Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-147-11.10.2007-ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՆԱՎՈՐ, ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է  Հայաստանի Հանրապետության տարածքում արդյունաբերական նշանակության պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքավորումների (այսուհետ՝ պայթուցիկ նյութեր) եւ թունավոր նյութերի շրջանառության հետ կապված  հարաբերությունները:

Հոդված 2. Թունավոր եւ պայթուցիկ նյութերի մասին օրենսդրությունը

1. Թունավոր կամ պայթուցիկ նյութերի շրջանառության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը կազմված է  սույն օրենքից, այլ օրենքներից եւ իրավական ակտերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

1. Արդյունաբերական նշանակության պայթուցիկ նյութեր - արդյունաբերության ոլորտում պայթեցման աշխատանքներ կատարելու համար օգտագործվող քիմիական նյութեր կամ դրանց ֆիզիկական խառնուրդներ, որոնք արտաքին ազդեցություններից ակնթարթորեն ենթարկվում են ինքնատարածվող հիմնական վերափոխման  եւ անջատելով մեծ քանակությամբ ջերմային էներգիա՝ առաջացնում են բարձր ճնշման գազեր:

2. Արդյունաբերական նշանակության պայթեցման սարքավորումներ - սարքավորումներ, որոնց միջոցով սկզբնական ազդակը փոխանցվում է պայթուցիկ նյութերի լիցքերին՝ առաջացնելով պայթյունային գրգռում:

Արդյունաբերական նշանակության պայթեցման սարքավորումներն են՝ հրապատիճ-ճայթիչներ, էլեկտրաճայթիչներ, ճայթեցնող եւ կրակատար քուղեր ու դրանց այրման միջոցներ, հրատեխնիկական ռելեներ, պայթախոռոչ ստեղծող եւ պայթեցնող համասարքեր, հրահրման միջոցներ:

3. Թունավոր նյութեր - բնական, կենդանական եւ հանքային ծագում ունեցող կամ քիմիական սինթեզից առաջացած նյութեր, որոնք ազդելով կենդանի օրգանիզմի վրա առաջացնում են սուր կամ խրոնիկական թունավորում կամ կարող են դառնալ մահվան պատճառ:

4. Թունավոր կամ պայթուցիկ նյութերի հետ աշխատանքներ կատարելու որակավորում ունեցող մասնագետ - թունավոր կամ պայթուցիկ նյութերի հետ աշխատող անձ, ում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինների կողմից տրվել է թունավոր կամ պայթուցիկ նյութերի հետ աշխատելու թույլտվություն:

5. Արդյունաբերական նշանակության թունավոր եւ պայթուցիկ նյութերի շրջանառություն - թունավոր եւ պայթուցիկ նյութերի արտադրություն, առուվաճառք, ձեռքբերում, հաշվառում, պահում, փոխադրում, օգտագործում, ոչնչացում, տարանցիկ փոխադրում, ինչպես նաեւ ներմուծում Հայաստանի Հանրապետության տարածք եւ արտահանում Հայաստանի Հանրապետությունից (այսուհետ՝ ներմուծում եւ արտահանում)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

6. Թունավոր եւ պայթուցիկ նյութերի արտադրություն - թունավոր եւ պայթուցիկ նյութերի հետազոտում, մշակում, պատրաստում, փորձարկում:

Հոդված 4. Թունավոր կամ պայթուցիկ նյութերի շրջանառությունը

Հայաստանի Հանրապետությունում շրջանառության համար թույլատրվող թունավոր եւ պայթուցիկ նյութերի ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 5. Թունավոր կամ պայթուցիկ նյութերի շրջանառությանը ներկայացվող հիմնական պահանջները

1. «Արդյունաբերական նշանակության թունավոր նյութերի արտադրություն», «Արդյունաբերական նշանակության թունավոր նյութերի ներմուծում, արտահանում, առուվաճառք, օգտագործում», «Արդյունաբերական նշանակության պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքավորումների արտադրություն», «Արդյունաբերական նշանակության պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքվորումների ներմուծում, արտահանում, առուվաճառք, օգտագործում» գործունեություններով Հայաստանի Հանրապետությունում կարող են զբաղվել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համապատասխան լիցենզիա ստացած իրավաբանական անձինք:

2. Թունավոր կամ պայթուցիկ նյութեր ձեռքբերելու, փոխադրելու, պահելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը եւ թույլտվության ձեւաթղթերը  սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Թունավոր կամ պայթուցիկ նյութեր ձեռքբերելու, փոխադրելու, տարանցիկ փոխադրելու, հաշվառելու, պահելու, պահեստ ընդունելու, պահեստից բաց թողնելու, ոչնչացնելու կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Թունավոր կամ պայթուցիկ նյութեր ձեռքբերելու եւ փոխադրելու թույլտվությունը  տրվում է 6 ամիս գործողության ժամկետով:

5. Թունավոր կամ պայթուցիկ նյութեր պահելու  թույլտվությունը  տրվում է 5 տարի գործողության ժամկետով:

6. Թույլտվություն ստանալու մասին դիմումը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնում ուսումնասիրվում է մուտքագրվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

7. Թույլտվություն ստանալու կամ դրա գործողության ժամկետը երկարաձգելու դիմումը  մերժվում է, եթե՝

ա) դիմումով ներկայացված փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված եւ չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին:

բ) չեն ապահովվել թունավոր կամ պայթուցիկ նյութ ձեռքբերելու, փոխադրելու, պահելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված անհրաժեշտ պայմանները:

8. Փաստաթղթերը թերի լինելու հիմքով թույլտվություն ստանալու դիմումը գրավոր մերժվում է, եթե այդ մասին պատշաճ ձեւով նախազգուշացումը թույլտվություն տվող մարմնի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող տաս օրվա ընթացքում դիմումատուն չի ներկայացնում անհրաժեշտ նյութեր կամ փաստաթղթեր:

9. Թույլտվություն տալու կամ դրա գործողության ժամկետը երկարաձգելու մասին դիմումը մերժելը դիմումատուն կարող է բողոքարկել դատական կարգով:

Հոդված 6. Առանց լիցենզիայի թունավոր կամ պայթուցիկ նյութեր ներմուծելու, արտահանելու, օգտագործելու, ինչպես նաեւ առանց թույլտվության թունավոր կամ պայթուցիկ նյութեր ձեռքբերելու, փոխադրելու, պահելու, իրավունք ունեցող սուբյեկտները

1. Առանց լիցենզիայի թունավոր կամ պայթուցիկ նյութեր ներմուծելու, արտահանելու, օգտագործելու իրավունք ունեն`

ա) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:

գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը:

դ) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

ե) Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած ստանդարտացման եւ չափագիտության գործառույթներ իրականացնող պետական կառավարման լիազոր մարմինը:

2. Առանց թույլտվության  թունավոր կամ պայթուցիկ նյութեր, ձեռքբերելու, փոխադրելու, պահելու իրավունք ունեն`

ա) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:

գ) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը:

Հոդված 7. Թունավոր կամ պայթուցիկ նյութեր ներմուծելը, արտահանելը եւ տարանցիկ փոխադրելը

1. Թունավոր կամ պայթուցիկ նյութերի ներմուծումը, արտահանումը եւ տարանցիկ փոխադրումն իրականացվում են սույն օրենքի 6-րդ հոդվածում նշված անձանց, համապատասխան լիցենզիա ունեցող եւ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից թույլտվություն ունեցող իրավաբանական անձանց կողմից:

2. Ներմուծվող, արտահանվող կամ տարանցիկ փոխադրվող  թունավոր կամ պայթուցիկ նյութերի քանակը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Հոդված 8. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա  իրավաբանական անձանց կողմից թունավոր կամ պայթուցիկ նյութեր ձեռքբերելը, արտահանելը, Հայաստանի Հանրապետություն ներմուծելը եւ տարանցիկ փոխադրելը

Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց գրանցման պետական  կառավարման լիազոր մարմնի կողմից չգրանցված օտարերկրյա իրավաբանական անձինք Հայաստանի Հանրապետությունում կարող են թունավոր կամ պայթուցիկ նյութեր ձեռքբերել եւ արտահանել, Հայաստանի Հանրապետություն ներմուծել կամ տարանցիկ փոխադրել` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Հոդված 9. Թունավոր կամ պայթուցիկ նյութերի արտադրությունը

Թունավոր կամ պայթուցիկ նյութերի արտադրությունն իրականացվում է համապատասխան լիցենզիա ունեցող իրավաբանական անձի կողմից, ապահովելով արտադրության լիակատար անվտանգությունը, արտադրության ընթացքի նկատմամբ հսկողությունը եւ արտադրանքի որակը:

Հոդված 10. Թունավոր կամ պայթուցիկ նյութերի առուվաճառքը

1. Թունավոր կամ պայթուցիկ նյութերի առեւտուր իրականացվում է համապատասխան լիցենզիա ունեցող իրավաբանական անձի կողմից:

2. Թունավոր կամ պայթուցիկ նյութերի առեւտուր իրականացնելու իրավունք ունեցող իրավաբանական անձինք պարտավոր են.

ա) ունենալ համապատասխան գործունեությամբ զբաղվելու լիցենզիա.

բ) ունենալ վաճառվող թունավոր կամ պայթուցիկ նյութերի Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից տրված համապատասխանության հավաստագիր, ինչպես նաեւ թունավոր կամ պայթուցիկ նյութեր պահելու թույլտվություն.

գ) գնորդից պահանջել ներկայացնելու թունավոր կամ պայթուցիկ նյութեր ձեռքբերելու եւ փոխադրելու թույլտվություն.

դ)  ապահովել թունավոր կամ պայթուցիկ նյութերի անվտանգ պահպանությունը:

Հոդված 11. Թունավոր կամ պայթուցիկ նյութեր պահելը

1. Թունավոր կամ պայթուցիկ նյութերը պահվում են հատուկ սարքավորված պահեստներում, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից տրված՝ սահմանված քանակով թունավոր կամ պայթուցիկ նյութեր պահելու  թույլտվության առկայության դեպքում:

2. Արգելվում է Հայաստանի Հանրապետությունում շրջանառությունն արգելված թունավոր կամ պայթուցիկ նյութերի ցանկացած քանակություն պահելը:

Հոդված 12. Թունավոր կամ պայթուցիկ նյութեր ձեռքբերելը եւ փոխադրելը

1. Թունավոր կամ պայթուցիկ նյութեր ձեռքբերելը եւ փոխադրելը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի տված՝ թունավոր կամ պայթուցիկ նյութեր ձեռքբերելու եւ փոխադրելու թույտվության առկայության դեպքում:

2. Արգելվում է Հայաստանի Հանրապետությունում շրջանառությունն արգելված թունավոր կամ պայթուցիկ նյութեր ձեռքբերելը եւ փոխադրելը:

3. Արգելվում է թունավոր կամ պայթուցիկ նյութեր առաքելը փոստով կամ ուղեբեռով:

4. Ձեռք բերված թունավոր կամ պայթուցիկ նյութերի փոխադրումն իրականացվում է զինված պահակախմբով:

Հոդված 13. Թունավոր կամ պայթուցիկ նյութերի օգտագործումը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում թույլատրվում է օգտագործել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված թունավոր եւ պայթուցիկ նյութերի ցանկով սահմանված նյութեր:

2. Թունավոր նյութեր օգտագործելու իրավունք ունեն սույն օրենքի 6-րդ հոդվածում նշված եւ «Թունավոր նյութերի արտադրություն» լիցենզիա ունեցող սուբյեկտները, ինչպես նաեւ այն կազմակերպությունները, որոնք իրենց կանոնադրական խնդիրներին կամ լիազորություններին համապատասխան իրականացնում են գիտահետազոտական աշխատանքներ թունավոր կամ պայթուցիկ նյութերի օգտագործմամբ:

3. Պայթուցիկ նյութեր օգտագործելու իրավունք ունեն սույն օրենքի 6-րդ հոդվածում նշված, «Պայթուցիկ նյութերի եւ պայթեցման սարքավորումների արտադրություն», «Պայթեցման աշխատանքների կատարում» լիցենզիա ունեցող սուբյեկտները, ինչպես նաեւ այն կազմակերպությունները, որոնք իրենց կանոնադրական խնդիրներին կամ լիազորություններին համապատասխան իրականացնում են գիտահետազոտական աշխատանքներ թունավոր կամ պայթուցիկ նյութերի օգտագործմամբ:

4. Թունավոր կամ պայթուցիկ նյութեր օգտագործելու իրավունք ունեցող իրավաբանական անձինք պարտավոր են 6 ամիսը մեկ անցկացնել օգտագործվող   թունավոր   կամ   պայթուցիկ   նյութերի   հաշվառում:

Հոդված 14. Թունավոր կամ պայթուցիկ նյութերի հաշվառումը

Թունավոր կամ պայթուցիկ նյութեր պահելու թույլտվություն ունեցող իրավաբանական անձինք պարտավոր են 6 ամիսը մեկ անցկացնել պահվող թունավոր կամ պայթուցիկ նյութերի հաշվառում:

Հոդված 15. Թունավոր կամ պայթուցիկ նյութերի ոչնչացումը

1. Օգտագործման համար ոչ պիտանի թունավոր կամ պայթուցիկ նյութերը ենթակա են ոչնչացման:

2. Թունավոր կամ պայթուցիկ նյութերը ճանաչվում են օգտագործման համար ոչ պիտանի, եթե.

ա) լրացել է դրանց պիտանիելության ժամկետը.

բ) թունավոր կամ պայթուցիկ նյութը ենթարկվել է քիմիական կամ ֆիզիկական ներգործության, որի հետեւանքով դարձել է ոչ պիտանի եւ որի վերականգնումը կամ վերամշակումը հնարավոր կամ նպատակահարմար չէ.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

Հոդված 16. Թունավոր կամ պայթուցիկ նյութերի հավաստագրումը

1. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, Հայաստանի Հանրապետություն ներմուծվող, Հայաստանի Հանրապետությունից արտահանվող կամ տարանցիկ փոխադրվող թունավոր եւ պայթուցիկ նյութերը ենթակա են հավաստագրման՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Թունավոր եւ պայթուցիկ նյութերին ներկայացվող տեխնիկական պահանջները եւ փորձարկման մեթոդները սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում գործող ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով:

Հոդված 17. Թունավոր կամ պայթուցիկ նյութերի շրջանառության գրանցումը

Թունավոր կամ պայթուցիկ նյութերի շրջանառության հետ կապված ցանկացած գործողություն, որի արդյունքում փոխվում են նյութի քանակը եւ վիճակը, նյութը տնօրինող կազմակերպությունում ենթակա է գրանցման` հատուկ մատյանում: Մատյանը պահվում է վերջին գրառումից հետո՝ հինգ տարի:

Մատյանում գրանցման ենթակա տվյալները եւ մատյանի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 18. Թունավոր կամ պայթուցիկ նյութերի հետ աշխատանքներ կատարող մասնագետների որակավորումը

1. Կազմակերպություններում թունավոր կամ պայթուցիկ նյութերի հետ աշխատանքներ կատարող մասնագետները պետք է ունենան մասնագիտական որակավորում:

2. Մասնագիտական որակավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

3. Որակավորման դասընթացների ծրագիրը եւ գիտելիքների ստուգումների կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Թունավոր կամ պայթուցիկ նյութի հետ աշխատելու թույլտվություն չի տրվում.

ա) 18 տարին չլրացած քաղաքացիներին.

բ) հոգեբուժական եւ նարկոլոգիական դիսպանսերներում հաշվառված քաղաքացիներին.

գ) դիտավորյալ հանցագործություն կատարելու համար դատապարտված անձանց, որոնց դատվածությունն օրենքով սահմանված կարգով չի մարվել կամ չի հանվել.

դ) հանցագործություն կատարելու համար պատիժ կրողներին.

ե) մասնագիտական որակավորում չանցած քաղաքացիներին:

Հոդված 19. Թունավոր կամ պայթուցիկ նյութերի շրջանառության վերահսկողությունը

Հայաստանի Հանրապետությունում թունավոր կամ պայթուցիկ նյութերի շրջանառության նկատմամբ իրենց իրավասության սահմաններում, վերահսկողություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինները:

Հոդված 20. Լիցենզիաներ եւ թույլտվություններ տալու, դրանց գործողության ժամկետները երկարաձգելու համար պետական տուրքերի գանձումը

Սույն օրենքով նախատեսված լիցենզիաներ եւ թույլտվություններ տալու, դրանց գործողության ժամկետները երկարաձգելու համար գանձվում է պետական տուրք՝ օրենքով սահմանված կարգով եւ չափով:

Հոդված 21. Օրենքն  ուժի  մեջ  մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: