Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-201-29.12.2007-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԾԽԱԽՈՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՀԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սիգարների, սիգարելաների եւ սիգարետների (այսուհետ՝ ծխախոտի արտադրանք) համար ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի հաշվարկման եւ վճարման կարգը:

Հոդված 2. Օրենքի գործողության շրջանակները

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետություն «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ծխախոտի արտադրանք ներմուծող եւ Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի արտադրանք արտադրող-իրացնող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց վրա (այսուհետ՝ վճարողներ):

2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի արտադրանք արտադրող-իրացնողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից «արտահանում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ծխախոտի արտադրանքի արտահանման-իրացման գործարքների վրա: Այդ գործարքների նկատմամբ կիրառվում են «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ «Ակցիզային հարկի մասին» Հայա ստանի Հանրապետության օրենքի դրույթները:

3. Ծխախոտի արտադրանք ներմուծող ֆիզիկական անձինք վճարող են համարվում 400 հատ սիգարետը կամ սիգարելան եւ 10 հատ սիգարը գերազանցող մասի համար:

Հոդված 3. Ծխախոտի արտադրանքի հարկման չափերը

1. Հայաստանի Հանրապետություն «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ծխախոտի արտադրանքի ներմուծման, ինչպես նաեւ արտադրողների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում ծխախոտի արտադրանքի իրացման դեպքում ավելացված արժեքի հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով:

Սույն մասով սահմանված ավելացված արժեքի հարկի դրույքաչափը հաշվարկվում է «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով որոշվող` ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառությունների նկատմամբ:

2. Տնտեսական գործունեության արդյունքներից անկախ, վճարողները ակցիզային հարկի գումարները հաշվարկում եւ վճարում են հետեւյալ չափերով՝

Ապրանքի ծածկագիրն ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի Ապրանքի անվանումը
Ակցիզային հարկի չափը 1000 հատի համար, դրամ
ներմուծվող
արտադրվող
2402 10 00011 սիգարներ՝ ծխախոտ պարունակող
450000
200000
2402 90 00011 սիգարներ այլ
2402 10 00012 սիգարելաներ՝ ծխախոտ պարունակող
11000
8000
2402 90 00012 սիգարելաներ՝ այլ
2402 20 90011 սիգարետներ՝ ծխախոտ պարունակող ֆիլտրով
3250
2000
2402 20 10011 սիգարետներ մեխակ պարունակող, ֆիլտրով
2402 90 00013 սիգարետներ՝ այլ,ֆիլտրով
2402 20 90012 սիգարետներ՝ ծխախոտ պարունակող, առանց ֆիլտրի
1900
1200
2402 20 10012 սիգարետներ՝ մեխակ պարունակող, առանց ֆիլտրի
2402 90 00014 սիգարետներ՝ այլ, առանց ֆիլտրի

Հոդված 4. Հաշվառումը

1. Հայաստանի Հանրապետությունում ներմուծողների կողմից ծխախոտի արտադրանքի հետագա իրացումը, ինչպես նաեւ ծխախոտի արտադրանք արտադրող-իրացնող չհանդիսացող (վճարող չհամարվող) անձանց կողմից ծխախոտի արտադրանքի իրացումն ազատվում է ավելացված արժեքի հարկից:

2. Վճարողները՝

ա) ծխախոտի արտադրանքի ներմուծման եւ Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի արտադրանքի արտադրության-իրացման մասով հաշվարկում եւ վճարում են օրենսդրությամբ սահմանված այլ հարկերը եւ պարտադիր այլ վճարները.

բ) օրենսդրությամբ սահմանված դեպքերում, կարգով եւ ժամկետներում իրենց գրանցման վայրի հարկային մարմիններին են ներկայացնում սահմանված ձեւի համապատասխան տեղեկություններ.

գ) Հայաստանի Հանրապետությունում արտադրված ծխախոտի արտադրանքի մասով սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարներից «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հաշվանցում են ծխախոտի արտադրանքի արտադրության գծով ձեռքբերված ապրանքների եւ ստացված ծառայությունների դիմաց մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ավելացված արժեքի հարկի գումարները:

3. Վճարողների համար ծխախոտի արտադրանքի ներմուծման, արտադրության եւ իրացման մասով կասեցվում են ավելացված արժեքի հարկի ու ակցիզային հարկի գծով օրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունները:

4. Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի արտադրանք արտադրող-իրացնող վճարողները Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի արտադրանքի իրացման մասով ավելացված արժեքի հարկի հարկային հաշիվներ դուրս են գրում օրենքով սահմանված կարգով:

5. Հայաստանի Հանրապետություն ծխախոտի արտադրանք ներմուծող վճարողները, ինչպես նաեւ սույն օրենքի համաձայն վճարող չհամարվող՝ հանրապետության տարածքում ծխախոտի արտադրանք իրացնող անձինք Հայաստանի Հանրապետություն ներմուծված եւ Հայաստանի Հանրապետությունում արտադրված ծխախոտի արտադրանքի իրացման գծով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում ավելացված արժեքի հարկի դրույքաչափի եւ գումարի նշում չեն կատարում: Հարկի գումարի առանձնացման դեպքում այն ներառվում է ավելացված արժեքի հարկի հաշվարկում որպես ավելացված արժեքի հարկի գծով պարտավորություն եւ վճարվում է պետական բյուջե` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

6. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված անձինք Հայաստանի Հանրապետության տարածքում ծխախոտի արտադրանքի իրացման գծով ապրանքների (շրջանառության ծախքերին վերաբերող նյութական ռեսուրսների, վառելիքի, աշխատանքների եւ ծառայությունների) դիմաց վճարված ավելացված արժեքի հարկի գումարները միացնում են ապրանքների ձեռքբերման արժեքին (շրջանառության ծաղքերին)՝ իրացման ընդհանուր շրջանառության մեջ ծխախոտի արտադրանքի իրացման շրջանառության տեսակարար կշռին համապատասխանող չափով:

Հոդված 5. Հաշվարկների ներկայացումը եւ հարկերի վճարումը

1. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ծխախոտի արտադրանքի համար սույն օրենքով սահմանված հարկերը վճարվում են ներմուծման օրվանից տասն օրվա ընթացքում: Սույն կետով նշված դեպքում վճարողները հարկային մարմիններին ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի հաշվարկներ չեն ներկայացնում:

2. Հանրապետությունում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար ավելացված արժեքի հարկը եւ ակցիզային հարկը վճարվում է յուրաքանչյուր ամսվա արդյունքներով: Ավելացված արժեքի հարկը վճարվում է մինչեւ յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, իսկ ակցիզային հարկը` մինչեւ յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 15-ը ներառյալ: Վճարողներն այդ ժամկետներում օրենքով սահմանված ընդհանուր կարգով իրենց գրանցման վայրի հարկային մարմնին են ներկայացնում ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի հաշվարկներ:

Հոդված 6. Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական-նորմատիվ ակտերը

Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական-նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը՝ համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության հետ:

Հոդված 7. Օրենքի խախտումների համար պատասխանատվությունը

Սույն օրենքի խախտումներն առաջացնում են պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 8. Օրենքն ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից 2000 թվականի մարտի 24-ին ընդունված «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-40 օրենքը: