Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1421-03.10.2007-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 7 մայիսի 2002 թվականի, ՀՕ-337 օրենքի (այսուհետեւ` Օրենք) 56-րդ հոդվածի

1. երրորդ մասի առաջին նախադասությունում «փոխառու,» բառից հետո լրացնել «համայնքի բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդի, բյուջետային փոխատվությունների վերադարձից ստացվող,» բառերով.

2. հինգերորդ մասի.

1) «ա» կետում «վարչական մասի» բառերից հետո լրացնել «ֆինանսավորման աղբյուրներով ապահովված» բառերը, «տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների գումարը» բառերը փոխարինել «տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների գումարի, ինչպես նաեւ տվյալ տարվան նախորդող տարիներին համայնքի բյուջեի վարչական մասից տրամադրված փոխատվությունների միջոցների վերադարձից տվյալ տարում ստացվելիք եւ նախորդ տարիներին ստացված փոխատվության գծով բյուջեի վարչական մասից տվյալ տարում մարվելիք գումարների տարբերության հանրագումարը» բառերով.

2) «բ» կետում «ֆոնդային մասի դեֆիցիտի (պակասուրդի) գումարը (առանց իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի օտարումից համայնքի բյուջե՝ տվյալ տարում մասհանվող միջոցների, ինչպես նաեւ տվյալ տարվա տարեսկզբի ազատ մնացորդի միջոցների հաշվին իրականացվող ծախսերի)» բառերը փոխարինել «ֆոնդային մասի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման նպատակով ներգրավվող փոխառու միջոցների (ներառյալ համայնքային արժեթղթերի թողարկումից) զուտ (ստացված եւ մարված փոխառու միջոցների դրական տարբերության չափով) մուտքերի գումարը» բառերով, իսկ «տրանսֆերտների» բառը` «դրամաշնորհների» բառով:

Հոդված 2. Օրենքի 57-րդ հոդվածի.

1. առաջին պարբերությունում «եկամուտներից» բառը փոխարինել «մուտքերից» բառով,

2. 3-րդ կետի.

1) առաջին պարբերությունում «Ոչ հարկային եկամուտներ» բառերը փոխարինել «Այլ եկամուտներ» բառերով,

2) «ա» ենթակետում «եւ օգտագործման» բառերը փոխարինել «կամ կառուցապատման իրավունքի» բառերով.

3. 4-րդ կետը շարադրել հետյալ խմբագրությամբ.

«4. Ոչ ֆինանսական ակտիվների օտարումից ստացվող միջոցներ՝

ա) համայնքային սեփականություն համարվող հիմնական միջոցների, հողերի եւ ոչ նյութական ակտիվների օտարումից, այդ թվում՝ համայնքի սեփականությունը հանդիսացող լուծարված կազմակերպությունների մնացորդային գույքի օտարումից ստացվող միջոցները.

բ) համայնքի սեփականություն համարվող պահուստներում պահվող ապրանքանյութական արժեքների իրացումից ստացվող միջոցները:».

4. 5-րդ կետի առաջին պարբերությունում եւ «գ» ենթակետում «տրանսֆերտներ» բառը փոխարինել «դրամաշնորհներ» բառով.

5. 6-րդ կետի «ա.1» ենթակետում «մնացորդը» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ տվյալ տարվան նախորդող (եզրափակված) բյուջետային տարիներին համայնքի բյուջեից տրամադրված բյուջետային փոխատվության վերադարձից տվյալ տարում ստացվող մուտքերը.» բառերը:

Հոդված 3. Օրենքի 61-րդ հոդվածի.

1. 2-րդ մասը «բյուջետային փոխատվությունների մարման եւ պետության պատվիրակված լիազորությունների կատարման ծախսերը» բառերը փոխարինել «պետության պատվիրակված լիազորությունների կատարման եւ ֆոնդային մաս միջոցների մասհանումների գծով ծախսերը, վարչական մասի ծախսերի ֆինանսավորման նպատակով ներգրաված բյուջետային փոխատվությունների մարումը, ինչպես նաեւ բյուջետային փոխատվությունների տրամադրումը» բառերով:

2. 3-րդ մասում «եւ ստացված վարկերի մարման ծախսերը» բառերը փոխարինել «ծախսերը, ֆոնդային մասի ծախսերի ֆինանսավորման նպատակով ներգրաված վարկերի մարումը, ինչպես նաեւ բյուջետային փոխատվությունների տրամադրումը» բառերով:

Հոդված 4. Օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունում «ապահովում է պետական հարկային մարմինը» բառերը փոխարինել «ապահովվում է օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով:

Հոդված 5.   Սույն օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասը, 2-րդ հոդվածի 1-ին մասը, 3-րդ եւ 4-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ 1-ին հոդվածի 2-րդ մասը եւ 2-րդ հոդվածի 2-5 մասերը`

1. համայնքների բյուջեների կազմման մասով` 2009 թվականի բյուջետային գործընթացն օրենքով սահմանված կարգով սկսվելու օրվանից,

2. համայնքների բյուջեների կատարման մասով` 2009 թվականի հունվարի 1-ից:


ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ  կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

Նախագծով առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի առանձին դրույթները հնարավորինս հստակ եւ ընդգրկուն տեսքով ներկայացնելու, նշված օրենքը 2005 թվականին ՀՀ հողային օրենսգրքում կատարված փոփոխություններին համապատասխանեցնելու, ինչպես նաեւ հանրապետությունում պետական ֆինանսների վիճակագրության «GFS-2001» նոր համակարգին անցնելու կապակցությամբ նշված օրենքի որոշ դրույթներ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

Մասնավորապես.

ա) նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասով առաջարկված փոփոխության` այն է. օրենքի 57-րդ հոդվածի առաջին պարբերությունում «եկամուտներից» բառը «մուտքերից» բառով փոխարինելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գործող օրենքի նշված հատվածում ներկայացված են ոչ թե բյուջետային եկամուտները, այլ բյուջետային մուտքերը:

բ) նախագծի 3-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով գործող օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են համայնքի բյուջեի վարչական եւ ֆոնդային մասերից կատարվող բյուջետային ելքերի ընդհանուր նկարագիրն առավել ընդգրկուն տեսքով ներկայացնելու անհրաժեշտությամբ:

գ) նախագծի 4-րդ հոդվածով գործող օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունում առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են համայնքի բյուջե շահութահարկի եւ եկամտահարկի մասհանումների մուտքերի ապահովման մեխանիզմը օրենքով չկանխորոշելու անհրաժեշտությամբ:

դ) նախագծի 1-ին հոդվածով եւ 2-րդ հոդվածի 2-5 մասերով առաջարկված փոփոխությունները պայմանավորված են հետեւյալով. հանրապետությունում սկսած 1999 թվականից մինչ օրս կիրառվում է բյուջետային դասակարգման համակարգ, որը կազմվել էր հիմք ընդունելով այդ ժամանակահատվածում միջազգայնորեն կիրառվող պետական ֆինանսների վիճակագրության «GFS-1986» համակարգի պահանջները: Ներկայումս աշխարհում անցում է կատարվում պետական ֆինանսների վիճակագրության «GFS-2001» նոր ավելի կատարելագործված համակարգի եւ Հայաստանի Հանրապետությունում նույնպես իրականացվում են  միջոցառումներ գործող բյուջետային դասակարգումը «GFS-2001» համակարգի պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Ուստի եւ առաջարկվող օրենքի նախագծի ներկայացումը պայմանավորված է ներկայիս գործող «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի` բյուջետային հարաբերություններին վերաբերող առանձին դրույթները եւ տերմիններն այդ նոր դասակարգման պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Նոր բյուջետային դասակարգմանը վերաբերող դրույթները նախագծով առաջարկվում է ուժի մեջ դնել` (ա) համայնքների բյուջեների կազմման մասով` 2009 թվականի բյուջետային գործընթացն օրենքով սահմանված կարգով սկսվելու օրվանից, (բ) համայնքների բյուջեների կատարման մասով` 2009 թվականի հունվարի 1-ից:

Այս փոփոխությունները անմիջականորեն կապակցված են վերջինիս հետ նույն փաթեթում ներկայացված «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հետ:

ե) ՀՀ հողային օրենսգրքի 46-րդ հոդվածում 2005 թվականի հոկտեմբերի 4-ին կատարված փոփոխության արդյունքում «հողամասի օգտագործման տրամադրում» հասկացության հստակեցման (այն է. «Հողամասը սեփականատերն օգտագործման է տրամադրում կառուցապատման, անհատույց (մշտական) օգտագործման կամ վարձակալության իրավունքով:») հետեւանքով անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել նաեւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետում նշված` համայնքների բյուջեներին ամրագրված համապատասխան եկամտատեսակի անվանումը: Մասնավորապես, ըստ գործող օրենքի, համայնքների բյուջեների եկամուտներ են հանդիսանում համայնքի սեփականություն հանդիսացող հողերի, ինչպես նաեւ համայնքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող հողերի վարձակալության եւ օգտագործման դիմաց գանձվող վարձավճարները: ՀՀ հողային օրենսգրքի 46-րդ հոդվածի համաձայն հողամասի սեփականատերի համար վերջինիս կողմից հողամասը օգտագործման տրամադրելու դիմաց եկամուտ կարող է առաջանալ միայն վարձակալության կամ կառուցապատման իրավունքով այդ հողամասը տրամադրելիս, իսկ օգտագործման իրավունքը ենթադրում է հողամասի անհատույց օգտագործում: Հարկ է նշել նաեւ, որ ըստ ՀՀ հողային օրենսգրքի 46-րդ հոդվածի կառուցապատման իրավունքի վարձավճարները կարող են գանձվել միայն պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերի դիմաց, որոնց փոխանցումը սեփականության իրավունքով օրենքով արգելված է: Ուստի նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով առաջարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետում «եւ օգտագործման» բառերը փոխարինել «կամ կառուցապատման իրավունքի» բառերով:  Ընդ որում, նախագծով առաջարկվող այս փոփոխությունն անմիջականորեն կապակցված է սույն նախագծի հետ նույն փաթեթում ներկայացված «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հետ: