Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-135-26.09.2007-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին»  ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-կետի 3-րդ ենթակետում «պետական» բառը փոխարինել «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն չպատկանող» բառերով:

Հոդված 2. Նույն օրենքի 8-րդ հոդվածում ավելացնել նոր 5-րդ կետը հետեւյալ բովանդակությամբ`

«5. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող զանգվածային լրատվության միջոցները կարող են օգտվել պետության աջակցությունից հայ ժողովրդի հոգեւոր կյանքին նվիրված, նրա ազգային մշակույթի զարգացմանն եւ ազգային ինքնության պահպանմանն ուղղված լրատվական գործունեություն իրականացնելու համար»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի  ընդունման վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին»  ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման անհրաժեշտությունը թելադրված է, նախ, գործող օրենքով ամրագրված պետական ուսումնական հաստատություններում կամավոր ուսումնական դասընթացներ կազմակերպելու իրավունքը այլ ուսումնական հաստատությունների վրա տարածելու  անհրաժեշտությամբ:

Գործող օրենքում լրացում կատարելու առաջարկը թելադրված է ՀՀ Սահմանադրության 8.1. հոդվածով ամրագրված դրույթները կյանքի կոչելու անհրաժեշտությամբ, այն է, պետությունը, ճանաչելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում, իր օժանդակությունը կարող է ցուցաբերել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն պատկանող զանգվածային լրատվական միջոցներում վերոնշյալ ոլորտներին նվիրված լրատվական գործունեություն կատարելու համար: