Հոդված 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (9 դեկտեմբերի 2002 թվականի, այսուհետ` օրենք) 11-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 11. Հեռուստահաղորդումներն ընտրությունների (հանրաքվեների) նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչության ժամանակահատվածում
«Ընտրությունների (հանրաքվեների) նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում`
ա) հեռուստառադիոհաղորդումները հեռարձակվում են ընտրությունների (հանրաքվեների) մասին օրենսդրությանը համապատասխան.
բ) հեռուստառադիոընկերությունները պարտավոր են հավասար պայմաններ ապահովել թեկնածուների եւ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների համար` հրապարակավ հայտնել վճարովի հաղորդումների` իրենց եթերաժամի գինը եւ հեռարձակման պայմանագրի էական այլ պայմաններ.
գ) հեռուստառադիոընկերությամբ հեռարձակվող լրատվական հաղորդումներում թեկնածուների, կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների (հանրաքվեի քարոզչությանը մասնակցող կողմերի) նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչության վերաբերյալ պետք է ներկայացվի անկողմնակալ եւ գնահատականներից զերծ տեղեկատվություն` ապահովելով արդար եւ հավասար պայմանների պահպանումը.
դ) թեկնածուներին, կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին նախընտրական հիմնադրամի միջոցների հաշվին տրամադրվող նախընտրական քարոզչական հեռուստահաղորդումների սփռումը հեռուստատեսությամբ (հանրային հեռուստառադիոընկերության դեպքում` նաեւ օրենքով սահմանված անվճար եթերաժամը) պետք է ուղեկցվի էկրանի վրա պարտադիր անընդմեջ լուսագրով` «նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչություն», իսկ ռադիոսփռման դեպքում` յուրաքանչյուր հաղորդման ընթացքում ոչ պակաս, քան երեք անգամ, պետք է հիշեցվի դրա մասին:
Ընտրությունների (հանրաքվեների) քվեարկության օրը եւ դրան նախորդող օրն արգելվում է հեռարձակել քարոզչական նյութ` տեղեկատվական, խմբագրական, փաստավավերագրական, հեղինակային կամ այլ հաղորդումների տեսքով կամ ցանկացած այլ ձեւով նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչություն իրականացնել:»:
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Բարեգործական հովանավորությունը չի կարող ֆինանսավորվել կուսակցությունների, նախընտրական հիմնադրամների եւ կրոնական կազմակերպությունների միջոցներից:»:
Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածի ութերորդ պարբերության «գ» կետում «ընտրարշավներից դուրս քաղաքական գովազդի» բառերը փոխարինել «նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչության իրականացման համար օրենքով նախատեսված ժամանակահատվածից դուրս նախընտրական (հանրաքվեի նախապատրաստական) քարոզչական հաղորդումների» բառերով:
Հոդված 4. Օրենքի 37-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ժ» կետով.
«ժ) վերահսկում է հեռուստառադիոընկերության (հեռուստաընկերության կամ ռադիոընկերության) կողմից նախընտրական քարոզչության` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգի պահպանման նկատմամբ եւ նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումներ հայտնաբերելու դեպքում իրավասու է դիմել դատարան` տվյալ հեռուստառադիոընկերությանը (հեռուստաընկերությանը կամ ռադիոընկերությանը) օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու հայցով:»:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից: