Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-174-19.11.2007-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության (2002 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-320-Ն) օրենքի (այսուհետ` Օրենք) 57.1-րդ հոդվածից հետո լրացնել 57.2-րդ եւ 57.3-րդ հոդվածները հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 57.2. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատական ակտերը հրապարակելը

1. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատական ակտերը ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման:

2. 57.3. Հայաստանի Հանրապետության Արդարադատության խորհրդի որոշումները եւ եզրակացությունները հրապարակելը

1. Հայաստանի Հանրապետության Արդարադատության խորհրդի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, նրա լիազորությունները դադարեցնելու, դատավորին կալանավորելու, որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու վերաբերյալ որոշումները եւ ներման հարցերի կապակցությամբ եզրակացությունները ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասը  լրացնել նոր 10-րդ եւ 11-րդ կետերով հետեւյալ բովանդակությամբ.

«10) տասներորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատական ակտերը.

11) տասնմեկերորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության Արդարադատության խորհրդի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, նրա լիազորությունները դադարեցնելու, դատավորին կալանավորելու, որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու վերաբերյալ որոշումները եւ ներման հարցերի կապակցությամբ եզրակացությունները:»

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ եւ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման  անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2007 թվականի փետրվարի 21-ին ընդունվել է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքը եւ գործող մի շարք իրավական ակտերի այդ թվում նաեւ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները համահունչ չեն կամ հակասում են հիշյալ օրենսգրքի դրույթների պահանջներին, ուստի եւ անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքից բխող փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, մասնավորապես նախատեսվել է, որ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատական ակտերը ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման, ինչպես նաեւ նախատեսվել է, որ Հայաստանի Հանրապետության Արդարադատության խորհրդի դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, նրա լիազորությունները դադարեցնելու, դատավորին կալանավորելու, որպես մեղադրյալ ներգրավելու, դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու համաձայնություն տալու վերաբերյալ որոշումները եւ ներման հարցերի կապակցությամբ եզրակացությունները ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման:»:

«ՀՀ Դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է դատավարության մասնակիցների, գործին մասնակցող անձանց նկատմամբ դատարանի կողմից կիրառվող սանկցիաների շրջանակի ընդլայնմամբ եւ ըստ կոնկրետ դատավարության մասնակիցների հստակեցմամբ: Միաժամանակ, օրենքի նախագծի ընդունմամբ  դատավորների թեկնածությունների եւ առաջխաղացման ցուցակներում օրենքով նախատեսված կարգը կտարածվի նաեւ դատական ծառայողների վրա, ընդ որում  նախագծով յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար սահմանված են հստակ պահանջներ:

«Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման  անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ 2007 թվականի փետրվարի 21-ին ընդունվել է Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքը եւ գործող մի շարք իրավական ակտերի այդ թվում նաեւ «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները համահունչ չեն կամ հակասում են հիշյալ օրենսգրքի դրույթների պահանջներին, ուստի եւ անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքից բխող փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, մասնավորապես նախատեսվել է, որ «դատական դեպարտամենտի ղեկավարին պաշտոնի նշանակում եւ պաշտոնից ազատում է դատարանների նախագահների խորհուրդը՝ վճռաբեկ դատարանի նախագահի ներկայացմամբ», այլ ոչ թե վճռաբեկ դատարանի նախագահը` դատարանների նախագահների խորհրդի դրական եզրակացության հիման վրա»: Բացի այդ նախատեսվել է, որ դատական ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում մեկշաբաթյա ժամկետում, տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձն իրավասու է տվյալ պաշտոնում նշանակել այն դատական ծառայողին, որը՝ բավարարում է տվյալ թափուր պաշտոնի անձնագրով սահմանված պահանջներին, այդ մասին տվել է գրավոր համաձայնություն»: Նախատեսվել է նաեւ մի շարք խմբագրական փոփոխություններ: