Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-204-08.01.2008-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության (7 հուլիսի 2000 թվականի, ՀՕ-79) օրենքի 7-րդ հոդվածը 1-ին մասից հետո լրացնել 1.1-րդ, 1.2-րդ  եւ 1.3-րդ մասերով` հետեւյալ բովանդակությամբ`

«1.1. Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ապրանքների դրոշմավորման համար ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար հարկային տեսչություն ներկայացվում են՝

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձեւին համապատասխան դիմում՝ 2 օրինակից,

բ) ակցիզային դրոշմանիշերի ձեռքբերման համար վճարված գումարը հաս՟տատող փաստաթղթի պատճեն,

գ) հաշվետվություն` ձեռք բերված ակցիզային դրոշմանիշերի օգտագործման մասին, հարկային մարմնի սահմանած ձեւով.

դ) արտադրողների (ներառյալ  շշալցում իրականացնողների) կողմից  որպես հումք ձեռք բերված սպիրտի ձեռքբերման հաշվարկային փաստաթղթերի պատճենները.

ե) լիցենզիայի եւ տարեկան պետական տուրքի վճարման անդորրագրի ու համապատասխանության սերտիֆիկատի (պարտադիր լինելու դեպքում) պատճենները: Լիցենզիայի եւ տարեկան պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենները կարող են չներկայացվել, եթե դրանք տվյալ տարվա համար մեկ անգամ արդեն ներկայացվել են: Համապատասխանության սերտիֆիկատը գործողության յուրաքանչյուր ժամանակահատվածի համար ներկայացվում է մեկ անգամ: Այս դեպքում սույն կետում նշված փաստաթղթերին կից ներկայացվող գրությունում նշվում են այն գրության ամսաթիվը եւ համարը, որին կից ներկայացվել են այդ պատճենները:

1.2. Ակցիզային դրոշմանիշերը տրամադրվում են սույն  հոդվածի 1.1-րդ մասում նշված փաստաթղթերի եւ արտադրողների մոտ հարկային տեսչությունների կողմից արտադրական կարողությունների ուսումնասիրության վերաբերյալ կազմված  տեղեկանքի հիման վրա: Հարկային տեսչությունն ակցիզային դրոշմանիշերը տրամադրում է բոլոր փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող յոթ աշխատանքային օրվա ընթացքում: Ակցիզային դրոշմանիշեր չեն տրամադրվում, եթե դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ ակցիզային հարկի գծով գերավճարը քիչ է պահանջվող դրոշմանիշերի համար վճարման ենթակա գումարից կամ արտադրական հզորությունները չեն համապատասխանում պահանջվող դրոշմանիշերի քանակին : Այս դեպքում հայտը կարող է բավարարվել մասնակի՝ գերավճարի գումարին կամ արտադրական հզորություններին համապատասխան:

1.3. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել  Հայաստանի Հանրապետությունում արտադրվող ոգելից խմիչքի եւ ծխախոտի արտադրանքի մանրածախ առեւտրի ոլորտում իրացման համար տարաների թույլատրելի չափեր:» :

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից :


Հիմնավորում

«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող եւ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների ակցիզային նոր նմուշի դրոշմանիշերով դրոշմավորման մասին» N662 որոշման մեջ Հայաստանի Հանրապետությունում արտադրվող պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար սահմանված են պարտադրող դրույթներ, որը հակասում է «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին: Նախագծով նախատեսվում է արտադրվող ապրանքների դրոշմավորմանը վերաբերվող պարտադրող պահանջները ամրագրել օրենքով: