Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186, այսուհետ՝ օրենք) 26-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետից հետո լրացնել «գ1» կետ՝ հետեւյալ բովանդակությամբ՝
«գ1) Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական եւ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորող, աշխատող (մանկավարժ, դասախոս) օտարերկրյա անձինք.»։
Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2007 թվականի սեպտեմբերի 1-ից։
Հիմնավորում
«Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի ընդունման վերաբերյալ
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի առաջադրման նպատակն է նպաստել կրթության բնագավառում սովորողների, մանկավարժների եւ պրոֆեսորադասախոսական անձնակազմի ազատ տեղաշարժման եւ փորձի փոխանակման ապահովմանը, որը բխում է Հայաստանի Հանրապետության կրթության բնագավառում ամրագրված պետական քաղաքականության սկզբունքներից եւ բոլոնյան գործընթացի բաղադրիչներից։
Դեռեւս 1997 թվականին ընդունված «Պետական տուրքի մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետում սահմանված էր, որ ՀՀ կրթօջախներում սովորող օտարերկրյա ուսանողներն ազատվում են Հայաստանի Հանրապետությունում իրենց կացության հետ կապված փաստաթղթեր տալու, մուտքի արտոնագիր ձեւակերպելու հետ կապված ծառայությունների համար պետական տուրքի վճարումից, սակայն 25.12.06 ՀՕ-Ն օրենքով նշված դրույթն ուժը կորցրած է ճանաչվել։
Ներկայացվող օրենքի նախագիծը կոչված է վերականգնելու մինչեւ 25.12.06 թվականի օրենքի ընդունումը գործող նորմը, որով օտարերկրյա սովորողներին հնարավորություն է ընձեռվում ուսունառության ընթացքում կացության համար չվճարել։
Կարեւորելով նաեւ ուսումնական հաստատությունների կողմից օտարերկրյա մասնագետներ հրավիրելու, համատեղ աշխատելու եւ արդյունավետ փորձի փոխանակման հնարավորություններ ընձեռելու հարցը, նպատակահարմար է համարվել նույն դրույթը կիրառելու նաեւ օտարերկրյա քաղաքացի հանդիսացող մանկավարժների եւ դասախոսների համար։