Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-139-02.10.2007-ԱՄ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հիդրոօդերեւութաբանական  գործունեության  մասին»  Հայաստանի  Հանրապետության  օրենքի  (2001 թվականի փետրվարի  7-ին, ՀՕ-145,  այսուհետ`  օրենք)  նախաբանի  վերջում  լրացնել  «եւ  հիդրոօդերեւութաբանական  անվտանգության  ապահովմանը»  բառերը:

Հոդված 2. Օրենքի  2-րդ  հոդվածը  լրացնել  հետեւյալ  նոր  հասկացություններով.

վտանգավոր  հիդրոօդերեւութաբանական  կամ  հելիոերկրաֆիզիկական  երեւույթներ  (այսուհետեւ` վտանգավոր երեւույթներ) `  մթնոլորտում եւ ջրոլորտում  առաջացող  բնական երեւույթներ, որոնք իրենց նշանակությամբ,  ինտենսիվությամբ, տեւողությամբ  կամ ըստ  առաջացման ժամանակի վտանգում են ազգաբնակչության  կյանքը, առողջությունը  ու ունեցվածքը, ինչպես նաեւ կարող են  հասցնել  զգալի  նյութական  վնասներ  տնտեսության  տարբեր ճյուղերին,

անբարենպաստ  հիդրոօդերեւութաբանական  երեւույթներ `  մթնոլորտում  եւ  ջրոլորտում  առաջացող բնական երեւույթներ, որոնք իրենց ինտենսիվությամբ եւ տեւողությամբ չեն հասնում վտանգավոր երեւույթների չափանիշներին, սակայն կարող են  որոշակի  վնաս  պատճառել,

հիդրոօդերեւութաբանական  անվտանգություն `  անձի, հասարակության եւ պետության պաշտպանվածությունը վտանգավոր եւ անբարենպաստ հիդրոօդերեւութաբանական  եւ  հելիոերկրաֆիզիկական երեւույթներից, եղանակակլիմայական  պայմանների   գլոբալ   փոփոխությունների    ազդեցությունից,

դիտարկումների  պետական  ցանցի  հենակետային  օբյեկտներ `  օբյեկտներ,  որոնք  ունեն  դիտարկման  տվյալների  երկարատեւ  եւ  ամբողջական  շարքեր  կամ  ընդգրկված  են  Համաշխարհային Օդերեւութաբանական Կազմակերպության  միջազգային  օդերեւութաբանական    կամ  Անկախ Պետությունների Համագործակցության   միջպետական  հիդրոօդերեւութաբանական  ցանցերում:

Հոդված  3.  Հոդված  19-ի  3-րդ  մասում «իրականացնող»  բառից  հետո  եւ   4-րդ   մասում   «Դիտարկումների  պետական  ցանցի»  բառերից  հետո  լրացնել  «հենակետային»  բառը:

Հոդված 4. Հոդված  21-ի  2-րդ  մասի  ա) կետի  սկզբում    լրացնե`  «վտանգավոր  եւ  անբարենպաստ  հիդրոօդերեւութաբանական կամ  հելիոերկրաֆիզիկական  երեւույթների  կանխատեսումների  եւ  ահազանգումների  վերաբերյալ» բառերը:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում  պաշտոնական  հրապարակմանը  հաջորդող  տասներորդ օրվանից: 

Տեղեկանք - հիմնավորում

«Հիդրոօդերեւութաբանական  գործունեության  մասին»  Հայաստանի  Հանրապետության  օրենքում  լրացումներ  կատարելու  մասին»  Հայաստանի  Հանրապետության   օրենքի   ընդունման   անհրաժեշտության   մասին

«Հիդրոօդերեւութաբանական  գործունեության  մասին»  Հայաստանի  Հանրապետության  օրենքում  լրացումներ  կատարելու  մասին«  Հայաստանի  Հանրապետության  օրենքի  նախագիծը /այսուհետեւ`  օրենք/  կազմվել  է  ի  կատարումն  Հայաստանի  Հանրապետության  կառավարության  2007 թվականի  ապրիլի  26-ի  «Հայաստանի  Հանրապետության  հիդրոօդերեւութաբանական  անվտանգության   հայեցակարգին  հավանություն  տալու  մասին»  թիվ 16  արձանագրային   որոշման   2-րդ  կետով    հաստատված   միջոցառումների  ծրագրի  1-ին  կետի:

Օրենքի   ընդունման  հիմնական  նպատակն  է  «Հիդրոօդերեւութաբանական  գործունեության  մասին»  Հայաստանի  Հանրապետության  օրենքի  2-րդ  հոդվածում   ամրագրել  2004թ.  ապրիլի 16-ին  ԱՊՀ  կառավարությունների  ղեկավարների  խորհրդի  կողմից  ստորագրված  «ԱՊՀ  մասնակից  պետությունների   հիդրոօդերեւութաբանական  անվտանգության   հայեցակարգին  հավանություն  տալու  մասին»  որոշման  մեջ  օգտագործված,  ինչպես  նաեւ  ներկայումս  միջազգային  լայն  կիրառում   ունեցող «հիդրոօդերեւութաբանական  անվտանգություն,  վտանգավոր  եւ  անբարենպաստ   հիդրոօդերեւութաբանական  կամ  հելիոերկրաֆիզիկական  երեւույթներ,  հենակետային  օբյեկտներ  հասկացությունները»,  որոնք  հնարավորություն  են  տալիս  ամբողջականացնել  եւ  հարստացնել  ինչպես  գործող  օրենքը,  այնպես  էլ  հետագայում  մշակվելիք  եւ  կիրառման ենթակա Հայաստանի Հանրապետությունում  հիդրոօդերեւութաբանական  գործունեությունը  կանոնակարգող    նորմատիվ   իրավական   ակտերը:

Օրենքի 19-րդ հոդվածում նախատեսվող լրացումը հստակեցնում է դիտարկումների պետական ցանցի  օբյեկտների դասակարգումը ըստ կարեւորության, հիմք ընդունելով «ԱՊՀ միջպետական  հիդրոօդերեւութաբանական  ցանցի մասին» ԱՊՀ Համաձայնագրի  դրույթները:

Օրենքի  21-րդ հոդվածում նախատեսվող  լրացումը  հստակեցնում  է  հիդրոօդերեւութաբանական  երեւույթների  վերաբերյալ  հույժ  շտապ  եւ  ընդհանուր  նշանակության  տեղեկատվության  առանձնահատկությունները,  որը  շատ  կարեւոր  է  սպառողների  իրավունքների  ամրագրման  առումով: