Armenian ARMSCII Armenian
Պ-170-13.11.2007-ՏՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-112 օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի «իրավունք ունի դադարեցնել անբարեխիղճ մրցակցությունը` դիմելով դատարան» բառերը փոխարինել «իրավունք ունի անբարեխիղճ մրցակցությունը դադարեցնելու պահանջով դիմելու դատարան» բառերով:

Հոդված 2. Օրենքի 5.1-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Պետական օժանդակությունը եւ իրավական ակտերի ու ստորագրված պայմանագրերի փորձաքննությունը»:

Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 16.2-րդ հոդվածով`

«Հոդված 16.2.  Իրավական ակտերի ու ստորագրված պայմանագրերի փորձաքննությունը

Հանձնաժողովն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված իրավական ակտերի եւ ստորագրված պայմանագրերի փորձաքննություն` տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությանը դրանց համապատասխանության վերաբերյալ: Փորձաքննությունը կատարվում է Հանձնաժողովի կողմից` իր նախաձեռնությամբ կամ յուրաքանչյուր ֆիզիկական ու իրավաբանական անձի կամ իրավական ակտն ընդունող կամ պայմանագիր ստորագրող մարմնի դիմումի համաձայն: Նման մարմինները կարող են փորձաքննություն իրականացնելու խնդրանքով դիմել Հանձնաժողովին մինչեւ իրավական ակտն ընդունելը կամ պայմանագիրն ստորագրելը` համապատասխան դրական եզրակացություն ստանալու նպատակով:

Հանձնաժողովն իրավական ակտի կամ պայմանագրի վերաբերյալ փորձաքննության արդյունքների մասին եզրակացությունը ներկայացնում է դիմումի ստացման օրվանից հետո`  տասն օրվա ընթացքում:»:

Հոդված 4. Օրենքի 30-րդ հոդվածի 6-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Նիստերին մասնակցելու շահագրգիռ անձանց իրավունքը երաշխավորվում է: Հանձնաժողովը քննարկումից առնվազն 5 օր առաջ ծանուցում է շահագրգիռ անձանց քննարկման վայրի, օրվա եւ ժամի մասին` նշելով քննարկման ենթակա հարցի բնույթն ու համառոտ նկարագրությունը: Ծանուցված շահագրգիռ անձանց չներկայանալը չի խոչընդոտում քննարկման անցկացմանը եւ որոշումների ընդունմանը: Շահագրգիռ անձինք իրավունք ունեն ներկայացնելու ապացույցներ, տալու բացատրություններ եւ բերելու փաստարկներ, առարկելու նախատեսվող պատասխանատվության միջոցների կիրառման դեմ, ինչպես նաեւ ներկայացնելու միջնորդություններ:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: