Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (6 նոյեմբերի 2000թ., ՀՕ-112) հոդված 11-ի 3-րդ մասում «իրավունք ունի դադարեցնել անբարեխիղճ մրցակցությունը` դիմելով դատարան:» արտահայտությունը փոխարինել «իրավունք ունի անբարեխիղճ մրցակցությունը դադարեցնելու պահանջով դիմել դատարան:» արտահայտությամբ:
Հոդված 2. Օրենքի Գլուխ 5.1 վերանվանել «Պետական օժանդակությունը եւ իրավական ակտերի ու ստորագրված պայմանագրերի փորձաքննությունը»:
Հոդված 3. Հոդված 16.1-ից հետո ավելացնել նոր հոդված հետեւյալ բովանդակությամբ`
«Հոդված 16.2. Իրավական ակտերի ու ստորագրված պայմանագրերի փորձաքննությունը
Հանձնաժողովը իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված իրավական ակտերի եւ ստորագրված պայմանագրերի փորձաքննություն` տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությանը դրանց համապատասխանության վերաբերյալ:
Նման փորձաքննությունը կատարվում է Հանձնաժողովի հայեցողությամբ` ըստ նպատակահարմարության, յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձի, ինչպես նաեւ իրավական ակտն ընդունող կամ պայմանագիր ստորագրող մարմնի դիմումի համաձայն: Նման մարմինները կարող են փորձաքննություն իրականացնելու խնդրանքով դիմել Հանձնաաժողովին մինչեւ իրավական ակտը ընդունելը կամ պայմանագիրը ստորագրելը` համապատասխան դրական եզրակացություն ստանալու նպատակով:
Հանձնաժողովը իրավական ակտի կամ պայմանագրի վերաբերյալ փորձաքննության արդյունքների մասին եզրակացությունը ներկայացնում է դիմումի ստացման օրվանից տաս օրվա ընթացքում:»:
Հոդված 4. Օրենքի 30 հոդվածի 6-րդ մասի սկզբում շարադրել`
«6. Նիստերին մասնակցելու շահագրգիռ անձանց իրավունքը երաշխավորվում է: Հանձնաժողովը քննարկումից առնվազն 5 օր առաջ ծանուցում է շահագրգիռ անձանց քննարկման վայրի, օրվա եւ ժամի մասին` նշելով քննարկման ենթակա հարցի բնույթն ու համառոտ նկարագրությունը` կցելով հարցին առնչվող նյութերը: Ծանուցված շահագրգիռ անձանց չներկայանալը չի խոչընդոտում քննարկման անցկացմանը եւ որոշումների ընդունմանը: Շահագրգիռ անձինք իրավունք ունեն ներկայացնել ապացույցներ, տալ բացատրություններ եւ բերել փաստարկներ, առարկել նախատեսվող պատասխանատվության միջոցների կիրառման դեմ, ինչպես նաեւ ներկայացնել միջնորդություններ:»:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: