Armenian ARMSCII Armenian
Կ-155-19.10.2007-ՊԻ-010/3ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ  ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է հատուկ քննչական ծառայության  կազմավորման, գործունեության, դրանում ծառայության անցնելու կարգը եւ պայմանները, պաշտոնների ու դասային աստիճանների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները եւ պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները եւ ծառայության հետ կապված մյուս  հարաբերությունները:

Հոդված 2. Հատուկ քննչական ծառայությունը

1. Հատուկ քննչական ծառայությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված` օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաեւ ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերով նախաքննություն:

Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը կարող է քննչական այլ մարմինների քննիչների վարույթից վերցնել եւ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին հանձնել քրեական գործեր, որոնք առնչվում են սույն մասում թվարկված պաշտոնատար անձանց հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործություններին, կամ որոնցով այդ անձինք ճանաչված են որպես տուժող:

2. Հատուկ քննչական ծառայությունում ծառայությունը պետական ծառայության հատուկ տե՟սակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով:

Հատուկ քննչական ծառայությունում ծառայող անձը պետական ծառայող է:

3. Հատուկ քննչական ծառայությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով եւ այլ օրենքներով սահմանված` օրինականության, մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվը եւ արժանապատվությունը հարգելու, մարդասիրության ու հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ:

4. Հատուկ քննչական ծառայության կողմից իրականացվող նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնում են Հայաստանի Հանրապետության  գլխավոր դատախազը եւ նրա լիազորած դատախազները:

5. Հատուկ քննչական ծառայությունը ղեկավարում է ծառայության պետը:

6. Հատուկ քննչական ծառայությունը հրապարակում է տեղեկատվություն իր գոր՟ծունեության մասին: Հատուկ քննչական ծառայության պետը յուրաքանչյուր տարի Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողով եւ Հանրապետության Նախագահին է ներկայացնում գրավոր հաղորդում` հատուկ քննչական ծառայության նախորդ տարվա գործունեության մաuին:

7. Հատուկ քննչական ծառայության նստավայրը Երեւան քաղաքն է:

Հոդված 3. Հատուկ քննչական ծառայության մասին օրենսդրությունը

1. Հատուկ քննչական ծառայության մասին օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքից, այլ օրենքներից ու իրավական ակտերից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:

Հատուկ քննչական ծառայության վրա տարածվում է նաեւ «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն այնքանով, որքանով դրա նորմերը իրենց էությամբ կիրառելի են ծառայության այդ տեսակի նկատմամբ եւ չեն հակասում սույն օրենքի եւ պետական հատուկ ծառայության էությանը:

2. Օրենքով նախատեսված դեպքերում հատուկ քննչական ծառայության պետն ընդունում է ծառայության կազմակերպման ու գործունեության վերաբերյալ ներքին կամ անհատական իրավական ակտեր:

3. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 4. Սույն օրենքի հիմնական հասկացությունները

 Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

1) հատուկ քննչական ծառայության ծառայող` հատուկ քննչական ծառայության պետը, նրա տեղակալը, հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչները եւ  հատկապես կարեւոր գործերի քննիչները.

2) օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողներ` Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, փոխվարչապետը, պատգամավորները, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը եւ անդամները, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահները եւ դատավորները, Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարը, Հայաստանի Հանրապետության նախարարները, նրանց տեղակալները, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարները, նրանց տեղակալները, Հայաստանի Հանրապետության մարզպետները, նրանց տեղակալները, Երեւանի քաղաքապետը, նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահը եւ խորհրդի անդամները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը եւ խորհրդի անդամները, Հայաստանի Հանրապետության կարգավորող հանձնաժողովների ղեկավարները եւ անդամները, Հայաստանի Հանրապետության կենտրո՟նական ընտրական հանձնաժողովի նախագահը եւ անդամները, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահը եւ տեղակալը.

3) պետական հատուկ ծառայություն իրականացնող անձ` դատախազները, պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի քննիչները, ոստիկանության (բացառությամբ ոստիկանության զորքերի), ազգային անվտանգության (բացառությամբ սահմանապահ զորքերի եւ զինված ստորաբաժանումների), հարկային, մաքսային, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող, քրեակատարողական եւ փրկարարական մարմինների պաշտոնատար անձինք.

4) ընտրական գործընթացների հետ կապված հանցագործություններ` հանցագործություններ, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 149-րդ, 150-րդ, 1541 -րդ եւ 1542 -րդ հոդվածներով:

ԳԼՈՒԽ  2

ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՈՒ ԱԶԱՏՄԱՆ, ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 5. Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոնների համակարգը

Հատուկ քննչական ծառայության ծառայողների պաշտոնները դասակարգվում են հետեւյալ խմբերի.

1) հատուկ քննչական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ`

- հատուկ քննչական ծառայության պետ,

- հատուկ քննչական ծառայության  պետի տեղակալ.

2) հատուկ քննչական ծառայության գլխավոր խմբի պաշտոններ`

- հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչներ.

3) հատուկ քննչական ծառայության առաջատար խմբի պաշտոններ`

- հատկապես կարեւոր գործերի քննիչներ:

Հոդված 6. Ծառայության անցնելու համար ներկայացվող հիմնական պահանջները

1. Հատուկ քննչական ծառայությունում ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, Հայաստանի Հանրապետությունում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան օտարերկրյա պետությունում ձեռք բերած, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել է օրենքով սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով`

1) անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի անձանց կամ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի) կամ պահեստազորի սպա է.

2) տիրապետում է գրական հայերենին.

3) բավարարում է սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված պահանջները:

2. Հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ?ֆիզիկական արատների եւ հիվանդությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարու՟թյունը:

3. Հատուկ քննչական ծառայության պաշտոնի կարող են նշանակվել նաեւ սույն հոդվածի    1-ին մասի 1-ին կետի պահանջներին չհամապատասխանող, սակայն դիմելու պահին «Զինապար՟տու՟թյան մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի  1-ին մասի «բ-ե» կետերով նախատեսված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ 13-րդ հոդվածի համաձայն` մինչեւ 27 տարին լրանալը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած եւ պահեստազորում հաշվառված անձինք:

4. Հատուկ քննչական ծառայությունում ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին, ով՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է քաղաքացիական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) դատապարտվել է հանցագործություն կատարելու համար` անկախ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված լինելու հանգամանքից.

4) գտնվում է քրեական հետապնդման մեջ.

5) չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջ՟նե՟րին:

5. Հատուկ քննչական ծառայությունում պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիք է համարվում 60 տարեկանը: Սահմանային տարիքը լրանալուց հետո հատուկ քննչական ծառայության պետը կարող է մինչեւ 5 տարի ժամկետով երկարաձգել ծառայության ժամկետը: Հատուկ քննչական ծառայության պետի եւ պետի տեղակալի պաշտոնի սահմանային տարիքը համարվում է 65 տարեկանը:

Հոդված 7. Հատուկ քննչական ծառայության պաշտոնի նշանակելու պայմանները

1. Հատուկ քննչական ծառայության պետ կարող է նշանակվել այն անձը, ով մինչեւ նշանակումը զբաղեցրել է հատուկ քննչական ծառայության բարձրագույն խմբի կամ վերջին հինգ տարին գլխավոր խմբի պաշտոն կամ վերջին յոթ տարին առաջատար խմբի պաշտոն կամ ունի դատախազի կամ քննիչի առնվազն 10 տարվա ստաժ:

2. Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ կարող է նշանակվել այն անձը, ով մինչեւ նշանակումը վերջին չորս տարին զբաղեցրել է հատուկ քննչական ծառայության գլխավոր խմբի կամ վերջին հինգ տարին առաջատար խմբի պաշտոն կամ ունի դատախազի կամ քննիչի առնվազն 8 տարվա ստաժ:

3.  Հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ կարող է նշանակվել այն անձը, որը մինչեւ նշանակումը վերջին 2 տարին զբաղեցրել է հատկապես կարեւոր գործերի քննիչի պաշտոն կամ ունի դատախազի կամ քննիչի առնվազն 4 տարվա ստաժ:

4. Հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի քննիչ կարող է նշանակվել այն անձը, որը մինչեւ նշանակումն ունի դատախազի կամ քննիչի առնվազն 3 տարվա ստաժ:

5. Հատուկ քննչական ծառայության գլխավոր եւ առաջատար խմբի պաշտոնները համալրվում են սույն օրենքով սահմանված կարգով անցկացվող մրցույթի արդյունքների հիման վրա:

6. Հատուկ քննչական ծառայությունում թափուր պաշտոնի կարող է նշանակվել պաշտոնակատար, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով:

Հոդված 8. Հատուկ քննչական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը

1. Մրցույթի հիման վրա նշանակումներ կատարվում են միայն գլխավոր եւ առաջատար խմբի պաշտոններում:

2. Հատուկ քննչական ծառայության գլխավոր եւ առաջատար խմբի թափուր պաշտոն առաջանալու դեպքում հատուկ քննչական ծառայության պետը նշանակում է մրցույթ պաշտոնը թափուր մնալուց հետո` մեկ ամսվա ընթացքում:

3. Թափուր պաշտոնի մրցույթ անցկացնելու  մասին տրվում է հայտարարություն մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ` առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի եւ զանգվածային լրատվության այլ միջոցներով: Մրցույթի հայտարարության ձեւը հաստատում է հատուկ քննչական ծառայության պետը:

4. Մրցութային հանձնաժողովն անձին չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե նա չի բավարարում սույն օրենքով պաշտոնի անցնելու համար ներկա՟յացվող պահանջ՟ները:

5. Մրցույթն անցկացվում է նաեւ, եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից:

6. Մրցույթն անցկացվում է մրցութային հանձնաժողովի կողմից հարցազրույցի ձեւով` մասնակցի գործնական կարողություններն ստուգելու նպատակով:

7. Մրցութային հանձնաժողովը հարցազրույցից հետո յուրաքանչյուր մասնակցի համար անցկացնում է քվեարկություն: Մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր ան՟դամ քվեարկում է կողմ կամ դեմ:

8. Մրցույթի հաղթող են ճանաչվում այն մասնակիցները, ովքեր հավաքել են քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայները:

9. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթի անցկացման օրը:

10. Մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո մասնակիցը` իր արդյունքների մասով, կամ մրցութային հանձնաժողովի անդամը մեկ ժամվա ընթացքում այդ արդյունքները կարող է գրավոր բողոքարկել հատուկ քննչական ծառայության պետին:

11. Մրցույթի արդյունքների հրապարակումից մեկ ժամ հետո գրավոր բողոքի բացակայության դեպքում համապատասխան մրցութային հանձնաժողովը մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցների վերաբերյալ եզրակացություն է ներկայացնում հատուկ քննչական ծառայության պետին, որը եզրակացությունն ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին նշանակում է համապատասխան պաշտոնում:

12. Եթե մասնակիցներից ոչ մեկը չի հավաքել մրցութային հանձնաժողովի` քվեարկությանը մասնակցած անդամների կեսից ավելի կողմ ձայներ ու մրցույթում հաղթող չի ճանաչվել, ապա անցկացվում է նոր մրցույթ:

13. Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ  դիմողները չեն բավարարում սույն օրենքով պաշտոնի անցնելու համար ներկայացվող պահանջները, կամ դիմողներից ոչ մեկը չի ներկայացել մրցույթին, ապա մրցույթը համարվում է չկայացած, եւ անցկացվում է նոր մրցույթ, որը հայտարարվում եւ անցկացվում է սույն հոդվածով սահմանված կարգով:

14. Մրցութային հանձնաժողովը կազմավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը, իսկ  դրա աշխատակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Մրցութային հանձնաժողովը կազմավորվում է 7 անդամից, որոնցից 3-ը իրավաբան-գիտնականներ են, իսկ  4-ը`  պետական ծառայողներ:

15. Մրցութային հանձնաժողովը ղեկավարում է հանձնաժողովի նախագահը, որին հանձնաժողովի անդամների թվից նշանակում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը:

Հոդված 9. Հատուկ քննչական ծառայությունում պաշտոնի նշանակելը

1. Հատուկ քննչական ծառայության պետին պաշտոնի նշանակում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության  գլխավոր դատախազի ներկա՟յաց՟մամբ:

Հայաստանի Հանրապետության Նախագահը հատուկ քննչական ծառայության պետին պաշտոնից կարող է ազատել սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված հիմքերով:

2. Հատուկ քննչական ծառայության մյուս պաշտոններում պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է հատուկ քննչական ծառայության պետը:

Հոդված 10. Հատուկ քննչական ծառայության ծառայողի երդումը

1. Հատուկ քննչական ծառայությունում առաջին անգամ պաշտոնի նշանակվող անձինք հատուկ քննչական ծառայության պետի սահմանած կարգով Հայաստանի Հանրապետության դրոշի առջեւ տալիս են հետեւյալ բովանդակությամբ երդում.

«Ես՝ (անուն, հայրանուն, ազգանուն), հատուկ քննչական ծառայությունում պաշտոն ստանձնելով, երդվում եմ`

հավատարմորեն ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, հասարակական կարգը, անվտանգությունն ու սահմանադրական կարգը, անվերապահորեն եւ բարեխղճորեն կատարել իմ պարտականությունները»:

2. Հատուկ քննչական ծառայության ծառայողը երդում տալիս է մեկ անգամ` անհատական կարգով, երդման տեքստն ընթերցելու միջոցով:

3. Հատուկ քննչական ծառայության ծառայողը ստորագրում է իր ընթերցած երդման տեքստը, որը պահպանվում է նրա անձնական գործում:

Հոդված 11. Հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

1. Հատուկ քննչական ծառայության ծառայողը չի կարող զբաղեցնել այլ պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում, առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից:

2. Հատուկ քննչական ծառայության ծառայողին գիտական, մանկավարժական եւ uտեղծագործական աշխատանքի համար վճարումը չի կարող գերազանցել ողջամիտ չափը, այսինքն` այն չափը, որին նույն գործունեության համար համանման որակներ ունեցող, բայց հատուկ քննչական ծառայության ծառայող չհանդիսացող անձը կարող էր հավակնել:

3. Հատուկ քննչական ծառայության ծառայողն իրավունք չունի լինելու անհատ ձեռնարկատեր:

4. Հատուկ քննչական ծառայության ծառայողն իրավունք չունի լինելու տնտեuական ընկերությունների մաuնակից կամ վuտահության վրա հիմնված ընկերակցության ավանդատու, եթե, բացի ընկերության ընդհանուր ժողովին մասնակցելուց, նա ներգրավվում է նաեւ այդ կազմակերպության կարգադրիչ կամ կառավարման այլ գործառույթների իրականացմանը:

5. Հատուկ քննչական ծառայության ծառայողն իրավունք չունի`

1) լինելու երրորդ անձանց ներկայացուցիչ, բացառությամբ այն դեպքերի, երբ նա ներկայացնում է իր ընտանիքի անդամներին կամ իր խնամակալության (հոգաբարձության) ներքո գտնվող անձանց.

2) իր պաշտոնեական դիրքն օգտագործելու կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, այդ թվում` կրոնական միավորումների շահերի համար, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզելու, ինչպես նաեւ իր ծառայողական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու.

3) հոնորար ստանալու ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.

4) ոչ ծառայողական նպատակներով օգտագործելու նյութատեխնիկական, ֆինանսական եւ տեղեկատվական միջոցները, պետական գույքը եւ ծառայողական տեղեկատվությունը.

5) ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում այլ անձանցից ստանալու նվերներ, գումարներ կամ ծառայություններ, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

6. Հատուկ քննչական ծառայության ծառայողին արգելվում է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայությամբ համատեղ աշխատել մերձավոր ազգականների կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, ամուսնու զավակ, ամուսնու եղբայր եւ ամուսնու քույր) հետ:

Հոդված 12. Հատուկ քննչական ծառայության ծառայողին ծառայությունից ազատելը

1. Հատուկ քննչական ծառայության ծառայողը ծառայությունից ազատվում է՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման դեպքում.

2) անձնական նախաձեռնությամբ՝ գրավոր դիմումի հիման վրա.

3) սույն օրենքով նախատեսված սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ.

4) հաստիքների կրճատման, հատուկ քննչական ծառայության լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե հատուկ քննչական ծառայության ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, եւ հաստիքների կրճատումը պայմանավորված է հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ.

5) հիվանդության կամ ֆիզիկական արատի պատճառով ծառայությանը ոչ պիտանի լինելու դեպքում.

6) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.

7) կարգապահական խախտումների համար, եթե մեկ տարվա ընթացքում երկու անգամ նրա նկատմամբ կիրառվել է սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-5-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերից որեւէ մեկը.

8) սույն օրենքով հատուկ քննչական ծառայության ծառայողների նկատմամբ կիրառվող սահմանափակումները խախտելու դեպքում.

9) ծառայողի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելը ոչ արդարացնող հիմքով.

10) հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում.

11) ժամանակավոր անաշխատունակության հետեւանքով ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում ավելի քան 140 օր ծառայության չներկայանալու դեպքում` չհաշված հղիության եւ ծննդա՟բերու՟թյան կամ երեխային խնամելու համար արձակուրդը.

12) քաղաքական կամ հայեցողական պաշտոններում ընտրվելու կամ նշանակվելու դեպքում.

13) ատեստավորման արդյունքների հիման վրա, եթե համապատասխան թափուր պաշտոնի բացակայության պատճառով ավելի ցածր պաշտոնի նշանակելն անհնարին է.

14) uույն oրենքով նախատեuված ատեuտավորմանը երկու անգամ չներկայանալու դեպքում:

2. Հատուկ քննչական ծառայության ծառայողի պարտականությունները համարվում են դադարած  նրա մահվան դեպքում:

Հոդված 13. Հատուկ քննչական ծառայության ծառայողների դասային աստիճանները

1. Հատուկ քննչական ծառայության ծառայողներին շնորհվում են հետեւյալ դասային աստիճանները.

1) արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական.

2) արդարադատության առաջին դասի խորհրդական.

3) արդարադատության երկրորդ դասի խորհրդական.

4) արդարադատության երրորդ դասի խորհրդական.

5) առաջին դասի խորհրդական.

6) երկրորդ դասի խորհրդական.

7) երրորդ դասի խորհրդական:

2. Դասային աստիճանները դասակարգվում են աստիճանական համակարգով` բարձրից ցածր:

3. Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանը բարձրագույն դասային աստիճան է, որը շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

4. Հատուկ քննչական ծառայության մյուս դասային աստիճանները շնորհում է հատուկ քննչական ծառայության պետը:

5. Դասային աստիճանները շնորհվում են հերթականության կարգով` զբաղեցրած պաշտոնի համար նախատեuված առավելագույն դաuային աuտիճանի uահմաններում, նախորդ դաuային աuտիճանում ծառայության uահմանված ժամկետը լրանալուց հետո` 15-օրյա ժամկետում,  բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

6. Դասային աստիճանները շնորհվում են անհատական կարգով` ցմահ:

Հոդված 14. Հատուկ քննչական ծառայության պաշտոններին համապատասխանող  դասային աստիճանները

1. Հատուկ քննչական ծառայության բարձրագույն պաշտոնների դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճանն է:

2. Հատուկ քննչական ծառայության գլխավոր պաշտոնների դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճանն է:

3. Հատուկ քննչական ծառայության առաջատար պաշտոնների դասային աստիճանի վերին սահմանն արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճանն է:

4. Այլ պետական մարմիններում ծառայություն անցած (աշխատած) եւ զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող անձանց հատուկ քննչական ծառայության պաշտոնի նշանակելիս երեք ամսվա ընթացքում շնորհվում է զինվորական կամ հատուկ կոչմանը (դասային աստիճան, որակավորման դաս) համապատասխան դասային աստիճան:

5. Այլ պետական մարմիններում շնորհված զինվորական կամ հատուկ կոչումների (դասային աստիճանների, որակավորման դասերի) համապատասխանությունը սույն օրենքով սահմանված դասային աստիճաններին սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 15. Դասային աստիճանների շնորհման ժամկետները

1. Երրորդ դասի խորհրդականի դասային աստիճանը սկզբնական դասային աստիճան է եւ շնորհվում է հատուկ քննչական ծառայության պաշտոնի նշանակվելուց:

2. Սույն օրենքով սահմանված կարգով հերթական դասային աստիճանի շնորհման համար սահմանվում են ծառայության հետեւյալ ժամկետները.

1) երկրորդ դասի խորհրդական` 2 տարի.

2) առաջին դասի խորհրդական` 2 տարի.

3) արդարադատության երրորդ դասի խորհրդական` 3 տարի.

4) արդարադատության երկրորդ դասի խորհրդական` 4 տարի:

3. Մյուս դասային աստիճանների շնորհման համար ծառայության ժամկետներ չեն սահմանվում:

4. Հատուկ քննչական ծառայության ծառայողի հերթական դասային աստիճանի շնորհումը հետաձգվում է, երբ`

1) ատեստավորումից հետո նրա նկատմամբ որոշում է ընդունվել ատեստավորումը հետաձգելու եւ վերապատրաստման գործուղելու մասին.

2) նա ունի կարգապահական տույժ.

3) նրա նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, կամ կատարվում է ծառայողական քննություն:

5. Հերթական դասային աստիճանի շնորհումը հետաձգելու դեպքում հատուկ քննչական ծառայության ծառայողի հերթական դասային աստիճանը շնորհվում է սույն հոդվածի 4-րդ մասի 1-3-րդ կետերում նշված խոչընդոտների վերացումից հետո` 15-օրյա ժամկետում:

ԳԼՈՒԽ 3

ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ,  ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԻՐԱՎԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ, ԾԱՌԱՅՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

Հոդված 16. Հատուկ քննչական ծառայության ծառայողների գործունեության նկատմամբ վերահսկողությունը եւ լիազորությունները

1. Հատուկ քննչական ծառայության պետը սույն օրենքով սահմանված կարգով կազմակերպում, վերահսկում եւ ղեկավարում է հատուկ քննչական ծառայության ծառայողների գործունեությունը:

2. Հատուկ քննչական ծառայության պետը`

1) ղեկավարում եւ վերահսկողություն է իրականացնում հատուկ քննչական ծառայության ծառայողների գործունեության նկատմամբ.

2) ընդունում է հատուկ քննչական ծառայության գործունեության կազմակերպմանն ուղղված որոշումներ, տալիս է հրամաններ, հանձնարարականներ եւ ցուցումներ.

3) նշանակում է ծառայողական քննություններ կամ դադարեցնում  դրանք, փոխում է ծառայողական քննություն կատարողին.

4) սույն օրենքով նախատեսված դեպքերում կարող է ժամանակավորապես դադարեցնել ծառայողի լիազորությունները.

5) հաստատում է հատուկ քննչական ծառայության կառուցվածքը, հաստիքացուցակը եւ կանոնադրությունը.

6)  միջնորդություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին` հատուկ քննչական ծառայության ծառայողներին բարձրագույն դասային աստիճան շնորհելու վերաբերյալ.

7) կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն, քննում է հատուկ քննչական ծառայության ծառայողների դեմ բերված բողոքները եւ դիմումները.

8) կազմակերպում է հատուկ քննչական ծառայության նյութատեխնիկական ապահովությունը.

9) օրենսդրությամբ վերապահված լիազորությունների սահմաններում տնօրինում է հատուկ քննչական ծառայության դեպոզիտ հաշվի միջոցները.

10) կազմակերպում է հատուկ քննչական ծառայության ծառայողների մասնագիտական եւ հատուկ ուսուցումը.

11) իր իրավասության սահմաններում խրախուսում կամ կարգապահական տույժի է ենթարկում հատուկ քննչական ծառայության ծառայողներին.

12) առաջարկություններ է ներկայացնում հատուկ քննչական ծառայության կազմավորման ու գործունեության մասին օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.

13) ապահովում է հատուկ քննչական ծառայության համագործակցությունը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ.

14) իրականացնում է օրենքներով ու իրավական ակտերով սահմանված այլ լիազորու՟թյուն՟ներ:

3. Հատուկ քննչական ծառայության պետը պատասխանատվություն է կրում հատուկ քննչական ծառայության գործունեության համար:

4. Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալը փոխարինում է հատուկ քննչական ծառայության պետին վերջինիս բացակայության  ժամանակահատվածում, ինչպես նաեւ  պետի  հանձնարարությամբ ապահովում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված լիազորությունների իրականացումը:

Հոդված 17. Հատուկ քննչական ծառայության գործունեության իրավական երաշխիքները

1. Հատուկ քննչական ծառայությունն ինքնուրույն պետական մարմին է եւ լիազորություններն իրականացնելիս անկախ է:

2. Հատուկ քննչական ծառայության ծառայողի պարտականությունների կատարմանը խոչընդոտներ ստեղծելը, օրինական պահանջները չկատարելը, նրա եւ նրա ընտանիքի անդամների կյանքի, առողջության կամ գույքի նկատմամբ ոտնձգություն գործադրելը կամ դրա սպառնալիքն առաջացնում են օրենքով նախատեսված պատասխանատվություն:

3. Հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցում եւ քրեական գործի ենթակայությունը որոշում է Հայաստանի Հանրապետության  գլխավոր դատախազը:

Հոդված 18. Հատուկ քննչական ծառայության ծառայողի իրավունքները

1. Հատուկ քննչական ծառայության ծառայողն իրավունք ունի՝

1) ծանոթանալու զբաղեցրած պաշտոնում իր իրավունքները եւ պարտականությունները սահմանող իրավական ակտերին.

2) ծանոթանալու անձնական գործի բոլոր նյութերին, իր գործունեության գնահատագրերին եւ այլ փաստաթղթերին, ներկայացնելու բացատրություններ.

3) ստանալու ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ եւ նյութեր.

4) իր իրավասության սահմաններում ընդունելու որոշումներ.

5) ստանալու վարձատրություն եւ օրենքով սահմանված այլ վճարներ.

6) ունենալու սոցիալական պաշտպանություն եւ ապահովություն.

7) օգտվելու իրավական պաշտպանությունից.

8) դասային աստիճանի սահմանված կարգով բարձրացման.

9) բողոքարկելու ատեստավորման եւ ծառայողական քննության արդյունքները.

10) ներկայացնելու առաջարկություններ ծառայության կազմակերպման ու կատարելագործման հարցերի վերաբերյալ:

2. Հատուկ քննչական ծառայության ծառայողը կարող է ունենալ սույն օրենքով եւ իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:

Հոդված 19. Հատուկ  քննչական  ծառայության  ծառայողի պարտականությունները

1. Հատուկ քննչական ծառայության ծառայողի պարտականություններն են՝

1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, սույն օրենքի, այլ օրենքների եւ իրավական ակտերի պահանջները կատարելը.

2) մասնագիտական եւ գործնական անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը.

3) աշխատանքային կարգապահությունը պահպանելը.

4) հաշվետվություն ներկայացնելը.

5) սահմանված կարգով տրված հանձնարարականները, հրամանները, ցուցումները եւ ընդունված որոշումները կատարելը.

6) սահմանված կարգով եւ ժամկետներում առաջարկություններ, դիմումներ ու բողոքներ քննության առնելը եւ դրանց ընթացք տալը.

7) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը, այդ թվում՝ ծառայությունը դադարեցնելուց հետո.

8) օրենսդրությամբ սահմանված կարգով եկամուտների հայտարարագիր ներկայացնելը:

2. Ծառայողի համար սույն օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով կարող են սահմանվել նաեւ այլ պարտականություններ:

Հոդված 20. Հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները

1. Երկարամյա ծառայության, ինչպես նաեւ ծառայողական պարտականությունները եւ առաջադրանքները պատշաճ կատարելու եւ առանձնակի ցուցանիշների համար հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետեւյալ տեսակները.

1) շնորհակալության հայտարարում.

2) միանվագ դրամական պարգեւատրում.

3) հուշանվերով պարգեւատրում.

4) արտահերթ դասային աստիճանի շնորհում.

5) տվյալ պաշտոնի համար նախատեսված դասային աստիճանի վերին սահմանից մեկ աստիճան բարձր դասային աստիճանի շնորհում:

2. Ծառայողի նկատմամբ որպես խրախուսանք կարող է կիրառվել նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված խրախուսանքները հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող են կիրառվել մեկ անգամ:

4. Միեւնույն հիմնավորմամբ միաժամանակ կարող է կիրառվել խրախուսանքի միայն մեկ տեսակ:

5. Սույն հոդվածով նախատեսված խրախուսանքները կիրառում է հատուկ քննչական ծառայության պետը:

6. Բարձրագույն դասային աստիճաններ շնորհելու հիմքերի առկայության դեպքում հատուկ քննչական ծառայության պետը համապատասխան միջնորդություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին:

Հոդված 21. Հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաեւ այլ կարգապահական զանցանք թույլ տալու դեպքերում հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ կիրառվում են հետեւյալ կարգապահական տույժերը.

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) 10-30 տոկոսով պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչեւ 3 ամիս ժամկետով.

4) դասային աստիճանի իջեցում՝ մեկ աստիճանով.

5) պաշտոնի իջեցում.

6) ծառայությունից ազատում:

2. Սույն հոդվածով նախատեսված կարգապահական տույժերը ծառայողների նկատմամբ կիրառում է հատուկ քննչական ծառայության պետը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը բարձրագույն դասային աստիճան ունեցողների նկատմամբ կիրառում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

4. Հատուկ քննչական ծառայության պետի նկատմամբ կարգապահական տույժերը կիրառում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:

Հոդված 22. Կարգապահական տույժը կիրառելու եւ տույժը հանելու կարգը

1. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե վեց ամսից ավելի չի անցել կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից՝ չհաշված հիվանդության կամ արձակուրդում գտնվելու ժամանակաշրջանը. ընդ որում, նշանակվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին:

2. Տույժերը ձեւակերպվում են գրավոր: Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:

3. Կարգապահական տույժի մասին հատուկ քննչական ծառայության ծառայողը տեղեկացվում է դրա նշանակումից հետո` հնգօրյա ժամկետում:

4. Եթե կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, հատուկ քննչական ծառայության ծառայողը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա այն համարվում է մարված:

Սույն մասի դրույթները չեն տարածվում սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-6-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերի վրա:

5. Հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ կարգապահական տույժերը կարող են կիրառվել միայն ծառայողական քննության արդյունքների հիման վրա:

6. Ծառայողական քննության ժամանակահատվածում հատուկ քննչական ծառայության ծառայողի լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով` նա կխոչընդոտի ծառայողական քննության անցկացմանը: Այդ դեպքում ծառայողի վարձատրությունը պահպանվում է:

7. Հատուկ քննչական ծառայության ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելիս նրա լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել մինչեւ քրեական հետապնդման դադարեցումը կամ մինչեւ տվյալ գործով դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Հոդված 23. Հատուկ քննչական ծառայության ծառայողի ատեստավորման կարգն ու պայմանները

1. Հատուկ քննչական ծառայության յուրաքանչյուր ծառայող 3 տարին մեկ ենթակա է պարտադիր ատեստավորման:

2. Ատեստավորումն անցկացվում է հատուկ քննչական ծառայության ծառայողի անմիջական մասնակցությամբ:

3. Ատեստավորման ենթակա չեն՝

1) հատուկ քննչական ծառայության պետը, նրա տեղակալը.

2) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող հատուկ քննչական ծառայության ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

3) հղի կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող հատուկ քննչական ծառայության ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

4) սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ տվյալ տարում ծառայությունից ազատվողները:

4. Հղիության կամ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող հատուկ քննչական ծառայության ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար:

5. Հատուկ քննչական ծառայության` ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ ծառայողները ենթակա են ատեստավորման ծառայության ներկայանալուց հետո՝ երկ՟ամ՟սյա ժամկետում:

6. Հատուկ քննչական ծառայության` ատեստավորման ենթակա ծառայողները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:

7. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ծառայողի անմիջական ղեկավարը ներկայացնում է հատուկ քննչական ծառայության ծառայողի ծառայողական բնութագիրը:

8. Ծառայողական բնութագիրը պետք է պարունակի տվյալներ հատուկ քննչական ծառայության ծառայողի, նրա գործնական, անձնական հատկանիշների մասին, ինչպես նաեւ ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատագիրը, որը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակաշրջանում հատուկ քննչական ծառայության ծառայողի կողմից իր կատարած աշխատանքների մասին տարին մեկ անմիջական ղեկավարին ներկայացրած հաշվետվության հիման վրա վերջինիս կազմած եզրակացության վրա:

9. Ծառայողն ատեստավորումից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:

10. Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել հատուկ քննչական ծառայության ծառայողի ատեստավորման արդյունքների վրա:

11. Ատեստավորման հանձնաժողովի գործառույթներն իրականացնում է սույն օրենքով նախատեսված մրցութային հանձնաժողովը:

12. Ատեստավորումից հետո ատեստավորման հանձնաժողովն ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը.

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոն.

3) կարող է ներկայացվել խրախուսման.

4) ատեստավորումը հետաձգել մինչեւ մեկ տարի ժամկետով եւ առաջարկել հատուկ քննչական ծառայության ծառայողին գործուղելու վերապատրաստման.

5) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

13. Ատեստավորման հանձնաժողովը ատեստավորման օրվանից հետո`  մեկշաբաթյա ժամկետում, ատեստավորման արդյունքները եւ կայացրած որոշումները ներկայացնում է հատուկ քննչական ծառայության պետին, որը տասնօրյա ժամկետում ընդունում է համապատասխան որոշում:

14. Ծառայողն իրավունք ունի ծանոթանալու ատեստավորման արդյունքներին ու հանձնաժողովի կայացրած որոշմանը եւ դրանք 7 օրվա ընթացքում բողոքարկելու հատուկ քննչական ծառայության պետին:

15. Ծառայողի ժամանակավոր անաշխատունակության կամ արձակուրդում գտնվելու ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշումն ընդունվում է նրա` ծառայության ներկայանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում:

16. Ատեստավորման արդյունքները պահվում են հատուկ քննչական ծառայության ծառայողի անձնական գործում:

Հոդված 24. Հատուկ  քննչական ծառայության ծառայողի  վերապատրաստումը եւ հատուկ ուսուցումը

1. Հատուկ քննչական ծառայության գլխավոր եւ առաջատար խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողները առնվազն 3 տարին մեկ ենթակա են պարտադիր վերապատրաստման:

2. Պարտադիր վերապատրաստման ժամկետը կարող է տեւել մինչեւ 1 ամիս:

3. Ատեստավորումը հետաձգելու եւ հատուկ քննչական ծառայության ծառայողին վերապատրաստման գործուղելու դեպքում ծառայողն անցնում է եռամսյա վերապատրաստում:

4. Հատուկ ուսուցում անցնելուց հետո հատուկ քննչական ծառայության ծառայողներն իրավունք են ստանում սահմանված կարգով կրելու, պահելու եւ գործադրելու հրազեն ու օրենքով նախատեսված հատուկ միջոցներ:

5. Վերապատրաստում եւ հատուկ ուսուցում անցնելու կարգն ու պայմանները սահմանում է հատուկ քննչական ծառայության պետը:

ԳԼՈՒԽ 4

ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ՄՅՈՒՍ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 25. Հատուկ քննչական ծառայության ծառայողի վարձատրությունը

1. Հատուկ քննչական ծառայության ծառայողի վարձատրությունը կազմված է`

1) աշխատավարձից.

2) որպես խրախուսանք տրվող դրամական պարգեւատրումներից:

2. Հատուկ քննչական ծառայության ծառայողի աշխատավարձը բաղկացած է պաշտոնային դրույքաչափից եւ աշխատանքային ստաժի ու դասային աստիճանի համար տրվող հավելավճարներից:

3. Հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոնային դրույքաչափերի համակարգը հետեւյալն է.

1) հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափը կազմում է Հայաստանի Հանրապետության  գլխավոր դատախազի պաշտոնային դրույքաչափի 75 տոկոսը.

2) հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնային դրույքաչափը կազմում է հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափի 90 տոկոսը.

3) հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչի պաշտոնային դրույքաչափը կազմում է հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափի 85 տոկոսը.

4) հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերի քննիչի պաշտոնային դրույքաչափը կազմում է հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափի 80 տոկոսը:

4. Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնային դրույքաչափից ելնելով` դասային աստիճանների համար սահմանվում են հետեւյալ չափերով հավելավճարներ.

1) արդարադատության  երրորդ դասի պետական խորհրդականի համար` 75 տոկոսով.

2) արդարադատության առաջին դասի խորհրդականի համար` 65 տոկոսով.

3) արդարադատության երկրորդ դասի խորհրդականի  համար`60 տոկոսով.

4) արդարադատության երրորդ դասի խորհրդականի համար` 55 տոկոսով.

5) առաջին դասի խորհրդականի համար` 50 տոկոսով.

6) երկրորդ դասի խորհրդականի համար` 45 տոկոսով.

7) երրորդ դասի խորհրդականի համար` 40 տոկոսով:

5. Հատուկ քննչական ծառայության ծառայողները ստանում են իրենց պաշտոնային դրույքաչափի 4 տոկոսի չափով հավելավճար հատուկ քննչական ծառայության ծառայողի, դատախազի կամ քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար, սակայն հավելավճարի ընդհանուր գումարը չի կարող գերազանցել պաշտոնային դրույքաչափը:

6.  Հատուկ քննչական ծառայության պաշտոնի նշանակված դատախազների կամ քննիչների նախկին ծառայության կամ աշխատանքի ժամկետը հաշվի է առնվում նրանց աշխատարվարձը հաշվարկելիս:

Հոդված 26. Հատուկ քննչական ծառայության ծառայողի արձակուրդը

1. Հատուկ քննչական ծառայության ծառայողներն ունեն ամենամյա հերթական վճարովի արձակուրդի իրավունք` 30 աշխատանքային օր տեւողությամբ:

2. Հատուկ քննչական ծառայության ծառայողներն ունեն լրացուցիչ չվճարվող արձակուրդի իրավունք, որի տրամադրման կարգը, պայմաններն ու տեւողությունը սահմանում է հատուկ քննչական ծառայության պետը:

Հոդված 27. Հատուկ քննչական ծառայության ծառայողի կենսաթոշակային եւ սոցիալական ապահովությունը

Հատուկ քննչական ծառայության ծառայողի սոցիալական եւ կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է զինծառայողների սոցիալական ապահովության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 28. Հատուկ քննչական ծառայության ծառայողի գործունեության այլ սոցիալական երաշխիքները

Հատուկ քննչական ծառայության ծառայողներին երաշխավորվում են նաեւ`

1) ծառայության համար անվտանգ եւ անհրաժեշտ աշխատանքային պայմաններ.

2) ծառայողական պարտականությունները կատարելիս նրանց եւ ընտանիքի անդամներին պատճառված գույքային վնասի հատուցում պետության կողմից` Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ սահմանված կարգով.

3) ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվելու դեպքում նրանց ընտանիքի անդամներին կամ նրանց խնամքի տակ գտնվող անձանց, ինչպես նաեւ նրանց հաշմանդամ դառնալու, հիվանդության կամ մարմնական վնասվածք ստանալու դեպքում նպաստների վճարում` զինծառայողների սոցիալական ապահովության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 29. Հատուկ քննչական ծառայության ծառայողի անվտանգությունը եւ անձնական պաշտպանության միջոցները

1. Հատուկ քննչական ծառայության ծառայողն ունի ծառայողական հաշվեցուցակային զենք եւ անձնական պաշտպանության հատուկ միջոցներ պահելու եւ կրելու իրավունք: Հատուկ քննչական ծառայության ծառայողներին ծառայողական հաշվեցուցակային զենք եւ անձնական պաշտպանության հատուկ միջոցներ տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը:

2. Ծառայողական հաշվեցուցակային զենքը եւ անձնական պաշտպանության հատուկ միջոցները պահելու եւ կրելու կարգը սահմանվում է հատուկ քննչական ծառայության պետի հրամանով։

3. Հատուկ քննչական ծառայության ծառայողը եւ նրա ընտանիքի անդամները գտնվում են պետության հատուկ պաշտպանության ներքո:

4. Հատուկ քննչական ծառայության ծառայողի, նրա ընտանիքի անդամների կամ նրա զբաղեցրած բնակելի եւ ծառայողական տարածքների անձեռնմխելիության նկատմամբ ոչ իրավաչափ ներգործության կամ դրա սպառնալիքի դեպքում ծառայողի պահանջով իրավասու պետական մարմինները պարտավոր են անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` հատուկ քննչական ծառայության ծառայողի, նրա ընտանիքի անդամների, զբաղեցրած բնակելի եւ ծառայողական շինությունների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:

Հոդված 30. Հատուկ քննչական ծառայության ծառայողի վկայականը եւ կնիքը

Հատուկ քննչական ծառայության ծառայողներին տրվում են հատուկ քննչական ծառայության պետի հաստատած միասնական նմուշի վկայականներ, ինչպես նաեւ նրանց անվամբ հատուկ քննչական ծառայությունում գրանցված եւ համարա՟կալված անձնական կնիքներ:

ԳԼՈՒԽ 5

ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

Հոդված 31. Հատուկ քննչական ծառայության ֆինանսավորումը եւ նյութատեխնիկական ապահովումը

1. Հատուկ քննչական ծառայության ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ սահմանված կարգով պետական բյուջեով նախատեսված ծախսերի շրջանակում:

2. Հատուկ քննչական ծառայության նյութատեխնիկական ապահովման կարգը եւ պայման՟ները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 32. Հատուկ  քննչական  ծառայության  աշխատակազմը  եւ տեխնիկական  սպասարկում  իրականացնող անձինք

1. Հատուկ քննչական ծառայության աշխատակազմում պետական ծառայությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության  օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Հատուկ քննչական ծառայության տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց  աշխատանքի ընդունում եւ աշխատանքից ազատում է աշխատակազմի ղեկավարը` Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 6

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 33. Հատուկ քննչական ծառայության ծառայողների առաջին ատեստավորումը

Հատուկ քննչական ծառայության ծառայողների առաջին ատեստավորումն անցկացվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո:

Հոդված 34. Նախկինում շնորհված կոչումները, ծառայության եւ աշխատանքի ժամկետները

1. Հատուկ քննչական ծառայության ծառայողներին այլ պետական մարմիններում նախկինում շնորհված կոչումները եւ դասային աստիճանները համապատասխանեցվում են սույն օրենքով սահմանված դասային աստիճաններին:

2. Սույն օրենքի 13-րդ հոդվածի  1-ին մասի 1-7-րդ կետերում նշված դասային աստիճաններն ըստ հերթականության համապատասխանում են «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 4-10-րդ կետերում նշված դասային աստիճաններին: Պաշտոնի նշանակվելիս հատուկ քննչական ծառայության` տվյալ պաշտոնի համար սահմանված վերին սահմանից ավելի դասային աստիճաններ ունեցող անձանց համապատասխանեցված դասային աստիճանները պահպանվում են:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից քննիչի կամ դատախազի պաշտոն զբաղեցրած անձանց վրա չեն տարածվում 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջները:

Հոդված 35. Հատուկ քննչական ծառայությունում պետական ծառայության իրականացման կարգը

1. Հատուկ քննչական ծառայության աշխատակազմը ձեւավորվում է մինչեւ  2008 թվականի ապրիլի 1-ը:

2. Մինչեւ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի ձեւավորումը հատուկ քննչական ծառայությունում աշխատակազմի գործառույթներն իրականացվում է «Դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի համապատասխան առանձնացված ստորաբաժանման միջոցով: Այդ ստորաբաժանման ծառայողները պաշտոնի են նշանակվում եւ պաշտոնից ազատվում` «Դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի կանոնադրությանը համապատասխան:

3. Մինչեւ մրցութային հանձնաժողովի կազմավորումը եւ աշխատակարգի հաստատումը հատուկ քննչական ծառայության ծառայողները նշանակվում են հատուկ քննչական ծառայության պետի կողմից եւ սույն օրենքի 33-րդ հոդվածով սահմանված ժամկետում անցնում ատեստավորում:

Հոդված 36. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: