Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-185-04.12.2007-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 158-րդ, 159-րդ, 197-րդ հոդվածները շարադրել հետյալ խմբագրությամբ

«Հոդված 158. Հեղինակային  իրավունքը եւ հարակից իրավունքները խախտելը

1. Գրագողությունը` ուրիշի ստեղծագործությունից մտքեր, հատվածներ քաղելը առանց դրանց ստեղծագործական վերամշակման եւ առանց ձեռքբերման սկզբնաղբյուրի նշման եւ որպես իրենը ներկայացնելը կամ ուրիշի ստեղծագործությունն ամբողջությամբ իր անունով ներկայացնելը, եթե այդ արարքը կատարվել է  զգալի չափերով՛

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով կամ կալանքով ` առավելագույնը մեկ ամիu ժամկետով:

2. Հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքի օբյեկտն ապօրինի օգտագործելը, եթե այդ արարքը  կատարվել է զգալի  չափերով

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկը չափով, կամ կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով

3.Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) պաշտպանիչ տեխնիկական միջոցների շրջանցմամբ

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ

3) խոշոր չափերով

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից հազարապատիկը չափով, կամ ազատազրկմամբ՝  երկուսից հինգ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը համարվում է զգալի չափերով կատարված, եթե ապօրինի  գործունեության արդյունքում ստեղծված արտադրանքի ընդհանուր արժեքը գերազանցում է հանցագործության պահին գործող  սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկը:

5.Սույն օրենսգրքի 158-րդ, 159-րդ եւ 197-րդ  հոդվածներում նախատեսված արարքը համարվում է կատարված զգալի չափերով, եթե ապօրինի  գործունեության արդյունքում ստեղծված արտադրանքի ընդհանուր արժեքը կազմում է հանցագործության պահին գործող  սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկը:

6. Սույն 158-րդ, 159-րդ եւ 197-րդ  հոդվածներում նախատեսված արարքը համարվում է կատարված խոշոր չափերով, եթե ապօրինի  գործունեության արդյունքում ստեղծված արտադրանքի ընդհանուր արժեքը գերազանցում է հանցագործության պահին գործող  սահմանված նվազագույն աշխատավարձի  երկուհայրուրապատիկը:

Հոդված 159. Արտոնագրային իրավունքը խախտելը

1. Գյուտի, oգտակար մոդելի ու արդյունաբերական նմուշի նկատմամբ հեղինակության իրավունքը յուրացնելը կամ համահեղինակության հարկադրելը կամ մինչեւ այդ իրավունքի օբյեկտի մասին պաշտոնական տեղեկությունների հրապարակումը դրա էության վերաբերյալ առանց հայտատուի համաձայնության տեղեկություններ տարածելը, եթե այդ արարքը զգալի չափի վնաս է պատճառել արտոնագրատիրոջը կամ նրանից բացառիկ լիցենզիա ստացած անձին:

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով  կամ կալանքով ` առավելագույնը մեկ ամիu ժամկետով:

2. Արտոնագրային իրավունքի օբյեկտն ապօրինի օգտագործելը, եթե այդ արարքը  կատարվել է զգալի  չափերով

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից վեցհարյուրապատիկը չափով, կամ կալանքով` մեկից երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով

3. Նույն արարքը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ

2) խոշոր չափերով

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից հազարապատիկը չափով, կամ ազատազրկմամբ՝  երկուսից հինգ տարի ժամկետով:

4. Uույն հոդվածում զգալի չափի վնաu է համարվում հանցագործության պահին uահմանված նվազագույն աշխատավարձի հիuնապատիկը գերազանցող գումարը (արժեքը):

Հոդված 197. Ապրանքային նշանն ապօրինի օգտագործելը

1. Ապրանքային նշանը, սպասարկման նշանը, ֆիրմային անվանումը, ապրանքի ծագման տեղանունը ապօրինի օգտագործելը կամ դրանց շփոթելու աստիճան նման նշաններ, անուններ, անվանումներ  օգտագործելը, եթե այդ արարքը կատարվել է զգալի չափերով՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

2.Նույն արարքը, որը կատարվել է`

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ

2) խոշոր չափերով

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկը չափով, կամ ազատազրկմամբ՝  երկուսից հինգ տարի ժամկետով:

Հոդված 2. Օրենսգրքի 192-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «197-րդ, » բառը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

«ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության նոյեմբերի 23-ի թիվ 1800-Ն որոշմամբ հաստատված  ՀՀ կառավարության 2007թ. գործունեության միջոցառումների Ծրագրի 115-րդ կետի :

Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է Կատարողների, հնչյունագրեր արտադրողների եւ  հեռարձակող կազմակերպությունների պահպանության մասին Միջազգային Կոնվենցիայի /Հռոմ 1961թվականի հոկտոմբերի 26/, Հնչյունագրեր  արտադրողների շահերը իրենց  հնչյունագրերը անօրինական վերարտադրությունից պահպանելու մասին Կոնվենցիայի /1971 թվականի հոկտեմբերի 29/, Գրական եւ գեղարվեստական երկերի պահպանության մասին Բեռնի Կոնվենցիայի /փոփոխված է 1979թ. սեպտեմբերի 28-ին/, Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության հեղինակային իրավունքի պայմանագրի (1996 թվականի դեկտեմբերի 20-ին Ժնեւում ընդունված), Մտավոր Սեփականության Համաշխարհային Կազմակերպության Կատարումների եւ հնչյունագրերի պայմանագրի /1996 թ./, Մտավոր սեփականության իրավունքների` առեւտրին առնչվող հայեցակարգերի մասին Համաձայնագրի, Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան Կոնվենցիայի /վերանայված` Ստոկհոլմում 1967թվականի հուլիսի14-ին), ԱՊՀ մասնակից պետությունների Հեղինակային եւ հարակից իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության մասին Համաձայնագրի /1993 թվականի սեպտեմբերի 24-ին/,  Մտավոր սեփականության ոլորտում կատարվող իրավախախտումների կանխարգելմանն ուղղությամբ համագործակցության մասին ԱՊՀ մասնակից-պետությունների Համաձայնագրի (Մոսկվա 1998թ. մարտի 6), ինչպես նաեւ նշված Համաձայնագրի շրջանակներում ստեղծված Համատեղ աշխատանքային հանձնաժողովի տասներկուերորդ նստաշրջանի արձանագրության պահանջներից:

Բացի վերը թվարկված միջազգային փաստաթղթերով ամրագրված նորմերի պահանջների կիրարկումն ապահովելու անհրաժեշտությունից, նշենք, որ նախագծի մշակման անհրաժեշտությանն ենք հանգել նաեւ ՀՀ ոստիկանության կողմից մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի վերջին տարիների պրակտիկայից:

Ոստիկանության կողմից կատարված ուսումնասիրությունները եւ արդեն կուտակված բավարար փորձը  վկայում են, որ  գործող  ՀՀ քրեական օրենսգիրքը  հեղինակային իրավունքի  եւ հարակից իրավունքների ոլորտում առկա եւ կատարվող ոչ բոլոր հանցազմերի համար է նախատեսում անհրաժեշտ պատասխանատվություն, իսկ շատ դեպքերում` նախատեսված պատժաչափերը չեն համապատասխանոում կատարված հանցագործությունների բնույթին:

Հեղինակային եւ հարակից իրավունքների խախտմամբ արտադրված երիզների եւ սկավառակների անօրինական շրջանառությունը գնալով նոր թափ է ստանում եւ ունի հանրորեն  ավելի բարձր վտանգավորության աստիճան, քանի  որ.

- խախտվում են ստեղծագործողների եւ կատարողների սահմանադրական հեղինակային եւ հարակից իրավունքները,

- խախտվում են այն օգտագործողների /օրինական հիմունքներով վերարտադրող եւ ներմուծող կազմակերպություններ/ իրավունքները, որոնք վճարել են հեղինակներին, կատարողներին, հնչյունագիր ստեղծողներին վերարտադրման եւ վաճառքի թույլտվություն ստանալու համար: Այսպես, օրինակ՝ համաձայն Օգտագործող Ընկերության եւ Հեղինակ-կատարողի /Իրավատեր/ միջեւ կնքված պայմանագրերի, վերջիններս իրենց պատկանող ստեղծագործությունների նկատմամբ իրավունքները միջին հաշվով փոխանցում են 500-ից 2000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով, չնայած կան նաեւ ավելի թանկ նախագծեր: Օրինական արտադրողը վճարելով համապատասխան գումարները եւ կատարելով ծախսեր ձայնասկավառակի թողարման համար, ակնկալում է ստանալ շահույթ, սակայն միեւնույն շուկայում պիռատական գործնեության արդյունքում արտադրված կեղծ սկավառակների առկայությունը բերում է նրան, որ օրինական արտադրված քանակությունը մնում է չիրացված, որի արդյունքում ընկերությունը կրում է կորուստներ եւ հետեւաբար՝ հետագայում նա ավելի քիչ գումար է պատրաստ վճարելու հեղինակ-կատարողներին, ստեղծագործողներին, որը նույնիսկ չի ծածկում վերջիններիս ստեղծագործական պրոցեսի ընթացքում կատարված ծախսերը: Հետեւաբար լեգալ արտադրության ֆինանսական միջոցների շրջանառության նվազումը, ենթադրում է նաեւ պետությանը վճարվող հարկերի նվազում:  Այսինքն՝ պիռատությունը բերում է ստվերային չհաշվառվող ֆինանսական միջոցների շրջանառություն, որի պատճառով պետությունը  կորուստներ է կրում չվճարվող հարկերի մասով:

2006-2007թ առաջին կիսամյակի ընթացքում ԿՀԴՊ ԳՎ կողմից ապրանքային նշանի եւ հեղինակային եւ հարակից իրավունքների ապօրինի օգտագործման վերաբերյալ նյութերի նախապատրասման ընթացքում պարզվել է, որ իրավախախտ կեղծարարների գործողությունների արդյունքում չվճարված հարկերի եւ այլ պարտադիր վճարումների մասով  պետությանը պատճառվել է  շուրջ 10 միլիոն դրամի չափով վնաս:

ՀՀ ոստիկանության  կողմից 2006թ. ընթացքում հեղինակային եւ հարակից իրավունքների խախտման վերաբերյալ նախապատրաստված  նյութերով քրեական գործերի հարուցումը մերժվել է, իսկ իսկ 2005թ. ընթացքում հարուցված քրեական գործերը`  կարճվել` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Հիմնական պատճառ է հանդիսացել այն, որ չի հիմնավորվել ՀՀ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածով նախատեսված պատճառված վնասի նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկ  չափը, որը,  ըստ  ձեւավորված պրակտիկայի, պետք է պատճառվի  յուրաքանչյուր տուժողին` հեղինակին, կատարողին, իրավատիրոջը առանձին-առանձին:

Փաստենք, որ հաշվարկային մեխանիզմների բացակայությունը հնարավորություն չի տալիս ապահովել օրենքով նախատեսված պատճառված վնասի չափը` հաշվի առնելով Հայաստանյան շուկայում ձայնասկավառակների, երիզների իրացման առկա  ծավալները:

Հաշվի առնելով վերը նշվածը եւ ելնելով հեղինակի, կատարողի, իրավատիրոջ շահերից` ներկայացված նոր խմբագրությունում ՀՀ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածով նախատեսված արարքներկ կատարումը չի պայմանավորվում պատճառված վնասի հետ, այսինքն` գրագողությունը (158-րդ հոդվածի 1-ին),  հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքի օբյեկտն ապօրինի օգտագործելը (158-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասեր) հանցագործություն է եթե կատարվել է զգալի, կամ խոշոր չափերով :

159-րդ հոդվածում իրարից  տարանջատվել են «զգալի վնաս պատճառելու» եւ «զգալի»  կամ «խոշոր» չափերով կատարված լինելու  հասկացությունները: Մասնավորաբար՝  գյուտի, oգտակար մոդելի ու արդյունաբերական նմուշի նկատմամբ հեղինակության իրավունքը յուրացնելը կամ համահեղինակության հարկադրելը կամ մինչեւ այդ իրավունքի օբյեկտի մասին պաշտոնական տեղեկությունների հրապարակումը դրա էության վերաբերյալ առանց հայտատուի համաձայնության տեղեկություններ տարածելը (159-րդ հոդվածի 1-ին մաս) հանցագործություն է, եթե հեղինակին պատճառվել է նվազագույն աշխատավարձի 50-ապատիկը գերազանցող գումարի չափով վնաս: Իսկ արտոնագրային իրավունքի օբյեկտն (159-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ  մասեր), ապրանքային նշանը, սպասարկման նշանը, ֆիրմային անվանումը, ապրանքի ծագման տեղանունը ապօրինի օգտագործելը կամ ապրանքային նշանին, սպասարկման նշանին, ֆիրմային անվանմանը, ապրանքի ծագման տեղանվանը շփոթելու աստիճան նման նշանների, անունների, անվանումների օգտագործելը (197-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասեր) հանցագործություն է, եթե կատարվել է զգալի կամ խոշոր չափերով:

Առաջարկվող փոփոխության  արդյունքում իրավակիրառը ազատվում է յուրաքանչյուր տուժողի համար առանձին արարքի չափը հաշվարկելու պարտավորությունից:

Նախագծով ռեալ հնարավորություն է ընձեռում պայքար իրականացնել մտավոր սեփականության  ոլորտում կատարվող  հանցագործությունների դեմ, որը էականորեն  կնպաստի մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների  պաշտպանությանը:

Նախագծի ընդունումը կնպաստի պիռատական գործնեության արդյունքում արտադրված կեղծ սկավառակները շուկայից դուրս մղելուն, որի արդյունքում սպառողների մի զանգված կզրկվի  կեղծ, հետեւաբար՝ էժանագին ապրանք ձեռք բերելու հնարավորությունից:

Ներկայացված նախագծում ՀՀ քրեական օրենսգրքի 158, 159, 197-րդ հոդվածները նոր  խմբագրությամբ շարադրելիս  նախատեսվել են  այդ  հանցակազմերից յուրաքանչյուրի դեպքում արարքի չափը հաշվարկելու մեխանիզմներ:

Նման տրամաբանությամբ է զարգացել նաեւ ԱՊՀ մի շարք երկրների` Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի հանրապետությունների  նշված բնագավառին  վերաբերող  օրենսդրական դաշտը, իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ,  Եվրոպական միության  երկրների օրենսդրությանը` Ֆրասիայի, Բելգիայի, Իտալիայի, Իսպանիայի եւ Գերմանիայի, ապա հարկ է նշել, որ այդ պետություններն ի սկզբանե «պիռատությունը» դասել են ձեւական հանցակազմով հանցագործությունների շարքին:

ՀՀ կառավարության 2007թ. գործունեության միջոցառումների Ծրագրի 115-րդ կետով նախատեսվում է  նաեւ ՀՀ կառավարություն ներկայացնել նաեւ «ՀՀ վարչական իրավախախտումների օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ: Նախագիծը պետական փորձագիտական եզրակացություն հիման վրա հանվել  է շրջանառությունից: