Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1685-06.11.2007-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   «Հաշվապահական հաշվառման  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 2002 թվականի, ՀO-515-Ն) (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածը լրացնել 3-րդ մասով հետյալ բովանդակությամբ՝

«Կազմակերպության հաշվապահական հաշվառումը վարվում է «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների պահպանմամբ:»:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
----------------------------------------------------------------------------------------------

Ներկայացվող «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Օրենքի նախագիծ) եւ դրա ընդունման կապակցությամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում, «Կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում, «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում, «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում, «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում, «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում, «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում, «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում, «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում, «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում, «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին» ՀՀ օրենքում, «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքում, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում, «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերը (այսուհետ օրենսդրական փաթեթ) մշակվել են Արժույթի միջազգային հիմնադրամի եւ ՀՀ տարբեր գերատեսչությունների փորձագետների համատեղ աշխատանքի շնորհիվ:

2008 թվականին նախատեսվում է Եվրախորհրդի փողերի լվացման դեմ պայքարի միջոցառումների գնահատման  փորձագետների (ՄԱՆԻՎԱԼ) հանձնաժողովի կողմից ՀՀ-ում փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման (այսուհետ՝ ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի օրենսդրության եւ դրա ներդրման արդյունքների 3-րդ փուլի գնահատումը: Գնահատումը կատարվելու է ՖԱԹՖ-ի 40+9 ստանդարտների, ինչպես նաեւ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում այլ միջազգային ստանդարտների հիման վրա: Գնահատմանը նախապատրաստվելու եւ ՀՀ օրենսդրությունը ՓԼ/ԱՖ դեմ պայքարի միջազգային ստանդարտներին համապատասխանեցելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են լայն ընդգրկում ունեցող վերլուծական աշխատանքներ:

Այսպես, «Հայաստանի  Հանրապետությունում դրամանենգության, պլաստիկ քարտերի եւ այլ վճարային գործիքների բնագավառում զեղծարարության, փողերի լվացման, ինչպես նաեւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ տարվող պայքարի հարցերով» միջգերատեսչական հանձնաժողովի շրջանակներում որոշվել է իրականացնել ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ՀՀ օրենսդրության՝ միջազգային ստանդարտներին համապատասխանության ինքնագնահատում: Այդ նպատակով տեխնիկական օժանդակություն է հայցվել Արժույթի միջազգային հիմնադրամից: 2006թ. հուլիս ամսին ԱՄՀ իրավաբանական դեպարտամենտի փորձագետների հետ համատեղ միջգերատեսչական հանձնաժողովում ընդգրկված գերատեսչությունների աշխատակիցներից կազմվել է աշխատանքային խումբ, որն աշխատել է ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ՀՀ օրենսդրության վերանայման ու բարեփոխման ուղղությամբ եւ որպես արդյունք՝ կազմել է ներկայացված oրենսդրական փաթեթը: Քանի որ քննարկումների արդյունքում առաջ է եկել «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքի կառուցվածքային փոփոխության անհրաժեշտություն, իսկ առաջարկվող փոփոխություններն ու լրացումները մեծածավալ են, որոշվել է Օրենքի նախագիծը ներկայացնել նոր խմբագրությամբ ընդունման: Օրենքի նախագիծը քննարկվել եւ հաստատվել է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից:

Նշված նախագծերով առաջարկվող փոփոխություններն ու լրացումներն ունեն հետեւյալ հիմնական նպատակները.

1.Ընդլայնել  հաշվետվություն տրամադրող անձանց ցանկը

Հաշվետվություն տրամադրող անձանց ցանկում ներառված ոչ ֆինանսական հաստատությունների եւ անձանց շրջանակը համապատասխանեցվել է ՖԱԹՖ-ի ստանդարտներին:  Ավելացվել են հետեւյալ հաշվետվություն տրամադրող անձինք.

- «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ կարգավորվող շուկայի արժեթղթերի կենտրոնացված պահառուն (կենտրոնական դեպոզիտարիան).

- անշարժ գույքի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնող անձինք (անշարժ գույքի գործակալները).

- նոտարները.

- փաստաբանները, ինչպես նաեւ իրավաբանական ծառայություններ մատուցող անհատ ձեռնարկատերերը եւ իրավաբանական անձինք.

- անհատ ձեռնարկատեր հաշվապահները եւ հաշվապահական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք.

- անհատ ձեռնարկատեր աուդիտորները եւ աուդիտորական գործունություն իրականացնող իրավաբանական անձինք.

- թանկարժեք մետաղների եւ քարերի դիլերները.

- հավատարմագրային կառավարման եւ իրավաբանական անձանց գրանցման ծառայություններ մատուցող անձինք.

- իրավաբանական անձանց գրանցող մարմինը (պետական ռեգիստրը):

Միեւնույն ժամանակ, ՖԱԹՖ-ի ստանդարտներին համապատասխան հստակեցվել են նաեւ ոչ ֆինանսական հաստատություն կամ անձ, ինչպես նաեւ պետական մարմին հանդիսացող հաշվետվություն տրամադրող անձանց նկատմամբ կիրառվող Օրենքի պահանջները:

2. Նախատեսել գործարքի իրական շահառուի կամ բենեֆիցիար սեփականատիրոջ պարզման մեխանիզմները

Իրական շահառուին պարզելու պահանջը նախատեսված է ՖԱԹՖ-ի 5-րդ, 6-րդ, 10-րդ, 21-րդ, 24-րդ, 33-րդ, 34-րդ ստանդարտներով, ինչպես նաեւ Բանկային վերահսկողության բազելյան կոմիտեի՝ հաճախորդի նույնականացման վերաբերյալ դրույթներով: Այդ ստանդարտներով նախատեսված մեխանիզմները սահմանվել են Օրենքի նախագծի 3-րդ, 7-րդ, 15-րդ հոդվածներում:

3. Ամրագրել քաղաքական ազդեցություն ունեցող անձանց հասկացությունը եւ նրանց մասնակցությամբ գործարքների մոնիտորինգի կարգը

Քաղաքական ազդեցություն ունեցող անձանց հավելյալ ուսումնասիրության պահանջը սահմանվում է ՖԱԹՖ-ի 6-րդ ստանդարտով, որը ներ է դրվել Օրենքի նախագծի 3-րդ հոդվածով եւ 15-րդ հոդվածով:

4. Հստակեցնել եւ ընդլայնել կասկածելի գործարքների չափանիշները

Այդ չափանիշները հրապարակվում են միջազգային տարբեր կառույցների (ՖԱԹՖ, Եվրասիական խումբ, Էգմոնտ խումբ եւ այլն) կողմից՝ տարբեր երկրներում տարածված ՓԼ/ԱՖ սխեմաների ընդհանրացման հիման վրա: Այդ առումով, Օրենքի 6-րդ հոդվածում, ՖԱԹՖ-ի 13-րդ ստանդարտի եւ 4-րդ հատուկ ստանդարտի համաձայն, որպես կասկածելի գործարքի պարտադիր հիմք է համարվել ահաբեկչության ֆինանսավորման կասկածը, ինչպես նաեւ ընդլայնվել են կասկածելի գործարքի ոչ պարտադիր հիմքերը: Բացի այդ, Լիազորված մարմնին իրավունք է վերապահվել իր ուղեցույցներով հրապարակել նաեւ կասկածելի գործարքների այլ չափանիշներ, ինչպես նաեւ ՓԼ/ԱՖ տիպաբանություններ:

6. Ամրագրել գործարքների (գործարար հարաբերությունների) լրացուցիչ դիտանցման պահանջը

Բոլոր բարդ եւ անսովոր մեծ գումարով գործարքներով կամ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող գործարքների (գործարար հարաբերությունների) նկատմամբ առավել ուշադրություն դարձնելու պահանջը նախատեսված է ՖԱԹՖ-ի 11-րդ ստանդարտով: Այդ ստանդարտն ամրագրվել է Օրենքի նախագծի 8-րդ հոդվածով:

7. Սահմանել Լիազորված մարմնի եւ պետական այլ մարմինների միջեւ հարաբերությունների, ինչպես նաեւ միջազգային համագործակցության բարեփոխված ընթացակարգեր

Լիազորված մարմնի եւ պետական այլ մարմինների համագործակցության ընթացակարգերը նախատեսվել են համագործակցության նախորդած փորձի, ինչպես նաեւ օտարերկրա իրավական կարգավորման լավագույն փորձի հիման վրա: Այդ իմաստով օրենսդրորեն ամրագրվել է համագործակցության համաձայնագրերի կնքման հնարավորությունը (Օրենքի նախագծի 13-րդ հոդված): Նույն հոդվածով նախատեսվել են նաեւ տեղեկատվության փոխանակման կարգը, տրամադրված տեղեկատվության օգտագործման արդյունքների վերաբերյալ հետադարձ կապի ապահովման հնարավորությունը, վիճակագրության ամփոփմանը վերաբերող պահանջները:

Միջազգային համագործակցությանը վերաբերող Օրենքի նախագծի 14-րդ հոդվածի մշակման ժամանակ հիմք են ընդունվել ֆինանսական հետախուզության մարմինների Էգմոնտ խմբի կողմից սահմանված համագործակցության սկզբունքները:

8. Ամրագրել Լիազորված մարմնի կողմից ընդունվող նորմատիվ իրավական ակտերի եւ հաշվետվություն տրամադրող անձանց ներքին իրավական ակտերի նվազագույն պահանջները

Քանի որ միջազգային փորձի հիման վրա ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ներպետական ստանդարտներն ամրագրվում են ոչ միայն օրենքի, այլեւ տարբեր կանոնակարգերի եւ ներքին իրավական ակտերի մակարդակով, ուստի անհրաժեշտ է նաեւ այդ ակտերի նվազագույն պահանջները սահմանել Օրենքի նախագծում (11-րդ եւ 21-րդ հոդվածներ):

9. Նախատեսել դրամական փոխանցումների հետ կապված պարտավորությունները

Օրենքի 18-րդ հոդվածով սահմանված՝ դրամական փոխանցումների հետ կապված պարտավորությունների ամրագրման համար հիմք է հանդիսացել ՖԱԹՖ-ի 7-րդ հատուկ ստանդարտը: Հստակ սահմանվել են նաեւ այն դեպքերը, երբ դրամական փոխանցումներին ներկայացվող պահանջները չեն կիրառվում, ինչը սահմանելուց հաշվի է առնվել այդ դեպքերի ռիսկայնության ցածր մակարդակը:

10. Ապահովել Լիազորված մարմնի, հաշվետու անձանց եւ նրանց աշխատակիցների պաշտպանվածությունն օրենքի շրջանակներում իրենց պարտականությունների կատարման դեպքում

Օրենքի 5-րդ հոդվածով, 10-րդ հոդվածի 5-րդ մասերով եւ 12-րդ հոդվածով սահմանված Լիազորված մարմնի, հաշվետու անձանց եւ նրանց աշխատակիցների պաշտպանվածությունը բխում է ՖԱԹՖ-ի 14-րդ եւ 26-րդ ստանդարտների պահանջներից եւ կարեւորվում է ՓԼ/ԱՖ դեմ պայքարում ներգրավված անձանց պարտականությունների անխոչընդոտ կատարման ապահովման տեսանկյունից:

11. Առավել լիարժեքորեն սահմանել Լիազորված մարմնի լիազորությունները եւ գործառույթները

Գործող Օրենքի տեքստում Լիազորված մարմնի լիազորությունները սահմանող առանձին հոդված առկա չէ, որը իրավակիրառման տեսանկյունից բարդեցնում է Լիազորված մարմնի աշխատանքները: Օրենքի նախագծում առաջարկվում է առանձին՝ 10-րդ հոդվածով թվարկել Լիազորված մարմնի լիազորությունները եւ գործառույթները: Այդ լիազորություններն էականորեն ճշգրտվել են եւ համապատասխանեցվել են Էգմոնտ խմբի կողմից առաջարկվող գործառույթներին, ինչպես նաեւ օտարերկրյա համանման իրավասու մարմինների իրավասություններին:

12. Սահմանել այն դեպքերը, երբ պահանջվում է հաճախորդի պարտադիր նույնականացում, ինչպես նաեւ նույնականացման եւ ինքնության ստուգման տվյալների նվազագույն պահանջները

Օրենքի նախագծի 15-րդ հոդվածով նախատեսված հաճախորդի նույնականացման դեպքերը նախատեսված են ՖԱԹՖ-ի 5-րդ ստանդարտով: Դրանով հաշվետու անձինք հնարավորություն են ունենում հստակեցնել այն պահը եւ դեպքերը, երբ իրենցից պահանջվելու է իրականացնել հաճախորդի նույնականացում: Հաճախորդի նույնականացման եւ ինքնության ստուգման համար պահանջվող տեղեկությունները սահմանվել են այն նպատակով, որպեսզի երաշխավորվի բոլոր հաշվետու անձանց կողմից նույնականացման միատեսակ եւ նվազագույն ստանդարտի կիրառությունը:

13. Սահմանել գործարար հարաբերությունում հաճախորդի գործարար կերպարի պարզման եւ գործարար հարաբերությունների ընթացիկ մոնիտորինգի կարգը

Գործող Օրենքում բացակայում են հաճախորդի գործարար կերպարի պարզման եւ ընթացիկ մոնիտորինգի վերաբերյալ պահանջները, ինչը նախատեսվում է ՖԱԹՖ-ի 5-րդ եւ 6-րդ ստանդարտներով: Այդ պահանջները հատկապես կարեւորվում են հաճախորդի նույնականացումից հետո նրա վերաբերյալ տվյալներն անընդհատ թարմացնելու, ներքին ռիսկերը գնահատելու, ռիսկերի վրա հիմնված ներքին դիտարկումներ իրականացնելու եւ որպես արդյունք՝ կասկածելի գործարքների բացահայտման արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից: Նշված պահանջները նախատեսվել են Օրենքի նախագծի 16-րդ հոդվածով:

14. Սահմանել հաշվետու անձանց ներքին դիտարկումների ստարաբաժանման գործառույթները

Ներքին դիտարկումների առանձնացված ստորաբաժանում ունենալու պահանջը, այդ ստորաբաժանման գործառույթներն ու պարտականությունները, գործունեության հետ կապված այլ առանձնահատկությունները նախատեսված չեն գործող Օրենքի տեքստում: Այդ պահանջները հստակեցված են Օրենքի նախագծի 22-րդ հոդվածում, ինչը բխում է ՖԱԹՖ-ի 15-րդ ստանդարտից: Ներքին դիտարկումների ինքնուրույն ստորաբաժանում ունենալը, դրա գործառույթների անկախությունը եւ երաշխիքներն ապահովելը միջազգային պրակտիկայում դիտվում է որպես հիմնական նախադրյալ հաշվետու անձանց ՓԼ/ԱՖ կանխարգելման ներքին համակարգերի արդյունավետության համար:

15. Լրամշակել գործարար հարաբերությունների կամ գործարքների կասեցման եւ մերժման ընթացակարգերը

Գործող Օրենքի տեքստում նախատեսված չեն գործարար հարաբերությունների կամ գործարքների կասեցման ժամկետները եւ ընթացակարգերը, որոնց սահմանումը թողնվել է Լիազորված մարմնին:  Օրենքի նախագիծը Լիազորված մարմնի իրավասություններն այդ իմաստով սահմանափակել է, քանի որ օրենսդրորեն հստակ նախատեսել է կասեցման գործընթացը, այդ գործընթացի ժամկետներն ու ընթացակարգերը, կասեցման գործընթացում կայացվող որոշումների տեսակները եւ դրանց հետեւանքները:,

Հաշվի առնելով ֆինանսական եւ ոչ ֆինանսական հաստատությունների գործունեության առանձնահատկությունները՝ Օրենքի նախագծի նշված հոդվածում տարբերակվել են գործարքների (գործարար հարաբերությունների) կասեցման եւ մերժման գործառույթները:

16. Նախատեսել ահաբեկչության հետ կապված անձանց ֆինանսական միջոցների սառեցման վերաբերյալ դրույթներ

Այս դրույթներն ավելացվել են ՖԱԹՖ-ի 9 հատուկ ստանդարտի, «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 1267, 1363, 1452 բանաձեւերին համապատասխան: Դրանց հիման վրա՝ պետությունները պետք է ունենան ահաբեկչության հետ կապված անձանց միջոցներն անհապաղ սառեցնելու արդյունավետ մեխանիզմներ: Այդ նպատակով ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հրապարակում է ահաբեկչության հետ կապված անձանց ցանկեր, որոնց հիման վրա պետությունները պարտավոր են սառեցնել իրենց երկրում այդ անձանց բոլոր եկամուտները: Հաշվի առնելով միջազգային կառույցների պահանջները եւ ահաբեկչության ֆինանսավորման  դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունը՝ Օրենքի նախագծի 25-րդ հոդվածում բարեփոխվել են ահաբեկչության հետ կապված անձանց ֆինանսական միջոցների սառեցումն ապահովող ընթացակարգերը:

17. Փոփոխել ահաբեկչության ֆինանսավորման հանցակազմի դիսպոզիցիան

ՖԱԹՖ-ի 2-րդ հատուկ ստանդարտով սահմանվում է, որ ահաբեկչության ֆինանսավորումը պետք է տարածվի այն անձանց նկատմամբ, որոնք դիտավորությամբ ցանկացած ձեւով՝ ուղղակի կամ անուղղակի տրամադրում կամ հավաքագրում են միջոցներ՝ այնպիսի հանցավոր մտադրությամբ, որ այդ միջոցները պետք է օգտագործվեն, կամ այնպիսի գիտակցությամբ, որ այդ միջոցները կօգտագործվեն ամբողջովին կամ մասամբ՝

ա. ահաբեկչական գործողություն(ներ) կատարելու համար.

բ. ահաբեկչական կազմակերպության կողմից.

գ. անհատ ահաբեկչի կողմից:

ՀՀ քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխությամբ հանցակազմի նշված բնորոշումը ներառվում է օրենսգրքի 217.1 հոդվածի դիսպոզիցիայում:

18. Ամրագրել օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության ընթացակարգերը

Օրենքի նախագծի 26-րդ հոդվածում հիմք ընդունելով ՖԱԹՖ-ի 29 եւ 30-րդ ստանդարտնելը, հստակորեն տարանջատվել են Լիազորված մարմնի եւ վերահսկող այլ մարմինների իրավասությունները ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում հաշվետվություն տրամադրող անձանց նկատմամբ վերահսկողության առումով: Նաեւ, հաշվի առնելով ՖԱԹՖ-ի 8-րդ հատուկ ստանդարտը, սահմանվել են ոչ առեւտրային կազմակերպությունների նկատմամբ վերահսկողության գործառույթներ:

19. Սահմանել օրենքով պատասխանատվության միջոցների կիրառելիության առավել արդյունավետ մեխանիզմներ

Գործող Օրենքով նախատեսվում են օրենքի պահանջների խախտման համար անհամարժեք պատասխանատվության միջոցներ, որոնք չեն կարող ապահովել իրենց առջեւ դրված նպատակների իրականացումը: Ուստի, Օրենքի նախագծում (27-րդ հոդված) հստակեցնել պատասխանատվության սահմանաչափերը, դրանք դարձնել համարժեք ու արդյունավետ` ՖԱԹՖ-ի 17-րդ ստանդարտին համապատասխան: Ըստ ֆինանսական եւ ոչ ֆինանսական հաստատությունների կամ անձանց՝ կատարվել է նաեւ պատասխանատվության կիրառման տեսակների եւ ընթացակարգերի որոշակիացում:

Բացի այդ, քանի որ ՖԱԹՖ-ի 2-րդ ստանդարտի պահանջն է հանդիսանում իրավաբանական անձանց նկատմամբ պատասխանատվության համարժեք ընթացակարգերի սահմանումը, Օրենքի նախագծի 28-րդ հոդվածով իրավաբանական անձանց (այդ թվում՝ հաշվետվություն տրամադրող անձանց) համար պատասխանատվություն է սահմանվել փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման մեջ ներգրավվածության համար:

20. Այլ փոփոխություններ ու լրացումներ

Օրենքի նախագծում կատարվել են նաեւ այլ բովանդակային եւ տեխնիկական բնույթ ունեցող փոփոխություններ ու լրացումներ, որոնց ընթացքում մեծ ուշադրություն է դարձվել Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ներկայացված առաջարկություններին եւ որոնց նպատակն է նախագիծը համապատասխանեցնել ՓԼ/ԱՖ դեմ պայքարի միջազգային ստանդարտների պահանջներին, շտկել օրենքի կիրառության ժամանակ առաջ եկած թերությունները, հակասությունները, բացթողումները: