորաբաժանման աշխատակցից պահանջել բացատ՟րություններ եւ լրացուցիչ այլ նյութեր:

7. Միջնորդությունը քննարկում է օպերատիվ ստորաբաժանման ղեկավարը միանձնյա` միջնորդություն ներկայացրած աշխատակցի մասնակցությամբ:

Հարցի քննարկումից հետո օպերատիվ ստորաբաժանման ղեկավարը որոշում է կայացնում օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելը թույլատրելու կամ միջնորդությունը մերժելու մասին` որոշման մեջ նշելով բավարարման կամ մերժման հիմքերը:

8. Այն դեպքերում, երբ օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման հապաղումը կարող է հանգեցնել ահաբեկչության կատարման, կամ հնարավոր են Հայաստանի Հանրապետության պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգությանն սպառնացող իրադարձություններ կամ գործողություններ, ապա թույլատրվում է նման միջոցառումների անցկացումը` այդ մասին 6 ժամվա ընթացքում տեղյակ պահելով օպերատիվ ստորաբաժանման ղեկավարին: Եթե օպերատիվ ստորաբաժանման ղեկավարը բավարար չի համարում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման հիմքերը, ապա դրա անցկացումն անմիջապես դադարեցվում է, իսկ դրա հետեւանքով ձեռք բերված տեղեկությունները եւ նյութերը անհապաղ ոչնչացվում են: Հակառակ դեպքում օպերատիվ ստորաբաժանման ղեկավարը տեղեկացվելուց հետո`  մեկ ժամվա ընթացքում, որոշում է կայացնում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումը թույլատրելու մասին: Սույն մասի դրույթները չեն տարածվում հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման, ինչպես նաեւ այն օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ընթացքում ծագող հարաբերությունների վրա, որոնք կարող են անցկացվել միայն դատարանի թույլտվությամբ:

Հոդված 38. Օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին որոշումը

1. Օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին որոշման մեջ պետք է նշվեն սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված բոլոր տեղեկությունները, ինչպես նաեւ որոշումը կայացրած օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի անունը, ազգանունը եւ պաշտոնը, թե այդ միջոցառումն ում վրա է տարածվում, որոշում կատարելու համար իրավասու օպերատիվ ստորաբաժանման աշխատակցի անունը, ազգանունը եւ պաշտոնը:

2. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինն իրավունք չունի իրականացնելու այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված չեն օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու մասին որոշմամբ:

3. Եթե օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ընթացքում այն անձի վերաբերյալ, ում նկատմամբ այդ միջոցառումներն իրականացվում են, ձեռք են բերվել տեղեկություններ, նյութեր եւ փաստաթղթեր, որոնց ստացումը նախատեսված չէր տվյալ միջոցառումներն անցկացնելու մասին որոշմամբ, ապա դրանք չեն հանդիսանում ապացույցներ եւ ենթակա են ոչնչացման, բացառությամբ այն դեպքերի, երբ`

1) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները գործել են բարեխղճորեն, եւ

2) ստացված տեղեկությունները պարունակում են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կամ դրա նախապատրաստման վերաբերյալ տեղեկություններ, եւ

3) այդ տեղեկությունների ձեռքբերման համար սույն օրենքով թույլատրվում է իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումը: Սույն մասով նախատեսված տեղեկությունների, նյութերի եւ փաստաթղթերի վերաբերյալ կազմվում է առանձին արձանագրություն:

Հոդված 39. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ժամկետները

1. Օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին որոշման ժամկետի հաշվարկումը սկսվում է դրա ընդունման օրից եւ չի կարող 2 ամսից ավելի լինել: Որոշման ժամկետը կարող է երկարաձգվել օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման մասին որոշման ընդունման համար սույն օրենքով սահմանված կարգով:

2. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ, 12-րդ եւ 15-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաեւ սույն օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքում արտաքին դիտում օպերատիվ- հետախուզական միջոցառման իրականացման ընդհանուր ժամկետը չի կարող 12 ամսից ավելի տեւել:

3. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով նախատեսված  օպերատիվ-հետախուզական միջոցառումը նույն անձի նկատմամբ նույն անձի կողմից տրված նույն հայտարարության հիման վրա կարող է իրականացվել միայն մեկ անգամ:

ԳԼՈՒԽ 6

 ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

Հոդված 40. Օպերատիվ-հետախուզական գործունեության  արդյունքների օգտագործումը

1. Օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքները, որոնք ձեռք են բերվել սույն օրենքով սահմանված կարգով, հանդիսանում են ապացույցներ, բացառությամբ սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 6-րդ  եւ 9-րդ  կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների:

2. Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արձանագրում է դրանք անցկացնող պաշտոնատար անձը: Արձանագրությունում պետք է նշվեն օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման տեղը, ժամանակը, հանգամանքները, օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող օպերատիվ աշխատակցի, օպերատիվ-հետախուզական միջոցառման այլ մասնակիցների անունները, ազգանունները, պաշտոնները, ինչպես նաեւ այն անձանց (կամ նրանց օրինական ներկայացուցիչների) անունները եւ ազգանունները, որոնց վրա տարածվում են օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում ձեռնարկված բոլոր գործողությունները այն հաջորդականությամբ, ինչպես որ դրանք կատարվել են, կիրառված գիտատեխնիկական մեթոդները եւ միջոցները, ինչպես նաեւ միջոցառման հետեւանքով ձեռք բերված տեղեկությունները, նյութերը եւ փաստաթղթերը: Արձանագրությունը ստորագրում է օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող պաշտոնատար անձը (անձինք):

3. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները քրեական վարույթն իրականացնող մարմիններին ներկայացնելու կարգը սահմանվում է օրենքով եւ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների իրավական ակտերով: Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինը սույն օրենքով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ստացված տեղեկատվությունը կարող է փոխանցել միայն քրեական վարույթ կամ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող այլ մարմինների` նրանց խնդրանքով օրենքով իրենց վերապահված կոնկրետ լիազորության իրականացման համար, բացառությամբ սույն օրենքով սահմանված ոչնչացման ենթակա տեղեկությունների:

4. Եթե օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ընթացքում ձեռք են բերվում այնպիսի տեղեկություններ, նյութեր եւ փաստաթղթեր, որոնք չեն վերաբերում այն անձին, որի նկատմամբ իրականացվում են այդ միջոցառումները, եւ որոնց ստացումը նախատեսված չէր տվյալ միջոցառումներն անցկացնելու մասին որոշմամբ, ապա դրանք չեն հանդիսանում ապացույցներ եւ ենթակա են ոչնչացման, բացառությամբ, եթե`

1) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները գործել են բարեխղճորեն, եւ

2) ստացված տեղեկությունները պարունակում են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կամ դրա նախապատրաստման վերաբերյալ տեղեկություններ, եւ

3) այդ տեղեկությունների ձեռքբերման համար սույն օրենքով թույլատրվում է իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումը: Սույն մասով նախատեսված տեղեկությունների, նյութերի եւ փաստաթղթերի վերաբերյալ կազմվում է առանձին արձանագրություն:

Հոդված 41. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների մասին տեղեկությունների պաշտպանությունը

1. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների ուժերի, միջոցների ու աղբյուրների, մեթոդների, պլանների, այդ միջոցառումների արդյունքների,  դրանց ֆինանսավորման, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հաստիքային գաղտնի աշխատակիցների, ինչպես նաեւ այդ մարմինների հետ գաղտնիության հիման վրա համագործակցող եւ համագործակցած անձանց մասին տեղեկությունները հանդիսանում են պետական գաղտնիք:

2. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հաստիքային գաղտնի աշխատակիցների եւ այդ մարմինների հետ գաղտնիության հիման վրա համագործակցող անձանց մասին տեղեկությունների հրապարակումը թույլատրվում է միայն նրանց գրավոր համաձայնությամբ կամ օրենքով նախատեսված դեպքերում` պետական գաղտնիքի հրապարակման համար օրենքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 7

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹ

Հոդված 42. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: