Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-169-07.11.2007-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հունիսի 13-ի ՀՕ-67 օրենքը   ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 429-րդ հոդվածի երկրորդ մասը  ձեւակերպել հետեւյալ կերպ` դատապարտյալն իրավունք ունի դիմել որոշումը կայացրած դատարան՝ դատական որոշման կատարումը հետաձգելու, հիվանդության կամ հաշմանդամության կամ հետաձգման ժամկետը լրանալու հետեւանքով պատիժը կրելուց ազատելու, պայմանական վաղաժամկետ ազատման եւ պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժով փոխարինելու, ուղղիչ հիմնարկում պահելու պայմանները փոխելու, կարգապահական գումարտակում պատիժ կրող դատապարտյալին պատիժը կրելուց վաղաժամկետ պայմանական ազատելու, ինչպես նաեւ սույն օրենսգրքով նախատեսված այլ հարցերի մասին հայտարարություններով:

Հոդված 3.   Սույն օրենքը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հունիսի 13-ի ՀՕ-67 օրենքի   3-րդ եւ 5-րդ հոդվածները եւ «Հայաստանի Հանրապետության օրենքը Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հունիսի 13-ի ՀՕ-66 օրենքի դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրության 20-րդ, 43-րդ եւ 44-րդ հոդվածներին:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2-րդ գլուխը սահմանում է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքները եւ ազատությունները:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 20-րդ հոդվածի 4-րդ մասը  սահմանում է հետեւյալը.

«Յուրաքանչյուր ոք ունի... նշանակված պատիժը մեղմացնելու խնդրանքի իրավունք»:

Հանրահայտ է, որ մարդու որեւէ իրավունք սահմանող սահմանադրական նորմը պետության վրա պոզիտիվ պարտավորություն է դնում` ապահովելու այդ իրավունքի իրականացման անհրաժեշտ պայմանները:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 20-րդ հոդվածի 4-րդ մասով պետության վրա դրված է պոզիտիվ պարտավորություն`

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 43-44-րդ հոդվածներին համապատասխան, Սահմանադրության 20-րդ հոդվածով ամրագրված այս իրավունքը բացարձակ իրավունք է ` այն չի կարող որեւէ հանգամանքներից ելնելով սահմանափակման ենթարկվել:

Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը պատժի մեղմացման ձեւերից մեկն է:

ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածը նախատեսում է, որ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու մասին որոշում կայացնող մարմինը դատարանն է:

Սրանով պետությունը կատարել է Սահմանադրության 20-րդ հոդվածի 4-րդ մասով իր վրա դրված պոզիտիվ պարտականություններից մեկը` նախատեսել է այն մարմնի ստեղծումը, որը իրավասու է պատիժը մեղմացնելու (տվյալ դեպքում` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու) մասին որոշում կայացնել:

Սակայն «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հունիսի 13-ի ՀՕ-67 օրենքի 3-րդ, 5-րդ հոդվածները եւ «Հայաստանի Հանրապետության օրենքը Հայաստանի Հանրապետության  քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հունիսի 13-ի ՀՕ-66 օրենքը սահմանափակել են պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու խնդրանքով դատարան դիմելու` դատապարտյալի իրավունքը:

Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 429-րդ հոդվածի երկրորդ մասը սահմանում է հետեւյալը` դատապարտյալն իրավունք ունի դիմել որոշումը կայացրած դատարան՝ դատական որոշման կատարումը հետաձգելու, հիվանդության կամ հաշմանդամության կամ հետաձգման ժամկետը լրանալու հետեւանքով պատիժը կրելուց ազատելու, ուղղիչ հիմնարկում պահելու պայմանները փոխելու, ինչպես նաեւ սույն օրենսգրքով նախատեսված այլ հարցերի մասին հայտարարություններով: Մինչեւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2006 թվականի հունիսի 13-ի ՀՕ-67  օրենքն ուժի մեջ մտնելը վերոհիշյալ հոդվածը ձեւակերպված էր հետեւյալ կերպ` դատապարտյալն իրավունք ունի դիմել որոշումը կայացրած դատարան՝ դատական որոշման կատարումը հետաձգելու, հիվանդության կամ հաշմանդամության կամ հետաձգման ժամկետը լրանալու հետեւանքով պատիժը կրելուց ազատելու, պայմանական վաղաժամկետ ազատման եւ պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժով փոխարինելու , ուղղիչ հիմնարկում պահելու պայմանները փոխելու, ինչպես նաեւ սույն օրենսգրքով նախատեսված այլ հարցերի մասին հայտարարություններով: Սույն հոդվածից հանելով պայմանական վաղակետ ազատման եւ պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժով փոխարինելու բառերը դատապարտյալը զրկվել է այդ հարցով դատարան դիմելու իրավունքից:

Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 434-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է այն սուբյեկտների շրջանակը, ով կարող է դիմել դատարան` դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու խնդրանքով (միջնորդագրով): Մինչեւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հունիսի 13-ի ՀՕ-67 օրենքն ուժի մեջ մտնելը այդ սուբյեկտներն էին` պատժի կատարումն իրականացնող մարմինը, կարգապահական գումարտակի հրամանատարությունը, ինչպես նաեւ ինքը` դատապարտյալը եւ նրա պաշտպանը:

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2006 թվականի հունիսի 13-ի ՀՕ-67 օրենքի 5-րդ հոդվածով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 434-րդ հոդվածի 1-ին մասից հանվեց 3-րդ նախադասությունը, որի հետեւանքով դատապարտյալները (ինչպես եւ նրանց պաշտպանները) զրկվեցին այդ հարցով դատարան դիմելու իրավունքից:

Այսպես` «Հայաստանի Հանրապետության օրենքը Հայաստանի Հանրապետության  քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հունիսի 13-ի ՀՕ-66 օրենքի 1-ին հոդվածը սահմանում է հետեւյալ դրույթը. «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի (24 դեկտեմբերի 2004 թվականի)114-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցերը պատիժը կատարող հիմնարկի կողմից քննարկվելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ սույն օրենսգրքի 115-րդ եւ 116-րդ հոդվածներին համապատասխան».

2) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մաս.

Միջին, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու միջնորդագիր ներկայացնելու վերաբերյալ պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի որոշմանը հավանություն է տալիս պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովը, որի կազմավորման եւ գործունեության կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:...

Օրենսգրքի 115-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 115. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման կարգը.

1. Պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալու դեպքում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը մեկամսյա ժամկետում պարտադիր լսում է կարգապահական տույժ չունեցող դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցը:

Պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը միջին, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ միջնորդագիր ներկայացնելու մասին որոշում կայացնելու դեպքում որոշումը ներկայացնում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի հավանությանը:

Պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը միջնորդագիր է ներկայացնում դատարան միջին, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ միայն պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի հավանությունն ստանալու դեպքում:

2. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ դատարան ներկայացվող միջնորդագրի հետ ներկայացվում է նաեւ դատապարտյալի անձնական գործը:

3. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ միջնորդագիր ներկայացնելու մասին որոշումը պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի` հավանություն չտալու մասին որոշումն ստանալու դեպքում պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու ներկայացման հարցը քննարկում է հավանություն չստանալու որոշումը կայացվելուց երեք ամիս անց, բացառությամբ սույն օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելը դատարանի կողմից մերժվելու դեպքում նույն հիմքով միջնորդություն կրկին կարող է ներկայացվել դատարան մերժման որոշումը կայացվելուց վեց ամիս անց, բացառությամբ սույն օրենսգրքի 116-րդ հոդվածով նախատեսված դեպքերի։

4. Պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի որոշումները օրենսդրությանը հակասելու դեպքում կարող են բողոքարկվել դատական կարգով: Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի որոշումները բողոքարկման ենթակա չեն, բացառությամբ այն դեպքերի, երբ որոշումները կայացվել են Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով սահմանված կարգի խախտմամբ»»:

Այս դրույթները նույնպես դատապարտյալին զրկում են անմիջականորեն դատարան դիմելու հնարավորությունից:

Ավելին` վերոհիշյալ դրույթի  1-ին մասի 3-րդ պարբերությունում ամրագրված է, որ պատիժը կատարող հիմնարկի վարչակազմը միջնորդագիր է ներկայացնում դատարան միայն Հանձնաժողովի հավանությունն uտանալու դեպքում:

Սրանով պատժի մեղմացման համար դիմելու` դատապարտյալի իրավունքը կախման մեջ է դրվում եւս մեկ մարմնի հայեցողությունից:

Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է`

«Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների եւ ազատությունների դատական, ինչպես նաեւ պետական այլ մարմինների առջեւ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք»:

Մինչդեռ, համաձայն գործող օրենսդրության, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի 4-րդ մասում ասված է`

«Պատիժը կատարող հիմնարկի վարչակազմի որոշումները oրենuդրությանը հակաuելու դեպքում կարող են բողոքարկվել դատական կարգով: Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մաuն ավելի մեղմ պատժատեuակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի որոշումները բողոքարկման ենթակա չեն, բացառությամբ այն դեպքերի, երբ որոշումները կայացվել են Հայաuտանի Հանրապետության նախագահի հրամանագրով uահմանված կարգի խախտմամբ»:

Հանձնաժողովի կողմից ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածով նախատեսված կարգով կայացվող որոշումները անմիջականորեն ազդում են դատապարտյալների իրավունքների եւ ազատությունների վրա:

Այսպիսով, եթե դատապարտյալը ինչ-ինչ պատճառով գտնի, որ Հանձնաժողովի որոշմամբ խախտվել են իր իրավունքները եւ (կամ) ազատությունները, եւ այդ խախտումը կապ չունի Նախագահի հրամանագրով սահմանված կարգի խախտման հետ, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան, նա զրկված է իր այդ իրավունքների եւ (կամ) ազատությունների ենթադրյալ խախտումը դատական կարգով վիճարկելու հնարավորությունից:

Այսպիսով, ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 115-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանափակում է խախտված իրավունքների դատական պաշտպանության` անձի իրավունքը:

Մինչդեռ, Սահմանադրության 43-44-րդ հոդվածներին համապատասխան, Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված այս իրավունքը նույնպես որեւէ սահմանափակման ենթակա չէ:

Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է`

«Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքները վերականգնելու,... համար... դատարանի կողմից... իր գործի... քննության իրավունք»:

Այսպես, դատապարտյալը զրկված է այդ հարցով անձամբ դատարան դիմելու հնարավորությունից, միաժամանակ նա զրկված է Հանձնաժողովի որոշումը դատական կարգով վիճարկելու հնարավորությունից, եթե գտնում է, որ Հանձնաժողովի որոշմամբ խախտվել են  իր իրավունքները:

Հետեւապես, «Հայաստանի Հանրապետության օրենքը Հայաստանի Հանրապետության  քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հունիսի 13-ի ՀՕ-66 օրենքը սահմանափակում են ՀՀ Սահմանադրության 19 հոդվածի 1-ին մասով ամրագրված` մարդու (տվյալ դեպքում` դատապարտյալի) իրավունքները:

Մինչդեռ, Սահմանադրության 43-44-րդ հոդվածներին համապատասխան, Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված այս իրավունքը նույնպես որեւէ սահմանափակման ենթակա չէ:

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հունիսի 13-ի ՀՕ-67 օրենքի   3-րդ եւ 5-րդ հոդվածները, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության օրենքը Հայաստանի Հանրապետության  քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հունիսի 13-ի ՀՕ-66 օրենքը իրականում դատարանների իրավասությունը սահմանափակող օրենքներ են` դրանք դատարաններին զրկում են դատապարտյալների միջնորդագրերը քննության առնելու իրավասությունից:

Միաժամանակ` «Հայաստանի Հանրապետության օրենքը Հայաստանի Հանրապետության  քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հունիսի 13-ի ՀՕ-66 օրենքը սահմանում է մարմինների ստեղծում, որոնք իրավասու են որոշելու` դատարանը քննության առնի՞, թե՞ ոչ` դատապարտյալին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու  հարցը:

Այս տեսանկյունից` քննարկվող օրենքները նույնպես հակասում են Սահմանադրության 18-րդ հոդվածի 1-ին, 19-րդ հոդվածի 1-ին եւ 20-րդ հոդվածի 4-րդ մասերին, որոնք պետության վրա պոզիտիվ պարտավորություն են դնում ապահովելու դատապարտյալի` նշանակված պատիժը մեղմացնելու խնդրանքի իրավունքը, ինչպես նաեւ, այդ իրավունքի խախտման դեպքում` արդյունավետ պաշտպանության միջոցներ տրամադրելու իրավունքը:

Սահմանադրությամբ պետության վրա դրված այս պոզիտիվ պարտավորությունը, ինչպես արդեն նշվեց,  նախ եւ առաջ ենթադրում է, որ նախատեսվի մարմնի ստեղծում, որն իրավասու է քննարկել պատիժը մեղմացնելու հարցը, իսկ այն դեպքում, եթե հարցը քննարկելիս  խախտվել են անձի իրավունքները եւ (կամ) ազատությունները, ապա` մարմին, որն իրավասու է վերականգնել խախտված իրավունքը:

Այդ մարմինները դատարաններն են, սակայն վերոհիշյալ օրենքները, փաստորեն, դատարաններին զրկել են  այդ լիազորություններից:

Համաձայն  Եվրոպայի Խորհրդի Նախարարների Կոմիտեի անդամ երկրներին ուղղված Rec (2003) 22 Հանձնարարականի` սահմանված է հետեւյալը.

17. կետի սահմանված է հետեւյալը` համապատասխան մարմինները պետք է նախաձեռնեն օրենքով սահմանված ընթացակարգ, որպեսզի հնարավորություն ստեղծեն պայմանական վաղաժամկետ ազատելու մասին որոշումը կայացնել բանտարկյալի կողմից նվազագույն ժամկետը կրելուց հետո որքան հնարավոր է շուտ:

18. Պայմանական վաղաժամկետ ազատվելու համար պահանջվող չափանիշները պետք է լինեն պարզորոշ եւ հստակ: Դրանք պետք է լինեն նաեւ իրական`  այն իմաստով, որ պետք է հաշվի առնվեն բանտարկյալների անձը, սոցիալական եւ տնտեսական հանգամանքները, ինչպես նաեւ վերաբնակեցման ծրագրերի առկայությունը:

20. Պայմանական վաղաժամկետ ազատելու չափանիշը պետք է կիրառել այնպես, որպեսզի դրա թույլտվությունը տրվի բոլոր այն բանտարկյալներին, ովքեր համարվում են, որ համապատասխանում են օրինապահ քաղաքացիներ դառնալու նվազագույն  երաշխիքներին: Իշխանությունների համար պետք է պարտադիր հանգամանք լինի ցույց տալը, որ բանտարկյալը չի համապատասխանում այս չափանիշին:

23. Ազատելը հետաձգելը պետք է հնարավոր լինի միայն օրենքով սահմանված ծայրահեղ հանգամանքների դեմպքում:

32. Պայմանական վաղաժամկետ ազատելը նշանակելու, հետաձգելու, վերացնելու մասին որոշումները, ինչպես նաեւ պայմանները եւ միջոցառումները նշանակելու  կամ փոփոխելու մասին որոշումները պետք է  կայացվեն օրենքով սահմանված մարմնի կողմից եւ այնպիսի ընթացակարգերով, որոնք տրամադրում են հետեւյալ երաշխիքները.

ա. դատապարտյալները պետք է իրավունք ունենան, որպեսզի իրենց անձամբ լսեն եւ օգնեն օրենքով սահմանված կարգով,

բ. որոշում կայացնող մարմինը պետք է մանրամասն եւ զգուշորեն քննության առնի յուրաքաննչյուր փաստ` այդ թվում նաեւ դատապարտյալների կողմից իրենց գործի վերաբերյալ արված հայտարարությունները,

գ. պետք է ապահովել գործերի մատչելիությունը դատապարտյալների համար,

դ. որոշումներում պետք է նշվեն  պատճառների մասին եւ այդ մասին հաղորդվեն գրավոր:

33. Դատապարտյալները պետք է հնարավորություն ունենան բողոքել օրենքով սահմանված անկախ եւ անաչառ վերադաս մարմնին որոշման էության դեմ, ինչպես նաեւ ընթացակարգային երաշխիքները չհարգելու դեմ:

34. Բողոքարկման ընթացակարգ պետք է տրամադրվի նաեւ պայմանական վաղաժամկետ ազատելու կիրառության դեմ:

35. Բողոքարկման ընթացակարգերը պետք է համապատասխանեն Համայնքի պատժամիջոցների եւ  միջոցների եվրոպական նորմերի 13-րդ եւ 19-րդ կետերին:

36. 32-րդ կետից  մինչեւ 35-րդ կետ ոչինչ չպետք է մեկնաբանվի այնպես, որպեսզի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված որեւէ իրավունք սահմանափակվի կամ դրանից շեղում իրականացվի:»: