Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության 30 հունիսի 1996 թվականի, ՀՕ-69 օրենքի (այսուհետեւ` Օրենք) 13-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետում «կենսաթոշակային հիմնադրամին մուծումներ» բառերը փոխարինել «պարտադիր սոցիալական ապահովության վճարների մուծումներ պետական բյուջե» բառերով:
Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հաջորդ տարվա կապիտալ ներդրումների ծրագիրը եւ ծախսերի նախահաշիվը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը հաստատում է մինչեւ յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 15-ը:»:
Հոդված 3. Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից, իսկ 2-րդ հոդվածը` պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հետեւյալով.
1. 2008 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է մինչ այդ ՀՀ պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջե գանձվող պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները պարտադիր սոցիալական ապահովության վճարների տեսքով գանձել պետական բյուջե, ինչպես նաեւ ՀՀ պարտադիր սոցիալական ապահովագրության բյուջեից կատարվող ծախսերը ներառել պետական բյուջեում: Այդ կապակցությամբ նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետում «կենսաթոշակային հիմնադրամին մուծումներ» բառերը փոխարինել «պարտադիր սոցիալական ապահովության վճարների մուծումներ պետական բյուջե» բառերով:
2. ՀՀ Սահմանադրության մեջ 2005 թվականի նոյեմբերին փոփոխությունների եւ լրացումների կատարման արդյունքում ՀՀ Սահմանադրության 90-րդ հոդվածի համաձայն ՀՀ կառավարությունը պետական բյուջեի նախագիծը ՀՀ Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում բյուջետային տարին սկսվելուց առնվազն 90 օր առաջ (նախկինում` մինչեւ 60 օր առաջ) կամ մինչեւ հոկտեմբերի 3-ը (նախկինում` մինչեւ նոյեմբերի 2-ը), իսկ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 13-րդ մասի համաձայն ՀՀ կառավարության կողմից ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվող պետական բյուջեի նախագծի կազմում պետք է ընդգրկված լինի նաեւ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված ՀՀ կենտրոնական բանկի հաջորդ տարվա կապիտալ ներդրումների ծրագիրը եւ ծախսերի նախահաշիվը:
Դրա հետ մեկտեղ, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի «բ2 » կետի համաձայն ՀՀ կենտրոնական բանկի հաջորդ տարվա վարչական ծախսերը եւ կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը հաստատում է ՀՀ Ազգային ժողովը` պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով` ՀՀ կառավարության ներկայացմամբ, իսկ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը մինչեւ յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ը հաստատում է ՀՀ կենտրոնական բանկի հաջորդ տարվա կապիտալ ներդրումների ծրագիրը եւ ծախսերի նախահաշիվը:
Ուստի` անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից ՀՀ կենտրոնական բանկի հաջորդ տարվա կապիտալ ներդրումների ծրագրի եւ ծախսերի նախահաշվի հաստատման «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերջնաժամկետը համապատասխանեցնել ՀՀ կառավարության կողմից ՀՀ Ազգային ժողովի քննարկմանը պետական բյուջեի նախագծի ներկայացման վերջնաժամկետին:
Այդ կապակցությամբ նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է սահմանել, որ ՀՀ կենտրոնական բանկի հաջորդ տարվա կապիտալ ներդրումների ծրագիրը եւ ծախսերի նախահաշիվը ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատվում են մինչեւ յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի 15-ը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ հաստատված ՀՀ կենտրոնական բանկի հաջորդ տարվա կապիտալ ներդրումների ծրագիրը եւ ծախսերի նախահաշիվը ՀՀ կառավարությանը պետք է ներկայացվեն վաղօրոք` մինչեւ ՀՀ կառավարության կողմից ՀՀ պետական բյուջեի նախագծի ներկայացումը ՀՀ Ազգային ժողով, ընդ որում այնպիսի ժամկետում, որը բավարար կլինի ՀՀ կառավարության կողմից «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «ժբ2 » կետով նախատեսված եզրակացությունը կազմելու համար:
Նկատի ունենալով այն հանգամանքը, որ նշված նախագծով առաջարկվող փոփոխությունն անմիջականորեն վերաբերում է բյուջետային գործընթացի իրականացմանը, ուստի նախագիծը ներկայացված է բյուջետային գործընթացի կարգավորող դրույթներ նախատեսող «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի հետ միասին մեկ փաթեթով: