ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի գործողության ոլորտը
1. Սույն օրենքը կարգավորում է մեխանիկական տրանսպորտային միջոցներով կատարված, տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով (այսուհետ` տեխնիկական միջոցներ) հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունները:
2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում, երբ ճանապարհային երթեւեկության կանոնի խախտումը հայտնաբերվել է ոստիկանության ծառայողի կողմից եւ տրանսպորտային միջոցը օրենքով սահմանված կարգով կանգնեցվել է` անկախ խախտումը տեխնիկական միջոցով ամրագրված լինելու հանգամանքից:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում վարչական վարույթը իրականացվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով:
4. Եթե սույն օրենքի կիրառման ընթացքում ծագող հարաբերություններն ուղղակիորեն չեն կարգավորվում սույն օրենքի դրույթներով, ապա այդպիսի հարաբերությունների նկատմամբ կիրառվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի եւ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները:
Հոդված 2. Սույն օրենքում օգտագործված հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետեւյալ իմաստները.
1. ճանապարհային երթեւեկության կանոնի խախտում` (այսուհետ` իրավախախտում) տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կատարվող Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով արգելված արարք (գործողություն կամ անգործություն).
2. վարչական ակտի հասցեատեր` Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 32-րդ հոդվածի 3-րդ մասում նշված անձինք.
3. վարչական մարմին` Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայություն:
4. անհատական ծածկագիր` թվային եւ (կամ) տառային պայմանանշանների հաջորդականություն, որոնք մուտքագրելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության համացանցային կայքէջում, վարչական ակտի հասցեատերը կարող է դիտել եւ պատճենահանել իրավախախտումն ամրագրած տեսանյութը:
ԳԼՈՒԽ 2
ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 3. Ապացույցները
Վարչական վարույթի իրավախախտման հատկանիշների պարզման փուլում իրավախախտումը հիմնավորող ապացույցներն են իրավախախտումն ամրագրած տեսանյութը կամ լուսանկարը:
Հոդված 4. Ապացույցները պահպանելը , ապացույցները ծանոթանացման տրամադրելը
1. Ապացույցները վարչական ակտի հետ միասին պահվում են վարչական վարույթի վերաբերյալ գործում:
2. Եթե տեսանյութի կամ լուսանկարի կրիչը ամրագրում է մեկից ավելի իրավախախտումների դեպքեր, ապա այն պահվում է դրանցով իրականացված վարչական վարույթի գործերից մեկում, իսկ վարչական վարույթի գործերը միավորվում եւ համարակալվում են ընդհանուր պահոցում:
3. Տեսանյութի կամ լուսանկարի կրիչը փաթեթավորվում եւ կնիքվում է վարչական մարմնի կնիքով` վարչական ակտի վարչական բողոքարկման օրենքով նախատեսված ժամկետը լրանալուց հետո:
4. Փաթեթի վավերապայմանները սահմանվում են վարչական մարմնի ղեկավարի հրամանով:
5. Վարչական ակտի հասցեատիրոջ կամ նրա լիազոր ներկայացուցչի գրավոր պահանջով վարչական մարմինը նրանց է տրամադրում տեսանյութի պատճենը` դիմումը համապատասխան մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող երեք օրվա ընթացքում: Պատճենահանումը կատարվում է դիմումատուի տրամադրած կրիչների վրա:
6. Վարչական ակտի հասցեատերը կամ նրա լիազոր ներկայացուցիչը կարող է տեսանյութի պատճենը տրամադրելու դիմում ներկայացնել` վարչական ակտին իրազեկվելու պահից:
7. Տեսանյութի պատճենը հանձնվում է առձեռն եւ հանձնման փաստն ամրագրվում է արձանագրությամբ, որի ձեւը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:
8. Եթե վարչական ակտի հասցեատերը կամ նրա լիազոր ներկայացուցիչը գրավոր դիմելուց հետո սահմանված ժամկետում չեն ներկայացել վարչական մարմին տեսանյութի պատճենը ստանալու համար, ապա այդ դեպքում վարչական մարմնում կազմում է արձանագրություն, որով փաստվում է նրանց չներկայանալը: Արձանագրության ձեւը սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի հրամանով:
9. Հասցեատիրոջ կամ նրա լիազոր ներկայացուցչի չներկայանալը նրանց չի արգելում կրկին դիմել վարչական մարմնին` տեսանյութի պատճենը տրամադրելու խնդրանքով:
10. Վարչական մարմինը պարտավոր է ընդհանուր հիմունքներով տրամադրել տեսանյութի պատճենը, եթե այն սահմանված կարգով չի ոչնչացվել:
11. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը պահպանվում են օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան եւ ենթակա են արխիվացման օրենքով սահմանված կարգով:
12. Իրավախախտումն ամրագրած տեսանյութում կամ լուսանկարում բացի վարչական ակտի հասցեատիրոջից արձանագրված այլ անձանց պատկերները մթնեցվում են եւ վարչական վարույթի վերաբերյալ գործում, Հայաստանի Հանրապետության ոստիկանության համացանցի կայքէջում եւ ընդհանուր պահոցում պահվում են այդ պատկերով:
Հոդված 5. Վարչական վարույթի փուլերը
Վարչական վարույթը բաղկացած է իրավախախտման հատկանիշների պարզման եւ վարչական ակտի ընդունման փուլերից:
Հոդված 6. Իրավախախտման հատկանիշների պարզումը
1. Իրավախախտման հատկանիշների պարզումը վարույթ իրականացնող վարչական մարմնի կողմից տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների համադրումն է իրավախախտման հատկանիշների հետ:
2. Իրավախախտման հատկանիշները համարվում են պարզված, երբ տեսանյութում կամ լուսանկարում ամրագրված արարքի հատկանիշների եւ իրավախախտման հատկանիշների համապատասխանությունը կասկած չի հարուցում: Իրավախախտման հատկանիշները պարզվում են 7-օրյա ժամկետում:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմվում:
4. Եթե իրավախախտումը կատարվել է իրավաբանական անձին (պետական մարմնին) պատկանող տրանսպորտային միջոցով, ապա վարչական ակտի հասցեատիրոջը պարզելու նպատակով վարչական մարմինը գրավոր հարցում է կատարում իրավաբանական անձին (պետական մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձին):
5. Հարցում ստացած անձը պարտավոր է 5-օրյա ժամկետում վարչական մարմնին գրավոր հայտնել, թե ում է ամրացված տրանսպորտային միջոցը: Գրավոր պատասխանում նշվում են անձի անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, բնակության վայրը:
6. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տրանսպորտային միջոցներով կատարված եւ տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ տեսանյութը կամ լուսանկարը իրավախախտման հատկանիշները պարզելուց հետո 3-օրյա ժամկետում վարչական մարմինն ուղարկում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառում պետական լիազոր մարմնի համակարգում գործող ռազմական ոստիկանություն:
Հոդված 7. Վարչական ակտն ընդունելու, վարչական ակտը հասցեատիրոջը հանձնելու, վարչական ակտի կատարման ժամկետները
1. Վարույթ իրականացնող մարմինը վարչական ակտը պարտավոր է ընդունել իրավախախտման հատկանիշները պարզելուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում:
2. Վարչական ակտն ընդունելուց հետո եռօրյա ժամկետում այն հանձնվում է վարչական ակտի հասցեատիրոջը:
3. Տուգանք նախատեսող վարչական ակտն ուժի մեջ է մտնում իրազեկմանը հաջորդող օրվանից եւ վարչական ակտի հասցեատիրոջ կողմից ենթակա է կատարման ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում:
4. Տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկում նախատեսող վարչական ակտի հասցեատերը կամ նրա կողմից լիազորված անձը պարտավոր են իրազեկմանը հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում վարորդական վկայականը հանձնել վարչական մարմնին:
Հոդված 8. Վարչական ակտի առանձնահատկությունները
1. Վարչական ակտը պետք է պարունակի`
1) կենտրոնական գանձապետարանի հաշվեհամարը, որտեղ կարելի է վճարել նշանակված տուգանքը,
2) անհատական ծածկագիր,
3) եթե իրավախախտման փաստն ամրագրվել է լուսանկարահանմամբ, ապա` լուսանկարը,
4) օրենքով սահմանված այլ տվյալներ:
2. Վարչական ակտի ձեւը եւ նմուշը սահմանվում է վարչական մարմնի ղեկավարի հրամանով:
Հոդված 9. Եզրափակիչ մաս
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից: