Հոդված 1. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել նոր 51 գլխով, հետեւյալ բովանդակությամբ.
Հոդված 26. Բարձրագույն եւ հետբուհական ուսումնական հաստատությունների ուսանողական աշխատանքային ջոկատները եւ նրանց խնդիրները
1. Բարձրագույն ուսումնական հաստատության ուսանողական աշխատանքային ջոկատը մասնագիտական որակների բարելավման եւ դրանք գործնականում օգտագործելու նպատակով ստեղծվող ժամանակավոր երիտասարդական աշխատանքային կոլեկտիվ է, որում կարող են ընդգրկվել բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները:
2. Որպես ազգային տնտեսության մեջ երիտասարդության մասնակցության կարեւոր ձեւ, ուսանողական աշխատանքային ջոկատների խնդիրներն են.
ա) ապագա մասնագետների մասնագիտական դաստիարակությանը եւ կայացմանը նպաստելը, երիտասարդ մասնագետների մասնագիտական որակների բարձրացումը,
բ) ուսանողների միջեւ առողջ մրցակցության ձեւավորումը, սոցիալական եւ մասնագիտական ակտիվության բարձրացումը,
գ) ստեղծագործական կարողությունների ձեւավորումը եւ դրսեւորումը,
դ) քաղաքացիական եւ աշխատանքային կարգապահության դաստիարակումը,
ե) ուսանողների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը:
Հոդված 27. Ուսանողական աշխատանքային ջոկատների կազմակերպման եւ գործունեության սկզբունքները, իրականացվող աշխատանքները
Ուսանողական աշխատանքային ջոկատների կազմակերպման եւ գործունեության հիմքում ընկած են հետեւյալ սկզբունքները
ա) ուսանողական աշխատանքային ջոկատներում ներգրավման կամավորությունը,
բ) ուսանողական աշխատանքային ջոկատների գործունեության ժամանակավոր բնույթը,
գ) ուսանողական աշխատանքային ջոկատների ղեկավար մարմինների ընտրովիության եւ նշանակովիության սկզբունքների համադրումը,
դ) ստորադաս ենթակայությունը:
2. Ուսանողական աշխատանքային ջոկատները կարող են իրականացնել ցանկացած տիպի ծառայությունների մատուցման, շինարարական, բարեկարգման, բերքահավաքային, գիտական եւ այլ աշխատանքներ: Արգելվում է ուսանողական աշխատանքային ջոկատների կողմից այնպիսի աշխատանքների իրականացումը, որոնք վտանգ են ստեղծում կյանքի եւ առողջության համար:
Հոդված 28. Ուսանողական աշխատանքային ջոկատների կազմավորումը եւ անդամները
Խորհրդակցելով ֆակուլտետի վարչակազմի հետ` ուսանողական աշխատանքային ջոկատներում անդամագրումն իրականացնում է ուսանողական աշխատանքային ջոկատների բուհական շտաբը` անձնական դիմումի հիման վրա:
Ուսանողական աշխատանքային ջոկատները կազմավորվում են` հաշվի առնելով բուհում ուսանողի մասնագիտական ուղղվածությունը: Ուսանողն իր ցանկությամբ կարող է ներգրավվել նաեւ այլ ուղղվածությամբ ուսանողական աշխատանքային ջոկատների աշխատանքներին:
Ուսանողական աշխատանքային ջոկատներ կազմավորելիս նախապատվությունը տրվում է միեւնույն ֆակուլտետի ուսանողներից կազմված ջոկատներին:
Ուսանողական աշխատանքային ջոկատների բուհական շտաբերի որոշմամբ կարող են ստեղծվել տարբեր ֆակուլտետների, ինչպես նաեւ տարբեր բուհերի ուսանողներից կազմված ջոկատներ:
Հոդված 29. Ուսանողական աշխատանքային ջոկատների բուհական շտաբերը
Ուսանողական աշխատանքային ջոկատների բուհական շտաբերը բուհերի կազմում ստեղծված ստորաբաժանումներ են, որոնք համագործակցելով ֆակուլտետների վարչակազմի, բուհական արհմիութենական կոմիտեների, ուսանողական խորհուրդների հետ`
ա) իրականացնում են ուսանողների անդամագրում ուսանողական աշխատանքային ջոկատներում,
բ) կազմում եւ հաստատում են կանոնավոր ջոկատների հրամանատարների եւ քարտուղարների վերապատրաստման ծրագրերը, կազմակերպում են օրինակելի ջոկատների հրամանատարների եւ քարտուղարների վերապատրաստումը,
գ) խորհրդակցելով ֆակուլտետի վարչակազմի հետ` հաստատում են կանոնավոր ջոկատի անդամների կողմից ընտրված հրամանատարին եւ քարտուղարին,
դ) հրավիրում եւ անցկացնում են օրինակելի ջոկատի անդամների առաջին ընդհանուր ժողովը,
ե) համաձայնություններ են ձեռք բերում կազմակերպությունների, անհատ ձեռներեցների եւ քաղաքացիների հետ ջոկատների կողմից աշխատանքային գործունեություն ծավալելու վերաբերյալ,
զ) տեղաբաշխում են ջոկատներն ըստ կայացված համաձայնությունների,
է) օտարերկրյա կազմակերպությունների հետ համաձայնություններ ձեռք բերելու համար համագործակցում են ՀՀ Արտաքին գործերի նախարարության հետ,
ը) վերահսկողություն են իրականացնում աշխատանքների պատշաճ կատարման նկատմամբ, լսում կանոնավոր ջոկատի ղեկավարի զեկույցը,
թ) իրականացնում են սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
Հոդված 30. Ուսանողական աշխատանքային օրիանկելի ջոկատը եւ ընդհանուր ժողովը
1. Ուսանողական աշխատանքային ջոկատների հիմնական կառուցվածքային օղակը ուսանողական աշխատանքային օրինակելի ջոկատն է (այսուհետ` կանոնավոր ջոկատ), որն իրականացնում է աշխատանքային գործունեություն կազմակերպության հետ կնքած պայմանագրին համապատասխան:
2. Օրինակելի ջոկատի ղեկավար մարմիններն են` օրինակելի ջոկատի անդամների ընդհանուր ժողովը (այսուհետ` ընդհանուր ժողով), հրամանատարը, քարտուղարը, իսկ հատուկ մասնագիտացում պահանջող աշխատանքներ իրականացնելիս` օրինակելի ջոկատի կազմում ընդգրկված տվյալ բնագավառի փորձառու մասնագետները:
3.Օրինակելի ջոկատի օպերատիվ կառավարման համար ընդհանուր ժողովի որոշմամբ կարող է ստեղծվել օրինակելի ջոկատի օպերատիվ կառավարման շտաբ, որի ղեկավարումն ի պաշտոնե իրականացնում են կանոնավոր ջոկատի հրամանատարը եւ քարտուղարը:
4. Օրինակելի ջոկատի կենսագործունեության հետ կապված կարեւորագույն հարցերը լուծվում են ընդհանուր ժողովում, որը հրավիրվում է անհրաժեշտության դեպքում, բայց ոչ պակաս, քան ամիսը երկու անգամ:
5. Ընդհանուր ժողովը հրավիրում եւ նախագահում է հրամանատարը: Արտահերթ ընդհանուր ժողով կարող է հրավիրվել հրամանատարի, օպերատիվ կառավարման շտաբի կամ կանոնավոր ջոկատի անդամների 1/3-ի պահանջով:
6. Ընդհանուր ժողովի նիստն իրավազոր է, եթե ներկա են օրինակելի ջոկատի անդամների առնվազն 2/3-ը: Ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են օրինակելի ջոկատի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Հոդված 31. Օրիանկելի ջոկատի հրամանատարը եւ քարտուղարը
1. Օրիանկելի ջոկատի հրամանատարը ընտրվում է օրիանկելի ջոկատի անդամների կողմից ընդհանուր ժողովի առաջին նիստում: Օրիանկելի ջոկատի հրամանատարը հաստատված ծրագրերով անցնում է վերապատրաստում, որից հետո հաջող ատեստավորման դեպքում հաստատվում է բուհական շտաբի կողմից:
2. Օրիանկելի ջոկատի հրամանատարը.
ա) պատասխանատու է օրիանկելի ջոկատի պատրաստակամության, աշխատանքային գործունեության, ներջոկատային կյանքի կազմակերպման, օրինակելի ջոկատի անդամների կողմից անվտանգության տեխնիկայի կանոնների, սանիտարական նորմերի, աշխատանքային եւ կենցաղային կարգապահության պահպանման համար,
բ) ներկայացնում է օրիանկելի ջոկատի շահերը կազմակերպությունների հետ հարաբերություններում,
գ) իրականացնում է օրիանկելի ջոկատի ամենօրյա գործունեության օպերատիվ ղեկավարումը, հրավիրում եւ նախագահում է օրինակելի ջոկատի անդամների ընդհանուր ժողովի նիստերը:
3. Օրինակելի ջոկատի քարտուղարն ընտրվում, վերապատրաստվում եւ հաստատվում է օրինակելի ջոկատի հրամանատարի ընտրության, վերապատրաստման եւ հաստատման համար` սույն օրենքով սահմանված կարգով:
4. Օրինակելի ջոկատի քարտուղարը.
ա) պատասխանատու է օրինակելի ջոկատի անդամների ազատ ժամանցի, հասարակական գործունեության կազմակերպման, ինչպես նաեւ օրինակելի ջոկատում առողջ բարոյահոգեբանական մթնոլորտի համար,
բ) օրինակելի ջոկատի հրամանատրի բացակայության ժամանակ իրականացնում է նրա լիազորությունները:
5. Ընդհանուր ժողովը կարող է օրինակելի ջոկատի ղեկավարին եւ քարտուղարին օժտել այլ լիազորություններով:
Հոդված 32. Օրինակելի ջոկատի անդամի իրավունքները, պարտականությունները եւ պատասխանատվությունը
1. Օրինակելի ջոկատի անդամն իրավունք ունի.
ա) օրիանկելի ջոկատի ընդհանուր ժողովում քննարկել, քննադատել, առաջարկություններ անել, իր կարծիքն արտահայտել օրինակելի ջոկատի գործունեության բոլոր հարցերի վերաբերյալ, ներառյալ` ջոկատի աշխատանքային, հասարակական, ֆինանսատնտեսական գործունեության, ներջոկատային կյանքի հարցերը,
բ) թեկնածություն առաջադրել, ընտրել եւ ընտրվել օրինակելի ջոկատի ղեկավար մարմիններում, առաջարկներ ներկայացնել բուհական շտաբին ջոկատների գործունեության բարելավման վերաբերյալ,
գ) բուհական շտաբից եւ գործատու կազմակերպության վարչակազմից պահանջել նախատեսված աշխատանքի իրականացման համար օրինակելի ջոկատի անդամների որակյալ եւ բազմակողմանի նախապատրաստում, բարձր արտադրողական ու անվտանգ աշխատանքի, կենցաղի ու հանգստի համար անհրաժեշտ պայմանների ստեղծում:
2. Օրինակելի ջոկատի անդամը պարտավոր է.
ա) պահպանել աշխատանքային կարգապահությունը, անվտանգության, հակահրդեհային տեխնիկայի կանոնները, սանիտարական նորմերը, ներջոկատային կյանքի պահանջները,
բ) ծանոթանալ սույն օրենքին, ինչպես նաեւ ուսանողական աշխատանքային ջոկատների կյանքի եւ գործունեության հարցերը կարգավորող այլ նորմատիվ ակտերին, ղեկավարվել դրանց պահանջներով, ինչպես նաեւ կատարել ընդհանուր ժողովի, բուհական շտաբի որոշումները,
գ) աշխատել արդյուանվետ եւ ստեղծագործաբար, ապահովել աշխատանքի պատշաճ որակ, ակտիվ մասնակցություն ունենալ ջոկատի հասարակական կյանքին,
դ) կրել օրինակելի ջոկատի համազգեստը եւ (կամ) տարբերանշանը:
3. Օրինակելի ջոկատի անդամները կոլեկտիվ պատասխանատվություն են կրում օրինակելի ջոկատի կազմակերպվածության եւ գործունեության որակի համար: Օրինակելի ջոկատը աշխատանքային եւ հասարակական գործունեությանը պատշաճ պատրաստված չլինելու, ներջոկատային եւ աշխատանքային կարգապահության համատարած խախտումների դեպքում բուհական շտաբը կարող է վերակազմավորել կամ ցրել օրինակելի ջոկատը:
4. Սույն գլխի պահանջների կոպիտ եւ պարբերական խախտման համար օրինակելի ջոկատի անդամը կարող է ենթարկվել կարգապահական պատասխանատվության, ընդհուպ` հեռացման օրինակելի ջոկատի կազմից: Ջոկատից հեռացումը կատարվում է ընդհանուր ժողովի որոշման հիման վրա, որի մասին 3 օրվա ընթացքում հրամանատարը գրավոր տեղեկացնում է բուհական շտաբին:
Հոդված 33. Ուսանողական աշխատանքային ջոկատների անդամների աշխատանքային գործունեությունը
1. Ուսանողական աշխատանքային ջոկատներն իրենց աշխատանքային գործունեությունն իրականացնում են օրինակելի ջոկատի հրամանատարի եւ ընդունող կազմակերպության միջեւ կնքված պայմանագրի հիման վրա: Պայմանագրի ձեւը, ժամկետները, բովանդակությունը ենթակա են համաձայնեցման բուհական շտաբի հետ:
2. Օրինակելի ջոկատի անդամներին աշխատանքի ընդունման կարգը, աշխատանքային գործունեության կազմակերպումը, աշխատանքի տեւողությունը, վարձատրությունը եւ աշխատանքի այլ պայմանները կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ եւ դրա հիման վրա կնքված աշխատանքային պայմանագրով:
3. Տասնութ տարին չլրացած ուսանողական աշխատանքային ջոկատների անդամներին աշխատանքի ընդունելիս կիրառվում են «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքում առկա սահմանափակումները:
Հոդված 34. Կանոնավոր ջոկատի հրամանատարի հաշվետու զեկույցը, ջոկատների գործունեության արդյունքների ամենամյա ամփոփումը
1. Հաշվետու զեկույցի մեջ ըստ ժամանակացույցի մանրամասն տեղեկություններ են ընդգրկվում կատարված աշխատանքների, դրանց որակի մասին, նկարագրվում են օրինակելի ջոկատի առանձին անդամների մասնագիտական որակները եւ աշխատանքի ընթացքում ցուցաբերած վարքագիծը: Հաշվետու զեկույցին պետք է կցվի ընդունող կազմակերպության վարչակազմի կողմից տրված աշխատանքների կատարման որակի եւ աշխատանքի ընթացքում ցուցաբերած կարգապահության մասին բնութագիրը:
2. Աշխատանքների ավարտից հետո օրինակելի ջոկատի հրամանատարը ընդհանուր ժողովի տարեվերջի նիստին ներկայացնում է հաշվետու զեկույցի նախագիծը: Օրինակելի ջոկատի անդամները զեկույցի վերաբերյալ ներկայացնում են իրենց առարկություններն ու առաջարկությունները:
3. Հաշվի առնելով կատարված առարկություններն ու առաջարկությունները` ընդհանուր ժողովի տարեվերջի նիստի ավարտին քվեարկությամբ ընդունվում է հաշվետու զեկույցը: Հաշվետու զեկույցը վերջին նիստի ընթացքում չընդունելու դեպքում հաջորդ օրը հրավիրվում է արտահերթ նիստ:
4. Աշխատանքներն ավարտելուց հետո` յոթ օրվա ընթացքում հրամանատարը հաշվետու զեկույցը ներկայացնում է բուհական շտաբ:
5. Ուսանողական աշխատանքային ջոկատների գործունեության ամենամյա արդյունքներն ամփոփվում են հոկտեմբեր ամսին բուհական շտաբի կողմից հրավիրվող ուսանողական աշխատանքային ջոկատների համաժողովում, որին մասնակցում են ներկայացուցիչներ տվյալ տարում ուսանողական աշխատանքային ջոկատների աշխատանքներին մասնակցություն ցուցաբերած բուհերի ղեկավար մարմիններից, ուսանողական աշխատանքային ջոկատների բուհական շտաբերից, աշխատանքներն ընդունող կազմակերպություններից, ինչպես նաեւ ուսանողական աշխատանքային ջոկատների անդամները:»:
Հոդված 2. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու կապակցությամբ օրենքի 26-րդ եւ 27-րդ հոդվածները համապատասխանաբար համարել 35-րդ եւ 36-րդ հոդվածներ:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը:
«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման նպատակը բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության համակարգում այնպիսի կազմակերպական-կառուցվածքային օղակի ստեղծումն է, ինչպիսին ուսանողական-աշխատանքային ջոկատներն են: Վերականգնելով նախկինում տասնամյակներ շարունակ արդյունավետ գործող ուսանողական-աշխատանքային ջոկատները, օրենքի նախագիծը նպատակ ունի նշված մարմնի կենսագործունեության միջոցով նպաստել ապագա մասնագետների մասնագիտական դաստիարակությանը եւ կայացմանը, երիտասարդ մասնագետների մասնագիտական որակների բարձրացմանը, ուսանողների միջեւ առողջ մրցակցության ձեւավորմանը, սոցիալական եւ մասնագիտական ակտիվության բարձրացմանը, ստեղծագործական կարողությունների ձեւավորմանը եւ դրսեւորմանը, քաղաքացիական եւ աշխատանքային կարգապահության դաստիարակմանը, ինչպես նաեւ ուսանողների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավմանը` նկատի ունենալով վճարովի համակարգում ուսման վարձավճարների վճարման հետ կապված դժվարությունները: