Հոդված 1. ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (09 նոյեմբերի 2006 թվականի, ՀՕ-174-Ն), 2-րդ հոդվածի «2008» թիվը փոխարինել «2011» թվով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքով նախատեսված է, որ 2008թ. հունվարի 1-ից բնապահպանական ծրագրերի գծով յուրաքանչյուր տարվա պետական բյուջեով նախատեսվող ծախսերը չեն կարող պակաս լինել, քան այդ տարվան նախորդող երկրորդ բյուջետային տարվա բնապահպանական եւ բնօգտագործման վճարների գծով փաստացի մուտքերի հանրագումարը:
ՀՀ բնապահպանության նախարարության կողմից 2008թ. համար բնապահպանական ծրագրերի գծով ներկայացված հայտի գումարը շուրջ 3.9 մլրդ դրամով, իսկ ՀՀ 2008թ. պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակով` շուրջ 5 մլրդ դրամով պակաս է 2006թ. բնապահպանական եւ բնօգտագործման վճարների փաստացի ստացված մուտքերի ընդհանուր գումարից: Միաժամանակ հարկ է նշել, որ ՀՀ կառավարության 21.06.2007թ. «Հայաստանի Հանրապետության 2008-2010 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին» N 738-Ն որոշմամբ բնապահպապանական ծրագրերի գծով 2009-2010թթ. նախատեսվել է համապատասխանաբար` 1.3 մլրդ դրամ եւ 1.2 մլրդ դրամ: Ուստի, նախագծի (որով առաջարկվում է, որ վերոհիշյալ օրենքը ուժի մեջ մտնի ոչ թե 2008, այլ 2011 թվականի հունվարի 1-ից) ընդունումը պայմանավորված է ներկայիս կանխատեսումների եւ ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի միջեւ անհամապատասխանությունը վերացնելու անհրաժեշտությամբ: