Հոդված 1. Օրենքի գործողության ոլորտը
1. Սույն օրենքը կարգավորում է մեխանիկական տրանսպորտային միջոցներով կատարված, տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով (այսուհետ` տեխնիկական միջոցներ) հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները:
2. Սույն օրենքը չի գործում այն դեպքերում, երբ ճանապարհային երթեւեկության կանոնի խախտումը հայտնաբերվել է ոստիկանության ծառայողի կողմից եւ տրանսպորտային միջոցը օրենքով սահմանված կարգով կանգնեցվել է` անկախ խախտումը տեխնիկական միջոցով ամրագրված լինելու հանգամանքից:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում վարչական վարույթը իրականացվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով:
Հոդված 2. Սույն օրենքում օգտագործված հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետեւյալ իմաստները.
1. ճանապարհային երթեւեկության կանոնի խախտում` (այսուհետ`իրավախախտում) տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կատարվող Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով արգելված արարք (գործողություն կամ անգործություն).
2. վարչական ակտի հասցեատեր` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասում նշված անձինք:
3. անհատական կոդ` վարչական ակտում նշվող կոնֆիդենցիալ թվային եւ (կամ) տառային պայմանանշանների հաջորդականություն, որոնք մուտքագրելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության ինտերնետ կայք, վարչական ակտի հասցեատերը կարող է դիտել եւ պատճենահանել իրավախախտումն ամրագրած տեսանյութը:
Հոդված 3. Ապացույցները
Վարչական վարույթի իրավախախտման հատկանիշների պարզման փուլում իրավախախտումը հիմնավորող ապացույցներն են իրավախախտումն ամրագրած տեսանյութը կամ լուսանկարը:
Հոդված 4. Ապացույցները պահպանելը , ապացույցները ծանոթանացման տրամադրելը
1. Ապացույցները վարչական ակտի հետ միասին պահվում են վարչական վարույթի վերաբերյալ գործում:
2. Եթե տեսանյութի կամ լուսանկարի կրիչը ամրագրում է մեկից ավելի իրավախախտումների դեպքեր, ապա այն պահվում է դրանցով իրականացված վարչական վարույթի գործերից մեկում, իսկ վարչական վարույթի գործերը միավորվում եւ համարակալվում են ընդհանուր պահոցում:
3. Տեսանյութի կամ լուսանկարի կրիչը փաթեթավորվում եւ կնիքվում է վարչական մարմնի կնիքով` վարչական ակտի վարչական բողոքարկման օրենքով նախատեսված ժամկետը լրանալուց հետո:
4. Փաթեթի վավերապայմանները սահմանվում են վարչական մարմնի ղեկավարի հրամանով:
5. Վարչական ակտի հասցեատիրոջ կամ նրա լիազոր ներկայացուցչի գրավոր պահանջով վարչական մարմինը նրանց է տրամադրում տեսանյութի պատճենը` դիմումը համապատասխան մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում: Պատճենահանումը կատարվում է դիմումատուի տրամադրած կրիչների վրա:
6. Վարչական ակտի հասցեատերը կամ նրա լիազոր ներկայացուցիչը կարող է տեսանյութի պատճենը տրամադրելու դիմում ներկայացնել` վարչական ակտին իրազեկվելու պահից:
7. Տեսանյութի պատճենը հանձնվում է առձեռն եւ հանձնման փաստն ամրագրվում է արձանագրությամբ, որի ձեւը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:
8. Եթե վարչական ակտի հասցեատերը կամ նրա լիազոր ներկայացուցիչը գրավոր դիմելուց հետո սահմանված ժամկետում չեն ներկայացել վարչական մարմին տեսանյութի պատճենը ստանալու համար, ապա այդ դեպքում վարչական մարմինը կազմում է արձանագրություն, որով փաստվում է նրանց չներկայանալը: Արձանագրության ձեւը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:
9. Հասցեատիրոջ կամ նրա լիազոր ներկայացուցչի չներկայանալը նրանց չի արգելում կրկին դիմել վարչական մարմնին` տեսանյութի պատճենը տրամադրելու խնդրանքով:
10. Վարչական մարմինը պարտավոր է ընդհանուր հիմունքներով տրամադրել տեսանյութի պատճենը, եթե այն սահմանված կարգով չի ոչնչացվել:
11. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը պահպանվում են օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան եւ ենթակա են արխիվացման օրենքով սահմանված կարգով:
Հոդված 5. Վարչական վարույթի փուլերը
Վարչական վարույթը բաղկացած է իրավախախտման հատկանիշների պարզման եւ վարչական ակտի ընդունման փուլերից:
Հոդված 6. Իրավախախտման հատկանիշների պարզումը
1. Իրավախախտման հատկանիշների պարզումը վարույթ իրականացնող անձի կամ վարչական մարմնի իրավասու այլ անձանց կողմից տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների համադրումն է իրավախախտման հատկանիշների հետ:
2. Իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, երբ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների եւ իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած չի հարուցում: Իրավախախտման հատկանիշները պարզվում են 7-օրյա ժամկետում:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմվում:
4. Եթե իրավախախտումը կատարվել է իրավաբանական անձին /պետական մարմնին/ պատկանող տրանսպորտային միջոցով, ապա վարչական ակտի հասցեատիրոջը պարզելու նպատակով վարչական մարմինը գրավոր հարցում է կատարում իրավաբանական անձին /պետական մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձին/:
5. Հարցում ստացած անձը պարտավոր է 5-օրյա ժամկետում վարչական մարմնին գրավոր հայտնել, թե ում է ամրացված տրանսպորտային միջոցը: Գրավոր պատասխանում նշվում են անձի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, բնակության վայրը:
6. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տրանսպորտային միջոցներով կատարված եւ տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ տեսանյութը կամ լուսանկարը իրավախախտման հատկանիշները պարզելուց հետո 3-օրյա ժամկետում վարչական մարմինն ուղարկում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի համակարգում գործող ռազմական ոստիկանություն:
Հոդված 7. Վարչական ակտն ընդունելու, վարչական ակտը հասցեատիրոջը հանձնելու, վարչական ակտի կատարման ժամկետները
1. Վարույթ իրականացնող անձը վարչական ակտը պարտավոր է ընդունել իրավախախտման հատկանիշները պարզելուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում:
2. Վարչական ակտն ընդունելուց հետո եռօրյա ժամկետում այն հանձնվում է վարչական ակտի հասցեատիրոջը:
3. Տուգանք նախատեսող վարչական ակտն ուժի մեջ է մտնում իրազեկման օրվանից եւ վարչական ակտի հասցեատիրոջ կողմից ենթակա է կատարման ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում:
4. Տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկում նախատեսող վարչական ակտի հասցեատերը կամ նրա կողմից լիազորված անձը պարտավոր են իրազեկմանը հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում վարորդական վկայականը հանձնել վարչական մարմնին:
Հոդված 8. Վարչական ակտի առանձնահատկությունները
1. Վարչական ակտը պետք է պարունակի`
1) կենտրոնական գանձապետարանի հաշվեհամարը, որտեղ կարելի է վճարել նշանակված տուգանքը,
2) անհատական կոդը,
3) եթե իրավախախտման փաստն ամրագրվել է լուսանկարահանմամբ, ապա` լուսանկարը,
4) օրենքով սահմանված այլ տվյալներ:
2. Վարչական ակտի ձեւը եւ նմուշը սահմանվում է վարչական մարմնի ղեկավարի հրամանով:
Հոդված 9. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. 2008 թվականի հունիսի 1-ից իրավախախտումն ամրագրած տեսանյութերը վարչական մարմինը տեղակայում է Հայստանի Հանրապետության ոստիկանության ինտերնատային կայքում:
3. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 5-ից 10-րդ մասերն ուժի մեջ են մինչեւ 2008 թվականի հունիսի 1-ը:
4. Անհատական կոդերը վարչական ակտում նշվում են 2008 թվականի հունիսի 1-ից:
ՀՀ կառավարություն