Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-122-12.09.2007-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-66-Ն օրենքի 1-ին հոդվածի «20000 դրամ» բառերը փոխարինել «30000 դրամ» բառերով:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի

ա) 2-րդ պարբերության «116 դրամ» բառերը փոխարինել «174 դրամ» բառերով,

բ) 3-րդ պարբերության «126 դրամ» բառերը փոխարինել «192 դրամ» բառերով,

գ) 4-րդ պարբերության «194 դրամ» բառերը փոխարինել «288 դրամ» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Առաջարկության անհրաժեշտությունը պայմանավորվում է հետեւյալ հանգամանքներով`

Համաձայն «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, 2007 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձը սահմանված է 20000 դրամ: Սակայն Հայաստանի Հանրապետության 2007 թվականի առաջին երկու եռամսյակների ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ ընթացիկ տարվա պետական բյուջեի հարկային եկամուտների եւ պետական տուրքերի ընդհանուր ծավալը գերազանցում է նախատեսված մակարդակը` 25 մլրդ դրամով: Հիմք ընդունելով Աշխատանքի միջազգային կազմակերպության Գլխավոր խորհրդաժողովի կողմից «Նվազագույն աշխատավարձի սահմանման մասին» Կոնվենցիայի 3-րդ հոդվածի  «ա» ենթակետի պահանջները, որոնք մասնավորապես ներկայացված են այսպես. «Նվազագույն աշխատավարձի մակարդակի սահմանման ժամանակ հաշվի առնվող գործոնները, որքանով հնարավոր է եւ ընդունելի ազգային գործելակերպին ու պայմաններին համապատասխան, ներառում են.

ա/ աշխատողների եւ նրանց ընտանիքների պահանջմունքները` ուշադրության առնելով երկրում ընդունված աշխատավարձի ընդհանուր մակարդակը, կենսապահովման նվազագույն ծախսերը, սոցիալական նպաստները եւ սոցիալական այլ խմբերի կյանքի համեմատական մակարդակը», իրատեսական ենք համարում 2008 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում նվազագույն աշխատավարձը սահմանել 30000 դրամ, որը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսային մասը կավելացնի շուրջ 12 մլրդ դրամով:

Նշված փոփոխության համար հիմք են հանդիսանում նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության կողմից ներկայացված` կենսապահովման նվազագույն զամբյուղի ու կենսապահովման նվազագույն բյուջեի ցուցանիշները, ինչպես նաեւ «Կենսապահովման նվազագույն զամբյուղի եւ կենսապահովման նվազագույն բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի երրորդ կետը (ընդունված16.03.2004թ. ՀՕ-53):

Նշված փոփոխությունները հնարավորություն կընձեռեն ձեւավորել բավարար հիմքեր` իրագործելու սոցիալական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ծրագրերը, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված` Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրով նախատեսված դրույթները: Սույն օրենքի ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում աղքատության հաղթահարման գործում պետական հետեւողական քաղաքականության իրականացմանը: