Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-2022-29.12.2007-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 հոկտեմբերի 1996 թվական, ՀՕ-80) 5-րդ հոդվածը լրացնել 2-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.

2. «Ակտիվների արժեթղթավորման եւ ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված Արժեթղթավորման հիմնադրամը, Արժեթղթավորման հիմնադրամի կառավարիչը, Վաճառողը, Սպասարկողը, ինչպես նաեւ Արժեթղթավորման հիմնադրամին արժեթղթավորման կապակցությամբ ծառայություններ մատուցող այլ անձինք չեն համարվում երրորդ անձինք:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակվել են «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» ՀՀ օրենքի եւ «Ակտիվների արժեթղթավորման եւ ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» ՀՀ օրենքի նախագծերը: Վերջիններս մշակվել են Վերականգնման վարկերի բանկ (KFW)- Central Bank of Armenia Mortgage Loan Refinancing Project-ի փորձագետների կողմից, իսկ տեղայնացման նպատակով լրամշակվել Կենտրոնական բանկի կողմից:

«Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» եւ «Ակտիվների արժեթղթավորման եւ ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» ՀՀ օրենքների նախագծերը նախատեսում են պահանջի իրավունքի գրավով ապահովված արժեթղթերի թողարկման երկու մեխանիզմներ:

Սույն նախագծերի ընդունումը հիմք կհանդիսանա ՀՀ-ում հիփոթեքային երկրորդային շուկայի ձեւավորման համար՝ հիփոթեքային վարկերի արժեթղթավորման միջոցով: Միաժամանակ ՀՀ ֆինանսական շուկայում կհայտնվեն նոր ֆինանսական գործիքներ՝ ապահովված հիփոթեքային պարտատոմսեր եւ ակտիվներով ապահովված արժեթղթեր, որոնք հանդիսանում են բավականին գրավիչ գործիքներ այնպիսի ներդրողների համար, ինչպիսիք են կենսաթոշակային հիմնադրամները (որոնց ստեղծումը իրականացվելու է ՀՀ-ում կենսաթոշակային բարեփոխումների շրջանակում) եւ ապահովագրական ընկերությունները: Միաժամանակ, դա իր հերթին բանկերին եւ վարկային կազմակերպություններին հնարավորություն կընձեռնի կապիտալի շուկայից ներգրավել երկարաժամկետ ֆինանսական միջոցներ, որոնք կուղղվեն հիփոթեքային վարկավորմանը: Արդյունքում հիփոթեքային վարկերը կդառնան ավելի երկարաժամկետ, տոկոսադրուքները կնվազեն եւ դրանք կդառնան հասանելի բնակչության ավելի լայն խավերի համար: Օրենքների ընդունումը նախատեսում է լրացումներ եւ փոփոխություններ մի շարք այլ օրենքներում: Դրանք են «Բանկային գաղտնիքի մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին»,  «Հիմնադրամների մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին», «Սնանկության մասին», «Պետական տուրքի մասին», «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին», ««Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը: