Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-200-26.12.2007-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (25 դեկտեմբերի 2003 թվականի), (այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածի «գ» ենթակետում «թափանցիկության» բառից հետո լրացնել «եւ հաշվետվողականության» բառերով:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի`

ա) 3-րդ կետում «կառավարման ոլորտում» բառերից հետո լրացնել «առնվազն հինգ տարվա» բառերով,

բ)   4-րդ կետը լրացնել «գ» ենթակետով` հետեւյալ շարադրմամբ.

«գ. կարգավորվող կազմակերպություններում ներդրումներ ունեցող անձինք»,

գ) 6-րդ կետում «Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ» բառերից հետո լրացնել «ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում» բառերով:

Հոդված 3.    Օրենքի  9-րդ հոդվածի  3-րդ կետում «3 տարվա ընթացքում» բառերից հետո լրացնել «կարգավորվող անձանց բաժնեմաս ունենալ, ինչպես նաեւ» բառերով:

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի`

ա)  1-ին կետի «դ» ենթակետում «միջազգային կազմակերպություններում» բառերից հետո դնել ստորակետ, հանել «եւ» բառը,  «փաստաթղթեր» բառից հետո դնել ստորակետ եւ լրացնել «հրավիրում է հանրային լսումներ» բառերով,

բ) 2-րդ կետում «պաշտոնում» բառից հետո դնել ստորակետ եւ լրացնել «տարիքով ավելի մեծը, եթե այդպիսինները երկուսը կամ երեքն են» բառերով:

Հոդված 5   Օրենքի 11-րդ հոդվածի`

ա)  5-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ` հետեւյալ շարադրմամբ.

«Այդ առաջարկությունները ենթակա են պարտադիր քննարկման` սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ»,

բ) 8-րդ կետում «իրավական ակտերի մատչելիությունը» բառերից հետո լրացնել «եւ հրապարակումը» բառերով,

գ) 12-րդ կետը լրացնել նոր երկրորդ նախադասությամբ` հետեւյալ շարադրմամբ.

«Հանձնաժողովը նպաստում է մասնակցային մոնիտորինգին եւ հաշվի առնում գնահատման արդյունքները` ապահովելով կարգավորվող անձանց եւ հանրային շահի հավասարակշռությունը»:

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի «բ» ենթակետում «հաշվետվությունը» բառը փոխարինել «զեկույցը» բառով եւ ավելացնել «եւ այդ զեկույցով հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում»:

Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածում «անցկացմանը» բառից հետո լրացնել «եւ արդյունքների հրապարակմանը» բառերով:

Հոդված 8. Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) որոշ հոդվածներ ունեն հստակեցման կարիք: Հստակեցումը   հնարավորինս կնվազեցնի օրենքի անորոշություններից բխող տարաբնույթ մեկնաբանությունների հնարավորությունը:

Օրենքի 5-րդ հոդվածի «գ» ենթակետում առաջարկվող լրացումը   ընդգծում է հաշվետվողականության եւ թափանցիկության սկզբունքները` իրավական որոշակիություն եւ հստակեցում ապահովելով: Թեեւ թափանցիկությունը սահմանված է օրենքում, սակայն առանց հաշվետվողականության սկզբունքի ամրագրման  հնարավոր չէ իրականացնել թափանցիկ գործունեություն: Իսկ ֆինանսական տեսանկյունից` հաշվետվողականությունը իրականացվում է օրենքի 19-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետը հնարավորություն կընձեռի Հանրային ծառայությունները կարգավորող մարմնում ունենալ հանձնաժողովի փորձառու եւ հմուտ անդամներ, ովքեր կնպաստեն նման անկախ մարմնում աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:

Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ կետը »գ« ենթակետով լրացնելը կապահովի Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի գործունեության անաչառությունն ու անկողմնակալությունը: Այդ լրացումը հնարավորություն կընձեռի հանձնաժողովի անդամ նշանակել այնպիսի անձնավորության, ով որեւէ առնչություն չի ունենա կարգավորվող կազմակերպությունների հետ, այսինքն` իր ընդունած որոշումներում կլինի անկողմնակալ եւ կբացառվի նրա կողմից որեւ շահի հետապնդում: Ավելին, օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետում առաջարկվող լրացումն իսպառ բացառում է հանձնաժողովի արդեն նախկին անդամի առնչությունն այդ ոլորտին, նույնիսկ` բաժնեմասերի տնօրինման միջոցով: Վերոհիշյալ երկու լրացումների իմաստը, ըստ էության, կայանում է նրանում, որ հանձնաժողովի ցանկացած անդամ հստակ գիտակցի` այդ կառույցում ինքը որպես շարքային աշխատող է եւ իրականացնում է զուտ իր աշխատանքային պարտականությունները:

Օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ կետում առաջարկվող լրացումը հնարավորություն կընձեռի Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի աշխատանքները կազմակերպել անխափան եւ արդյունավետ, միաժամանակ` անկախ եւ հուսալի:

Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետի »դ« ենթակետում առաջարկվող լրացումը Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի ղեկավարին է պարտավորեցնում հանրային լսումների կազմակերպումը, որը միջազգային պրակտիկայում ընդունված կարգ է: Որոշումների կայացման գործընթացում հատկապես հանրային լսումները կնպաստեն հանձնաժողովի, համապատասխան շահեր ունեցող քաղաքացիական խմբերի եւ այդ ոլորտում մասնագիտացած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների արդյունավետ մասնակցությանը:

Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ կետում առաջարկվող լրացումը իրավական հիմքի վրա է սահմանում հանձնաժողովի նախագահի փոխարինելիության բոլոր հնարավոր դեպքերը:

Օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ, 8-րդ եւ 12-րդ կետերում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները նպատակամղված են մասնակցային գործընթացի, տեղեկատվության տրամադրման մատչելիության, երկխոսության, համագործակցության եւ փոխվստահության մթնոլորտում իրականացնել  պետություն, մասնավոր հատված եւ  սպառողների շահեր եռակողմ հավասարակշռումը, ժողովրդավարության ամրապնդումը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների բարելավումը: