Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-183 օրենքի (այսուհետ` Օրենք) 14-րդ հոդվածի «20000 դրամի» բառերը փոխարինել «25000 դրամի» բառերով:
Հոդված 2.
Օրենքի 18 հոդվածի 1-ին մասով սահմանված աղյուսակը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
Ամսական հարկվող եկամտի չափը | Հարկի գումարը |
Մինչեւ 75,000 դրամ | Հարկվող եկամտի 10 տոկոսը |
75,000 դրամից ավելի | 7,500 դրամին գումարած 75,000 դրամը գերազանցող գումարի 20 տոկոսը |
Հոդված 3. Օրենքի 18 հոդվածի 2-րդ մասով սահմանված աղյուսակը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
Տարեկան հարկվող եկամտի չափը | Հարկի գումարը |
Մինչեւ 900,000 դրամ | Հարկվող եկամտի 10 տոկոսը |
900,000 դրամից ավելի | 90,000 դրամին գումարած 900,000 դրամը գերազանցող գումարի 20 տոկոսը |
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակվել է համաձայն ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության 2008-2010 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» թիվ 738-Ն որոշման, ըստ որի, 2008 թվականին նախատեսված է նվազագույն ամսական աշխատավարձի չափը սահմանել 25000 դրամ:
Նվազագույն աշխատավարձի չափի փոփոխութույնը միջոցառում է, որն ուղղված է ՀՀ-ում ԱՄԿ թիվ 131 կոնվենցիայի 3-րդ հոդվածով սահմանված ընթացակարգի ներդրմանը:
«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումը բխում է նույն կոնվենցիայի 2-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթից, այն է` «Նվազագույն աշխատավարձն ունի օրենքի ուժ եւ նվազեցման ենթակա չէ. այս դրույթի չկիրառումը պատասխանատու անձի կամ անձանց նկատմամբ առաջացնում է քրեական կամ այլ պատասխանատվություն»: Քանի որ նվազագույն ամսական աշխատավարձի չափը 2008 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է սահմանել 25000 դրամ անհրաժեշտություն է առաջանում փոփոխություն կատարել նաեւ «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (փոփոխություն նախատեսելով նաեւ եկամտահարկի 10 տոկոսով հարկվող եկամտի միջակայքերում):