Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-0791-15.08.2007,26.12.2007-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների  մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի հոդված 23-ի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«Այն ընկերությունը, որի բաժնետոմսերի հարյուր տոկոսը պատկանում է պետությանը կամ համայնքին` կարող է վերակազմավորվել պետական կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպության»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման

Ներկայումս գործող «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2001թ. հոկտեմբերի 23-ին: Անցած ժամանակահատվածում այն զգալի կարգավորիչ դեր է ունեցել պետական ոչ առեւտրային կազմակերպությունների իրավական կարգավիճակի հստակեցման, դրանց ստեղծման, գործունեության, վերակազմակերպման եւ լուծարման խնդիրներին օրենսդրական լուծումներ ապահովելու, ինչպես նաեւ պետական մարմինների հետ փոխհարաբերությունների հստակեցման առումով: Այդուհանդերձ, օրենքի կիրարկման ընթացքում բացահայտվեցին մի շարք հիմնախնդիրներ, որոնք կապված են ինչպես օրենքում ամրագրված որոշ հիմնարար դրույթների կոնկրետացման ու ճշգրտման հրատապ անհրաժեշտության, այնպես էլ պետական ոչ առեւտրային կազմակերպությունների ինստիտուցիոնալ կառավարման համակարգի լիարժեք գործունեության օրենսդրական հիմքերի ստեղծման ապահովման հետ: Համանման հիմնախնդիրներից են պետական ոչ առեւտրային կազմակերպությունների ստեղծման (վերակազմակերպման) նախապայմանների ամրագրումը, դրանց ծրագրային գործունեության ոլորտների հստակեցումը, կառավարման ինստիտուցիոնալ մարմինների լիազորությունների տարանջատումն ու հստակեցումը եւ այլն:

Միաժամանակ, գործող օրենսդրությունն ըստ էության չի տալիս պետական ոչ առեւտրային կազմակերպությունների հստակ սահմանումը, ինչպես նաեւ չի առաջադրում դրանց գործունեությունը լիովին վերահսկելու մեխանիզմներ:

Վերոգրյալի արդյունքում անհրաժեշտություն է առաջացել «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ:

Բացի այդ, «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է նաեւ ՀՀ կառավարության 2006 թ. մայիսի 11-ի «ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի միջեւ աղքատության կրճատման աջակցության երրորդ վարկի առաջընթացն ապահովելու միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 824-Ա որոշմամբ հաստատված ծրագրի 9-րդ կետի կատարումն ապահովելու նկատառումներով: Նշված կետով նախատեսվել է Համաշխարհային բանկի օժանդակությամբ մշակել եւ ՀՀ կառավարություն ներկայացնել օրենսդրական փոփոխություններ, որոնք պետական ոչ առեւտրային կազմակերպությունների սահմանումը հստակեցնելու, պետական ոչ առեւտրային կազմակերպությունների համապատասխան հաշվետվական կառուցվածքը սահմանելու եւ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության կողմից ՀՀ Ազգային ժողով եւ ՀՀ վերահսկիչ պալատ համախմբված ամփոփ տեղեկատվություն ներկայացնելու իրավական հիմքեր ստեղծելու նպատակ են հետապնդում:

Այդ առումով սույն նախագիծը հիմնականում տալիս է վերը հիշատակված հարցադրումների պատասխանը:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին»  ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասում արդեն իսկ նախատեսված է, որ պետական ոչ առեւտրային կազմակերպությունները կարող են վերակազմակերպվել հարյուր տոկոս պետական մասնակցությամբ ընկերության: