ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Սույն օրենսգրքի գործողության ոլորտը
Սույն օրենսգիրքը սահմանում է վարչական դատարանում եւ վճռաբեկ դատարանում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց վարչական եւ նորմատիվ ակտերի, գործողություն՟ների կամ անգործության դեմ ֆիզիկական եւ իրավա՟բանական անձանց դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց դեմ վարչական մարմինների եւ պաշտոնատար անձանց հայցադիմումների քննության կարգը:
Հոդված 2. Վարչական դատավարության մասին օրենսդրությունը
1. Վարչական դատարանում վարչական գործերով դատավարության կարգը սահմանվում է սույն օրենսգրքով եւ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով այնքանով, որքանով դրա նորմերը իրենց էությամբ կիրառելի են ("mutatis mutandis") վարչական դատավարության նկատմամբ եւ չեն հակասում սույն օրենսգրքին եւ վարչական դատավարության էությանը:
2. Այլ oրենքներում պարունակվող վարչական դատավարական նորմերը պետք է համապատաuխանեն uույն oրենuգրքին:
3. Եթե Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրով uահմանված են դատավարական այլ նորմեր, քան նախատեuված են սույն oրենuգրքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:
4. Վարչական գործերով դատավարությունն իրականացվում է գործի քննության ժամանակ գործող oրենքով:
Հոդված 3. Վարչական դատարան դիմելու իրավունքը
1. Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ`
1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա՝ Հայաuտանի Հանրապետության Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով եւ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները եւ ազատությունները, այդ թվում, եթե`
ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների եւ ազա՟տությունների
իրականացման համար,
բ.չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ՝ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Հայաuտանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտերի ուժով.
2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որեւէ պարտականություն.
3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության:
2. Վարչական դատարան կարող են դիմել նաեւ վարչական մարմինները կամ պաշտոնատար անձինք՝
1) ֆիզիկական կամ իրավաբանական անձին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով, եթե օրենքով նախատեսված է, որ վարչական պատասխանատվության կարող է ենթարկել միայն դատարանը.
2) ֆիզիկական կամ իրավաբանական անձանց որոշակի իրավունքներից զրկելու կամ նրանց վրա որոշակի պարտականություններ դնելու պահանջով, եթե օրենքով դա վերապահված է դատարանին.
3) վարչական ակտի հիման վրա ֆիզիկական կամ իրավաբանական անձից բռնագանձում իրականացնելու պահանջով.
4) ընդդեմ մեկ այլ վարչական մարմնի իրավասության վերաբերյալ վեճով, եթե այդ վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով:
3. Վարչական դատարան կարող են դիմել նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները կամ պաշտոնատար անձինք` ընդդեմ վարչական մարմնի, եթե համարում են, որ այդ մարմնի վարչական ակտերով, գործողություններով կամ անգործությամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել պետության կամ համայնքի այն իրավունքները, որոնց պաշտպանության լիազորությունը դրված է դիմողի վրա, եթե այդ վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով:
Հոդված 4. Դատավարական իրավունակությունը եւ դատավարական գործունակությունը
1. Դատավարական իրավունքներ ունենալու եւ դատավարական պարտականություններ կրելու ունակությունը (դատավարական իրավունակություն) ճանաչվում է բոլոր ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար հավասար չափով: Իրավաբանական անձանց համար սույն օրենսգրքով սահմանված դրույթները վերաբերում են նաեւ հիմնարկներին:
2. Ֆիզիկական եւ իրավաբանական անձինք օժտված են դատարանում իրենց գործողություններով իրավունքներ իրականացնելու եւ պարտականություններ ստանձնելու ունակությամբ (դատավարական գործունակություն): Դատավարական գործունակությունը ֆիզիկական անձանց համար լրիվ ծավալով ծագում է՝
1) տաuնութ տարեկան դառնալու պահից.
2) էմանսիպացիայի պահից.
3) մինչեւ տասնութ տարին լրանալը` օրենքով սահմանված կարգով ամուսնանալու պահից:
3. Դատավարական գործունակությունը իրավաբանական անձանց համար ծագում է պետական գրանցման, իսկ հիմնարկների համար՝ ստեղծման պահից:
4. Տասնչորսից տասնութ տարեկան անչափահասների, ինչպես նաեւ սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացիների իրավունքները, ազատությունները վարչական դատավարությունում ներկայացնում են նրանց օրինական ներկայացուցիչները: Վարչական դատարանը պարտավոր է նրանց ծանուցել գործի քննության տեղի եւ ժամանակի մասին: Նրանց չներկայանալը արգելք չէ գործի քննության համար:
5. Օրենքով նախատեսված դեպքերում իրավահարաբերություններից ծագող գործերով տասնչորսից տասնութ տարեկան անչափահասները կարող են ինքնուրույն ներկայացնել իրենց շահերը։ Նման դեպքերում դատարանը կարող է մասնակից դարձնել նրանց օրինական ներկայացուցիչներին։
6. Տասնչորս տարեկան չդարձած անչափահասների, ինչպես նաեւ անգործունակ ճանաչված քաղաքացու իրավունքները եւ ազատությունները դատավարությունում ներկայացնում են նրանց օրինական ներկայացուցիչները՝ ծնողը, խնամակալը, հոգաբարձուն եւ օրենքով նման իրավունք ունեցող այլ անձինք։
7. Գործի քննության ընթացքում տասնչորսից տասնութ տարեկան անչափահասները, ինչպես նաեւ սահմանափակ գործունակ ճանաչված քաղաքացիները լսվելու իրավունք ունեն: Վարչական դատարանը կարող է տասնչորս տարեկան չդարձած անչափահասին կամ անգործունակ ճանաչված քաղաքացուն ընձեռել գործի քննության ընթացքում լսվելու իրավունք:
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
Հոդված 5. Վարչական դատավարության իրականացումը կողմերի իրավահավասարության հիման վրա
Վարչական դատարանը պարտավոր է ապահովել, որ կողմերն ունենան հավասար հնարավորություններ գործի քննության ամբողջ ընթացքում, այդ թվում` յուրաքանչյուր կողմին ընձեռել քննվող գործի վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնելու լիարժեք հնարավորություն:
Հոդված 6. Վարչական դատարանի կողմից փաստերի ի պաշտոնե պարզումը
1. Գործի փաստերը վարչական դատարանը պարզում է ի պաշտոնե ("ex officio"):
2. Դատարանը մատնանշում է այն փաստերը, որոնք, իր կարծիքով, էական են վեճի լուծման համար, եւ անհրաժեշտության դեպքում կողմերից պահանջում է ներկայացնել այդ փաստերի ապացույցներ:
3. Դատարանը վեճի լուծման համար անհրաժեշտ ներքին համոզմունք ձեւավորելու նպատակով իրավասու է, չսահմանափակվելով վարչական դատավարության մասնակիցների միջնորդություններով, նրանց ներկայացրած ապացույցներով եւ գործում առկա այլ նյութերով, ձեռնարկելու ողջամիտ միջոցներ, մասնավորապես պահանջելու վարչական վարույթի նյութեր, տեղեկություններ, ապացույցներ, լրացուցիչ բացատրություններ, հանձնարարելու կողմերին անձամբ ներկայանալ դատական նիստի:
Հոդված 7. Վարչական դատավարության լեզուն
1. Վարչական դատավարությունը տարվում է հայերեն:
2. Կողմը, իր ներկայացուցիչը, կողմի նախաձեռնությամբ նշանակված փորձագետը կամ կողմի միջնորդությամբ հրավիրված վկան իրավունք ունեն դատարանում հանդեu գալու իրենց նախընտրած լեզվով, եթե կողմն ապահովում է հայերեն թարգմանությունը: Դատավորը, կողմերը, վկաները, փորձագետները, ներկայացուցիչներն իրավունք չունեն ստանձնելու թարգմանչի պարտականություններ, անգամ եթե նրանք տիրապետում են թարգմանության համար անհրաժեշտ լեզվին:
3. Կողմ հանդիսացող ֆիզիկական անձին, նրա նախաձեռնությամբ նշանակված փորձագետին կամ կողմի միջնորդությամբ հրավիրված վկային Հայաuտանի Հանրապետության հաշվին դատարանն ապահովում է թարգմանչի ծառայություններով, եթե համապատասխան անձը չի տիրապետում հայերենին, եւ կողմն ապացուցում է, որ բավարար միջոցներ չունի վճարովի թարգմանություն ապահովելու համար:
4. Վարչական դատարանի կողմից նշանակված փորձագետին եւ դատարանի նախաձեռնությամբ հրավիրված վկային Հայաuտանի Հանրապետության հաշվին դատարանն ապահովում է թարգմանչի ծառայություններով, եթե համապատասխան անձը չի տիրապետում հայերենին:
5. Հայաuտանի Հանրապետության հաշվին թարգմանչի ծառայություններ մատուցելու անհրաժեշտության դեպքում թարգմանիչ նշանակվում է Հայաuտանի Հանրապետության դատական օրենսգրքով սահմանված կարգով:
6. Թարգմանիչն իրավունք ունի հարցեր տալու թարգմանության ճշգրտման համար, ծանոթանալու դատական նիստերի կամ առանձին դատավարական գործողությունների արձանագրությանը եւ դիտողություններ անելու թարգմանության ճիշտ արձանագրման կապակցությամբ:
7. Թարգմանիչը նախազգուշացվում է ակնհայտ սխալ թարգմանություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, որի վերաբերյալ դատարանը թարգմանչից ստորագրություն է վերցնում:
8. Խուլ եւ համր անձանց համար ապահովվում է գործի նյութերին ծանոթանալու, սույն օրենսգրքով սահմանված այլ իրավունքներից օգտվելու եւ պարտականություններ կրելու հնարավորությունը՝ սուրդոթարգմանչի միջոցով` սույն հոդվածի դրույթներին համապատասխան:
ԳՈՐԾԵՐԻ ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 8. Գործերի առարկայական ընդդատությունը
1. Վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը, այդ թվում՝
1) հանրային կամ այլընտրանքային ծառայությանն անցնելու կամ իրականացնելու հետ կապված վեճերը.
2) վարչական մարմինների միջեւ այն վեճերը, որոնք ենթակա չեն լուծման վերադասության կարգով.
3) հանրային իրավունքի բնագավառում գործող կամ գործելու նպատակ ունեցող միավորումների, այդ թվում՝ արհեստակցական միությունների, գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ վեճերով գործերը.
4) վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ այն գործերը, որոնք բխում են հանրային իրավահարաբերություններից:
2. Վարչական դատարանին ընդդատյա չեն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի ենթակայությանը վերապահված գործերը, քրեական վարույթի ընթացքում ծագող իրավահարաբերություններից բխող գործերը, ընդհանուր իրավասության կամ քրեական դատարանի ենթակայությանը վերապահված քրեական գործերը, սնանկության վարույթում ծագող իրավահարաբերություններից բխող գործերը:
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԸ
Հոդված 9. Գործերի միանձնյա եւ կոլեգիալ քննությունը
1. Գործերն առաջին անգամ ըստ էության քննվում են միանձնյա, բացառությամբ սույն օրենս՟գրքով նախատեսված այն դեպքերի, երբ որոշակի գործեր առաջին անգամ ըստ էության քննվում են կոլեգիալ:
2. Վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքները վարչական դատարանում քննվում են կոլեգիալ` 3 դատավորի կազմով:
3. Վճռաբեկ դատարանի բեկանած գործն ըստ էության լուծող դատական ակտերը վարչական դատարանում քննվում են կոլեգիալ` 3 դատավորի կազմով:
4. Գործերի միանձնյա եւ կոլեգիալ կազմով քննության ժամանակ որոշումներ ընդունելու եւ հատուկ կարծիք ներկայացնելու հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը:
Հոդված 10. Դատավորի ինքնաբացարկը
Դատավորի ինքնաբացարկի հետ կապված հարաբերությունների վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը:
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ
Հոդված 11. Վարչական դատավարության մասնակիցները
Վարչական դատավարության մասնակիցներն են (այսուհետ` դատավարության մասնակիցներ)՝
1) կողմերը՝ հայցվորը եւ պատասխանողը.
2) երրորդ անձինք:
Հոդված 12. Հայցվորը
Հայցվորն այն ֆիզիկական կամ իրա՟վաբանական անձը, վարչական մարմինը կամ պաշտոնատար անձն է, որը դիմել է վարչական դատարան:
Հոդված 13. Պատասխանողը
Պատասխանողն այն վարչական մարմինն է, պաշտոնատար անձը, ֆիզիկական կամ իրա՟վաբանական անձը, որի դեմ հայց է ներկայացվել վարչական դատարան:
Հոդված 14. Դատավարությանը համահայցվորների կամ համապատասխանողների մասնակցությունը
1. Հայց կարող է ներկայացվել մի քանի հայցվորի կողմից (համահայցվորներ), եթե նրանց պահանջները միատեսակ են կամ ընդդեմ մի քանի պատասխանողների (համապատասխանողներ):
2. Ֆիզիկական կամ իրավաբանական անձ հանդիսացող համաhայցվորները կամ համապատասխանողները կարող են համաձայնության գալ, որ վարչական դատարանում բոլորի անունից հանդես գա իրենցից մեկը կամ մի քանիսը կամ իրենց ներկայացուցիչներից մեկը կամ մի քանիսը: Համաձայնությունը ձեւակերպվում է ներկայացուցչի լիազորագրի համար սահմանված կարգով:
Հոդված 15. Կողմերի իրավունքները եւ պարտականությունները
1. Կողմերը սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունեն`
1) ծանոթանալու գործի նյութերին, քաղվածքներ անելու, uտանալու դրանց պատճենները` հաշվի առնելով դռնփակ նիստին ներկայացվող պահանջները.
2) անելու ինքնաբացարկ հայտնելու միջնորդություններ.
3) ներկայացնելու ապացույցներ եւ մաuնակցելու դրանց հետազոտմանը` հաշվի առնելով դռնփակ նիստին ներկայացվող պահանջները.
4) հարցեր տալու, միջնորդություններ անելու, բացատրություններ եւ ցուցմունքներ տալու դատարանին.
5) գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց առաջարկներն ու փաuտարկները.
6) առարկելու գործին մաuնակցող այլ անձանց միջնորդությունների կամ փաuտարկների դեմ.
7) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բողոքարկելու դատական ակտերը.
8) oգտվելու uույն oրենuգրքով իրենց վերապահված այլ դատավարական իրավունքներից:
2. Կողմերը կրում են սույն oրենսգրքով uահմանված դատավարական պարտականություններ:
3. Կողմերը պետք է իրենց դատավարական իրավունքներից oգտվեն եւ իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն:
Հոդված 16. Երրորդ անձինք
1. Երրորդ անձինք այն ֆիզիկական կամ իրավաբանական անձինք են, որոնց իրավունքները շոշափվում են կամ կարող են շոշափվել գործի քննության արդյունքում ընդունվելիք դատական ակտով։
2. Երրորդ անձինք դատավարության մեջ կարող են ներգրավվել իրենց դիմումի հիման վրա:
3. Եթե դատական ակտը անխուսափելիորեն եւ ուղղակիորեն տարածվելու է նաեւ որոշակի անձանց վրա, ապա դատարանը պարտավոր է այդ անձանց ներգրավել դատավարության մեջ որպես երրորդ անձ:
4. Երրորդ անձինք դատավարության մեջ կարող են ներգրավվել մինչեւ դատաքննության ավարտը:
5. Երրորդ անձանց դատավարության մեջ ներգրավելու մասին վարչական դատարանը կայացնում է պատճառաբանված որոշում:
6. Եթե երրորդ անձը գործի վարույթը շարունակելու միջնորդություն չի ներկայացրել, ապա երրորդ անձի դատավարության մեջ ներգրավելու դեպքում գործի վարույթը սկսվում է սկզբից:
7. Երրորդ անձինք օգտվում են կողմի բոլոր իրավունքներից եւ կրում նրա բոլոր պարտականությունները, բացառությամբ այն իրավունքների եւ պարտականությունների, որոնք իրենց էությամբ տարածելի չեն երրորդ անձանց վրա:
Հոդված 17. Դատավարական իրավահաջորդությունը
1. Իրավահարաբերությունից իրավահաջորդության պատճառով հայցվորի դուրս գալու դեպքում (այդ թվում` իրավաբանական անձի կամ վարչական մարմնի վերակազմակերպում, պահանջի զիջում, քաղաքացու մահ կամ պարտավորություններում անձանց փոփոխման այլ դեպքեր) վարչական դատարանը հայցվորին փոխարինում է իրավահաջորդով, եթե առկա է հայցվորի եւ իրավահաջորդի համաձայնությունը, իսկ եթե հայցվորը դադարել է գոյություն ունենալուց, հայցվորի փոխարինումը տեղի է ունենում իրավահաջորդի միջնորդությամբ:
2. Իրավահարաբերությունից իրավահաջորդության պատճառով պատասխանողի դուրս գալու դեպքում (այդ թվում` իրավաբանական անձի կամ վարչական մարմնի վերակազմակերպում, պարտքի փոխանցում, քաղաքացու մահ կամ պարտավորություններում անձանց փոփոխման այլ դեպքեր) վարչական դատարանը պատասխանողին փոխարինում է իրավահաջորդով հայցվորի համաձայնության դեպքում:
3. Այն բոլոր գործողությունները, որոնք կատարվել են դատավարության ընթացքում մինչեւ գործի մեջ իրավահաջորդի մտնելը, պարտադիր են նրա համար այնքանով, որքանով պարտադիր կլինեին այն անձի համար, որին իրավահաջորդը փոխարինել է:
Հոդված 18. Ոչ պատշաճ կողմի փոխարինումը պատշաճ կողմով
1. Գործի քննության նախապատրաստման ընթացքում հայցվորի միջնորդությամբ վարչական դատարանը փոխարինում է պատասխանողին:
2. Եթե գործի քննության նախապատրաստման ընթացքում վարչական դատարանը հանգում է այն համոզման, որ հայցը ներկայացվել է ոչ այն պատասխանողի դեմ, որը պետք է պատասխանի ըստ հայցի, դատարանը կարող է հայցվորի համաձայնությամբ ոչ պատշաճ պատասխանողին փոխարինել պատշաճ պատասխանողով: Եթե հայցվորը համաձայն չէ պատասխանողին այլ անձով փոխարինելուն, ապա դատարանը կարող է այդ անձին հայցվորի համաձայնությամբ ներգրավել որպես երկրորդ պատասխանող:
3. Ոչ պատշաճ պատասխանողին փոխարինելուց կամ գործում երկրորդ պատասխանողի ներգրավելուց հետո գործի վարույթը սկսվում է սկզբից:
4. Պատասխանողին փոխարինելու կամ պատշաճ պատասխանողին որպես երկրորդ պատասխանող ներգրավելու մասին դատարանը կայացնում է որոշում:
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ
Հոդված 19. Վարչական դատարանում ներկայացուցիչների միջոցով հանդես գալը
1. Կողմն իրավունք ունի վարչական դատարանում դատավարական գործողություններ կատարելու անձամբ կամ մեկ կամ մի քանի ներկայացուցչի միջոցով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
2. Կողմը կարող է ինքնուրույն կատարել բոլոր դատավարական գործողությունները նաեւ այն ժամանակ, երբ տվյալ գործը վարելու համար լիազորել է մեկ կամ մի քանի ներկայացուցչի:
3. Կողմը վճռաբեկ դատարանում դատավարական գործողությունները կատարում է վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանի միջոցով:
4. Անգործունակ եւ սահմանափակ գործունակ քաղաքացու իրավունքները եւ ազատությունները դատարանում պաշտպանում է նրա օրինական ներկայացուցիչը:
5. Այն գործով, որին պետք է մաuնակցեր uահմանված կարգով անհայտ բացակայող ճանաչված քաղաքացին, որպեu նրա ներկայացուցիչ հանդեu է գալիu նրա գույքի հավատարմագրային կառավարիչը:
6. Այն գործով, որին պետք է մաuնակցեր մահացած կամ uահմանված կարգով մահացած ճանաչված քաղաքացու ժառանգը, եթե ժառանգությունը ոչ ոք դեռեւu չի ընդունել, որպեu ժառանգի ներկայացուցիչ հանդեu է գալիu ժառանգական գույքի պահպանման եւ կառավարման համար նշանակված անձը:
7. Վարչական դատարանում իրավաբանական անձանց գործերը վարում են օրենքով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ իրավաբանական անձը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձինք:
8. Սնանկ ճանաչված կամ լուծարվող իրավաբանական անձանց գործերը վարում են սնանկության ժամանակավոր կառավարիչը, սնանկության կառավարիչը կամ լուծարային հանձնաժողովի լիազորած անդամը:
9. Որպես պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչ` վարչական դատարանում ի պաշտոնե հանդես է գալիս այդ մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը:
10. Սույն հոդվածի 5-9-րդ մասերով նախատեսված դեպքերում վարչական դատարանում գործերը վարող անձինք համարվում են ի պաշտոնե ներկայացուցիչներ: Օրինական ներկայացուցիչները եւ ի պաշտոնե ներկայացուցիչներն իրենց հերթին կարող են գործերի վարումը դատարանում լիազորել իրենց կողմից ընտրված մեկ կամ մի քանի ներկայացուցչի:
11. Ներկայացուցչի կատարած դատավարական գործողությունները դատավարության մասնակցի համար նույնքան պարտադիր են, որքան այն դեպքում, երբ դատավարության մասնակիցն ինքը դրանք կատարեր:
Հոդված 20. Ներկայացուցչին վարույթից հեռացնելը
Վարչական դատարանը կարող է հեռացնել վարույթից կողմի այն ներկայացուցչին, որը փաստաբան չէ կամ օրինական ներկայացուցիչ չէ կամ ի պաշտոնե ներկայացուցիչ չէ, եթե նախապատրաստական փուլում կամ դատաքննության ընթացքում պարզ է դառնում, որ տվյալ անձն ունակ չէ վարչական դատարանում ներկայացնելու կողմին:
Հոդված 21. Ներկայացուցչի լիազորությունների ձեւակերպումը
1. Քաղաքացու տված լիազորագիրը վավերացնում է նոտարը կամ հաստատում է օրենքով նման իրավասություն ունեցող պաշտոնատար անձը։ Փաստաբանին լիազորագիրը տրվում է հասարակ գրավոր ձեւով եւ վավերացման կամ հաստատման ենթակա չէ:
2. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի անունից լիազորագիրը տրվում է նրա` ի պաշտոնե ներկայացուցչի ստորագրությամբ եւ մարմնի կնիքով։
3. Պաշտոնատար անձի անունից լիազորագիրը տրվում է նրա ստորագրությամբ եւ իր կամ համապատասխան մարմնի կնիքով։
4. Դատական նիստին ներկայացուցչի հետ մասնակցող կողմն իրավունք ունի իր ներկայացուցչի լիազորությունները հաստատելու դատարանի առջեւ՝ գրավոր սահմանելով վերջինիս լիազորությունների ծավալը:
5. Օրինական կամ ի պաշտոնե ներկայացուցչի լիազորությունները հաստատվում են իր կարգավիճակը հավաստող փաստաթղթով:
ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԸ
Հոդված 22. Ապացույցների հետազոտման առարկան, ապացույցների տեսակները
1. Դատարանը սույն օրենսգրքով սահմանված կարգով հավաքված ապացույցների հետազոտման եւ գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:
2. Ապացույցներ են վկայի ցուցմունքը, փորձագետի ցուցմունքը, գրավոր ապացույցները եւ իրեղեն ապացույցները:
Հոդված 23. Ապացույցների վերաբերելիությունը եւ թույլատրելիությունը
1. Վերաբերելի է այն ապացույցը, որը ավելի կամ պակաս հավանական է դարձնում վեճը լուծելու համար էական նշանակություն ունեցող որեւէ փաստի գոյությունը, քան այն կլիներ առանց այդ ապացույցի: Ոչ վերաբերելի ապացույցն անթույլատրելի է: Վերաբերելի ապացույցը թույլատրելի է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
2. Գործի հանգամանքները, որոնք, oրենքի կամ այլ իրավական ակտերի համաձայն, պետք է հաuտատվեն միայն որոշակի ապացույցներով, չեն կարող հաuտատվել այլ ապացույցներով:
3. Oրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույցներն ապացուցողական ուժ չունեն եւ չեն կարող դրվել դատարանի վճռի հիմքում:
Հոդված 24. Ապացույցների ազատ գնահատումը
1. Դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ եւ oբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
2. Դատարանը վճռի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձեւավորումը:
Հոդված 25. Ապացույցներ ներկայացնելու պարտականությունը
1. Կողմը պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում գտնվող այն բոլոր ապացույցները, որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները:
2. Վարչական մարմինը պարտավոր է նաեւ ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում գտնվող այն բոլոր ապացույցները, որոնք հիմնավորում են հակառակ կողմի պահանջները կամ առարկությունները:
Հոդված 26. Ապացուցման բեռը
1. Եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետեւանքները կրում է այդ փաստի ապացուցման բեռը կրող կողմը:
2. Ապացուցման բեռը կրում է սույն օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասով ապացույցներ ներկայացնելու պարտականություն կրող կողմը:
3. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը (պաշտոնատար անձը), որն ընդունել է վիճարկվող իրավական ակտը կամ կատարել է վիճարկվող գործողությունը կամ չի կատարել որեւէ հայցվող գործողություն, սակայն հայցվորի պնդմամբ պարտավոր էր այն կատարել, կրում է իր որոշման, գործողության կամ անգործության համար հիմք ծառայած փաստական հանգամանքների ապացուցման բեռը:
4. Կողմերն իրավունք չունեն ոչնչացնելու կամ թաքցնելու որեւէ ապացույց կամ այլ եղանակով խոչընդոտելու դրա հետազոտմանը եւ գնահատմանը՝ դատավարության մյուս կողմի համար անհնարին կամ դժվարին դարձնելով ապացույցներ հավաքելը եւ ներկայացնելը։ Նման դեպքում դատարանը կարող է խոչընդոտող կողմի վրա դնել հակառակի ապացուցման բեռը:
Հոդված 27. Ապացուցման կարիք չունեցող փաստերը
1. Հանրահայտ փաստերն ապացուցման կարիք չունեն:
2. Նախկինում քննված քաղաքացիական կամ վարչական գործով օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով հաստատված փաստերը միեւնույն կողմերի մասնակցությամբ սույն օրենսգրքով նախատեսված որեւէ գործ քննելիս վերստին ապացուցման կարիք չունեն:
3. Քրեական գործով oրինական ուժի մեջ մտած դատավճիռը սույն օրենսգրքով նախատեսված որեւէ գործ քննելիս պարտադիր է դատարանի համար միայն այն փաuտերով, ըuտ որոնց` հաuտատված են որոշակի գործողություններ եւ դրանք կատարած անձինք։
4. Ապացուցման կարիք չունեն այն փաստերը, որոնք հակառակ կողմը չի վիճարկում, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը գտնում է, որ դրանց ապացուցումն անհրաժեշտ է:
Հոդված 28. Ապացույցների ապահովումը
1. Անձինք, որոնք հիմքեր ունեն կարծելու, որ անհրաժեշտ ապացույցներ ներկայացնելը կարող է դժվար կամ անհնարին դառնալ, իրավունք ունեն գործն իր վարույթն ընդունած դատարանին միջնորդություն ներկայացնելու այդ ապացույցների ապահովման վերաբերյալ:
2. Ապացույցների ապահովման մաuին միջնորդության մեջ պետք է նշվեն ապահովման կարիք ունեցող ապացույցները եւ այն փաստերը, որոնց հաuտատման համար դրանք անհրաժեշտ են, եւ պատճառները, որոնք հիմք են ծառայել դրանք ապահովելու միջնորդությամբ դիմելու համար:
3. Միջնորդությունը քննվում է գործին մասնակցող անձանց մասնակցությամբ, սակայն նրանց չներկայանալը արգելք չէ միջնորդությունը քննելու համար: Բացառիկ դեպքերում դատարանը կարող է միջնորդությունը քննել առանց գործին մասնակցող որոշ անձանց, եթե գտնում է, որ հավանական է, որ նրանց մասնակցությունը կխոչընդոտի ապացույցի ապահովմանը:
4. Միջնորդության քննարկումից հետո դատարանը կայացնում է որոշում, որում նշում է, թե ինչ ձեւով պետք է իրականացվի ապացույցի ապահովումը: Ապացույցների ապահովումը կարող է իրականացվել` վկաներին հարցաքննելով, գրավոր կամ իրեղեն ապացույցներ զննելով, փորձաքննություն նշանակելով, գրավոր կամ իրեղեն ապացույցներ առգրավելով:
5. Ապացույցների ապահովումը վկաներին հարցաքննելու, գրավոր կամ իրեղեն ապացույցներ զննելու, փորձաքննություն նշանակելու միջոցով իրականացվում է սույն օրենսգրքի պահանջների պահպանմամբ: Պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ ապացույցների ապահովման համար:
6. Ապացույցների ապահովումը գրավոր կամ իրեղեն ապացույցների առգրավմամբ կատարվում է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով, որն ապահովելուց հետո ձեռք բերված ապացույցներն անհապաղ ներկայացնում է դատարան:
Հոդված 29. Վկա հրավիրելու միջնորդությունը
Կողմը վկա հրավիրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելիս պետք է նշի այն փաստը, որի վերաբերյալ վկան պետք է ցուցմունք տա: Միջնորդության մեջ պետք է նշվեն վկայի անունը, ազգանունը եւ հասցեն:
Հոդված 30. Վկայի ցուցմունքը
1. Վկա կարող է լինել ցանկացած անձ, որին հայտնի է կամ կարող է հայտնի լինել տվյալ գործին վերաբերող որեւէ փաստական հանգամանք:
2. Որպես վկա չեն կարող հարցաքննվել՝
1) ներկայացուցիչը կամ փաստաբանն այն փաստերի առնչությամբ, որոնք նրանց հայտնի են դարձել իրենց վստահորդին իրավաբանական ծառայություններ մատուցելիս.
2) Մարդու իրավունքների պաշտպանը` գործի այն փաստերի առնչությամբ, որոնք նրան հայտնի են դարձել իր պարտականությունները կատարելիս.
3) դատավորը` որեւէ գործի լուծման վերաբերյալ քննարկումների առնչությամբ.
4) ձեռնադրված հոգեւորական-խոuտովանահայրը` գործի այն փաստերի մաuին, որոնք նրան հայտնի են դարձել խոuտովանության ժամանակ:
3. Դատարանում որպես վկա հանդես գալիս հարցի վերաբերյալ ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունք ունեն`
1) անձինք՝ ընդդեմ իրենց կամ իրենց ամուսնու կամ իրենց հետ արյունակցական մինչեւ 2-րդ աստիճանի կապի մեջ գտնվող անձանց.
2) ԶԼՄ-ների ներկայացուցիչները՝ գործի փաստերին վերաբերող այն տեղեկությունների առնչությամբ, որոնցով կարող է բացահայտվել այդ տեղեկությունների աղբյուրը:
4. Սույն օրենսգրքի իմաստով` անձի հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ են գտնվում անձի զավակները, ծնողները, քույրերը եւ եղբայրները: Անձի հետ արյունակցական կապի մինչեւ 2-րդ աստիճանի մեջ են գտնվում արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք, ինչպես նաեւ վերջիններիս հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնվող անձինք:
5. Եթե որպես վկա ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունքի շուրջ ծագում է վեճ, ապա դատարանը որոշում է կայացնում դրա վերաբերյալ:
6. Եթե վկան հրաժարվում է ցուցմունք տալուց, չնայած որ դատարանն իր որոշմամբ գտել է, որ նա չունի ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունք, ապա նրա նկատմամբ կարող է նշանակվել դրամական տուգանք: Ցուցմունք տալուց կրկին հրաժարվելու դեպքում դատարանը միջնորդություն է ներկայացնում անձին քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Հոդված 31. Դատական նիստին ներկայանալու վկայի պարտականությունը
1. Վկան դատարան է կանչվում դատական ծանուցման համար սույն օրենսգրքով սահմանված կարգին համապատասխան: Ծանուցագրում նշվում են դատարան չներկայանալու իրավական հետեւանքները:
2. Վկան պարտավոր է ներկայանալ դատարան դատարանի կանչով: Եթե սահմանված կարգով ծանուցված վկան չի ներկայանում դատական նիստին, ապա նրա վրա են դրվում չներկայանալու հետեւանքով առաջացած ծախսերը: Միեւնույն ժամանակ նրա նկատմամբ կարող է նշանակվել դատական տուգանք: Դատարանը կարող է վկային բերման ենթարկելու որոշում կայացնել:
3. Դրամական տուգանքի նշանակումը եւ ծախսերի հատուցման պարտականություն դնելը, ինչպես նաեւ բերման ենթարկելու մասին որոշումը վերացվում են, եթե վկան ապացուցում է, որ նա ժամանակին չի ստացել ծանուցումը, կամ նրա բացակայության պատճառը հարգելի է եղել:
Հոդված 32. Վկայից ցուցմունք վերցնելը դատական հանձնարարության կարգով
1. Վկայից ցուցմունք վերցնելը կարող է կատարվել վկայի գտնվելու վայրում այլ դատարանի կողմից դատական հանձնարարության կարգով, եթե`
1) վկայի ցուցմունք վերցնելը տեղում կնպաստի ճշմարտության բացահայտմանը.
2) վկայի ներկայանալը դատաքննությանը, իր հաղորդելիք տեղեկատվության համատեքստում, նպատակահարմար չի համարվում մեծ հեռավորության պատճառով.
3) վկան հիվանդության, տկարության կամ այլ պատճառով ի վիճակի չէ կամ իրավունք չունի լքելու իր գտնվելու վայրը:
2. Դատական հանձնարարության մաuին որոշման մեջ համառոտ շարադրվում է քննվող գործի էությունը, նշվում են պարզաբանման ենթակա փաստերը եւ վկայի տվյալները, որից ցուցմունքներ պետք է ստանա հանձնարարություն կատարող դատարանը:
3. Դատական հանձնարարության մաuին որոշումը պարտադիր է հանձնարարությունն uտացած դատարանի համար եւ պետք է կատարվի այն uտանալու oրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում:
4. Դատական հանձնարարությունը կատարվում է դատական նիuտում` uույն oրենuգրքով uահմանված կանոններով:
5. Դատական հանձնարարությունը կատարված լինելու մաuին կայացվում է որոշում, որը վկայի ցուցմունքի հետ անհապաղ ուղարկվում է գործը քննող դատարան:
Հոդված 33. Վկայի ցուցմունքի հետազոտությունը
1. Մինչեւ վկային հարցաքննելը դատարանը պարտավոր է պարզել այդ անձին տվյալ գործի որեւէ փաստի վերաբերյալ որպես վկա հարցաքննելու՝ սույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված արգելքների բացակայությունը:
2. Յուրաքանչյուր վկա հարցաքննվում է առանձին` իրենից հետո հարցաքննության ենթակա մյուս վկաների բացակայությամբ: Դատարանը պետք է ձգտի վկաների հարցաքննությունը կազմակերպել այնպես, որ վկաները հնարավորինս արագ ազատ արձակվեն: Դատաքննությունը հետաձգելու դեպքում դատարանն իրավունք ունի հարցաքննելու ներկայացած վկաներին, եթե դատական նիստին ներկա են դատավարության մասնակիցները:
3. Վկաները, որոնց ցուցմունքները հակասում են միմյանց, կարող են հարցաքննվել միաժամանակ:
4. Դատարանը նախազգուշացնում է վկային ակնհայտ կեղծ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու համար նախատեսված քրեական պատաuխանատվության մաuին: Դատարանը վկայից uտորագրություն է վերցնում նախազգուշացման մաuին, որը կցվում է դատական նիuտի արձանագրությանը:
5. Դատարանը վկային հայտնում է առանձին հարցերի չպատասխանելու` սույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իր իրավունքի մասին: Եթե վկան այդ հիմքով չի ուզում պատասխանել հարցին, ապա նա պետք է հիմնավորի իր դիրքորոշումը:
6. Բացառիկ դեպքերում որպեu վկա կարող է կանչվել տաuնվեց տարեկան չդարձած երեխան, որին բացատրվում է դատարանին ցուցմունք տալու եւ միայն ճշմարտությունը հայտնելու կարեւորությունը: Նա չի նախազգուշացվում ակնհայտ կեղծ ցուցմունք տալու կամ ցուցմունք տալուց հրաժարվելու համար քրեական պատաuխանատվության ենթարկվելու մաuին: Տասնվեց տարեկան չդարձած երեխայի հարցաքննության ընթացքում դատարանը հետեւում է, որ հարցաքննության մեթոդը կամ հարցերը չշփոթեցնեն երեխային կամ չենթարկեն նրան անհարկի հոգեբանական ճնշման, եւ այդ նպատակով կարող է ցանկացած հարց հանել, ընդմիջել կամ դադարեցնել երեխայի հարցաքննությունը: Տաuնվեց տարեկան չդարձած երեխայի հարցաքննությանը դատարանի նախաձեռնությամբ կարող է մասնակցել մանկական հոգեբանը կամ երեխայի մանկավարժը:
7. Վկայի հարցաքննությունը սկսվում է նրա անվան, ծննդյան վայրի, զբաղմունքի եւ բնակության վայրի մասին հարցերով:
8. Վկան ցուցմունք է տալիս գործին մասնակցող անձանց եւ դատարանի հարցերին պատասխանելու ձեւով:
9. Կողմի միջնորդությամբ դատական քննության կանչված վկային առաջին հերթին հարցաքննում է միջնորդություն հարուցած կողմը, այնուհետեւ տվյալ կողմում հանդեu եկող այլ անձինք (ուղղակի հարցաքննություն), իuկ վերջում` հակառակ կողմը (խաչաձեւ հարցաքննություն): Եթե խաչաձեւ հարցաքննության ընթացքում վկան նոր հարց է շոշափում, որը չի շոշափվել ուղղակի հարցաքննության ժամանակ, ապա ուղղակի հարցաքննություն իրականացնողն իրավունք ունի դատարանի թույլտվությամբ լրացուցիչ հարցեր տալու վկային ուղղակի հարցաքննության կարգով, որին հետեւում է խաչաձեւ հարցաքննությունը:
10. Դատարանի նախաձեռնությամբ դատական քննության կանչված վկային հարցաքննելու հերթականությունը սահմանում է դատարանը, սակայն ամեն դեպքում սկզբում վկային հարցեր է ուղղում դատարանը: Յուրաքանչյուր կողմ վկային հարցաքննում է խաչաձեւ հարցաքննության կանոններով:
11. Վկային կարող են տրվել միայն այնպիսի հարցեր, որոնք ծառայում են գործի փաստերի բացահայտմանը կամ վերաբերում են կոնկրետ գործով նրա ցուցմունքների արժանահավատության հետ կապված հանգամանքներին, այդ թվում` մյուս կողմի հետ նրա հարաբերություններին: Այս շրջանակից դուրս տրված հարցերը դատարանը հանում է իր նախաձեռնությամբ կամ կողմի առարկությամբ:
12. Ուղղակի հարցաքննության ընթացքում հուշող կամ պատասխանն այլ կերպ ուղղորդող հարցեր չեն թույլատրվում, բացառությամբ եթե դա անհրաժեշտ է վկայի ցուցմունքը հստակեցնելու համար: Դատարանը կարող է հանել ուղղորդող հարցն իր նախաձեռնությամբ կամ կողմի առարկությամբ:
13. Վկայի խաչաձեւ հարցաքննության ընթացքում ուղղորդող հարցերը թույլատրվում են:
14. Դատարանը վկայի ուղղակի կամ խաչաձեւ հարցաքննության ժամանակ ցանկացած պահի կարող է նրան հարցեր տալ, որոնք անհրաժեշտ է համարում վկայի ցուցմունքը պարզաբանելու կամ դրանք հստակեցնելու համար:
15. Վկայի ցուցմունքները ճշգրտելու, հաստատելու կամ դրանց արժանահա՟վատությունը կասկածի տակ դնելու նպատակով վկային կարող են հարցեր տալ նաեւ նիստերի դահլիճում ներկա գտնվող, դատարանում արդեն իսկ ցուցմունք տված մյուս վկաները՝ նրանց կամ դատավարության մասնակիցներից որեւէ մեկի միջնորդությամբ: Այդ հարցերի առնչությամբ դատարանում արդեն ցուցմունք տված վկաներից դատարանն իրավունք ունի պահանջելու լրացուցիչ ցուցմունքներ:
16. Վկան ցուցմունք տալու ընթացքում դատարանի թույլտվությամբ կարող է օգտվել գրավոր նշումներից, եթե նրա ցուցմունքները կապված են որեւէ թվային կամ այլ տվյալների հետ, որոնք դժվար է մտապահել: Գրավոր նշումները ներկայացվում են դատարանին եւ դատավարության մասնակիցներին ու կցվում են գործին:
17. Անձինք, որոնք ֆիզիկական կամ հոգեկան արատների պատճառով ունակ չեն ճիշտ ընկալելու եւ վերարտադրելու գործով ապացուցման ենթակա հանգամանքները, չեն կարող հարցաքննվել որպես վկա:
18. Անհրաժեշտության դեպքում դատարանը կարող է վերսկսել վկայի հարցաքննությունը:
19. Հարցաքննված վկան կարող է հեռանալ նիստերի դահլիճից, եթե դատարանը նրան չի պարտավորեցրել չհեռանալ դատարանից:
Հոդված 34. Կողմի` որպես վկայի ցուցմունքը
1. Դատարանն իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ կարող է կարգադրել, որ կողմը (կողմերը) ցուցմունք տա (տան) վիճելի փաստի վերաբերյալ՝ վկայի ցուցմունքի համար սահմանված կանոններով:
2. Եթե կողմը, հղում կատարելով սույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի վրա, հրաժարվում է ցուցմունք տալուց, ապա դատարանը կարող է դա մեկնաբանել ի վնաս այն փաստի, որը հրաժարվող կողմը փորձում է հաստատել կամ հերքել:
3. Բացառությամբ սույն օրենսգրքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնի, կողմն իրավունք ունի գտնվելու նիստի ժամանակ, երբ հարցաքննվում են հարցաքննության ենթակա մյուս վկաները:
Հոդված 35. Փորձագետի ցուցմունքը
1. Եթե ապացույցը գնահատելու կամ փաստը հաստատելու համար դատարանին կօգնի գիտական, տեխնիկական կամ այլ հատուկ իմացությունը, ապա անձը, որն իր կրթության, ունակության, հմտության կամ փորձի շնորհիվ կարող է փորձագետ համարվել, կարող է դատարանին ցուցմունք տալ տվյալ ապացույցի կամ փաստի վերաբերյալ եզրակացության ձեւով:
2. Փորձագետի ցուցմունքը կարող է տրվել, իսկ դատարանի պահանջով` պետք է տրվի գրավոր եզրակացության տեսքով:
3. Նույն ապացույցի կամ փաստի վերաբերյալ ցուցմունք կարող է տալ մեկից ավելի փորձագետ` առանձին կամ համատեղ՝ ներկայացնելով միասնական եզրակացություն:
4. Փորձագետի ցուցմունքի նկատմամբ կիրառվում են վկայի ցուցմունքի համար սահմանված կանոններն այնքանով, որքանով սույն օրենսգիրքը փորձագետի համար այլ կանոններ չի սահմանում:
Հոդված 36. Փորձագետ հրավիրելը, դատարանի կողմից փորձագետ նշանակելը
1. Յուրաքանչյուր կողմ կարող է իր հաշվին հրավիրել փորձագետ` վկային դատարան հրավիրելու համար սույն օրենսգրքով սահմանված կարգով:
2. Դատարանն իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ կարող է՝
1) նշանակել փորձագետ, ընդ որում, դատարանը փորձագետի նշանակման հարցում նախապատվություն է տալիս այն փորձագետին, որի թեկնածության վերաբերյալ համաձայնվել են կողմերը կամ
2) սահմանել փորձագետի նշանակման կարգ, որով փորձագետի նշանակումը կհանձնարարի կողմերին կամ որեւէ մասնագիտացված հաստատության՝ վերջինիս համաձայնությամբ: Պետական փորձագիտական հաստատությունների համաձայնությունը ենթադրվում է:
3. Անձը չի կարող փորձագետ նշանակվել առանց իր գրավոր համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ հարցով փորձագիտական եզրակացություն տալը տվյալ անձի պաշտոնեական պարտականությունն է պետական փորձագիտական հաստատությունում:
4. Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դատարան ներկայացնելու այն հարցերը, որոնք պետք է պարզաբանի դատարանի կողմից նշանակված փորձագետը: Այդ հարցերի շրջանակը եւ բովանդակությունը որոշում է դատարանը: Գործին մասնակցող անձանց ներկայացրած հարցերը փորձաքննություն նշանակելու որոշման մեջ չընդգրկելու դեպքում դատարանը պարտավոր է որոշման մեջ նշել այդ հարցերը, ինչպես նաեւ փորձաքննությունն այդ հարցերով մերժելու պատճառաբանությունները։
5. Փորձագետ նշանակելիս դատարանը պետք է փորձագետին նախազգուշացնի ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին, որի վերաբերյալ կազմվում է փորձագետի կողմից ստորագրված գրավոր արձանագրություն:
6. Փորձաքննություն նշանակելու կամ փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը մերժելու մասին դատարանը կայացնում է որոշում: Փորձաքննության նշանակումը մերժելու մասին դատարանի որոշումը պետք է պարունակի մերժման հիմքերը։
7. Փորձաքննություն նշանակելու մասին որոշման մեջ դատարանը նշում է`
1) փորձագետին նշանակելու հիմքերը.
2) փորձագետի անունը կամ փորձագիտական հաստատության անվանումը, որը պետք է փորձագետ նշանակի.
3) փորձագետին առաջադրված հարցերը.
4) փորձագետին հանձնվող նյութերը.
5) փորձաքննության անցկացման եւ եզրակացությունը դատարան ներկայացնելու ժամկետները, եթե որեւէ հարցի վերաբերյալ եզրակացության հանգելու համար փորձագետին անհրաժեշտ է նախապես փորձաքննություն իրականացնել որոշակի ուսումնասիրության, համեմատության, փորձերի կամ այլ հետազոտման եղանակով.
6) նախազգուշացում` ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին:
Հոդված 37. Փորձաքննության անցկացումը
1. Փորձագետի եզրակացությունը պետք է հիմնվի այն տվյալների վրա, որոնք առկա են գործում, ինչպես նաեւ այն տվյալների վրա, որոնք սովորաբար հաշվի են առնվում այդ ոլորտի մասնագետների կողմից նման հարցի վերաբերյալ եզրակացություն անելու համար:
2. Փորձագետն իրավունք ունի, եթե դա անհրաժեշտ է եզրակացություն տալու համար, ծանոթանալու գործի նյութերին, որոնք վերաբերում են փորձաքննության առարկային, ներկայացնելու միջնորդություններ` իրեն լրացուցիչ նյութեր տրամադրելու համար:
3. Փորձագետն իրավունք ունի հրաժարվելու իր հատուկ գիտելիքների շրջանակներից դուրս գտնվող հարցերին պատասխանելուց, ինչպես նաեւ այն դեպքում, երբ իրեն տրամադրված նյութերը բավարար չեն դրանց պատասխանելու համար:
4. Եթե փորձաքննության ընթացքում փորձագետը հիմնվում է նաեւ տվյալ գործի շրջանակներում այլ մասնագետների իրականացրած որոշակի հետազոտությունների վրա, ապա տվյալ մասնագետը նույնպես պետք է հանդես գա որպես փորձագետ` իր հետազոտման մասով: Նա ստորագրում է եզրակացությունը, իսկ դատարանի պահանջով նաեւ ցուցմունք է տալիս: Այս կանոնը չի կիրառվում, եթե մասնագետն ընդամենը տեխնիկական աջակցություն է ցուցաբերել փորձագետին հետազոտությունն իրականացնելիս եւ ինքնուրույն որեւէ հետազոտություն չի իրականացրել:
Հոդված 38. Համալիր փորձաքննությունը
1. Եթե փորձաքննության իրականացման համար անհրաժեշտ է տարբեր մասնագիտությունների գծով առնվազն երկու փորձագետի մասնակցություն, ապա դատարանի որոշմամբ կարող է իրականացվել համալիր փորձաքննություն:
2. Համալիր փորձաքննության դեպքում փորձագետներից յուրաքանչյուրը ցուցմունք է տալիս այն հարցերի վերաբերյալ, որոնց բնագավառում կարող է փորձագետ համարվել: Փորձագետների միասնական գրավոր եզրակացությունում նշվում է, թե փորձագետներից յուրաքանչյուրն ինչ եւ ինչ ծավալի հետազոտություններ է կատարել, ինչ փաստեր է պարզել եւ ինչ եզրահանգումներ է արել: Համալիր փորձաքննության իրականացմանը մասնակցած յուրաքանչյուր փորձագետ ստորագրում է եզրակացության այն մասը, որը պարունակում է իր իրականացրած հետազոտությունների նկարագրությունը, եւ պատասխանատվություն է կրում դրա համար:
3. Ընդհանուր եզրակացությունն անում է այն փորձագետը, որն իրավասու է գնահատելու ստացված արդյունքները:
Հոդված 39. Լրացուցիչ եւ կրկնակի փորձաքննությունը
1. Դատարանը կարող է իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ հանձնարարել փորձագետին որոշակի ժամկետում լրացուցիչ փորձաքննություն իրականացնել, եթե գտնում է, որ եզրակացությունը բավարար չափով պարզ կամ լրիվ չէ:
2. Դատարանը փորձագետի եզրակացությանը ծանոթանալուց կամ նրա հարցաքննությունից հետո կարող է իր նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ նոր փորձագետ նշանակել եւ նրան հանձնարարել իրականացնել կրկնակի փորձաքննություն, եթե դա կօգնի դատարանին գնահատելու ապացույցը կամ փաստը:
Հոդված 40. Փորձագետի գրավոր եզրակացությունը
1. Փորձագետի կամ փորձագիտական հանձնաժողովի եզրակացությունում նշվում են`
1) դատական գործի անունը եւ համարը, որով եզրակացություն է տրվում.
2) փորձաքննության անցկացման վայրը եւ ժամանակը.
3) փորձաքննության իրականացման հիմքերը.
4) տեղեկություններ փորձագիտական կազմակերպության (եթե փորձաքննությունն իրականացվում է փորձագիտական կազմակերպությունում), փորձագետի մասին (անունը, ազգանունը, կրթությունը, մասնագիտությունը, աշխատանքային ստաժը, գիտական աստիճանը եւ գիտական կոչումը, զբաղեցրած պաշտոնը, լիցենզիայի վավերապայմանները, եթե տվյալ տեսակի փորձաքննության համար այդպիսին պահանջվում է), որին հանձնարարված է փորձաքննության անցկացումը.
5) նշումներ ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված քրեական պատասխանատվության վերաբերյալ նախազգուշացված լինելու մասին.
6) փորձաքննության համար առաջադրված հարցերը.
7) փորձաքննություն անցկացնելու համար տրամադրված նյութերը.
8) հետազոտությունների բովանդակությունն ու արդյունքները՝ կիրառված մեթոդների նշումով.
9) հետազոտությունների արդյունքների գնահատումը, առաջադրված հարցերով եզրահանգումները եւ դրանց հիմնավորումները.
10) դատարանի պահանջած այլ տեղեկություններ.
11) փորձագետի հայեցողությամբ այլ տեղեկություններ:
2. Եթե փորձաքննություն կատարելիս փորձագետը պարզում է գործի համար նշանակություն ունեցող այնպիսի հանգամանքներ, որոնց կապակցությամբ նրան հարցեր չեն առաջադրվել, նա իրավունք ունի այդ հանգամանքների վերաբերյալ հետեւություններն արտացոլելու իր եզրակացությունում:
3. Փորձագետի եզրակացությունը դատարանը տրամադրում է գործին մասնակցող անձանց եւ հետազոտում է գործում եղած այլ ապացույցների հետ:
Հոդված 41. Փորձագետի հարցաքննության առանձնահատկությունները
1. Կողմերը կարող են հրաժարվել փորձագետին հարցաքննելուց: Դատարանը, ամեն դեպքում, կարող է իր նախաձեռնությամբ փորձագետին կանչել դատական նիստի եւ հարցաքննել:
2. Եթե փորձագետը չի կանչվում դատական նիստին, ապա դատարանը փորձագետի գրավոր եզրակացությունը դիտում է որպես փորձագետի ցուցմունք:
3. Դատարանը նախազգուշացնում է փորձագետին ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար քրեական պատասխանատվության վերաբերյալ:
4. Փորձագետը ներկայացնում է իր եզրակացությունը, որից հետո պարտավոր է պատասխանել գործին մասնակցող անձանց եւ դատարանի հարցերին: Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն հարցաքննելու փորձագետին իր եզրակացության վերաբերյալ, ինչպես նաեւ պարզաբանվող հարցերի վերաբերյալ փորձագետի ձեռնահասությունը պարզելու նպատակով:
Հոդված 42. Գրավոր ապացույց թույլատրելու մասին միջնորդությունը
Գրավոր ապացույց թույլատրելու վերաբերյալ միջնորդությունն արվում է ապացույցի ներկայացմամբ, եւ մատնանշվում է այն փաստը, որը կողմը ցանկանում է ապացուցել:
Հոդված 43. Գրավոր ապացույցը
1. Գրավոր ապացույցներ են գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի մասին տեղեկություններ պարունակող իրավական ակտերը, տեղեկանքները, գործարար եւ մասնավոր թղթակցությունը եւ այլ գրավոր նյութեր (փաստաթղթեր): Գրավոր ապացույցներ են համարվում նաեւ էլեկտրոնային կամ կապի այլ միջոցով ստացված նյութերը, եթե առկա է հաղորդակցության իսկությունն ապացուցելու հնարավորություն:
2. Գրավոր ապացույցները ներկայացվում են բնօրինակով կամ պատճենի ձեւով: Դատարանը, իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ, կարող է պատճենի ձեւով գրավոր ապացույց ներկայացրած գործին մասնակցող անձից պահանջել ներկայացնելու պատշաճ վավերացված պատճենը: Պատշաճ վավերացված պատճենը չներկայացնելու դեպքում դատարանը տվյալ ապացույցը կարող է հանել հետազոտման ենթակա ապացույցների շարքից:
3. Էլեկտրոնային կամ կապի այլ միջոցով ստացված նյութը ներկայացվում է թղթի վրա տպված վիճակում:
4. Եթե քննվող գործին վերաբերում է փաստաթղթի միայն մեկ մասը, ապա կարող է ներկայացվել դրա քաղվածքը: Դատարանը, իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ, կարող է քաղվածքը որպես գրավոր ապացույց ներկայացրած գործին մասնակցող անձից պահանջել ներկայացնելու ամբողջական փաստաթուղթը: Ամբողջական փաստաթուղթը չներկայացնելու դեպքում դատարանը տվյալ ապացույցը կարող է հանել հետազոտման ենթակա ապացույցների շարքից:
5. Փաստաթղթերի բնօրինակները պարտադիր ներկայացվում են այն դեպքում, երբ համապատասխան փաստերը, օրենքներին կամ նորմատիվ իրավական այլ ակտերին համապատասխան, կարող են հաստատվել միայն բնօրինակով: Դատարանը, իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ, կարող է բնօրինակը չներկայացնելու դեպքում հանել տվյալ ապացույցը հետազոտման ենթակա ապացույցների շարքից:
6. Դատարանը, իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ, կարող է օտարալեզու գրավոր ապացույց ներկայացրած գործին մասնակցող անձից պահանջել գրավոր ապացույցը ներկայացնելու օրենքով սահմանված կարգով վավերացված հայերեն թարգմանությամբ: Նման թարգմանությունը չներկայացնելու դեպքում դատարանը տվյալ ապացույցը կարող է հանել հետազոտման ենթակա ապացույցների շարքից:
7. Դատարանը վերադարձնում է գործում գտնվող փաuտաթղթերի բնoրինակները դրանք ներկայացրած անձանց միջնորդությամբ, եթե դատարանը համարում է, որ դրանք դատաքննության համար այլեւս անհրաժեշտ չեն: Այu դեպքում գործին կցվում է փաuտաթղթի բնoրինակի` դատարանի կնիքով վավերացված պատճենը կամ քաղվածքը:
Հոդված 44. Հակառակ կողմի կամ գործի մասնակից չհանդիսացող այլ անձի տիրապետության ներքո գտնվող գրավոր ապացույց ներկայացնելը
1. Եթե կողմի պնդմամբ գրավոր ապացույցը գտնվում է հակառակ կողմի կամ գործին մասնակից չհանդիսացող այլ անձի տիրապետության ներքո, ապա կողմը միջնորդում է դատարանին` կարգադրելու ապացույց տիրապետող անձին ներկայացնելու գրավոր ապացույցը: Միջնորդության մեջ մատնանշվում է այն փաստը, որի ապացուցման համար պահանջվում է գրավոր ապացույցը:
2. Միջնորդող կողմը պարտավոր է իր միջնորդությանը կցել այն փաստաթղթի պատճենը, որը պետք է ներկայացնի ապացույցը տիրապետող անձը, իսկ եթե դա հնարավոր չէ, հնարավորինս ճշգրիտ եւ լրիվ փոխանցել այդ փաստաթղթի բովանդակությունը: Միաժամանակ միջնորդող կողմը պետք է մատնանշի այնպիսի հանգամանքներ, որոնք հավանական են դարձնում այլ անձի կողմից փաստաթղթին տիրապետելու փաստը:
3. Ապացույց չի կարող պահանջվել`
1) ներկայացուցիչներից կամ փաստաբաններից, եթե գրավոր ապացույցները ստեղծվել են իրենց վստահորդին իրավաբանական ծառայություններ մատուցելիս.
2) եթե միջնորդությունը բովանդակում է անվանական վիճակագրական տեղեկատվություն.
3) եթե միջնորդությունը վերաբերում է կտակի գաղտնիությանը:
4. Միջնորդությունը քննվում է ապացույցը ենթադրաբար տիրապետող անձի ներկայությամբ: Վերջինս, եթե գործին մասնակցող անձ չէ, հրավիրվում է որպես վկա: Այդ անձի չներկայանալը արգելք չէ միջնորդությունը քննելու համար: Եթե ապացույցը տիրապետող անձը հերքում է ապացույցն իր տիրապետության ներքո գտնվելու փաստը, ապա դատարանը կարող է կարգադրել այդ անձին ցուցմունք տալ՝ վկայի ցուցմունքի համար սահմանված կարգով:
5. Եթե ապացույցը տիրապետող հակառակ կողմը չի կատարում ապացույցը ներկայացնելու վերաբերյալ դատարանի կարգադրությունը, ապա միջնորդող կողմի ներկայացրած չվավերացված պատճենը կարող է համարվել հավաստի: Այն դեպքերում, երբ միջնորդող կողմը պատճենը չի ներկայացրել, նրա ցուցմունքում արված պնդումները փաստաթղթի բովանդակության մասին դատարանը կարող է համարել հավաստի:
Հոդված 45. Գրավոր ապացույցների իսկությունը
1. Գրավոր փաստաթղթի իսկության վերաբերյալ վեճ լինելու դեպքում ապացույց ներկայացնողը պետք է ապացուցի դրա իսկական լինելը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի: Գրավոր փաստաթղթի իսկության ապացուցման բեռը կրող կողմն իրավունք ունի միջնորդելու հանել այդ ապացույցն ապացույցների շարքից, եթե վիճարկող կողմը դրան չի առարկում:
2. Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետական մարմինների կողմից տրված կամ վավերացված փաստաթղթի, ինչպես նաեւ վիճող կողմերի միջեւ ստորագրված երկկողմ փաստաթղթերի իսկության վերաբերյալ վեճ լինելու դեպքում իսկությունը վիճարկող կողմը պետք է ապացուցի դրա ոչ իսկական լինելը:
3. Փաստաթղթի իսկությունը կարող է ստուգվել նաեւ դատարանի նախաձեռնությամբ:
4. Փաստաթղթի իսկությունը ստուգելիս դատարանը կարող է կարգադրել անձին, որի ձեռագրի իսկությունը պետք է հաստատվի ապացույցով, դատարանի կամ փորձագետի ներկայությամբ գրել որոշակի տեքստ:
5. Եթե դատարանը եկավ այն համոզման, որ փաստաթուղթը իսկական չէ, ապա այն հանում է ապացույցների շարքից:
Հոդված 46. Գրավոր ապացույցի հետազոտումը
1. Գրավոր ապացույցի բովանդակությունը հետազոտվում է դատական նիստում: Դրանից հետո կողմերը կարող են բացատրություններ տալ այդ ապացույցի վերաբերյալ:
2. Գրավոր ապացույցներն անհրաժեշտության դեպքում կարող են տրամադրվել նաեւ վկաներին եւ փորձագետներին:
Հոդված 47. Իրեղեն ապացույց թույլատրելու վերաբերյալ
Իրեղեն ապացույց թույլատրելու վերաբերյալ միջնորդությունը արվում է այն փաստի մատնանշմամբ, որը կողմը ցանկանում է ապացուցել, եւ իրեղեն ապացույցի նույնացման տվյալներով: Միջնորդությանը կարող են կցվել իրեղեն ապացույցի պատճենը, լուսանկարը կամ տեսագրությունը:
Հոդված 48. Իրեղեն ապացույցները
1. Իրեղեն ապացույցներ են նյութական աշխարհի այն օբյեկտները, որոնք իրենց առկայությամբ, դրությամբ, արտա՟քին տեսքով, ներքին հատկություններով, գտնվելու վայրով կամ այլ հատկա՟նիշներով կարող են գործի լուծման համար նշանա՟կություն ունեցող փաստերի հաստատման միջոց դառնալ:
2. Իրեղեն ապացույցներ են նաեւ լուսանկարները (լուսաժապավենները), ձայնագրություններն ու տեսագրությունները: Եթե անձի լուսանկարումը կամ նրա ձայնագրումը կամ տեսագրումն իրականացվել են առանց այդ անձի համաձայնության կամ գիտության, ապացույցը թույլատրելի է միայն այն դեպքում, եթե օրենքը չի արգելում այդ իրավիճակում առանց անձի համաձայնության լուսանկարումը, ձայնագրությունը կամ տեսագրությունը:
3. Ապացույց ներկայացնելու վերաբերյալ միջնորդությունն արած գործի մասնակիցը իրեղեն ապացույցները ներկայացնում է դատաքննության ժամանակ հետազոտման համար, եթե դատարանը այլ բան չի որոշել:
4. Եթե իրեղեն ապացույցը գտնվում է հակառակ կողմի կամ գործի մասնակից չհանդիսացող այլ անձի տիրապետության ներքո, ապա այն կարող է պահանջվել սույն օրենսգրքի 28-րդ հոդվածի կանոններով:
5. Դատարանը վերադարձնում է գործում գտնվող իրեղեն ապացույցները դրանք ներկայացրած անձանց միջնորդությամբ, եթե դատարանը համարում է, որ դրանք դատաքննության համար այլեւս անհրաժեշտ չեն: Իրեղեն ապացույցներն ամեն դեպքում վերադարձվում են դրանք ներկայացրած անձանց դատական քննության ավարտից անմիջապես հետո, իսկ գործում դատարանի որոշմամբ թողնվում են իրեղեն ապացույցի պատճենը, լուսանկարը կամ տեսագրությունը, եթե դա անհրաժեշտ է վերադաս ատյանում տվյալ ապացույցի գնահատականը ստուգելու համար:
Հոդված 49. Իրեղեն ապացույցի հետազոտումը
1. Իրեղեն ապացույցը հետազոտվում է զննման միջոցով:
2. Զննումը կատարվում է անձանց, առարկաների կամ տեղանքի` տվյալ գործի քննության եւ լուծման համար նշանակություն ունեցող արտաքին (զգայարանների վրա ներգործելու ունակ) հատկանիշները հետազոտելու եւ բացահայտելու նպատակով՝ զննման օբյեկտը դատավորի կողմից նկարագրելու միջոցով։ Անհրաժեշտության դեպքում զննմանը կարող են ներգրավվել նաեւ փորձագետներ եւ վկաներ:
3. Զննումը, որպես կանոն, կատարվում է դատարանում: Եթե զննման օբյեկտը հնարավոր չէ տեղաշարժել, կամ դրա տեղափոխումը դատարան կապված է անհամաչափ դժվարությունների կամ ծախսերի հետ, ապա զննումը դատարանը կատարում է տեղում: Զննումը տեղում կատարելիս պահպանվում է դատական նիստի համար սույն օրենսգրքով սահմանված կարգը: Զննումը տեղում կատարելիս զննման ժամանակի եւ վայրի մասին ծանուցվում են գործին մասնակցող անձինք, սակայն նրանց չներկայանալն արգելք չէ զննումը կատարելու համար:
4. Զննման արդյունքները դատավորի խոսքից բառացի արձանագրվում են: Արձանագրությանը կարող են կցվել զննման ժամանակ կազմված կամ ստուգված պլանները, գծագրերը, լուսանկարները, փաստաթղթերի պատճենները, զննման ժամանակ կատարված լուսանկարները կամ տեսագրությունները, ինչպես նաեւ փորձագետի գրավոր եզրակացությունը: Զննման ժամանակ կողմերն իրավունք ունեն պահանջելու զննության արձանագրության մեջ մտցնել իրենց դիտողությունները:
5. Եթե զննումը կատարել է նոտարը «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, ապա կողմերն իրավունք ունեն հարցաքննելու նոտարին դատական նիստում: Նոտարը հարցաքննվում է կողմի միջնորդությամբ հրավիրված վկայի համար` սույն օրենսգրքով սահմանված կարգով:
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Հոդված 50. Դատավարական ժամկետների սահմանումը եւ հաշվարկը
1. Դատավարական գործողությունները կատարվում են սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով սահմանված դատավարական ժամկետներում, իսկ դրանց սահմանված չլինելու դեպքում՝ դատարանի սահմանած ժամկետներում:
2. Դատավարական գործողությունների կատարման ժամկետները որոշվում են օրացուցային տարով, ամսով, ամսաթվով` անխուսափելիորեն վրա հասնող իրադարձության մատնանշմամբ կամ ժամանակահատվածով, որի ընթացքում գործողությունը կարող է կատարվել, եթե ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը:
3. Դատավարական ժամկետները հաշվարկվում են տարիներով, ամիսներով, շաբաթներով եւ օրերով: Օրերով հաշվարկվող ժամկետներում չեն ներառվում օրենքով նախատեսված ոչ աշխատանքային օրերը:
4. Տարիներով, ամիսներով, շաբաթներով կամ օրերով հաշվարկվող դատավարական ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, շաբաթվա, ամսաթվի հաջորդ օրվանից, որով որոշված է դրա ժամկետի սկիզբը:
Հոդված 51. Դատավարական ժամկետների ավարտը
1. Տարիներով հաշվարկվող դատավարական ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին տարվա համապատասխան ամսին եւ ամսաթվին:
2. Ամիսներով հաշվարկվող դատավարական ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին ամսվա համապատասխան օրը: Եթե ժամկետի վերջը համընկնում է համապատասխան ամսաթիվ չունեցող ամսվան, ապա դատավարական ժամկետը լրանում է այդ ամսվա վերջին օրը:
3. Շաբաթներով հաշվարկվող դատավարական ժամկետը լրանում է սահմանված ժամկետի վերջին շաբաթվա համապատասխան օրը:
4. Օրերով հաշվարկվող դատավարական ժամկետը լրանում է այդ ժամկետի վերջին օրը:
5. Այն դեպքերում, երբ դատավարական ժամկետի վերջին օրն օրենքով նախատեսված ոչ աշխատանքային օր է, ժամկետի ավարտման օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը:
6. Եթե հայցադիմումը, բողոքը, այլ փաստաթղթերը կամ դրամական միջոցները հանձնվել են փոստին, փոխանցվել կամ ներկայացվել են համապատասխան մարմնին կամ դրանք ընդունելու լիազորություն ունեցող անձին մինչեւ դատավարական ժամկետի վերջին օրվա ժամը քսանչորսը, ապա ժամկետը չի համարվում բաց թողնված:
7. Եթե դատավարական գործողությունը պետք է կատարվի դատարանում կամ կազմակերպությունում, ապա դատավարական ժամկետը լրանում է այն ժամին, երբ դատարանում կամ կազմակերպությունում սահմանված կանոններով ավարտվում է աշխատանքային օրը:
Հոդված 52. Դատավարական ժամկետների կասեցումը
1. Չլրացած բոլոր դատավարական ժամկետների ընթացքը կասեցվում է գործի վարույթը կասեցնելու հետ միաժամանակ:
2. Գործի վարույթը վերսկսելու օրվանից դատավարական ժամկետների ընթացքը շարունակվում է:
Հոդված 53. Դատավարական ժամկետները բաց թողնելը եւ վերականգնելը
1. Դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը:
2. Դատավարական ժամկետների ավարտից հետո ներկայացված հայցադիմումները, բողոքները եւ այլ փաստաթղթերը դատարանը չի քննարկում եւ վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց, եթե բացակայում է բաց թողնված դատավարական ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին միջնորդությունը: Նման միջնորդությունը կարող է բավարարվել, եթե դատարանը գտնի, որ անձը ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով:
3. Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը ներկայացվում է այն դատարան, որտեղ պետք է կատարվի դատավարական գործողությունը: Միջնորդության ներկայացման հետ միաժամանակ, եթե դա հնարավոր է, կատարվում են անհրաժեշտ դատավարական գործողությունները (դիմումի, բողոքի, փաստաթղթերի ներկայացում եւ այլն), որոնց կատարման ժամկետը բաց է թողնված:
4. Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը քննվում է դատարանում դա ստացվելու օրվանից հետո` հնգօրյա ժամկետում` առանց գործին մասնակցող անձանց ծանուցման, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:
5. Բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին դատարանը կայացնում է որոշում եւ հետագայում այդ մասին նշում է գործն ըստ էության լուծող դատական ակտում: Դատարանը բաց թողնված ժամկետը վերականգնելու հետ միաժամանակ կարող է սահմանել իրավունքի իրականացման համար նոր դատավարական ժամկետ, որը չի կարող գերազանցել օրենքով սահմանված ժամկետը: Որոշման պատճենը ուղարկվում է կողմերին ոչ ուշ, քան որոշման կայացման հաջորդ օրը:
6. Բաց թողնված դատավարական ժամկետի վերականգնումը մերժելու մասին դատարանը կայացնում է որոշում:
7. Որոշման պատճենն ուղարկվում է կողմերին ոչ ուշ, քան որոշման կայացման հաջորդ օրը:
8. Կողմերը կարող են բողոքարկել բաց թողնված դատավարական ժամկետի վերականգնման միջնորդության առնչությամբ կայացված դատարանի որոշումը:
Հոդված 54. Դատավարական ժամկետները երկարաձգելը
1. Վարչական դատարանի կողմից նշանակված չավարտված դատավարական ժամկետները կարող է երկարաձգել նույն դատարանը` գործին մասնակցող անձի միջնորդությամբ` սույն օրենսգրքի 52-րդ հոդվածով սահմանված կարգով:
2. Վարչական դատարանի նշանակած դատավարական ժամկետի երկարաձգումը մերժելու մասին որոշումը միջնորդությունը ներկայացրած անձը կարող է բողոքարկել:
ԴԱՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ
Հոդված 55. Դատական ծախսերի կազմը
Դատական ծախսերը կազմված են պետական տուրքից եւ գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
Հոդված 56. Պետական տուրքը
Պետական տուրքի չափի, դրա վճարումից ազատելու, պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու եւ դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Հոդված 57. Գործի քննության հետ կապված այլ ծախսերը
Գործի քննության հետ կապված այլ ծախսերն են`
1) վկաներին, փորձագետներին, թարգմանիչներին վճարվելիք գումարները.
2) կողմերի՝ գործի քննության վայր ժամանելու, ինչպես նաեւ նրանց` դատարան ներկայա՟նա՟լու կապակցությամբ շինությունների վարձակալման հետ կապված ծախսերը.
3) ֆիզիկական կամ իրավաբանական անձի ներկայացուցիչներին վճարվելիք գումարները.
4) զննում, այդ թվում` տեղազննություն կատարելու ծախսերը.
5) դատավարության մասնակիցների փոստային ծախսերը.
6) դատարանի պահանջները եւ դատական հանձնարարությունները կատարելու հետ կապված ծախսերը.
7) սույն օրենսգրքի 48-րդ հոդվածին համապատասխան` իրեղեն ապացույցների պահպանման ծախսերը.
8) դատարանի կողմից անհրաժեշտ ճանաչված այլ ծախսերը:
Հոդված 58. Վկաներին, փորձագետներին, ներկայացուցիչներին եւ թարգմանիչներին վճարվելիք գումարները
1. Վկաների, փորձագետների եւ թարգմանիչների դատարան ներ՟կայանալու ճանապարհածախսը ենթակա է հատուցման: Նրանց վճարվում է նաեւ օրապահիկ եւ գիշերավարձ: Բնակության վայրից մինչեւ 30 կմ հեռավորությամբ այլ վայր մեկնելու կամ, անկախ հեռավորությունից, բնակության վայրից մեկնելու եւ նույն oրը վերադառնալու դեպքերում հատուցվում է միայն ճանապարհածախuը:
2. Չզբաղված անձանց վճարվում է փոխհատուցում` ժամանակի կորստի համար` ելնելով ժամանակի փաստացի կորստի եւ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափերից, իսկ զբաղված անձանց փոխհատուցումը վճարվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով եւ չափով:
3. Փորձագետները եւ թարգմանիչները դատարանի հանձնա՟րա՟րականները կատարելու համար վարձատրվում են, եթե այդ գոր՟ծողությունները (աշխատանքը) չեն մտնում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնում նրանց ծառայողական պարտականությունների շրջա՟նակի մեջ: Հակառակ դեպքում նրանք չեն վարձատրվում, սակայն նրանց աշխատավարձն աշխատանքի վայրում պահպանվում է դատավարությունում ներգրավվելու հետ կապված նրանց բացակայության ամբողջ ժամանակահատվածում:
4. Վճարվելիք գումարների չափը որոշում է դատարանը` կողմերի հետ խորհրդակցելով, փորձագետ՟ների եւ թարգմանիչների նախնական համաձայնությամբ:
5. Վկաներին, փորձագետներին եւ թարգմանիչներին վճարումը կատարում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտը` նրանց կողմից իրենց պարտականությունների կատարման ավարտից հետո` մեկ ամսվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին հատկացված միջոցների հաշվին:
6. Վկաներին, փորձագետներին եւ թարգմանիչներին օրապահիկի, գիշերավարձի եւ ճանապարհածախսի վճարումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ծառայողական գործուղման նորմաները:
7. Ներկայացուցիչների ծախսերը վճարում է նրան ներգրաված դատավարության մասնակիցը:
Հոդված 59. Դատական ծախսերի բաշխումը դատավարության մասնակիցների միջեւ
1. Կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի կողմից վկաներին եւ փորձագետներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաեւ մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի ծախսերը, որն իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը դրվում է հայցվորի վրա, եթե հայցը թողնվում է առանց քննության, կամ վարույթը կարճվում է: Բողոքը հետ վերցրած անձը կրում է դրա հետեւանքով առաջացած դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը:
3. Եթե պատասխանող է հանդիսացել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը կամ պաշտոնատար անձը, ապա դատական ծախսերը դրվում են Հայաստանի Հանրապետության կամ համապատասխան համայնքի վրա, եթե`
1) պատասխանողի որոշումը, գործողությունը կամ անգործությունը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ.
2) պատասխանողի որոշումը, գործողությունը կամ անգործությունը դատարանը ճանաչել է իրավաչափ, սակայն հաստատել է, որ հայցվորի` վարչական մարմիններին ներկայացրած վարչական բողոքը մինչեւ դատարանում դրա քննությունը թողնվել է անպատասխան՝ օրենքի խախտմամբ, կամ պատասխանը տրվել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ:
4. Եթե հայցվորի կամ բողոք բերողի պահանջները բավարարվում են մասամբ, ապա հաշվանցման եղանակով դատարանը կարող է հայցվորին, բողոք բերողին եւ պատասխանողին փոխադարձաբար ազատել դատական ծախսերի փոխհատուցումից կամ համաչափորեն բաշխել դատական ծախսերի փոխհատուցումը նրանց միջեւ:
5. Եթե դատարանի որոշմամբ որպես փորձագետ նշանակված անձը չի ներկայանում դատական նիստին կամ չի ներկայացնում պահանջվող եզրակացությունը, ապա նա կրում է դրա հետեւանքով առաջացած դատական ծախսերը։
6. Երրորդ անձինք դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը կարող են կրել միայն այն դեպքում, եթե նրանք դատավարության մեջ ներգրավվել են իրենց դիմումի համաձայն, եւ նրանց դատավարական գործողությունների հետեւանքով առաջացել են դատական ծախսեր:
7. Դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը մի քանի հայցվորների, բողոք բերողների կամ պատասխանողների միջեւ բաշխվում են հավասարաչափ, կամ յուրաքանչյուրը կրում է իր գործողություններով առաջացած ծախսերի մասնաբաժինը:
8. Ներկայացուցիչներին վճարվող գումարների գծով դատական ծախսի փոխհատուցումը դրվում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կամ համայնքի վրա, եթե գործը լուծվել է ի վնաս իրենց: Փոխհատուցման չափը որոշելիս դատարանը հիմք է ընդունում ծախսերի ողջամիտ չափերը:
9. Դատական ծախսերի փոխհատուցման վճարումը պետք է կատարվի դատական ծախսերի բաշխման հարցը լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո, որի չկատարման դեպքում այն ենթակա է բռնագանձման դատական ակտի հարկադիր կատարման կարգով։
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԸ
Հոդված 60. Ծանուցագիրը
Ծանուցագրով դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի եւ վայրի մասին տեղեկացվում են դատավարության մասնակիցները, վկաները, փորձագետները եւ թարգմանիչները:
Հոդված 61. Ծանուցագրի բովանդակությունը
1. Ծանուցագիրը պետք է բովանդակի`
1) վարչական դատարանի (նստավայրի) անվանումը եւ հասցեն.
2) դատարան կանչվող անձի անունը, ազգանունը (անվանումը).
3) նշում` հասցեատիրոջ դատավարական կարգավիճակի մասին.
4) նշում՝ ներկայանալու ժամանակի մասին.
5) նշում այն գործի մասին, որի վերաբերյալ անձը ծանուցվում է:
2. Եթե դատավարական գործողությունն իրականացվելու է դատարանից դուրս, ապա ծանուցագրում պետք է նշվի նաեւ դատավարական գործողության անցկացման վայրը:
3. Ծանուցագրում նշվում է նաեւ դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառները դատարանին հայտնելու պարտականությունը չկատարելու հետեւանքների մասին:
4. Ծանուցագիրն ուղարկում է դատարանի աշխատակազմը:
Հոդված 62. Պատշաճ ծանուցումը
1. Ծանուցագրի հանձնումն իրականացվում է «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Դատավարության մասնակիցները կարող են համաձայնվել ծանուցման այլ եղանակի մասին, մասնավորապես ֆաքսով, էլեկտրոնային փոստով, հեռախոսով, հեռագրով:
2. Այն դեպքերում, երբ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա պատշաճ ծանուցում է համարվում Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում ծանուցագիր տեղադրելը:
3. Ծանուցագրի հետ մեկտեղ հասցեատիրոջն ուղարկվում են դատավարական փաստաթղթերի պատճենները:
4. Ծանուցագրերն ուղարկվում են այն հաշվով, որ դրանց հասցեատերերը դատական նիստին ներկայանալուց կամ դատավարական գործողությունների կատարմանը մասնակցելուց առնվազն 5 օր առաջ իրազեկվեն դատական նիստի կամ դատավարական գործողությունների կատարման ժամանակի եւ վայրի վերաբերյալ:
5. Ծանուցագրերը ուղարկվում են անձի նշած հասցեով, իսկ նման հասցե նշած չլինելու դեպքում սույն օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված հասցեով, ընդ որում, սույն օրենսգրքի 75-րդ հոդվածի 2-5-րդ եւ 7-րդ մասերով նախատեսված դեպքերում ծանուցագիրը միեւնույն ժամանակ հրապարակվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
6. Դատավարության մասնակիցները եւ նրանց ներկայացուցիչները, ինչպես նաեւ այլ անձինք պարտավոր են դատարանին հայտնել գործի քննության ընթացքում իրենց հասցեի փոփոխության մասին: Նման հաղորդման բացակայության դեպքում ծանուցագիրն ուղարկվում է նրանց վերջին հայտնի հասցեով եւ համարվում է հանձնված, թեկուզեւ հասցեատերն այդ հասցեում այլեւս չի բնակվում կամ չի գտնվում:
Հոդված 63. Ծանուցագիրն ընդունելուց հրաժարվելու հետեւանքները
1. Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելուն եւ խոչընդոտ չէ գործը քննելու համար: Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է դատարանին:
2. Վկայի, փորձագետի եւ թարգմանչի կողմից ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում անձին դատարան բերման ենթարկելու մասին:
ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՀԻՄՔԸ ԵՎ ՀԱՅՑԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
Հոդված 64. Վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը
Վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:
Հոդված 65. Վիճարկման հայցը
Վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասամբ վերացնել կամ փոփոխել միջամտող վարչական ակտը:
Հոդված 66. Պարտավորեցման հայցը
Պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունելու այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժվել է վարչական մարմնի կողմից, կամ որը նա չի ընդունել:
Հոդված 67. Գործողության կատարման հայցը
Գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել կատարելու որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից, որոնք ուղղված չեն վարչական ակտի ընդունմանը:
Հոդված 68. Ճանաչման հայցը
1. Ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչելու որեւէ իրավահարաբերության առկայությունը կամ բացակայությունը, եթե նա չի կարող հայց ներկայացնել սույն օրենսգրքի 65-67-րդ հոդվածներին համապատասխան:
2. Ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչելու վարչական ակտն առ ոչինչ լինելը:
3. Ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ոչ իրավաչափ ճանաչելու այլեւս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը կամ գործողությունը, եթե հայցվորն արդարացիորեն շահագրգռված է ակտը կամ գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու մեջ, այսինքն՝
1) առկա է նմանատիպ իրավիճակում նմանատիպ միջամտող վարչական ակտ կրկին ընդունելու կամ գործողություն կրկին կատարելու վտանգ.
2) հայցվորը մտադիր է պահանջել գույքային վնասի հատուցում, կամ
3) դա նպատակ է հետապնդում վերականգնելու հայցվորի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը:
Հոդված 69. Հայցերի միացումը
Հայցվորը կարող է մեկից ավելի պահանջներ միավորել մեկ հայցում, եթե դրանք ուղղված են միեւնույն պատասխանողի դեմ եւ փոխկապակցված են:
Հոդված 70. Հետեւանքների վերացման ածանցյալ պահանջը
Վիճարկման, պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցի հետ կարող է ներկայացվել պահանջ այն հետեւանքները վերացնելու մասին, որոնք առաջացել են վիճարկվող վարչական ակտի կամ վիճարկվող գործողության (անգործության) կամ վարչական ակտ ընդունելը մերժելու կամ վարչական ակտ չընդունելու հետեւանքով:
Հոդված 71. Հայց ներկայացնելու ժամկետները
1. Հայցը դատարան կարող է ներկայացվել՝
1) վիճարկման հայցի դեպքում երկամսյա ժամկետում` վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահից.
2) պարտավորեցման հայցի դեպքում՝
ա. մեկամսյա ժամկետում այն պահից, երբ մերժվել է տվյալ վարչական ակտի ընդունումը,
բ. երկամսյա ժամկետում այն պահից, երբ լրացել է վարչական ակտ ընդունելու համար սահմանված առավելագույն ժամկետը.
3) գործողության կատարման հայցի դեպքում՝
ա. մեկամսյա ժամկետում` վարչական մարմնի կողմից այն մերժելու պահից,
բ. եռամսյա ժամկետում` այն պահից, երբ վարչական մարմնին դիմում է ներկայացվել պահանջվող գործողությունը կատարելու վերաբերյալ.
4) ճանաչման հայցի դեպքում՝ անկախ ժամկետից:
2. Այն դեպքերում, երբ վարչական մարմնի ընդունած ակտը կամ ակտը չընդունելը կամ գործողություն կատարելը կամ չկատարելը բողոքարկվել է վարչական կարգով, սույն հոդվածով սահմանված ժամկետները հաշվարկվում են բողոքի քննության համար սահմանված ժամկետի ավարտից հետո:
Հոդված 72. Հայցադիմումին ներկայացվող պահանջները
1. Հայցադիմումը ձեւակերպվում է գրավոր:
2. Հայցադիմումը պետք է բովանդակի`
1) նշում այն մասին, որ հայցը ներկայացվում է վարչական դատարան.
2) հայցվորի անունը, ազգանունը (անվանումը), բնակության (գտնվելու) վայրը, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է բնակության վայրից), այդ թվում` հայցվոր քաղաքացու անձնական տվյալները, հայցվոր իրավաբանական անձի հարկ վճարողի հաշվառման համարը եւ պետական գրանցման կամ պետական գրանցման վկայականի համարը, նրա ներկայացուցչի անունը, ազգանունը, հասցեն, եթե հայցը ներկայացվել է օրենքով դրա իրավունքն ունեցող պաշտոնատար անձի (իրավաբանական անձի) կողմից՝ նաեւ այդ անձի (իրավաբանական անձի) անունը, ազգանունը (անվանումը), պաշտոնը.
3) պատասխանողի անվանումը, գտնվելու վայրը, իսկ այն դեպքերում, երբ սույն օրենսգրքով սահմանված կարգով որպես պատասխանող հանդես է գալիս ֆիզիկական կամ իրավաբանական անձը, ապա վերջիններիս անունը, ազգանունը (անվանումը), բնակության (գտնվելու) վայրը.
4) հայցի էության հակիրճ նկարագրությունը.
5) այն փաստերը, որոնց վրա հիմնվում է հայցվորի պահանջը.
6) հայցվորի պահանջի իրավական հիմքերը.
7) հայցվորի պահանջը.
8) տեղեկություններ վարչական ակտը, վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը վերադասության կարգով բողոքարկելու վերաբերյալ.
9) այն ապացույցների ցանկը, որոնք հաստատում են հայցվորի պնդած փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված.
10) հայցադիմումը ներկայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը:
3. Եթե հայցադիմումը ներկայացվել է դատավարական ժամկետների լրանալուց հետո, ապա կարող է ներկայացվել հայցվորի միջնորդությունն այն վերականգնելու մասին` դրանում նշելով բացթողնման պատճառները:
4. Հայցադիմումում կարող են ներառվել`
1) այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության եւ լուծման համար, ինչպես նաեւ հայցվորի միջնորդությունները.
2) հայցվորի եւ դատավարության մյուս մասնակիցների ֆաքսի, հեռախոսի համարը, էլեկտրոնային հասցեն:
5. Հայցադիմումն ստորագրում է հայցվորը կամ նրա ներկայացուցիչը:
Հոդված 73. Հայցադիմումին կցվող փաստաթղթերը
1. Հայցադիմումին կցվում են՝
1) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ (եթե այդպիսին սահմանված է), իսկ եթե օրենքը նախատեսում է պետական տուրքի մասնակի վճարման կամ վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու հնարավորություն, ապա հայցադիմումին պետք է կցվի համապատասխան միջնորդությունն այդ մասին.
2) լիազորագիր կամ այլ փաստաթուղթ, որը հավաստում է ներկայացուցչի լիազորությունը (եթե դատավարության մասնակիցները հանդես են գալիս ներկայացուցչի միջոցով.
3) միջնորդություն` վկա կամ փորձագետ հրավիրելու մասին, գրավոր կամ իրեղեն ապացույց թույլատրելու մասին, դատարանի կողմից փորձագետ նշանակելու մասին.
4) իր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր ապացույցները, որոնք հաստատում են իր պնդած փաստերը, եթե նա կրում է դրանց ապացուցման բեռը, եւ եթե դրանք հնարավոր է կցել հայցադիմումին.
5) վիճարկվող ակտը կամ դրա պատճենը.
6) հայցադիմումը եւ կից փաստաթղթերի պատճենները (եթե դրանք հնարավոր է պատճենահանել) պատասխանողին եւ գործին մասնակցող այլ անձանց, սույն օրենսգրքի 62-րդ հոդվածով սահմանված կարգին համապատասխան, ստանալը հավաստող փաստաթղթերը.
7) սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում հայցադիմումը պետական ֆինանսների կառավարման մարմնին սույն օրենսգրքի 62-րդ հոդվածով սահմանված կարգով ուղարկելը հավաստող փաստաթղթերը:
2. Այն դեպքում, երբ գործով որպես պատասխանող հանդես է գալու վարչական մարմինը կամ պաշտոնատար անձը, հայցվորը հայցադիմումի եւ դրան կցվող փաստաթղթերի պատճենը ուղարկում է նաեւ պետական ֆինանսների կառավարման մարմնին:
3. Այն դեպքում, երբ հայցադիմումին կից փաuտաթղթերը ծավալուն են, կամ դրանք դժվար է պատճենահանել, հայցվորը պատասխանողին եւ գործին մաuնակցող այլ անձանց հայցադիմումի հետ ուղարկում է ծանուցում, որ նշված փաuտաթղթերը, դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացվելու են դատարանում:
4. Գործին մաuնակցող անձինք իրավունք ունեն դատարանում uտանալու հայցադիմումին կից փաuտաթղթերի պատճենները` oրենքով uահմանված չափով պետական տուրք վճարելով:
Հոդված 74. Հայցադիմումը դատարան ներկայացնելու եղանակը
Հայցադիմումը հայցվորը ներկայացնում է դատարան առձեռն կամ ուղարկում է փոստով:
Հոդված 75. Հայցադիմումը պատասխանողին եւ գործին մասնակցող մյուս անձանց փոստով ուղարկելը
1. Քաղաքացի պատասխանողին հայցադիմումն ուղարկվում է նրա` բնակչության պետական ռեգիստրում նշված հասցեով:
2. Բնակչության պետական ռեգիստրում մշտական բնակության վայր նշված չլինելու, ինչպես նաեւ պատասխանողի` Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության վայր չունենալու դեպքում հայցադիմումն ուղարկվում է պատասխանողի որեւէ անշարժ գույքի գտնվելու վայրի հասցեով:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով պատասխանողի հասցեն որոշելու անհնարինության դեպքում հայցադիմումն ուղարկվում է պատասխանողի բնակության` վերջին հայտնի վայրի հասցեով:
4. Բնակության վերջին հայտնի վայրը որոշվում է բնակչության պետական ռեգիստրի տվյալներով:
5. Իրավաբանական անձ պատասխանողին հայցադիմումն ուղարկվում է իրավաբանական անձանց պետական ռեգիստրում նշված հասցեով:
6. Վարչական մարմին կամ պաշտոնատար անձ պատասխանողին հայցադիմումն ուղարկվում է նրանց պաշտոնական հասցեով:
7. Եթե հայցադիմումը պատասխանողը չի ստացել սույն հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 5-րդ մասերով սահմանված կարգով ուղարկվելու միջոցով, ապա հայցվորի միջնորդությամբ դատարանը հայցադիմումն ուղարկում է պատասխանողի վերջին հայտնի բնակության կամ գրանցման վայրի համայնքի ղեկավարին: Միեւնույն ժամանակ հայցադիմումը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ, ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼԸ, ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՄԵՐԺԵԼԸ
Հոդված 76. Հայցադիմումն ստանալուց հետո դատարանի կողմից կայացվող որոշումները
Հայցադիմումն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, դատարանը կայացնում է հետեւյալ որոշումներից մեկը.
1) հայցադիմումը վարույթ ընդունելու մասին.
2) հայցադիմումը վերադարձնելու մասին.
3) հայցադիմումի ընդունումը մերժելու մասին:
Հոդված 77. Հայցադիմումը վարույթ ընդունելը
1. Հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը դատավորը լուծում է միանձնյա, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված այն դեպքերի, երբ գործի քննությունը կատարվում է կոլեգիալ կարգով:
2. Դատավորը պարտավոր է հայցադիմումն uտանալու oրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում, վարույթ ընդունել uույն oրենuգրքով նախատեuված պահանջների պահպանմամբ ներկայացված հայցադիմումը, եթե առկա չեն սույն օրենսգրքի 78-րդ եւ 79-րդ հոդվածներով սահմանված հայացադիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքերը:
3. Հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը քննարկելիս դատարանն անդրադառնում է նաեւ փաստաթղթերին ծանոթանալու նպատակով դրանք դատարանում դեպոնացնելու վերաբերյալ կողմի միջնորդությանը եւ այն անհիմն համարելու դեպքում կարող է կայացնել սույն օրենսգրքի 78-րդ հոդվածով նախատեսված որոշումը:
4. Վարչական դատարանը հայցադիմումն uտանալու oրվանից հետո` մեկշաբաթյա ժամկետում, հայցադիմումի ընդունումը չմերժելու կամ հայցադիմումը չվերադարձնելու դեպքում կայացնում է այն վարույթ ընդունելու մաuին որոշում:
5. Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելու պահից եռօրյա ժամկետում դատարանն այդ որոշման պատճենը սույն օրենսգրքի 62-րդ հոդվածով սահմանված կարգով ուղարկում է դատավարության մասնակիցներին:
6. Վարչական դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը պատասխանողին ուղարկելու հետ միաժամանակ վերջինիս նախազգուշացնում է հայցադիմումին պատասխան ներկայացնելու անհրաժեշտության եւ չներկայացման իրավական հետեւանքների մասին:
7. Վարչական դատարանն իրավունք չունի չընդունելու հայցադիմումը վարույթ սոսկ ձեւական թերությունների հիմքով:
Հոդված 78. Հայցադիմումը վերադարձնելը
1. Դատավորը վերադարձնում է հայցադիմումը, եթե`
1) չեն պահպանվել uույն oրենuգրքի 72-րդ հոդվածով uահմանված` հայցադիմումին առաջադրվող պահանջները.
2) հայցադիմումը uտորագրված չէ, կամ այն uտորագրել է uտորագրելու լիազորություն չունեցող անձը կամ այնպիuի անձ, որի պաշտոնեական դրությունը նշված չէ.
3) չեն ներկայացվել uահմանված կարգով եւ չափով պետական տուրքի վճարումը հավաuտող փաuտաթղթեր, իuկ այն դեպքերում, երբ oրենքով նախատեuված է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու կամ դրա չափը նվազեցնելու հնարավորություն` բացակայում է դրա վերաբերյալ միջնորդությունը, կամ նման միջնորդությունը մերժվել է.
4) մեկ հայցադիմումում միացված են մեկ կամ մի քանի պատաuխանողին ուղղված` միմյանց հետ չկապված պահանջներ.
5) մինչեւ հայցադիմումը վարույթ ընդունելու մաuին որոշում կայացնելը հայցվորը դիմել է այն վերադարձնելու մաuին:
2. Վարչական դատարանը hայցադիմումը վերադարձնելու մաuին կայացնում է որոշում` եռoրյա ժամկետում որոշումը, հայցադիմումը եւ դրան կից փաuտաթղթերը սույն օրենսգրքի 62-րդ հոդվածով սահմանված կարգով ուղարկելով հայցվորին:
3. Վարչական դատարանը հայցադիմումը վերադարձնում է պատշաճ հիմնավորմամբ` նշելով բոլոր առերեւույթ թերությունները:
4. Հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացվելու եւ որոշումը ստանալու օրվանից հետո` 15-օրյա ժամկետում, դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը դատարանում ընդունված է համարվում uկզբնական ներկայացնելու oրը:
Հոդված 79. Հայցադիմումի ընդունումը մերժելը
1. Վարչական դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե՝
1) հայցը ենթակա չէ վարչական դատարանում քննության.
2) նույն անձանց միջեւ, նույն առարկայի մասին եւ նույն հիմքերով առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ.
3) այլ դատարանի վարույթում առկա է նույն անձանց միջեւ, նույն առարկայի մաuին եւ միեւնույն հիմքերով վեճի վերաբերյալ գործ.
4) հայցադիմում է ներկայացրել դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձը.
5) սույն օրենսգրքի 78-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ժամկետում հայցվորը չի վերացրել հայցադիմումի այնպիսի թերությունները, որոնց չվերացնելն արգելք է գործի քննության համար.
6) մինչեւ hայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը հայցվորը դիմել է այն հետ վերցնելու մասին, բացառությամբ սույն օրենսգրքի 24-րդ գլխով սահմանված գործերի։
2. Անձը գործի հարուցումը մերժելուց հետո չի կարող նույն առարկայի եւ միեւնույն հիմքերով կրկին դիմել դատարան, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 3-6-րդ կետերով նախատեսված դեպքերի։
3. Վարչական դատարանը հայցադիմումի ընդունումը մերժելու մաuին կայացնում է որոշում` եռoրյա ժամկետում որոշումը սույն օրենսգրքի 62-րդ հոդվածով սահմանված կարգով ուղարկելով հայցվորին եւ պատասխանողին, իսկ հայցադիմումը եւ դրան կից փաuտաթղթերը՝ հայցվորին:
Հոդված 80. Մի քանի հայցերով գործերի միացումը եւ առանձնացումը
1. Վարչական դատարանն իրավունք ունի գործի քննության ցանկացած փուլում մեկ վարույթում միացնելու միեւնույն առարկային վերաբերող մի քանի գործ:
2. Վարչական դատարանն իրավունք ունի մեկ կամ մի քանի միացված պահանջներ առանձնացնելու առանձին վարույթներում:
Հոդված 81. Գործի քննության ժամկետը
1. Դատական քննությունը, որպես կանոն, պետք է ավարտվի մեկ դատական նիստով, առանց հետաձգումների:
2. Գործի դատաքննության նախապատրաստությունը եւ բուն դատաքննությունը պետք է իրականացվեն ողջամիտ ժամկետներում, բացառությամբ այն դեպքերի, երբ առանձին գործերի քննության եւ լուծման համար սույն օրենսգրքով սահմանված են ժամկետներ:
ԳՈՐԾԸ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հոդված 82. Գործը դատաքննության նախապատրաստելու կարգը
1. Հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո գործի արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով դատարանը ձեռնամուխ է լինում գործը դատաքննության նախապատրաստելուն:
2. Գործը դատաքննության նախապատրաստելը պետք է իրականացվի ողջամիտ ժամկետում:
Հոդված 83. Հայցադիմումի պատասխանը ներկայացնելու կարգը
1. Պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխանը:
2. Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է սահմանել պատասխանն ուղարկելու ավելի երկար ժամկետ կամ պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխանը ներկայացնելու ժամկետը:
3. Հայցադիմումի պատասխանը պետք է բովանդակի`
1) նշում այն մասին, որ պատասխանը ներկայացվում է վարչական դատարան.
2) հայցվորի անունը, ազգանունը (անվանումը).
3) պատասխանողի անունը, ազգանունը (անվանումը), բնակության (գտնվելու) վայրը, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է բնակության վայրից), նրա ներկայացուցչի անունը, ազգանունը, հասցեն, եթե հայցը ներկայացվել է ընդդեմ պաշտոնատար անձի (իրավաբանական անձի), ինչպես նաեւ այդ անձի (իրավաբանական անձի) անունը, ազգանունը (անվանումը), պաշտոնը.
4) պատասխանի էությունը (հակիրճ նկարագրությունը).
5) հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջն ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին պատասխանողի դիրքորոշումը:
4. Առարկելու դեպքում դիրքորոշումը պետք է անդրադարձ կատարի հետեւյալ հարցերին.
1) հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք նա չի ընդունում.
2) նշում այն մասին, թե արդյոք հայցվորի ներկայացրած փաստերը էական նշանակություն ունեն գործի լուծման համար.
3) այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, եւ այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված.
4) պատասխանին կցվող փաստաթղթերի եւ ներկայացվող ապացույցների ցանկը:
5. Պատասխանում կարող են ներառվել`
1) այլ տեղեկություններ, որոնք նշանակություն ունեն գործի քննության եւ լուծման համար, ինչպես նաեւ պատասխանողի միջնորդությունները.
2) պատասխանողի ֆաքսի, հեռախոսի համարը, էլեկտրոնային հասցեն:
6. Պատասխանի հետ պատասխանողը ներկայացնում է նաեւ`
1) միջնորդություն` վկա կամ փորձագետ հրավիրելու մասին, գրավոր կամ իրեղեն ապացույց թույլատրելու մասին, դատարանի կողմից փորձագետ նշանակելու մասին.
2) իր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր ապացույցները, որոնք հաստատում են իր պնդած փաստերը, եթե նա է կրում դրանց ապացուցման պարտականությունը, եւ եթե դրանք հնարավոր է կցել հայցադիմումին.
3) լիազորագիր կամ այլ փաստաթուղթ, որը հավաստում է պատասխանողի ներկայացուցչի լիազորությունը (եթե դատավարության մասնակիցը հանդես է գալիս ներկայացուցչի միջոցով).
4) հայցադիմումի պատասխանը եւ կից փաստաթղթերը հայցվորին եւ գործին մասնակցող այլ անձանց` փաստաթղթերի հատուկ առաքման կարգին համապատասխան ուղարկելը հավաստող ապացույցները:
7. Պատասխանը ստորագրում է պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է լիազորագիրը կամ նրա՝ պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող այլ փաստաթուղթ:
8. Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Հոդված 84. Հակընդդեմ հայց ներկայացնելը
1. Պատասխանողը, հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սույն օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված ժամկետում կարող է ներկայացնել հակընդդեմ հայց` ընդդեմ հայցվորի` uկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար:
2. Հակընդդեմ հայցը ներկայացվում է հայց ներկայացնելու ընդհանուր կանոններով:
3. Հակընդդեմ հայցն ընդունվում է, եթե`
1) հակընդդեմ պահանջն ուղղված է uկզբնական պահանջի հաշվանցմանը.
2) հակընդդեմ հայցի բավարարումը լրիվ կամ մաuամբ բացառում է uկզբնական հայցի բավարարումը.
3) հակընդդեմ եւ uկզբնական հայցերի միջեւ առկա է փոխադարձ կապ, եւ դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել վեճի առավել արագ եւ ճիշտ լուծումը:
4. Հակընդդեմ հայց չի կարող ներկայացվել սույն օրենսգրքի 24-րդ եւ 25-րդ գլուխներով սահմանված գործերի քննության դեպքում:
Հոդված 85. Հայցի հիմքը կամ առարկան փոփոխելը
1. Հայցվորը հայցի հիմքը կամ առարկան կարող է փոփոխել մինչեւ դատաքննություն նշանակելը: Դատարանը կարող է թույլ չտալ նման փոփոխություն, եթե այն բերում է հայցի էության փոփոխության: Հայցի հիմքը կամ առարկան կարող է փոփոխվել գործը քննող դատարանի ընդդատության սահմաններում:
2. Պատասխանողը հայցադիմումի լրացումն ստանալուց հետո կարող է ներկայացնել փոփոխված հայցադիմումի վերաբերյալ իր պատասխանը` սույն օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված կարգով եւ ժամկետներում:
Հոդված 86. Գործը դատաքննության նախապատրաստելու ընթացքում կատարվող գործողությունները
1. Գործը դատաքննության նախապատրաստելիս դատավորը պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխանն ստանալուց հետո, իսկ այդպիսին չստանալու դեպքում՝ պատասխան ուղարկելու համար նախատեսված ժամկետի ավարտից հետո, դատաքննությունն արդյունավետ իրականացնելու համար կարող է հրավիրել նախնական դատական նիստ: Կողմերը եւ դատավարության այլ մասնակիցներ պատշաճ ծանուցվում են նախնական դատական նիստի վայրի եւ ժամանակի մասին:
2. Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաեւ դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստ կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
3. Դատարանը նախնական դատական նիստում՝
1) պարզում է հայցի առարկան եւ հիմքերը.
2) անհրաժեշտության դեպքում կողմերին պարզաբանում է նրանց իրավունքները եւ պարտականությունները, դատավարական գործողություններ կատարելու կամ չկատարելու հետեւանքները.
3) պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը եւ կիրառման ենթակա օրենսդրությունը.
4) պարզում է գործին մասնակցող անձանց եւ դատավարության այլ մասնակիցների կազմը.
5) կողմերի հետ քննարկում է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը եւ ապացուցման բեռի բաշխման կանոններին համապատասխան` կողմերի միջեւ բաշխում է ապացուցման բեռը: Դատարանը քննարկված փաստերի շրջանակը լրացնում է նաեւ այն փաստերով, որոնք, իր կարծիքով, էական են վեճի լուծման համար: Ապացուցում պահանջող փաստերի շրջանակը որոշելը նախապատրաստական փուլում չի սահմանափակում դատարանի իրավունքը` դատաքննության յուրաքանչյուր փուլում պահանջելու նոր փաստերի ապացուցում.
6) սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետները, ինչպես նաեւ իրեղեն ապացույցները հակառակ կողմին ծանոթացնելու կարգը.
7) կողմերի միջնորդությամբ, ինչպես նաեւ իր նախաձեռնությամբ պահանջում է անհրաժեշտ ապացույցներ, լուծում է փորձաքննություն նշանակելու, դատական նիստին փորձագետներ, վկաներ կանչելու, թարգմանիչ ներգրավելու, տեղում իրեղեն եւ գրավոր ապացույցներն ուսումնասիրելու, ինքնաբացարկի հարցերը.
8) կողմերի միջնորդությամբ, ինչպես նաեւ իր նախաձեռնությամբ լուծում է հայցի, հակընդդեմ հայցի կամ ապացույցների ապահովման հարցերը, ինչպես նաեւ կողմերի այլ միջնորդությունները.
9) քննարկում է գործի քննությանն այլ անձանց ներգրավելու, ոչ պատշաճ կողմին փոխարինելու, մի քանի պահանջների միացման եւ առանձնացման հարցերը.
10) իրականացնում է գործի արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ:
4. Նախնական դատական նիստն արձանագրվում է սույն oրենսգրքի 19-րդ գլխով սահմանված կարգով:
5. Ըստ անհրաժեշտության` դատարանը կարող է հրավիրել մեկից ավելի նախնական դատական նիստ:
Հոդված 87. Գործը դատաքննության նախապատրաստելու ավարտը եւ դատաքննություն նշանակելը
1. Դատավորը, համարելով գործը դատաքննությանը նախապատրաստված, որոշում է կայացնում գործը դատաքննության նշանակելու մասին:
2. Գործը դատաքննության նշանակելու մասին որոշումն ուղարկվում է գործին մասնակցող անձանց, որում նշվում է գործի դատաքննության ժամանակի եւ վայրի մասին:
ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
Հոդված 88. Հայցի ապահովման հիմքերը եւ կարգը
Վարչական դատարանում գործերի քննության ընթացքում հայցի ապահովման միջոցների կիրառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերով եւ կարգով:
ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼԸ ԵՎ ԿԱՐՃԵԼԸ
Հոդված 89. Գործի վարույթը կասեցնելը
Վարչական դատավարությունում գործի վարույթը կասեցնելու հիմքերի, ինչպես նաեւ կաuեցումն առաջացրած հանգամանքները վերանալուց հետո գործի վարույթը վերuկuելու վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը:
Հոդված 90. Գործի վարույթը կարճելը
1. Վարչական դատարանը գործի քննության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե`
1) վեճն ընդդատյա չէ վարչական դատարանին.
2) նույն անձանց միջեւ, նույն առարկայի մաuին եւ միեւնույն հիմքերով վեճի վերաբերյալ առկա է դատարանի` oրինական ուժի մեջ մտած վճիռ.
3) գործին մաuնակցող քաղաքացու մահից հետո վիճելի իրավահարաբերությունը բացառում է իրավահաջորդությունը.
4) գործին մաuնակցող իրավաբանական անձը լուծարվել է.
5) հայցվորը հրաժարվել է հայցից:
2. Վարչական վարույթի ընթացքում կողմերի հաշտության համաձայնության գալը համարվում է հայցվորի հրաժարում հայցից:
ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 91. Դատաքննությունը վարչական դատարանում
Դատաքննությունը վարչական դատարանում անցկացվում է դատական նիստերի միջոցով` դատարանի շենքում դրա համար հատուկ նախատեսված տեղում (այսուհետ՝ դատական նիստերի դահլիճ):
Հոդված 92. Դատական նիստը նախագահելը
1. Գործը միանձնյա քննող դատավորը նախագահում է դատական նիստը:
2. Գործի կոլեգիալ քննության դեպքում դատական նիստը նախագահում է դատավորներից մեկը:
3. Նիստը նախագահողը կազմակերպում եւ ղեկավարում է դատական նիստը` ապահովելով կարգը դատական նիստում, ստեղծում է պայմաններ ապացույցների լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի հետազոտման համար, կատարում է գործի պատշաճ քննությունն ու լուծումն ապահովելուն ուղղված այլ գործողություններ:
4. Դատական նիստը նախագահողը պարզաբանում է դատարանի գործողությունները:
Հոդված 93. Կարգը դատական նիստում
1. Դատական նիստերի դահլիճ դատավորի մտնելու պահին դահլիճում ներկա գտնվողները ոտքի են կանգնում, այնուհետեւ նիստը նախագահողի հրավերով զբաղեցնում իրենց տեղերը:
2. Դատավարության մասնակիցները եւ այլ անձինք դատարանին դիմում են «հարգելի դատարան» խոսքով, դատական նիստում դատարանի եւ մյուս կողմի հետ հաղորդակցվում են հոտնկայս, բացառությամբ նախագահողի թույլատրած դեպքերի:
3. Դատաքննությունն անցկացվում է այնպիսի պայմաններում, որոնք ապահովում են դահլիճում ներկա գտնվող անձանց անվտանգությունը, ինչպես նաեւ պատշաճ կարգուկանոնը:
Հոդված 94. Դատական նիստի բացումը
1. Դատական նիստ սկսելու համար սահմանված ժամին նախագահողը բացում է դատական նիստը, հրապարակում է դատարանի կազմը եւ քննության ենթակա գործը:
2. Դատական նիստի քարտուղարը դատարանին զեկուցում է դատավարության մասնակիցների եւ դատավարությունում այլ անձանց՝ նիստին ներկա գտնվելու մասին, չներկայացած անձանց պատշաճ կարգով ծանուցված լինելու, ինչպես նաեւ նրանց բացակայության պատճառների մասին:
3. Նիստը նախագահողը պարզում է դատական նիստին ներկայացած դատավարության մասնակիցների եւ այլ անձանց ինքնությունը, ստուգում է ներկայացուցիչների լիազորությունները:
4. Այնուհետեւ դատական նիստի նախագահողը պարզում է` ունեն արդյոք կողմերը միջնորդություններ մինչեւ դատաքննության սկիզբը:
Հոդված 95. Դատաքննությունը հայցվորի կամ պատասխանողի բացակայությամբ
1. Հայցվորը կամ պատասխանողն իրավունք ունի դատարանին միջնորդելու գործն իր բացակայությամբ եւ ներկայացված նյութերի հիման վրա քննելու մասին:
2. Դատական նիստի ժամանակի եւ վայրի մասին պատշաճ կարգով ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Հոդված 96. Դատավարության մասնակիցներին եւ վարչական դատավարությունում այլ անձանց իրենց իրավունքները եւ պարտականությունները պարզաբանելը
Նիստը նախագահողը դատավարության մասնակիցներին եւ այլ անձանց ըստ անհրաժեշտության պարզաբանում է նրանց իրավունքները եւ պարտականությունները:
Հոդված 97. Վկաների, փորձագետների եւ թարգմանիչների` դատական նիստին չներկայանալու հետեւանքները
Վկաների, փորձագետների եւ թարգմանիչների` դատական նիստին չներկայանալու դեպքում դատարանը լսում է դատավարության մասնակիցների կարծիքները` նրանց բացակայությամբ գործը քննելու հնարավորության մասին, եւ կայացնում է որոշում` գործի դատաքննությունը շարունակելու կամ գործի դատաքննությունը հետաձգելու մասին:
Հոդված 98. Գործի քննության հետաձգումը
Դատարանն իրավունք ունի հետաձգելու գործի դատաքննությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված դեպքերում եւ կարգով:
Հոդված 99. Միջնորդությունների քննարկումը
1. Դատավարության մաuնակիցների դիմումները եւ միջնորդությունները գործի քննության հետ կապված բոլոր հարցերով դատարանը լուծում է գործին մաuնակցող մյուu անձանց կարծիքները լuելուց հետո:
2. Դիմումների եւ միջնորդությունների քննարկումից հետո դատարանը կայացնում է որոշում:
Հոդված 100. Պահանջներից հրաժարվելը
Մինչեւ դատաքննության ավարտը հայցվորն իրավունք ունի առանց որեւէ պատճառաբանության լրիվ կամ մասնակի հրաժարվելու իր պահանջներից: Այդ դեպքում դատարանը կայացնում է վճիռ գործի վարույթը կարճելու մասին այն պահանջի մասով, որից հրաժարվել է հայցվորը, բացառությամբ սույն օրենսգրքի 24-րդ գլխով սահմանված գործերի:
Հոդված 101. Պահանջներն ընդունելը
1. Պատասխանողն իրավունք ունի ամբողջությամբ կամ մասնակիորեն ընդունելու հայցվորի պահանջը: Այդ դեպքում դատարանը բավարարում է հայցն այն պահանջի մասով, որն ընդունել է պատասխանողը, բացառությամբ հետեւյալ դեպքերի (պահանջի ոչ իրավաչափ ընդունում), երբ`
1) այդպիսի ընդունումն առերեւույթ հակասում է օրենքին.
2) այդպիսի ընդունումն առերեւույթ խախտում է որեւէ մեկի իրավունքները եւ ազատությունները.
3) քննվում է սույն օրենսգրքի 24-րդ գլխով սահմանված գործ:
2. Պահանջի ընդունման ոչ իրավաչափ լինելու մասին դատարանը կայացնում է պատճառաբանված որոշում:
3. Եթե պատասխանողը մասնակիորեն է ընդունել հայցվորի պահանջը, եւ դատարանը համարում է, որ այն իրավաչափ է, ապա կողմի միջնորդությամբ դատարանն այդ պահանջի մասով առանձնացնում է առանձին վարույթ: Այդ վարույթով դատարանը դատաքննությունը հայտարարում է ավարտված եւ կայացնում է վճիռ:
Հոդված 102. Ապացույցների հետազոտման կարգը փոխելը
Դատաքննության ընթացքում դատարանը` իր նախաձեռնությամբ կամ դատավարության մասնակիցների միջնորդությունների հիման վրա, կարող է փոփոխել ապացույցների հետազոտման կարգը:
Հոդված 103. Դատավարության մասնակիցների բացման խոսքերը
1. Դատարանի կողմից գործը ներկայացվելուց հետո դատարանը լսում է հայցվորի, երրորդ անձանց եւ պատասխանողի բացման խոսքերը, որոնցում նրանք համառոտ ներկայացնում են իրենց պահանջները, առարկությունները, դրանք հիմնավորող փաստերը եւ իրավական դիրքորոշումները:
2. Դատարանը կարող է ի սկզբանե սահմանել բացման խոսքի առավելագույն տեւողություն:
Հոդված 104. Լրացուցիչ ապացույցների ընդունումը եւ հետազոտումը
1. Գործն առաջին ատյանի կարգով քննության նախապատրաստելու ավարտից հետո դատարանն ընդունում է գործին մաuնակցող անձանց ներկայացրած լրացուցիչ ապացույցները, եթե դրանք ներկայացնողը հիմնավորում է գործի քննության նախապատրաստության ընթացքում այդ ապացույցները ներկայացնելու անհնարինությունը` իրենից անկախ պատճառներով:
2. Ապացույցները հետազոտվում են ապացույցների հետազոտման սահմանված կարգին համապատասխան: Կողմն ապացույցները ներկայացնում է` նշելով այն փաստը կամ փաստերը, որոնք ապացուցելու համար պետք է ընդունվի եւ հետազոտվի ապացույցը, սակայն նման փաստեր նշելը չի սահմանափակում այդ ապացույցի ապացուցողական նշանակությունը նաեւ այլ փաստերի համար: Դատարանի նախաձեռնությամբ ձեռք բերված ապացույցները հրապարակում է դատարանը:
3. Ապացույցն ընդունելու եւ հետազոտելու դեմ առարկություններ կարող են բերվել տվյալ փաստի ապացուցման համար խնդրո առարկա ապացույցի վերաբերելիության կամ թույլատրելիության հիմքով:
4. Առարկության դեպքում դատարանն ապացույցի ընդունելիության հարցը որոշում է անմիջապես՝ անհրաժեշտության դեպքում լսելով կողմերի կարծիքն առարկության վերաբերյալ: Անհնարինության դեպքում դատարանը կարող է ավելի ուշ անդրադառնալ այդ հարցի լուծմանը:
5. Վարչական դատարանը կարող է իր նախաձեռնությամբ մերժել ապացույցի ընդունումը եւ հետազոտումը` ապացույցի վերաբերելիության կամ թույլատրելիության հիմքով՝ լսելով կողմերի կարծիքը:
Հոդված 105. Դատական վիճաբանությունները
1. Ապացույցների հետազոտման ավարտից հետո կողմերն իրավունք ունեն հանդես գալու ամփոփիչ ճառերով (դատական վիճաբանություն):
2. Սկզբում հանդես է գալիս հայցվորը կամ նրա ներկայացուցիչը, պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը, այնուհետեւ երրորդ անձը կամ նրա ներկայացուցիչը:
Հոդված 106. Գործի դատաքննությունը վերսկսելը
Եթե դատական վիճաբանությունների ժամանակ դատարանն անհրաժեշտ է համարում գործի համար նշանակություն ունեցող նոր հանգամանքներ պարզել կամ նոր ապացույցներ ձեռք բերել կամ հետազոտել, ապա նա որոշում է կայացնում գործի դատաքննությունն այդ մասով վերսկսելու մասին: Դատաքննությունն ավարտվելուց հետո նոր դատական վիճաբանությունները տեղի են ունենում գործի դատաքննությունը վերսկսելու համար հիմք հանդիսացած հանգամանքների վերաբերյալ:
Հոդված 107. Դատաքննության ավարտը
Դատական վիճաբանություններից հետո նիստը նախագահողը դատավարության մասնակիցներին եւ նրանց ներկայացուցիչներին հարցնում է, թե նրանք արդյոք չեն ցանկանում միջնորդություններ հարուցել: Նման միջնորդությունների բացակայության դեպքում նախագահողն ավարտում է գործի դատաքննությունը եւ հայտարարում է գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման վայրն ու ժամանակը:
ԱՐԱԳԱՑՎԱԾ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 108. Արագացված դատաքննության հիմքերը
Արագացված դատաքննություն կիրառվում է այն դեպքերում, երբ`
1) դիմում է ներկայացվել ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ.
2) անհրաժեշտ չէ լսել փորձագետին կամ հարցաքննել վկաներին, զննում կատարել, տալ դատական հանձնարարություններ, եւ եթե գործը բանավոր դատաքննության նշանակելուց հետո կողմերը գրավոր տեղեկացրել են դատարանին բանավոր ընթացակարգով դատաքննությանն իրենց չմասնակցելու մասին.
3) անհրաժեշտ չէ լսել փորձագետին կամ հարցաքննել վկաներին, զննում կատարել, տալ դատական հանձնարարություններ, եւ եթե կողմերը գրավոր համաձայնություն են ներկայացրել գործը գրավոր ընթացակարգով քննելու վերաբերյալ.
4) հայցն ակնհայտ հիմնավոր է.
5) հայցն ակնհայտ անհիմն է:
Արագացված դատաքննություն կիրառվում է նաեւ սույն օրենսգրքով սահմանված այլ դեպքերում:
Հոդված 109. Արագացված դատաքննություն կիրառելու մասին դատարանի դատական ակտը
1. Արագացված դատաքննություն կիրառելու մասին դատարանը կայացնում է միջանկյալ դատական ակտ:
2. Արագացված դատաքննություն կիրառելու մասին միջանկյալ դատական ակտը կարող է կայացվել գործի քննության ցանկացած փուլում:
3. Արագացված դատաքննություն կիրառելու միջանկյալ դատական ակտի մասին եռօրյա ժամկետում ծանուցվում են դատավարության մասնակիցները:
Հոդված 110. Արագացված դատաքննության կարգը եւ ժամկետները
Սույն օրենսգրքի 108-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում վարչական դատարանն անհապաղ անցնում է գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելուն:
Հոդված 111. Արագացված դատաքննություն կիրառելու մասին դատական ակտի վերացումը
Բացառությամբ սույն օրենսգրքի 108-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի, եթե գործը արագացված դատաքննության կարգով քննելուց հետո գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս ի հայտ են գալիս հանգամանքներ, որոնք պարզելու համար անհրաժեշտ է գործի քննությունն անցկացնել բանավոր ընթացակարգով, ապա դատարանը որոշում է կայացնում գործի քննությունը վերսկսելու մասին` այդ մասին եռօրյա ժամկետում տեղեկացնելով դատավարության մասնակիցներին:
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ
Հոդված 112. Վարչական դատարանի դատական ակտերին ներկայացվող պահանջները
Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող եւ միջանկյալ դատական ակտերին ներկայացվող պահանջների, դրանք կայացնելու կարգի, դրանց կառուցվածքի եւ բովանդակության, գործն ըստ էության լուծող դատական ակտի հրապարակման, այն մասնակիցներին ուղարկելու, առկա վրիպակների, գրասխալների եւ թվաբանական սխալների ուղղման վերաբերյալ լրացուցիչ դատական ակտի նկատմամբ տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը:
Հոդված 113. Գործն ըստ էության լուծող դատական ակտ ընդունելիս լուծման ենթակա հարցերը
1. Վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս`
1) գնահատում է ապացույցները.
2) որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել, եւ որոնք չեն պարզվել.
3) որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա oրենքները եւ այլ իրավական ակտերը.
4) որոշում է հայցը լրիվ կամ մաuնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը:
2. Վարչական դատարանը, անհրաժեշտ համարելով լրացուցիչ հետազոտել ապացույցները կամ շարունակել գործի համար նշանակություն ունեցող հանգամանքների պարզումը, վերuկuում է գործի քննությունը:
3. Գործի քննությունը վերuկuելու մաuին կայացվում է միջանկյալ դատական ակտ:
Հոդված 114. Գործն ըստ էության լուծող դատական ակտի տեսակները
1. Վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ է կայացնում՝
1) վարչական ակտն ամբողջությամբ կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու մասին.
2) վարչական մարմնին այն վարչական ակտն ընդունելուն պարտավորեցնելու մասին, որի ընդունումը վարչական մարմինը մերժել է կամ չի ընդունել.
3) դատավարության մասնակիցներին եւ այլ անձանց որոշակի գործողություններ կատարելուն կամ դրանց կատարումից ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու մասին.
4) իրավահարաբերությունների առկայության կամ բացակայության կամ վարչական ակտն ամբողջությամբ կամ մասնակիորեն առ ոչինչ լինելու մասին.
5) այլեւս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը ոչ իրավաչափ ճանաչելու մասին.
6) նորմատիվ իրավական ակտն ամբողջությամբ կամ մասնակիորեն անվավեր ճանաչելու մասին.
7) ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտն ամբողջությամբ կամ մասնակիորեն ոչ իրավաչափ ճանաչելու մասին:
2. Սույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված դեպքերում, երբ քննվել է վարչական մարմինների միջեւ իրավասության վերաբերյալ վեճ, վարչական դատարանի դատական ակտը պետք է պարունակի նաեւ նշում այն մասին, թե տվյալ հարցով որ վարչական մարմինն է իրավասու:
3. Այն դեպքում, երբ վարչական մարմինը իրավասու է եղել գործել իր հայեցողությամբ, դատարանը ստուգում է նաեւ, թե արդյոք վարչական ակտն ընդունելը կամ այն ընդունելը մերժելը, գործողությունը կատարելը կամ անգործություն դրսեւորելը իրականացվել են օրենսդրությանը համապատասխան: Երբ վարչական մարմինը իրավասու է եղել գործել իր հայեցողությամբ, եւ վարչական դատարանը հանգում է այն հետեւության, որ վարչական մարմինը հայեցողական լիազորություններն իրականացրել է օրենսդրությանը ոչ համապատասխան, ապա վճռի եզրափակիչ մասը սահմանում է իրավասու վարչական մարմնի պարտականությունը` վարչական ակտ ընդունել կամ կատարել գործողություն` հիմք ընդունելով դատարանի իրավական դիրքորոշումը:
Հոդված 115. Վարչական դատարանի դատական ակտերի ուժի մեջ մտնելը
1. Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, եթե այդ ակտերի օրինական ուժի մեջ մտնելու այլ ժամկետ նախատեսված չէ սույն օրենսգրքով:
2. Վարչական դատարանի միջանկյալ ակտերն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով:
Հոդված 116. Վարչական դատարանի լրացուցիչ որոշումը
1. Գործի քննության ընթացքում դատարանի կողմից ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների էական կամ կոպիտ կամ պարբերական խախտումներ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենքի այլ էական խախտումներ հայտնաբերելու դեպքում դատարանը վճռի հետ միաժամանակ կայացնում է լրացուցիչ որոշում, որով պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի համապատասխան պաշտոնատար անձանց ուշադրությունն է հրավիրում դատական քննության ժամանակ ի հայտ եկած այն էական խախտումների վրա, որոնք թույլ են տրվել վարչական գործով մինչդատական վարույթի ընթացքում:
2. Դատարանի լրացուցիչ որոշումը պետք է լինի պատճառաբանված: Լրացուցիչ որոշումը կարող է հրապարակվել դատական նիստում:
3. Լրացուցիչ որոշումն ուղարկվում է խախտում թույլ տված պաշտոնատար անձի վերադասին, իսկ դա չլինելու դեպքում՝ խախտում թույլ տված պաշտոնատար անձին, որը պարտավոր է որոշումը ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, քննարկել այն:
ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄԸ
Հոդված 117. Դատական նիստի արձանագրությանը ներկայացվող պահանջները
1. Դատական նիստերն արձանագրվում են:
2. Վարչական դատավարության ընթացքում դատական նիստի արձանագրման ձեւի եւ բովանդակության, այն վարելու կարգի, արձանագրության վերաբերյալ դիտողություններ ներկայացնելու նկատմամբ տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան նորմերը:
ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 118. Վարչական դատարանի դատական ակտերի բողոքարկման կարգը, հիմքերը եւ վարչական գործերի վարույթը վճռաբեկ դատարանում
1. Վարչական դատարանի դատական ակտերի բողոքարկման կարգի, հիմքերի եւ գործերի վարույթը վճռաբեկ դատարանում իրականացնելու վրա (mutatis mutandis) տարածվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված նորմերը:
2. Գործի քննությանը չմասնակցած այն անձինք, որոնց իրավունքների եւ պարտականությունների վերաբերյալ վարչական դատարանը կայացրել է գործն ըստ էության լուծող դատական ակտ, իրավասու են վճռաբեկության կարգով բողոքարկելու այդ ակտը:
ԳՈՐԾԵՐԻ ՆՈՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԲԵԿԱՆՎԱԾ ԳՈՐԾՆ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ԼՈՒԾՈՂ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏՈՎ ԳՈՐԾԵՐԻ ՆՈՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 119. Գործի նոր վարույթ հարուցելը
1. Վճռաբեկ դատարանի կողմից վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը բեկանելու եւ գործը նոր քննության վերադարձնելու մասին դատական ակտ կայացնելու դեպքում վարչական դատարանը հարուցում է գործի նոր քննության վարույթ` վճռաբեկ դատարանի դատական ակտը ստանալուց ոչ ուշ, քան 3 օր հետո, որի մասին կայացնում է միջանկյալ դատական ակտ:
2. Գործի նոր քննության վարույթ հարուցելու միջանկյալ դատական ակտը կայացնում է սույն օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասում նշված դատական կազմը:
3. Միջանկյալ դատական ակտը եռօրյա ժամկետում սույն օրենսգրքի 62-րդ հոդվածով սահմանված կարգով ուղարկվում է դատավարության մասնակիցներին:
Հոդված 120. Տարածքային ընդդատությունը եւ դատարանի կազմը գործի նոր քննության ժամանակ
1. Գործի նոր քննությունն անցկացվում է կոլեգիալ` վարչական դատարանի երեք դատավորի կազմով:
2. Վարչական դատարանում առաջին անգամ գործն ըստ էության քննած դատավորը չի կարող մասնակցել տվյալ գործի նոր քննությանը:
Հոդված 121. Գործի նոր քննության կարգը
Գործի նոր քննությունն իրականացվում է առաջին ատյանի կարգով գործերի քննության համար սույն օրենսգրքով սահմանված կանոններով: Սակայն գործի նոր քննության ժամանակ չեն կարող փոխվել հայցի հիմքը, առարկան կամ հայցային պահանջների չափը, չի կարող ներկայացվել հակընդդեմ հայց, ինչպես նաեւ չի կարող իրականացվել հայցից հրաժարում:
Հոդված 122. Գործի նոր քննության սահմանները
1. Վարչական դատարանում գործի նոր քննությունն իրականացվում է վճռաբեկ դատարանի որոշման հիման վրա` վճռաբեկ դատարանի սահմանած ծավալով:
2. Գործի նոր քննության ժամանակ կողմերը չեն կարող ներկայացնել նոր ապացույցներ, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի:
3. Գործի նոր քննության ժամանակ դատարանը կարող է մատնանշել ապացուցման ենթակա նոր փաստ եւ պահանջել ներկայացնելու դրա հետ կապված նոր ապացույցներ:
Հոդված 123. Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը գործի նոր քննությունից հետո
1. Գործի նոր քննությունից հետո դատարանը կայացնում է գործն ըստ էության լուծող դատական ակտ:
2. Գործն ըստ էության լուծող դատական ակտի մեջ, սույն օրենսգրքի 112-րդ հոդվածում նշված պահանջներից բացի, պետք է նշվեն`
1) գործով առաջին անգամ վճիռ կայացրած դատարանի նստավայրի անվանումը, վճիռ կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը.
2) վճռաբեկ դատարանի դատական ակտի համարը, տարին, ամիսը, ամսաթիվը, այն կայացրած դատարանի կազմը, բողոք բերած անձի անունը, ազգանունը (անվանումը).
3) բեկանված գործն ըստ էության լուծող դատական ակտի եւ վճռաբեկ դատարանի միջանկյալ դատական ակտի համառոտ բովանդակությունը:
Հոդված 124. Գործի նոր քննությունից հետո կայացրած գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը
Գործի նոր քննությունից հետո կայացրած գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում վարչական դատարանի կայացրած` գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով:
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԻՋԱՆԿՅԱԼ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԴԵՄ ԲԵՐՎԱԾ ԲՈՂՈՔՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 125. Վարչական դատարանի բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերը
1. Վարչական դատարանը` 3 դատավորի կազմով, քննում է վարչական դատարանի կայացած հետեւյալ որոշումների դեմ ներկայացված բողոքները.
1) հայցադիմումի ընդունումը մերժելու մասին.
2) վճարման կարգադրություն արձակելու հայցադիմումը մերժելու մաuին.
3) հայցադիմումը վերադարձնելու մասին.
4) հայցի ապահովման, ապահովման միջոցը փոխարինելու, հայցի ապահովումը վերացնելու մասին.
5) գործի վարույթը կասեցնելու մասին.
6) լրացուցիչ վճիռ կայացնելը մերժելու մասին.
7) վրիպակները, գրասխալները եւ թվաբանական սխալներն ուղղելու կամ ուղղում կատարելը մերժելու մասին.
8) բաց թողնված դատավարական ժամկետի վերականգնումը մերժելու մասին՝ սույն օրենսգրքի 52-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան կայացված որոշումը.
9) դատավարական ժամկետները երկարաձգելու մասին սույն օրենսգրքի 53-րդ հոդվածով նախատեսված որոշումը.
10) նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով կամ գործի քննությանը չմասնակցած անձանց դիմումով դատական ակտը վերանայելու դիմումների վերաբերյալ որոշումը:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ, 9-րդ եւ 10-րդ կետերով նախատեսված միջանկյալ դատական ակտերը վերացվելու դեպքում հայցադիմումը համարվում է դատարանում ընդունված` uկզբնական ներկայացման oրը:
3. Վարչական դատարանի մյուս միջանկյալ դատական ակտերը բողոքարկման ենթակա չեն:
4. Միջանկյալ դատական ակտերի վերանայման արդյունքով վարչական դատարանի կայացված որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով:
Հոդված 126. Վարչական դատարանի միջանկյալ դատական ակտի դեմ բողոք բերելու իրավունքը եւ ժամկետները
1. Վարչական դատարանի միջանկյալ դատական ակտի դեմ բողոք բերելու իրավունք ունեն դատավարության մասնակիցները, ինչպես նաեւ դատավարությունում որպես երրորդ անձ ներգրավվելու մասին հայցադիմում ներկայացրած եւ չներգրավված անձինք կամ այն անձինք, որոնց իրավունքներին առնչվում է վարչական դատարանի ընդունած միջանկյալ դատական ակտը:
2. Վարչական դատարանի միջանկյալ դատական ակտի դեմ վարչական դատարան բողոք կարող է բերվել այն ստանալու օրվանից հետո` հնգօրյա ժամկետում:
Հոդված 127. Որոշումների դեմ բերված բողոքի բովանդակությունը
1. Որոշումների դեմ բերված բողոքում պետք է նշվեն`
1) վարչական դատարանի անվանումը.
2) բողոքը բերող անձի անունը, ազգանունը (անվանումը).
3) դատարանի նստավայրի անվանումը, որի կայացրած դատական ակտի դեմ բերվում է բողոքը, որոշման կայացման տարին, ամիսը, ամսաթիվը.
4) բողոք բերող անձի պահանջը.
5) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:
2. Բողոքին կցվում է նաեւ ապացույց առ այն, որ բողոքը եւ դրան կցվող փաստաթղթերը սույն օրենսգրքի 62-րդ հոդվածով սահմանված կարգով ուղարկվել են դատավարության մասնակիցներին:
3. Որոշումների դեմ բերված բողոքը ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը:
4. Ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է գործը վարելու` նրա լիազորությունները հավաստող փաստաթուղթը, եթե տվյալ գործով այն նախկինում չի ներկայացվել:
Հոդված 128. Միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքները քննության ընդունելը
Վճռաբեկ դատարանում միջանկյալ դատական ակտի դեմ ներկայացված բողոքը քննվում է վճռաբեկ դատարանում միջանկյալ դատական ակտերի վերանայման համար Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կանոններով:
Հոդված 129. Բողոքի պատասխանը
1. Դատավարության մյուս մասնակիցները, ստանալով բողոքի պատճենը, մինչեւ բողոքի քննությանը նախորդող օրը, իրավունք ունեն իրենց պատասխաններն ուղարկել դատարան եւ բողոք բերած անձին:
2. Պատասխանը ստորագրում է դատավարության մասնակիցը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է գործը վարելու նրա լիազորությունները հավաստող փաստաթղթի պատճենը:
3. Պատասխանը դատարանը հաշվի է առնում բողոքը քննելիս, եթե այն ստացվել է դատարանում մինչեւ բողոքի քննությանը նախորդող օրը:
Հոդված 130. Գործի քննության ժամկետը
Որոշումների դեմ բերված բողոքները վարչական դատարանում քննվում եւ լուծվում են բողոքն ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում:
Հոդված 131. Բողոքը հետ վերցնելը
1. Բողոք բերած անձն իրավունք ունի հետ վերցնելու բողոքը մինչեւ դատաքննության ավարտը:
2. Բողոքը հետ վերցնելու դեպքում դատարանի որոշմամբ կարճվում է բողոքի քննության վարույթը, եթե որոշումը չեն բողոքարկել նաեւ դրա իրավունքն ունեցող այլ անձինք:
Հոդված 132. Միջանկյալ դատական ակտերի դեմ բերված բողոքի քննության կարգը
Միջանկյալ դատական ակտի դեմ բերված բողոքի քննությունն անցկացվում է գրավոր:
Հոդված 133. Միջանկյալ դատական ակտի վերանայման արդյունքում վարչական դատարանի կողմից կայացվող դատական ակտը
1. Միջանկյալ դատական ակտի դեմ բերված բողոքների քննությունից հետո դատարանը կայացնում է դատական ակտ:
2. Դատական ակտում սույն օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված պահանջներից բացի, նշվում են`
1) վարչական դատարանի անվանումը, գործի համարը եւ որոշման կայացման տարին, ամիսը, ամսաթիվը.
2) բողոքարկվող միջանկյալ դատական ակտը կայացրած վարչական դատարանի նստավայրի անվանումը, որոշումը կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը.
3) բողոք բերած անձի անունը, ազգանունը (անվանումը).
4) դատարանի այն փաստարկները, որոնցով դատարանը հիմնավորում է որոշումը, ինչպես նաեւ այն իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է դատարանը որոշում կայացնելիս:
3. Միջանկյալ դատական ակտի վերանայման արդյունքում վարչական դատարանի կողմից կայացված որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՈՒՄԸ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ԵՎ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ
ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ԵՎ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՎԵՐԱՆԱՅԵԼԸ
Հոդված 134. Վարչական գործերով դատական ակտերի վերանայման հիմքերը եւ կարգը
Վարչական դատարանի դատական ակտերը կարող են վերանայվել նոր երեւան եկած հանգամանքներով կամ նոր հանգամանքներով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված հիմքերով եւ կարգով:
ՀԱՏՈՒԿ ՎԱՐՈՒՅԹՆԵՐ
ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 135. Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթը
Վարչական դատարանին ընդդատյա են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց նորմատիվ իրավական ակտերի վիճարկման վերաբերյալ հետեւյալ գործերը.
1) գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը վիճարկելու վերաբերյալ գործերը.
2) ՀայաստանիՀանրապետության Նախագահի նորմատիվ բնույթ ունեցող ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի նորմատիվ որոշումների, գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի, համայնքի ավագանու, համայնքի ղեկավարի որոշումների՝ դրանց համեմատ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ ակտերին (բացի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից) համապատաս՟խանու՟թյունը վիճարկելու վերաբերյալ գործերը:
Հոդված 136. Վարչական դատարան դիմելու իրավունքը
1. Սույն օրենսգրքի 135-րդ հոդվածով նախատեսված գործե՟րով վարչական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ, եթե համարում է, որ այդ նորմատիվ իրավական ակտերով խախտվել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ գլխում, մարդու եւ քաղաքացու իրավունքներին եւ ազատություններին վերաբերող միջազգային իրավունքի նորմերով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենքներում ամրագրված իր իրավունքները:
2. Սույն օրենսգրքի 135-րդ հոդվածով նախատեսված գործե՟րով վարչական դատարան կարող են դիմել նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները կամ պաշտոնատար անձինք` ընդդեմ վարչական մարմնի, եթե համարում են, որ այդ մարմնի նորմատիվ ակտով խախտվել են պետության կամ համայնքի այն իրավունքները, որոնց պաշտպանության լիազորությունը դրված է դիմողի վրա, եթե այդ վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով:
3. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմին՟ների ու դրանց պաշտոնատար անձանց նորմատիվ ակտերի դեմ վարչական դատարան կարող է դիմել նաեւ Մարդու իրավունքների պաշտպանը:
4. Սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված դեպքերում վարչական դատարան կարելի է դիմել խախտումից հետո` եռամսյա ժամկետում, իսկ 3-րդ մասով նախատեսված դեպքում՝ առանց ժամկետային սահմանափակման:
Հոդված 137. Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով դատարանի կազմը
Սույն օրենսգրքի 135-րդ հոդվածով վարչական դատա՟րա՟նի ընդդատությանը վերապահված գործերն ըստ էության քննում եւ լուծում է վարչական դատարանը` կոլեգիալ` 5 դատավորի կազմով:
Հոդված 138. Հայցադիմումների քննության առանձնահատկությունները
Սույն օրենսգրքի 135-րդ հոդվածով նախատեսված գործե՟րը դատարանը քննում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ տվյալ գործը դատարանի գնահատմամբ ձեռք է բերել հաuարակական մեծ հնչեղություն, կամ դրա բանավոր դատաքննությունը կնպաuտի գործի հանգամանքների առավել արագ բացահայտմանը:
Հոդված 139. Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով դատական ակտ կայացնելու առանձնահատկությունները
1. Այն դեպքում, երբ վիճարկվում է որեւէ նորմատիվ իրավական ակտի համապատաս՟խանությունը ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ ակտին, դատարանը դատական ակտ կայացնելիս կարող է ստուգել նաեւ տվյալ ակտի համա՟պատասխանությունն այլ` ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ ակտերին, եթե դա վերապահված չէ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի իրավասությանը:
2. Ստուգումից հետո պարզելով վիճարկվող ակտի անհամապատասխանությունն ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ ակտին` վարչական դատարանն այն անվավեր է ճանաչում այդ հիմքով՝ անկախ հայցվորի պահանջից:
3. Սույն օրենսգրքի 135-րդ հոդվածով նախատեսված գործերով դատական ակտերը վարչական դատարանը կայացնում է գործը վարույթ ընդունելու օրվանից հետո` քառամսյա ժամկետում:
Հոդված 140. Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի որոշումների բնույթը եւ իրավական հետեւանքները
1. Նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելու մասին վարչական դատարանի որոշումները պաշտոնական հրապարակման պահից Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում պարտադիր են բոլորի համար:
2. Անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտերն իրենց իրավաբանական ուժը կորցնում են դրանք անվավեր ճանաչելու մասին վարչական դատարանի որոշման պաշտոնական հրապարակման պահից (ex nunc), բացառությամբ սույն հոդվածի 5-րդ եւ 9-րդ մասերով նախատեսված դեպքերի:
3. Անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտերի վրա հիմնված` վարչական դատարանի որոշման ընդունմանը նախորդող ժամանակահատվածում ընդունված եւ կատարված վարչական կամ դատական ակտերը վերանայման ենթակա չեն, սակայն վարչական դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելու պահից այլեւս չեն կարող կիրառվել:
4. Վարչական դատարանի որոշումը հրապարակելուց հետո չկատարված վարչական եւ դատական ակտերի կատարումը անհապաղ դադարեցվում է իրավասու վարչական մարմնի կամ դատարանի որոշմամբ:
5. Նորմատիվ իրավական ակտը վարչական դատարանի կողմից կարող է անվավեր ճանաչվել այդ ակտի ուժի մեջ մտնելու պահից, եթե նման որոշում չընդունելը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել հանրության կամ պետության համար:
6. Ex tunc (իրենց ուժի մեջ մտնելու պահից) անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտերի հիման վրա ընդունված կամ դրանց բովանդակությունը վերարտադրող նորմատիվ իրավական այլ ակտերը նույնպես կորցնում են իրենց իրավաբանական ուժը` անվավեր ճանաչված ակտի ուժը կորցնելու հետ միաժամանակ:
7. Իրենց ուժի մեջ մտնելու պահից անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաեւ դրանց հիման վրա ընդունված կամ դրանց բովանդակությունը վերարտադրող նորմատիվ իրավական ակտերի կիրառման վերաբերյալ կատարված վարչական եւ դատական ակտերը պետք է վերանայվեն դրանք ընդունած (կայացրած) վարչական մարմինների եւ դատարանների կողմից՝ շահագրգիռ անձանց պահանջով, եթե ընդունվել են անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտերի՝ ուժը կորցնելուն նախորդող վերջին երկու տարվա ընթացքում:
8. Չկատարված անհատական ակտերի նկատմամբ կիրառվում է սույն հոդվածի 4-րդ մասի կանոնը:
9. Վարչական դատարանը կարող է հետաձգել իր կողմից անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտի իրավաբանական ուժը կորցնելու ժամկետը, եթե համարում է, որ դատարանի որոշման ուժի մեջ մտնելու պահին այդ ակտի ուժը կորցնելը անխուսափելիորեն կառաջացնի իրավական կարգավորման այնպիսի բացեր, որոնք կխաթարեն այդ ակտի վերացմամբ տվյալ պահին հաստատվելիք իրավական անվտանգությունը: Իրավաբական ուժը կորցնելու ժամկետի հետաձգումը չի կարող գերազանցել 3 ամիսը:
10. Նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելու մասին որոշումն օրինական ուժի մեջ մտնելու պահից վերականգնվում է այն իրավական վիճակը, որը գոյություն ուներ համապատասխանաբար վարչական դատարանի որոշման կամ այդ ակտերի ուժի մեջ մտնելուց առաջ:
Հոդված 141. Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի դատական ակտերի բողոքարկման հիմքը
1. Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի դատական ակտերը կարող են բողոքարկվել վճռաբեկ դատարան միայն նյութական իրավունքի խախտման հիմքով:
2. Վճռաբեկ դատարանը նորմատիվ իրավական ակտերի վիճարկման վերաբերյալ գործերով փոփոխում է վարչական դատարանի դատական ակտը կամ մերժում վճռաբեկ բողոքը:
Հոդված 142. Դատական ակտերի պաշտոնական հրապարակումը
Նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելու մասին դատական ակտերի եզրափակիչ մասը դրանց կայացման օրվանից ոչ ուշ, քան 30 օր հետո ենթակա է պարտադիր պաշտոնական հրապարակման այն տեղեկագրում, որում, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, հրապարակվում է անվավեր ճանաչված ակտի այդ տեսակը:
ԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 143. Ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերը
Ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերը Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների, հանրաքվեի կազմակերպման եւ անցկացման ընթացքում ընտրական ու հանրաքվեին մասնակցելու իրավունքների խախտման վերաբերյալ ներկայացված հայցադիմումների հիման վրա հարուցված գործերն են (այսուհետ` ընտրական գործ):
Հոդված 144. Վարչական դատարան դիմելու իրավունքը
Ընտրական գործերով վարչական դատարան կարող են դիմել սույն օրենսգրքի 3-րդ հոդվածում նշված անձինք, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված դեպքերում՝ համապատասխան ընտրական հանձնաժողովը:
Հոդված 145. Ընտրական գործի ընդդատությունը եւ դատարանի կազմը
1. Ընտրական գործերը միանձնյա քննում եւ լուծում է վարչական դատարանի դատավորը, բացառությամբ`
1) տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների, թեկնածուների ու կուսակցությունների ընտրական ցուցակները, ցուցակներում ընդգրկված թեկնածուներին գրանցելու, չգրանցելու, գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ վարչական ակտերի իրավաչափությունը վիճարկելու մասին գործերի, որոնք ըստ էության քննում եւ լուծում է վարչական դատարանը` կոլեգիալ` 5 դատավորի կազմով.
2) ընտրողների ցուցակների ճշգրտման վերաբերյալ գործերի, որոնք սույն օրենսգրքով սահմանված կարգով քննում են պատասխանողի գտնվելու վայրի` ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանները:
2. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորմատիվ բնույթ ունեցող որոշումների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերը քննվում եւ լուծվում են սույն օրենսգրքի 137-րդ հոդվածով սահմանված կազմով:
Հոդված 146. Վարչական դատարան դիմելը եւ հայցադիմումը քննելու ժամկետները
1. Հայցադիմումը դատարան կարող է ներկայացվել օրացուցային 3 օրվա ընթացքում այն օրվանից, երբ հայցվորն իմացել է կամ ողջամտորեն պարտավոր էր իմանալ իր ընտրական իրավունքի խախտման մասին:
2. Ընտրական հանձնաժողովների կողմից նախընտրական քարոզչության սահմանված կարգի նկատմամբ հսկողություն իրականացնելու հետ կապված հայցադիմումներ կարող են ներկայացվել նախընտրական քարոզչությունը սկսվելու օրվանից մինչեւ քվեարկության հաջորդ օրը ներառյալ: Այդ դիմումները քննվում են օրացուցային հինգ օրվա ընթացքում, իսկ՝
1) քվեարկության օրվանից հինգից երկու օրացուցային օր առաջ ներկայացված հայցադիմումները՝ մինչեւ քվեարկության օրը.
2) քվեարկության օրը, դրան նախորդող կամ հաջորդող օրը ներկայացված հայցադիմումները՝ ոչ ուշ, քան ընտրությունների արդյունքների ամփոփման` օրենքով սահմանված վերջնաժամկետի նախորդ օրը:
3. Ընտրողների եւ հանրաքվեի մասնակիցների ցուցակներում ուղղումներ կատարելու վերաբերյալ հայցադիմումները կարող են ներկայացվել ցանկացած ժամանակ: Այդ հայցադիմումները քննվում են 3-օրյա ժամկետում, իսկ քվեարկության եւ դրան նախորդող օրացուցային 3 օրվա ընթացքում ներկայացված հայցադիմումները քննվում եւ լուծվում են անհապաղ:
4. Ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ հայցադիմումները պետք է քննվեն եւ լուծվեն ոչ ուշ, քան հայցադիմումները ստանալուց հետո` օրացուցային 7 օրվա ընթացքում:
5. Թեկնածուներին, կուսակցությունների ընտրական ցուցակները գրանցելու, գրանցումն ուժ կորցրած կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցադիմումները դատարանը քննում եւ լուծում է հայցադիմումն ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան քվեարկության նախորդ օրը:
6. Եթե սույն օրենսգրքով գործի քննության եւ լուծման համար այլ ժամկետ սահմանված չէ, ապա ընտրությունների եւ հանրաքվեների ժամանակ (ընտրությունների, հանրաքվեների նշանակման օրվանից մինչեւ ընտրությունների, հանրաքվեների արդյունքների ամփոփման ժամանակահատվածը) դատարանը հայցադիմումը քննում եւ լուծում է 7-օրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան մինչեւ քվեարկության օրը, իսկ ընտրությունների միջեւ ընկած ժամանակահատվածում` 15-օրյա ժամկետում։
7. Սույն հոդվածով սահմանված հատուկ ժամկետների հաշվառմամբ դատավորը նման գործեր քննելիս պետք է ձգտի գործի քննությունն իրականացնել այնպիսի ժամկետում, որ չխաթարվեն հետագա ընտրական գործընթացները:
Հոդված 147. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորմատիվ բնույթ ունեցող որոշումները վիճարկելու վերաբերյալ դիմումների քննությունը
1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորմատիվ բնույթ ունեցող որոշումները բողոքարկելու ժամկետ սահմանված չէ:
2. Վարչական դատարանն այդ հարցով ներկայացված հայցադիմումները քննում եւ լուծում է սույն օրենսգրքի 24-րդ գլխով սահմանված կարգով`
1) օրացուցային 7 օրվա ընթացքում` ընտրությունների ժամանակ.
2) ընդհանուր կարգով` ընտրությունների միջեւ ընկած ժամանակաշրջանում:
Հոդված 148. Թեկնածուների, կուսակցությունների ընտրական ցուցակները չգրանցելու, գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ հայցադիմումների քննությունը
1. Եթե հայցադիմումը տրվել է այլ թեկնածուի կամ կուսակցության ընտրական ցուցակի, կուսակցության ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու պահանջով, ապա տվյալ հարցի քննությանը երրորդ անձի կարգավիճակով ներգրավվում է համա՟պատասխան թեկնածուն կամ կուսակցության ներկայացուցիչը, որի գրանցման հարցը քննարկվում է: Նրանց չմասնակցելն արգելք չէ գործի քննության համար:
2. Վարչական դատարանն իր դատական ակտով թեկնածուին կամ կուսակցության ընտրական ցուցակը, կուսակցության ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուին ճանաչում է գրանցված կամ համապատասխան գրանցումը ճանաչում է ուժը կորցրած կամ անվավեր:
Հոդված 149. Ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերի քննությունը
1. Ընտրությունների արդյունքները կարող են բողոքարկվել ընտրություններին մասնակցող թեկնածուի, կուսակցության կողմից:
2. Ընտրությունների արդյունքների վերաբերյալ բողոքի քննությանը երրորդ անձի կարգավիճակով ներգրավվում է նաեւ այն անձը, որի ընտրվելը վիճարկվում է: Նրա չմասնակցելն արգելք չէ գործի քննության համար:
3. Վարչական դատարանը գործը քննելիս իրավասու է պարզել քվեարկության իրական արդյունքներն այնպես, ինչպես դա կարող էր անել ընտրական հանձնաժողովը արդյունքներն ամփոփելիս:
4. Ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերով վարչական դատարանն ընդունում է հետեւյալ որոշումներից որեւէ մեկը.
1) ընտրական հանձնաժողովի որոշումը թողնել ուժի մեջ.
2) անվավեր ճանաչել ընտրական հանձնաժողովի որոշումը եւ`
ա. անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները,
բ. ընտրված ճանաչել համապատաuխան թեկնածուին կամ կուuակցության (դաշինքի) ընտրական ցուցակում ընդգրկված համապատաuխան թվով թեկնածուների,
գ. ընտրությունները ճանաչել չկայացած:
5. Եթե գործի քննությունից հետո վարչական դատարանը, uպառելով ապացույցներ ձեռք բերելու համար uույն oրենքով նախատեuված բոլոր միջոցները, այդուհանդերձ, հնարավորություն չի ունեցել պարզելու ընտրության իրական արդյունքները, uակայն վարչական դատարանի կողմից որպեu հավաuտի գնահատված ապացույցներից ակնհայտ է դարձել, որ ընտրախախտումներն ունեցել են կազմակերպված, զանգվածային, կրկնվող կամ պարբերական բնույթ, եւ դրանց համադրումը վկայում է դրանց միջեւ համակարգային այնպիuի փոխկապակցվածության մաuին, որի պայմաններում խախտվում են Հայաստանի Հանրապետության Uահմանադրության 4-րդ հոդվածով ամրագրված ընտրական իրավունքի uկզբունքները, ապա որոշում ընդունելիu վարչական դատարանն իրավաuու է այդ հիմքով անվավեր ճանաչելու ընտրությունների արդյունքները:
Հոդված 150. Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը
1. Ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերջնական են, վերանայման ենթակա չեն եւ ուժի մեջ են մտնում հրապարակման պահից:
2. Գործն ըստ էության լուծող դատական ակտը սույն օրենսգրքի 62-րդ հոդվածով սահմանված կարգով ուղարկվում է համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին, ընտրական հանձնաժողովներին, ինչպես նաեւ դատավարության մասնակիցներին:
3. Գործն ըստ էության լուծող դատական ակտը, որով հաստատվել է անձի, կուսակցության, նախաձեռնող խմբի ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի խախտումը, հիմք է ընտրական եւ հանրաքվեին մասնակցելու իրավունքի խախտումները վերացնելու համար, բացառությամբ սույն օրենսգրքի 148-րդ եւ 149-րդ հոդվածներով նախատեսված դեպքերի:
ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 151. Դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերի քննության կարգը
Վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերը հարուցվում են օրենքով վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ կազմելու լիազորություն ունեցող մարմինների եւ պաշտոնատար անձանց (այսուհետ` իրավասու մարմիններ) հայցադիմումների հիման վրա:
Հոդված 152. Դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու մասին հայցադիմումին ներկայացվող պահանջները
1. Ֆիզիկական, պաշտոնատար կամ իրավաբանական անձին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին հայցադիմումը, ի լրումն սույն օրենսգրքի 72-րդ հոդվածով ներկայացվող պահանջների, պետք է նաեւ ներառի`
1) վարչական իրավախախտման մասին արձանագրության կազմման համար հիմք հանդիսացած գործողությունների կատարման վայրը եւ ժամանակը.
2) վարչական իրավախախտման մասին արձանագրությունը կազմած անձի պաշտոնը, անունը, ազգանունը.
3) տեղեկություններ այն անձի մասին, որի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտումների մասին արձանագրությունը.
4) այն օրենքի դրույթները, որոնք վարչական պատասխանատվություն են նախատեսում վարչական իրավախախտման մասին արձանագրության կազմման համար հիմք հանդիսացած գործողությունների կատարման համար.
5) դիմողի պահանջը վարչական պատասխանատվության ենթարկելու մասին:
2. Դիմումին կցվում են վարչական իրավախախտման մասին արձանագրությունը եւ արձանագրությանը կցվող փաստաթղթերը:
Հոդված 153. Դատաքննությունը վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործերով
1. Վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերով վարչական իրավախախտման մասին արձանագրության կազմման համար հիմք հանդիսացած հանգամանքների ապացուցման բեռը չի կարող դրվել այն անձի վրա, որի գործողությունների վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրությունը: Արձանագրությունն ինքնին ապացույց չէ:
2. Վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործը քննելիս վարչական դատարանը պարզում է, թե տեղի է ունեցել արդյոք վարչական իրավախախտման դեպքը, եւ առկա է արդյոք այն անձի կողմից դա կատարելու փաստը, որի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման մասին արձանագրությունը, ունեցել է արդյոք արձանագրություն կազմած վարչական մարմինը նման լիազորություններ, նախատեսված է արդյոք օրենքով վարչական պատասխանատվություն տվյալ իրավախախտումը կատարելու համար, ինչպես նաեւ որոշում է վարչական պատասխանատվության միջոցները:
ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՁԱԿԵԼՈՒ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 154. Վճարման կարգադրություն արձակելու գործերի վարույթը
Ֆիզիկական եւ իրավաբանական անձից վարչական ակտի հիման վրա որոշակի դրամական գումարներ բռնագանձելու նպատակով վարչական մարմինը հայցով դիմում է դատարան՝ ստանալու վճարման կարգադրություն:
Հոդված 155. Վճարման կարգադրություն արձակելու հայցադիմումը
1. Դատարան ներկայացվող հայցադիմումը, ի լրումն սույն օրենսգրքի 72-րդ հոդվածի ներկայացվող պահանջների, պետք է նաեւ ներառի պահանջ վճարման կարգադրություն արձակելու մաuին:
2. Հայցադիմումին պետք է կցվի բռնագանձումը հիմնավորող վարչական ակտը:
Հոդված 156. Վճարման կարգադրություն արձակելու դիմումի մերժումը
1. Վճարման կարգադրություն արձակելու հայցադիմումը մերժվում է այն մաuով, որով`
1) այն չի համապատաuխանում uույն oրենuգրքի դրույթներին.
2) վարչական ակտն առերեւույթ առ ոչինչ է կամ ուժի մեջ չէ:
2. Մերժումից առաջ դիմողը պետք է հնարավորություն ունենա արտահայտելու իր դիրքորոշումը, այդ թվում` հեռակա կարգով (ֆաքu, էլեկտրոնային փոuտի միջոցներ եւ այլն): Դիրքորոշում չարտահայտելն արգելք չէ մերժման մաuին միջանկյալ դատական ակտ կայացնելու համար: Մերժման մաuին միջանկյալ դատական ակտը կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան:
Հոդված 157. Հայցադիմումի քննության ժամկետները
Դատավորը հայցադիմումը uտանալու oրվանից հետո` երկշաբաթյա ժամկետում, կարող է`
1) արձակել վճարման կարգադրություն.
2) ամբողջովին մերժել վճարման կարգադրություն արձակելու հայցադիմումը կամ մաuամբ մերժել այն` մյուu մաuով արձակելով վճարման կարգադրություն:
Հոդված 158. Վճարման կարգադրությունը
1. Վճարման կարգադրություն արձակելու հայցադիմումն ամբողջովին մերժելու մաuին միջանկյալ դատական ակտ չկայացնելու դեպքում դատարանն առանց նիuտ հրավիրելու արձակում է վճարման կարգադրություն:
2. Վճարման կարգադրությունը ներառում է`
1) նշում այն մասին, որ դատարանն ըuտ էության չի uտուգել պահանջի հիմքում ընկած վարչական ակտի օրինականությունը.
2) կարգադրություն` վճարման կարգադրությունը ստանալու կամ սույն օրենսգրքի համաձայն` պատշաճ ծանուցված համարվելու պահից երկու շաբաթվա ընթացքում կատարելու հետեւյալ գործողություններից որեւէ մեկը.
ա. կատարել վճարման պահանջը, եթե պատաuխանողը պահանջը հիմնավորված է համարում,
բ. ներկայացնել հակընդդեմ հայց` վարչական ակտը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ, եթե պատաuխանողը վարչական ակտը համարում է ապօրինի.
3) նշում այն մասին, որ հակընդդեմ հայց ներկայացնելու դեպքում վեճը քննվելու է հայցային վարույթով, որի դեպքում պարտվող կողմը, սույն օրենսգրքին համապատասխան, կրելու է դատական ծախuերը.
4) նշում այն մասին, որ uահմանված ժամկետում հակընդդեմ հայց չներկայացնելու դեպքում վճարման կարգադրությունը uտանում է oրինական ուժի մեջ մտած վճռի ուժ եւ ենթակա է հարկադիր կատարման:
3. Վճարման կարգադրությանը կցվում են հայցադիմումի եւ կից փաuտաթղթերի կրկնoրինակները:
4. Վճարման կարգադրությունը պատաuխանողին ուղարկվում է սույն օրենսգրքի 62-րդ հոդվածով սահմանված կարգով:
Հոդված 159. Անցումը հայցային վարույթին
Դատարանը վճարման կարգադրության վարույթից անցում է կատարում հայցային վարույթի, եթե պատասխանողը հակընդդեմ հայց է ներկայացրել: Այս դեպքում վճարման կարգադրությունը վերանում է:
Հոդված 160. Վճարման կարգադրությունն ուժի մեջ մտնելը
1. Այն դեպքում, երբ պատաuխանողի կողմից վճարման կարգադրության uտացման մաuին հետադարձ ծանուցումն uտանալու oրվանից կամ սույն օրենսգրքի 62-րդ հոդվածով սահմանված կարգով պատշաճ ծանուցումից հետո` 2 շաբաթվա ընթացքում, դատարանը հակընդդեմ հայց չի ստանում, ապա վճարման կարգադրությունն uտանում է oրինական ուժի մեջ մտած` գործն ըստ էության լուծող դատական ակտի ուժ եւ ենթակա է հարկադիր կատարման:
2. Դատարանը հայցվորի պահանջով վճարման կարգադրության մաuին հայցադիմումի հիման վրա տալիu է կատարողական թերթ:
ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԻՃԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 161. Դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը
1. Վարչական դատարան կարող են բողոքարկվել նոտարի անգործությունը, ինչպես նաեւ նոտարական գործողությունները, բացառությամբ գործարքի վավերացման գործողության:
2. Դատարանը նոտարական գործողությունների վիճարկման վերաբերյալ հայցը բավարարելու դեպքում գործն ըստ էության լուծող դատական ակտ է կայացնում կատարված նոտարական գործողության հետեւանքները վերացնելու վերաբերյալ եւ նոտարին կամ նոտարական գործողություն կատարող պաշտոնատար անձին պարտավորեցնում է կատարելու հայցվող գործողությունը:
3. Հայցվորի պահանջով դատարանն իրավասու է իր գործն ըստ էության լուծող դատական ակտով հաստատված ճանաչելու իրավաբանական նշանակություն ունեցող այնպիսի փաստեր, որոնց հաստատումը ոչ իրավաչափ կերպով մերժել է նոտարի կամ նոտարական գործողություն կատարող պաշտոնատար անձը:
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 162. Անցումային դրույթներ
1. Սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո ընդհանուր իրավասության դատարաններում սույն օրենսգրքի 8-րդ հոդվածով նախատեսված գործերի հետագա դատաքննությունը շարունակվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով:
2. Դատաքննության փուլում չգտնվող գործերը հնգօրյա ժամկետում փոխանցվում են վարչական դատարանին` այդ մասին եռօրյա ժամկետում տեղեկացնելով դատավարության մասնակիցներին:
3. Մինչեւ փաuտաթղթերի հատուկ առաքման uակագները Հայաuտանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատվելը սույն օրենսգրքի իմաստով պատշաճ ծանուցում է համարվում առաքանին ուղարկելը պատվիրված նամակով` հանձնման մաuին ծանուցմամբ կամ հաղորդագրության ձեւակերպումն ապահովող կապի այլ միջոցների oգտագործմամբ կամ հանձնումը uտացականով:
4. Մինչեւ սույն օրենսգրքի 58-րդ հոդվածի 5-րդ մասի ուժի մեջ մտնելը դատարանի նախաձեռնությամբ դատավարությանը մասնակից դարձրած վկաներին, փորձագետներին եւ թարգմանիչներին վճարումը կատարում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտը` նրանց կողմից իրենց պարտավորությունների կատարման ավարտից հետո` մեկ ամսվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին հատկացված միջոցների հաշվին:
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 163. Սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենսգիրքը, բացառությամբ 58-րդ հոդվածի 5-րդ մասի, ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենսգրքի 58-րդ հոդվածի 5-րդ մասն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:
Հոդված 164. Եզրափակիչ դրույթ
Սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (17 հունիսի 1998 թվականի) 24-26-րդ եւ 32-րդ գլուխները: