Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-136-02.10.2007-ՄԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (21 հոկտեմբերի 2003 թվականի, ՀՕ-23-Ն) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-րդ հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 6.1 ՊԱՇՏՊԱՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

Պաշտպանը հանդիսանում է «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի» կամընտիր արձանագրությամբ սահմանված կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ «ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈւՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈւԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը պայմանավորված է` մարդու իրավունքների պաշտպանին «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի» կամընտիր արձանագրությամբ սահմանված կանխարգելման ազգային մեխանիզմ ճանաչելու եւ նրա կողմից վերոհիշյալ կոնվենցիայով նախատեսված իր լիազորությունները լիարժեք իրականացնելու նպատակով:

«Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը պայմանավորված է` «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի միջեւ համապատասխանությունն ապահովելու անհրաժեշտությամբ, մասնավորապես` Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքով նախատեսված են օրինական ներկայացուցիչների հետ տեսակցության թույլտվության նաեւ այլ միջոցներ:

Բացի այդ օրենքով նախատեսված դեպքերում ձերբակալված եւ կալանավորված անձանց տեսակցությունը մերձավոր ազգականների, իսկ կալանավորված անձանց` նաեւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների եւ այլ անձանց հետ կարող է արգելվել, մասնավորապես` քննության շահերից ելնելով կարող է արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` այդ մասին գրավոր իրազեկելով ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին:

Ելնելով վերոգրյալից ներկայացնում ենք նաեւ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: