Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-150-15.10.2007-ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգքի (24-ը դեկտեմբերի 2004 թվական, ՀՕ-60-Ն, այսուհետ՝ օրենսգիրք) 114-րդ հոդվածի 2-րդ մասում «Դատապարտյալին» բառը փոխարինել «Որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 114-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր պարբերությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Կարգապահական գումարտակում պատիժ կրող դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ներկայացման հարցը կարգապահական գումարտակի հրամանատարության կողմից քննարկելու կարգը սահմանվում է պաշտպանության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանով՝ սույն օրենսգրքի 1151   հոդվածին համապատասխան»:

Հոդված 3. Օրենսգրքի 115-րդ հոդվածի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 115. Որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման կարգը»:

Հոդված 4. Օրենսգրքի 115-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «օրենսդրությանը հակասելու դեպքում» բառերը»:

Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել նոր՝ 1151 -րդ հոդվածով, հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 1151 . Կարգապահական գումարտակում պահելու դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ներկայացման կարգը

1. Պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալու դեպքում կարգապահական գումարտակի հրամանատարը մեկամսյա ժամկետում պարտադիր լսում է կարգապահական տույժ չունեցող դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ներկայացման հարցը: Հարցի վերաբերյալ դրական որոշում կայացնելու դեպքում կարգապահական գումարտակի հրամանատարը միջնորդագիր է ներկայացնում դատարան՝ անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ:

2. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ միջնորդագրի հետ դատարան է ներկայացվում նաեւ դատապարտյալի անձնական գործը:

3. Դատարանի կողմից միջնորդությունը մերժվելու դեպքում, նույն հիմքով միջնորդությունը կրկին կարող է ներկայացվել դատարան՝ մերժման որոշումը կայացվելուց հետո ոչ շուտ, քան վեց ամիս անց:

4. Կարգապահական գումարտակի հրամանատարի որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:»: