ՀՈԴՎԱԾ 1. «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության (2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ 126-Ն ) օրենքի (այսուհետ` Օրենք) 26-րդ հոդվածը լրացնել 5-րդ եւ 6-րդ մասերով հետեւյալ բովանդակությամբ.
«5. Մեղադրողը կարող է մինչեւ դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել մեղադրանքը` այդ թվում նաեւ` խստացման առումով, եթե դատական քննության ընթացքում հետազոտված ապացույցները անհերքելիորեն վկայում են այն մասին, որ ամբաստանյալը կատարել է այլ հանցանք, քան այն, որը նրան մեղսագրվում:
6. Քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգով առաջարկություն ստանալիս, դատախազը կայացնում է որոշում մեղադրական եզրակացությունը վերահաստատելու վերաբերյալ եւ ներկայացնում դատարան կամ անում նույն օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված միջնորդություններից որեւէ մեկը:»
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքը պահանջներով, քանի որ գործող մի շարք իրավական ակտերի այդ թվում նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի եւ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները համահունչ չեն կամ հակասում են հիշյալ օրենսգրքի դրույթների պահանջներին, ուստի եւ անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքից բխող փոփոխություններ եւ լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում եւ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:
«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով կարգավորվել են այնպիսի հարաբերություններ, որոնք նախկինում կարգավորված չէին կամ կարգավորված էին այլ կերպ, մասնավորապես` տրվել են «գործն ըստ էության լուծող դատական ակտերի», «ընդհանուր իրավասության դատարանի», «քրեական դատարանի», «վճռաբեկ դատարանի» հասկացությունների սահմանումները, նոր խմբագրությամբ է շարադրվել օրենսգրքի 8-րդ հոդվածը, որը վերաբերվում է հավասարությանը օրենքի եւ դատարանի առջեւ, նոր խմբագրությամբ է շարադրվել օրենսգրքի 39-րդ հոդվածը, որով հստակ սահմանվել են դատարանի կազմին վերաբերվող դրույթները, հստակեցվել է, թե որ դատարանում եւ որ դեպքերում են գործերը քննվում միանձնյա. իսկ որ դեպքերում կոլեգիալ:
Սահմանվել են նաեւ դրույթներ որոնք վերաբերվում են առաջին ատյանի առարկայական ընդդատությանը, դատավորի ինքնաբացարկին, դատարանի լրացուցիչ որոշումներին, դատական ակտերի բողոքարկմանը, վերաքննիչ բողոք բերելու հիմքերին, դատական ակտերի վերանայմանը նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով եւ դրա համար դիմում ներկայացնելու իրավունք ունեցող անձանց,, նոր երեւան եկած հանգամանքների հետեւանքով դատական ակտերի վերանայման հիմքերին ու ժամկետներին, նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելու դիմումներին դրանց ներկայացվող պահանջներին, նոր երեւան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման վարույթի հարուցմանը, դատական ակտերի վերանայմանը եւ մի շարք այլ դրույթներ:
«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծով սահմանվում է, որ «Մեղադրողը կարող է մինչեւ դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել մեղադրանքը` այդ թվում նաեւ` խստացման առումով»: Բացի այդ սահմանվում է, որ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված կարգով առաջարկություն ստանալիս, դատախազը կայացնում է որոշում մեղադրական եզրակացությունը վերահաստատելու վերաբերյալ եւ ներկայացնում դատարան կամ անում նույն օրենսգրքի 309.1 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված միջնորդություններից որեւէ մեկը:»