Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-2029-29.12.2007-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայստանի Հանրապետության օրենքի (30 հունիսի 1996 թվական, ՀՕ-68) 74-րդ հոդվածի 2-րդ կետում «լիազորությունները» բառից հետո լրացնել հետեւյալ բառերով. «բացառությամբ այն դեպքերի, երբ բանկը «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հիփոթեքային պարտատոմս թողարկող է եւ նրա նկատմամբ նշանակվել է Հիփոթեքային կառավարիչ:»:

Հոդված 2. Օրենքի 75-րդ հոդվածի 3-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Կենտրոնական բանկի կողմից բանկի նկատմամբ «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Հիփոթեքային կառավարիչ նշանակելու  պահից Հիփոթեքային կառավարչին են անցնում բանկի կամ վարկային կազմակերպության ապահովված հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների եւ դրանց ապահովման միջոցների կառավարումը:

«Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովված հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունները եւ դրանց ապահովման միջոցները այլ թողարկողի չփոխանցելու դեպքում Հիփոթեքային կառավարիչը իրականացնում է սույն օրենքով լուծարային կառավարչին վերապահված բոլոր լիազորությունները՝ բանկի՝ ապահովված հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների եւ դրանց ապահովման միջոցների  մասով:»:

Հոդված 3. Օրենքի 74-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Ապահովված հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունները եւ դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվները չեն ընդգրկվում լուծարային կառավարչի կազմած եւ հաստատած լուծարային հաշվեկշռում:

Հիփոթեքային կառավարիչը հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների եւ դրանց ապահովման միջոց հանդիսացող ակտիվների համար  կազմում, հաստատում եւ հրապարակում է առանձին հաշվեկշիռ:»:

Հոդված 4. Օրենքի 75.1-րդ հոդվածը լրացնել նոր՝ 2.1. կետով նոր պարբերությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«2.1. Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերի պահանջները ամբողջությամբ բավարարվում են ապահովման միջոցների ռեգիստրում գրանցված ակտիվների հաշվին: Ապահովման միջոցների ռեգիստրում գրանցված ակտիվների գրավի առարկայի իրացումը կատարվում է բացառապես ապահովված հիփոթեքային պարտատոմսերի եւ ռեգիստրում գրանցված ածանցյալ արժեթղթերի  գծով պարտատերերի պահանջների կատարման նպատակով:

Երբ ապահովված հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերի պահանջները ամբողջությամբ չեն բավարարվել, ապա վերջիններս պահպանում են ապահովման միջոց հանդիսացող ակտիվներից առաջնահերթության կարգով վճարում ստանալու իրավունքը: Բանկի մնացորդային ակտիվների նկատմամբ լուծարման գործընթացի ժամանակ ապահովված հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերը կարող են դրանց նկատմամբ իրենց պահանջները ներկայացնել միայն չկատարված պարտավորությունների գումարների չափով` որպես գրավով ապահովված պարտավորություն՝ արտահերթ:

Բանկի լուծարային հանձնաժողովը կարող է հիփոթեքային կառավարչից ցանկացած ժամանակ պահանջել վերադարձնել այն ակտիվները, որոնք մնացել են ապահովված հիփոթեքային պարտատոմսերի գծով պահանջների բավարարումից հետո: Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մարումից եւ կառավարման ծախսերի փոխհատուցումից հետո մնացած ակտիվները վերադարձվում են թողարկողին եւ ներառվում լուծարային միջոցների հաշվեկշռում:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակվել են «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» ՀՀ օրենքի եւ «Ակտիվների արժեթղթավորման եւ ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» ՀՀ օրենքի նախագծերը: Վերջիններս մշակվել են Վերականգնման վարկերի բանկ (KFW)- Central Bank of Armenia Mortgage Loan Refinancing Project-ի փորձագետների կողմից, իսկ տեղայնացման նպատակով լրամշակվել Կենտրոնական բանկի կողմից:

«Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի մասին» եւ «Ակտիվների արժեթղթավորման եւ ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» ՀՀ օրենքների նախագծերը նախատեսում են պահանջի իրավունքի գրավով ապահովված արժեթղթերի թողարկման երկու մեխանիզմներ:

Սույն նախագծերի ընդունումը հիմք կհանդիսանա ՀՀ-ում հիփոթեքային երկրորդային շուկայի ձեւավորման համար՝ հիփոթեքային վարկերի արժեթղթավորման միջոցով: Միաժամանակ ՀՀ ֆինանսական շուկայում կհայտնվեն նոր ֆինանսական գործիքներ՝ ապահովված հիփոթեքային պարտատոմսեր եւ ակտիվներով ապահովված արժեթղթեր, որոնք հանդիսանում են բավականին գրավիչ գործիքներ այնպիսի ներդրողների համար, ինչպիսիք են կենսաթոշակային հիմնադրամները (որոնց ստեղծումը իրականացվելու է ՀՀ-ում կենսաթոշակային բարեփոխումների շրջանակում) եւ ապահովագրական ընկերությունները: Միաժամանակ, դա իր հերթին բանկերին եւ վարկային կազմակերպություններին հնարավորություն կընձեռնի կապիտալի շուկայից ներգրավել երկարաժամկետ ֆինանսական միջոցներ, որոնք կուղղվեն հիփոթեքային վարկավորմանը: Արդյունքում հիփոթեքային վարկերը կդառնան ավելի երկարաժամկետ, տոկոսադրուքները կնվազեն եւ դրանք կդառնան հասանելի բնակչության ավելի լայն խավերի համար: Օրենքների ընդունումը նախատեսում է լրացումներ եւ փոփոխություններ մի շարք այլ օրենքներում: Դրանք են «Բանկային գաղտնիքի մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին»,  «Հիմնադրամների մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին», «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին», «Բանկերի, վարկային կազմակերպությունների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին», «Սնանկության մասին», «Պետական տուրքի մասին», «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին», ««Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը: