Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-128-18.09.2007-ՄԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 2.   Սույն օրենքը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27-րդ եւ Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքներին:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով յուրաքանչյուր անձի հետապնդումը կոպտորեն խախտում է նրա ազատ արտահայտվելու իրավունքը: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածը սահմանում է` «պետությունն ապահովում է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի uկզբունքներին ու նորմերին համապատաuխան »:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27-րդ հոդվածի համաձայն` «յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք .»:

ՀՀ Սահմանադրության 27-րդ եւ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածները պաշտպանում են արտահայտվելու ազատությունը, որն իր մեջ պարունակում է այլ անձանց շահերը վնասելու ռիսկ կամ ուղղակիորեն վնասում է այլ անձանց: Անձանց կարծիքները, գաղափարները, մտքերն ու մտորումների վերարտադրությունը կարող են եւ անցանկալի լինել ոմանց կամ պետական որոշ կառույցների համար: Այդուհանդերձ` պետք է մտապահել այն իրողությունը, որ մեծամասնության կամ անձանց խմբի կողմից կիսվող կարծիքները, որպես կանոն, չունեն պետության կողմից միջամտության ռիսկ: Հենց այդ պատճառով էլ ՀՀ Սահմանադրության 27-րդ եւ Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածները ներառում են նաեւ այն տեղեկատվության եւ կարծիքների պաշտպանությունը, որոնք արտահայտվել են ոչ մեծաթիվ խմբերի կամ առանձին անձանց կողմից, եթե նույնիսկ նման արտահայտումը կարող է ցնցել կամ անհանգստացնել մեծամասնությանը: Մասնավոր կարծիքների նկատմամբ հանդուրժողականությունը ժողովրդավարական քաղաքական համակարգի կարեւոր բաղկացուցիչն է:

Սեփական կարծիք ունենալը անձի բացարձակ իրավունքն է, որը ենթակա չէ սահմանափակման նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, քանի որ դրա սահմանափակման բացառումը Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններով նախատեսված նվազագույն երաշխիքն է: Չնայած մտքերի եւ գաղափարների արտահայտման բնույթին, յուրաքանչյուր անձ օժտված է իր կարծիքն ունենալու, այն արտահայտելու եւ տարածելու սահմանադրական իրավունքով` այն հիմնավորմամբ, որ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածը եւ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի առաջին մասը «պաշտպանում են ոչ միայն տեղեկատվությունը կամ գաղափարները, որոնք ընդունվում են դրականորեն կամ գնահատվում են որպես անվնաս կամ ընդունվում են անտարբերությամբ, այլեւ այնպիսիները, որոնք վիրավորում են, ցնցում են կամ անհանգստություն են առաջացնում պետությանը կամ մարդկանց ինչ-որ խմբի: Սրանք բազմակարծության եւ հանդուրժողականության պահանջներն են, առանց որոնց ժողովրդավարական հասարակությունը գոյություն ունենալ չի կարող :» (տես` Մարդու  իրավունքների Եվրոպական դատարանի վճիռները` Հենդիսայթն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1976թ., Լինգենսն ընդդեմ Ավստրիայի, 1986թ., Օբերշլիկն ընդդեմ Ավստրիայի, 1991թ. ):

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը չի բավարարում իրավական որոշակիության սկզբունքի պահանջները, ուստիեւ չի համարվում «օրենք»:  Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը որոշելու (հաստատելու) համար անհրաժեշտ է պարզել հետեւյալ արտահայտությունների եւ բառերի իմաստային նշանակությունը` «պետական իշխանություն», «բռնություն», «զավթել», «կոչ» եւ դրանց փոխկապակցված դերակատարությունը օրենքի նախադասությունում:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան` օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման հիման վրա »: Այսպիսով` սահմանվում է, որ պետական իշխանությունը երեք հավասարակշիռ ճյուղերի` օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների ամբողջություն է: Այլ կերպ ասած` այս երեք ճյուղերի ամբողջությունն է կազմում պետական իշխանությունը:

Ըստ «Արդի հայերենի բացատրական բառարանի» (Է.Աղայան, «Արդի հայերենի բացատրական բառարան», «Հայաստան» հրատարակչություն, Երեւան-1976թ.),

ԿՈՉ` նշանակում է ժողովրդական զանգվածներին ուղղված գրավոր կամ բանավոր դիմում,

ԿՈՉԵԼ` հրավիրել,

ԲՌՆՈՒԹՅՈՒՆ` ֆիզիկական ուժ գործադրելը,

ԶԱՎԹԵԼ` զենքի ուժով տիրել, նվաճել:

Վերոգրյալից հետեւում է, որ «պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն  ուղղված հրապարակային կոչը» անձանց ուղղված օրենսդիր, գործադիր, դատական իշխանություն(ներ)ը ֆիզիկական, զենքի ուժի գործադրմամբ տիրելու կամ նվաճել հրահրելու հրավեր է:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի դիսպոզիցիայում «պետական իշխանությունը բռնությամբ զավթել» եւ «հրապարակային կոչ» արտահայտություններն օգտագործելիս դրանց իմաստային նշանակությունը անորոշ է եւ տարակարծիք մեկնաբանությունների տեղիք է տալիս: Այս հոդվածում օգտագործվել են այնպիսի արտահայտություններ, որոնք որոշակի չեն, օրինակ` մի դեպքում «պետական իշխանություն» ասելիս հասկացվում է օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների ամբողջություն, մյուս դեպքում հստակ չէ, թե ինչ ասել է «օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունները բռնությամբ զավթել»-ը: Հարց է առաջանում` ինչպե՞ս է, օրինակ, հնարավոր դատական իշխանությունը զավթել եւ, ընդհանրապես, հնարավո՞ր է արդյոք դա:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը չի բավարարում իրավական որոշակիության պահանջը: Հետեւապես, Սահմանադրության 43-րդ հոդվածի եւ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը չի կարող համարվել արտահայտվելու ազատության իրականացմանը «օրենքով նախատեսված» միջամտություն:

Իրավական որոշակիությունը իրավունքի հիմնարար սկզբունքներից է, որի էությունն այն է, որ եթե յուրաքանչյուր անձ պետք է ենթարկվի օրենքին եւ իր վարքագիծը համաձայնեցնի նրա պահանջներին, ապա ակնհայտ է, որ այդ պահանջները պետք է որոշակի լինեն: Ցանկացած անհստակություն այս իմաստով անձին դնում է խիստ ծանր կացության մեջ, քանզի հայտնի չէ` ինչ եւ ինչպես (չ)կատարել: Իրավական նորմի որոշակիության, հստակության պահանջը բխում է օրենքի առջեւ բոլորի հավասարության սահմանադրական սկզբունքից, քանի որ այդ հավասարությունը կարող է ապահովվել բացառապես պայմանով` եթե բոլոր իրավակիրառողների կողմից այս կամ այն իրավական նորմի պահանջն ընկալվի եւ մեկնաբանվի միատեսակ:

Իրավական նորմի բովանդակության անորոշությունը, անհստակությունը դրա կիրառման հայեցողության անսահմանափակ հնարավորություն են ստեղծում` հանգեցնելով կամայականության, հետեւապես` օրենքի առջեւ հավասարության եւ իրավունքի գերակայության սկզբունքների խախտման:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը հստակ եւ մատչելի կերպով չի սահմանում, թե ինչ ասել է` «պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված հրապարակային կոչեր»: Դրա անորոշությունը եւ անհստակությունը թույլ չեն տալիս անձանց կողմնորոշվելու, թե ինչպիսի հանգամանքների, դեպքերի նկատմամբ այն կարող է կիրառվել, եւ զրկում են անձին դրա հետ իր վարքագիծը համատեղելու հնարավորությունից: Անորոշ է, թե ինչ ասել է «կոչ» եւ որոնք են այն չափորոշիչները, որոնք հնարավորություն կտային հստակ սահմանազատում (տարբերակում) անցկացնել «կոչ»-ի եւ «կարծիք»-ի միջեւ: Խնդրո առարկա նորմի անհստակությունը հնարավորություն է ընձեռում այն կամայականորեն, ընտրողաբար կիրառելու ընդդիմադիր քաղաքական հայացքներ դավանող, իշխանությունների համար ոչ ցանկալի գործիչների նկատմամբ եւ ծառայում է իբրեւ քաղաքական հաշվեհարդարի գործիք:

Արտահայտվելու ազատության իրականացմանը միջամտությունը «օրենքով նախատեսված» լինելու պահանջի վերաբերյալ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը բազմաթիվ գործերով նշել է, որ «օրենքը» պետք է լինի մատչելի եւ կանխատեսելի: Այսպես, Սանդի Թայմսն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով կայացված վճռում նշված է` «Նախ, «օրենքը» պետք է լինի մատչելի. քաղաքացիները պետք է հանգամանքներին համապատասխան հնարավորություն ունենան կողմնորոշվելու, թե ինչպիսի իրավական նորմեր են կիրառվում տվյալ դեպքի նկատմամբ: Բացի դրանից, նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձեւակերպված չէ բավարար աստիճանի հստակությամբ, ինչը քաղաքացուն հնարավորություն կտար համատեղելու դրա հետ իր վարքագիծը. քաղաքացին պետք է հնարավորություն ունենա կանխատեսելու այն հետեւանքները, որոնց կհանգեցնի տվյալ գործողությունը »:

Առավել ուշագրավ է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դատավոր Դը Մեյերի սույն վճռին համընկնող եւ առանձին կարծիքն առ այն, որ «չկա որեւէ հիմք եւ հիմնավորում, որպեսզի պետական հաստատություններն ունենան առավել պաշտպանվածություն, քան անհատն այնպես, ինչպես կառավարության հեղինակությունը ենթակա չէ պաշտպանության առավել, քան ընդդիմությանը » (արտահայտված նույն վճռին կից` 1992թ.-ին):

Քաղաքական պայքարում կամ հասարակական հետաքրքրություն ներկայացնող հարցերում կամ քաղաքական բանավեճերի կամ ընտրական արշավներում, կամ երբ քննադատությունը ուղղված է կառավարությանը կամ քաղաքական գործիչներին կամ պետական մարմիններին կտրուկ կամ սուր քննադատական դիտողություններն անսպասելի չեն համարվում եւ, ինչպես ցույց է տալիս Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի փորձի ուսումնասիրությունը, այն դրանց վերաբերում է առավել ընդգծված հանդուրժողականությամբ: Օրինակ` գործերից մեկով Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը  հայտարարել է, որ, թեեւ լրագրողի կողմից գրված հոդվածները պարունակել են կտրուկ եւ խիստ արտահայտություններ, այդուհանդերձ դա չի կարող դիտվել ոչ իրավաչափ, եթե նկատի առնվի դրա նպատակը, այն է` ոստիկանության բարեփոխման կոչը (տես վճիռ` Տորգիերսոն ընդդեմ Իսլանդիայի, 1992թ.) :

Խոսելով այն մասին, թե որքանով է ընդունելի սուր, կտրուկ արտահայտված մտքերի, կառավարող շրջանակների կողմից անընդունելի գաղափարների արտահայտումը, հասարակական հուզումներ առաջացնող կոչերի եւ հայտարարությունների կատարումը համահունչ ժողովրդավարական հասարակության գոյության եւ կենսագործունեության հիմնական սկզբունքներին, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը իր վճիռներից մեկում նշել է, որ արտահայտվելու ազատությունը չի կարող սահմանափակվել միայն ընդունելի կամ չեզոք կամ անվնաս ընկալվող տեղեկատվությամբ կամ հայացքներով, այն հավասարապես վերաբերում է նաեւ այնպիսի տեղեկատվությանը եւ հայացքներին, որոնք կարող են հանգեցնել վիրավորանքի կամ հուզումների: Այս է հանդուրժողականության եւ բազմակարծության պահանջը, առանց որի չի կարող լինել ժողովրդավարություն (Հենդիսայթն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1986թ.) :