Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը (2003 թվականի ապրիլի 18-ի) , (այսուհետ` օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 311.1 հոդվածով.
«Հոդված 311.1. Պաշտոնատար անձ չհանդիսացող պետական ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը
1. Պաշտոնատար անձ չհանդիսացող պետական ծառայողի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով դրամի, գույքի նկատմամբ իրավունքի, արժեթղթերի կամ գույքային այլ օգուտի ձեւով ապօրինի վարձատրություն ստանալը` վարձատրողի կամ նրա ներկայացրած անձի օգտին պետական ծառայողի կողմից իր լիազորությունների շրջանակներում որեւէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր ծառայողական դիրքն օգտագործելու այնպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ առավելագույնը երեք տարի ժամկետով` որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է`
1) շորթմամբ,
2) խոշոր չափերով,
3) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
4) կրկին անգամ`
պատժվում է ազատազրկմամբ` չորսից վեց տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասերով նախատեսված արարքները, որոնք կատարվել են`
1) կազմակերպված խմբի կողմից,
2) առանձնապես խոշոր չափերով`
պատժվում է ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 311.2 հոդվածով.
«Հոդված 311.2. Իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելը
1. Իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելը` անձամբ կամ միջնորդի միջոցով դրամի, գույքի նկատմամբ իրավունքի, արժեթղթերի կամ գույքային այլ օգուտի ձեւով ապօրինի շահ ստանալը` իրավաբանական կամ ֆիզիկական անձանց օգտին այլ պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որեւէ գործողություն կատարելու կամ չկատարելու, այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության, ինչպես նաեւ պետական իշխանության կամ տեղական ինքնակառավարման մարմնից նպաստավոր գործարք կամ նպաստավոր որոշում, պարգեւ կամ պաշտոն ստանալու համար`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչեւ հինգհարյուրապատիկը չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Նույն արարքը, որը կատարվել է`
1) խոշոր չափերով,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
3) կրկին անգամ
պատժվում է ազատազրկմամբ երեքից հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են`
1) կազմակերպված խմբի կողմից,
2) առանձնապես խոշոր չափերով
պատժվում է ազատազրկմամբ` հինգից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»:
Հոդված 3. Օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասը լրացնել 5-րդ կետով` հետեւյալ բովանդակությամբ.
5/ կաշառք ստանալու պատրվակով,
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ տարվող պայքարն առավել արդյունավետ իրականացնելու եւ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ուղղությամբ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության /ՏՀԶԿ/ կողմից Հայաստանի Հանրապետությանը տրված երաշխավորությունների 8-րդ կետի համաձայն, կաշառք ստանալու դեպքում, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսդրությունը սահմանափակվում է միայն այն արարքների իրավական գնահատմամբ, որոնք պաշտոնատար անձը կարող է կատարել` իր լիազորություններն օգտագործելով եւ առաջարկվել է ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային չափորոշիչներին:
Չնայած դրան, հարկ է նշել, որ ըստ Հայաստանի Հանրապետությունում ձեւավորված դատական պրակտիկայի, կաշառք ստանալու հանցակազմն առկա է նաեւ այն դեպքերում, կաշառքի առարկան պաշտոնատար անձն ստանում է այնպիսի արարքների կատարման համար, որոնք նա ի պաշտոնե չի կարող կատարել, սակայն օգտագործելով իր պաշտոնեական դիրքը` կարող է նպաստել այլ պաշտոնատար անձանց, պետական ծառայողների կողմից, կաշառք տվողի օգտին ցանկալի արարքների կատարմանը:
Այստեղ խոսք է գնում պաշտոնատար անձի նման գործողությունների գնահատման մասին, սակայն, հնարավոր է իրավիճակ, որ կաշառք տվողի օգտին այլ պաշտոնատար անձանց կամ պետական ծառայողի միջոցով ցանկալի արարքի կատարման համար կաշառք ստացողը չլինի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 308 հոդվածով սահմանված պաշտոնատար անձ եւ դա անի, օգտագործելով որպես պետական ծառայողի իր պաշտոնը կամ հասարակության մեջ ունեցած իր իրական կամ ենթադրյալ ազդեցությունը:
Բացի վերը նշվածից, պրակտիկայում հաճախ է հանդիպում դեպքեր, երբ ապօրինի վարձատրություն /կաշառք/ տվողի օգտին ցանկալի գործողություններ կատարելու, կամ դրանց կատարումից ձեռնպահ մնալու նպատակով ապօրինի վարձատրության /կաշառք/ ստացող անձը ոչ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 308 հոդվածով սահմանված պաշտոնատար անձ է եւ ոչ էլ պետական ծառայող, որպիսի պայմաններում նրա գործողությունները որակվում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 178 հոդվածով` որպես խարդախություն եւ փաստացի «կաշառք» ստացող նման անձինք մեղմ պատիժներ են ստանում, չնայած այն հանգամանքին, որ նման գործողություններով ոտնձգվում է ոչ միայն ուրիշի գույքը, այլ ոտնահարվում է նաեւ պետական իշխանության հեղինակությունը:
Պրակտիկայում հանդիպող նման իրավիճակներում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսդրությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու եւ արարքին անհրաժեշտ իրավական գնահատական տալու նպատակով, առաջարկում ենք Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը լրացնել նոր` 311.1 եւ 311.2 հոդվածներով, իսկ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասը լրացնել 4-րդ կետով: