Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-212-29.01.2008-ՏՀ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԳՅՈՒՏԵՐԻ, ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼՆԵՐԻ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ I. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի նպատակները

Սույն օրենքը կարգավորում է գյուտի, օգտակար մոդելի եւ արդյունաբերական նմուշի ստեղծման, իրավական պահպանության եւ օգտագործման հետ կապված գույքային եւ անձնական՝ ոչ գույքային հարաբերությունները:

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հասկացությունները

Սույն օրենքի իմաստով օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

Փարիզյան կոնվենցիա՝ Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան կոնվենցիա՝ ստորագրված 1883 թվականի մարտի 20-ին՝ հետագա բոլոր փոփոխություններով եւ լրացումներով,

ՄՍՀԿ՝ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպություն,

ԱՀՊ՝  Արտոնագրային համագործակցության մասին պայմանագիր (PCT), որն ստորագրված է 1970 թվականի հունիսի 19-ին  ԱՀՊ հրահանգի եւ այդ պայմանագրին կից Վարչական հրահանգի հետ միասին՝ հետագա բոլոր փոփոխություններով եւ լրացումներով,

Եվրասիական կոնվենցիա՝  Եվրասիական արտոնագրային կոնվենցիա, որն ստորագրված է 1994 թվականի սեպտեմբերի 9-ին Մոսկվայում,

TRIPS համաձայնագիր՝ Մտավոր սեփականության իրավունքների՝ առեւտրին առնչվող հայեցակետերի մասին համաձայնագիր, որն ստորագրված է 1994 թվականի ապրիլի 15-ին Մարաքեշում,

Լոկառնոյի համաձայնագիր՝ Արդյունաբերական նմուշների միջազգային դասակարգումը հիմնադրող Լոկառնոյի համաձայնագիր, որն ստորագրված է Լոկառնոյում 1968 թվականի հոկտեմբերի 8-ին,

Արդյունաբերական նմուշների միջազգային գրանցման մասին Հաագայի համաձայնագրի ժնեւյան ակտ՝  Արդյունաբերական նմուշների միջազգային ավանդադրման մասին Հաագայի համաձայնագիր, որը 1999 թվականի հուլիսի 2-ին Ժնեւում վերանվանված է «Արդյունաբերական նմուշների միջազգային գրանցման մասին Հաագայի համաձայնագրի»,

Արդյունաբերական սեփականության օբյեկտ՝  գյուտ, օգտակար մոդել եւ արդյունաբերական նմուշ,

Պետական լիազոր մարմին ՝ պետական մարմին, որը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված է իրականացնելու արդյունաբերական սեփականության պահպանական փաստաթղթեր (արտոնագրեր եւ վկայագրեր)  տալու հետ կապված, ինչպես նաեւ  սույն օրենքով եւ իր կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ,

Հայտատու՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, կազմակերպություն, ում անունով խնդրարկվում է գյուտի կամ օգտակար մոդելի արտոնագիրը կամ արդյունաբերական նմուշի վկայագիրը,

Իրավատեր՝  անձ, ում անունով տրված է գյուտի կամ օգտակար մոդելի արտոնագիրը կամ գրանցված է արդյունաբերական նմուշը (բացառիկ իրավունքի իրավատերը),

Հայտ՝ գյուտի, օգտակար մոդելի արտոնագիր կամ արդյունաբերական նմուշի վկայագիր ստանալու հայտ,

Միջազգային հայտ՝ հայտ, որը ներկայացված է Արտոնագրային համագործակցության մասին (ԱՀՊ) պայմանագրի համաձայն, որով հայտատուի կողմից պետական լիազոր մարմնի նկատմամբ կատարվել են նշված պայմանագրի 22-րդ հոդվածով նախատեսված գործողությունները,

Եվրասիական հայտ ՝ եվրասիական արտոնագիր ստանալու հայտ, որը ներկայացված է Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի 15(1)-րդ հոդվածի համաձայն,

Ներկայացուցիչ ՝ անձ, որը լիազորված է պետական լիազոր մարմնում ներկայացնելու հայտատուին, իրավատիրոջը կամ այլ շահագրգիռ անձի,

Թվական՝  օր, ամիս, տարի

mutatis mutandis - համապատասխան փոփոխություններով,

Ազգային փուլ՝ միջազգային հայտի քննարկումը  ազգային օրենսդրությանը համապատասխան։

Հոդված 3. Արդյունաբերական սեփականության օբյեկտների մասին օրենսդրությունը

1. Արդյունաբերական սեփականության օբյեկտների մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից եւ այլ իրավական ակտերից:

2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 4. Ազգային մոտեցումը

1. Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ, միջազգային պայմանագրերին համապատասխան, կամ փոխադարձության սկզբունքով, օտարերկրյա ֆիզիկական եւ իրավաբանական անձինք օգտվում են սույն օրենքով նախատեսված իրավունքներից եւ կրում են պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց համահավասար:

2. Փոխադարձության սկզբունքից օգտվելու համար փոխադարձության առկայությունն ապացուցում է դրանից օգտվել ցանկացող անձը:

Հոդված 5. Պետական լիազոր մարմինը

1. Պետական լիազոր մարմնի հիմնական գործառույթներն են.

1) արդյունաբերական սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքներ ձեռք բերելու կամ դրանք գրանցելու հայտերի ընդունումը,

2) արտոնագրերի եւ վկայագրերի տրման եւ դրանց գրանցման հետ կապված գործընթացների անցկացումը,

3) արդյունաբերական սեփականության օբյեկտների գրանցամատյանների եւ սույն օրենքով նախատեսված այլ գրանցամատյանների վարումը եւ պահպանումը,

4) արդյունաբերական սեփականության իրավունքներին վերաբերող  համապատասխան տեղեկատվական ծառայությունների ապահովումը,

5) մտավոր սեփականության բնագավառում օտարերկրյա եւ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետությունը ներկայացնելը,

6) ԱՀՊ պայմանագրի ընթացակարգով ներկայացվող միջազգային եւ Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի ընթացակարգով ներկայացվող եվրասիական հայտերի համար որպես ստացող պետական մարմին հանդես գալը,

7) իր իրավասությունների շրջանակներում այլ գործառույթների իրականացումը:

2. Պետական լիազոր մարմինն ունի պաշտոնական տեղեկագիր, որի մեջ հրապարակում է տեղեկություններ գյուտերի եւ օգտակար մոդելների տրված արտոնագրերի, գրանցված արդյունաբերական նմուշների վկայագրերի մասին, ինչպես նաեւ իր գործունեությանը վերաբերող այլ տեղեկություններ։

3. Սույն օրենքի համաձայն պետական լիազոր մարմինը սահմանում է կանոններ, կարգեր եւ այլ  իրավական ակտեր, որոնք վերաբերում են արդյունաբերական սեփականության իրավունքների ձեռքբերմանը կամ գրանցմանը (այդ թվում՝ իրավունքների փոխանցման եւ լիցենզային պայմանագրերով) եւ դրանց պահպանմանը, գրանցամատյանների վարմանը եւ պահպանմանը, տեղեկությունների հրապարակմանը ու փոխանակմանը, ինչպես նաեւ հավատարմատարների որոկովորման քննությունների անցկացմանն ու գրանցմանը։

4. Պետական լիազոր մարմինն ունի բողոքարկման խորհուրդ, որը իր կողմից հաստատված կարգով լուծում է արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պահպանության հետ կապված վիճելի հարցերը եւ որի որոշումը համարվում է պետական լիազոր մարմնի վերջնական որոշում: Բողոքարկման խորհուրդը  գործում է պետական լիազոր մարմնի հաստատած կանոնադրության հիման վրա:

Հոդված 6. Տեղեկատվություն հանրության համար

1. Պետական լիազոր մարմինը թույլատրում է ցանկացած անձի ուսումնասիրել հայտերին վերաբերող փաստաթղթերը եւ ծանոթանալ ձեռք բերված կամ գրանցված իրավունքներին վերաբերող նյութերին, բացառությամբ սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

2. Ցանկացած անձի դիմումի հիման վրա, համապատասխան պետական տուրքի վճարման դեպքում, պետական լիազոր մարմինը տեղեկատվություն է տրամադրում տեխնիկայի մակարդակի մասին,  ինչպես նաեւ իրականացնում է այլ ծառայություններ տեղեկատվության եւ փաստաթղթագրության բնագավառում։

Հոդված 7. Հայտերի գործավարության գաղտնիությունը

1. Պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններ պարունակող գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների գաղտնիության աստիճանի որոշումը, դրանց օգտագործումը եւ դրանց մասին տեղեկությունների հրապարակումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

2. Մինչեւ պետական լիազոր մարմնի պաշտոնական տեղեկագրում  գյուտերի, օգտակար մոդելների տրված արտոնագրերի  կամ գրանցված արդյունաբերական նմուշների մասին տեղեկությունների հրապարակումը, դրանց հայտերի նյութերը համարվում են գաղտնի։

3. Գաղտնի համարվող հայտերի նյութերը ծանոթացման համար դառնում են մատչելի միայն հայտատուի համաձայնությամբ կամ թույլտվությամբ, կամ դատական մարմինների համար՝ համապատասխան հարցման դեպքում ։ Ընդ որում, նյութերը համարվում են ծանոթացման համար մատչելի, եթե դրանց հնարավոր է ծանոթանալ ցանկացած թույլատրված միջոցով, այդ թվում՝ անմիջական հաղորդակցման կամ սովորական հրապարակման միջոցով։

4. Ցանկացած անձ, ով կարող է ապացուցել, որ հայտատուն իրեն գրավոր տեղեկացրել է հայտի եւ խնդրարկվող իրավական ծավալի մասին, առանց հայտատուի համաձայնության, կարող է ծանոթանալ գաղտնի համարվող նյութերին։

5. Եթե կենսաբանական նյութին վերաբերող գյուտի հայտը մերժվում կամ հետ է կանչվում, հայտատուի խնդրանքով ավանդադրված կենսաբանական նյութը երրորդ անձանց համար դառնում է մատչելի հայտի ներկայացման թվականից սկսած քսան տարի հետո:

6. Մինչեւ պաշտոնական տեղեկագրում հայտի մասին տեղեկությունների հրապարակումը,  պետական լիազոր մարմինը կարող է հրապարակել կամ երրորդ անձանց տրամադրել հետեւյալ տվյալները.

1) հայտի համարը,

2) հայտի ներկայացման թվականը, իսկ  առաջնություն խնդրարկելու դեպքում՝ նաեւ առաջին հայտի ներկայացման թվականը, համարը եւ երկիրը,

3) հայտատուին վերաբերող տվյալները (եթե ֆիզիկական անձ է՝ անունը, ազգանունը, բնակության վայրը, եթե իրավաբանական անձ է՝ պաշտոնական անվանումը, գտնվելու վայրը),

4) արդյունաբերական սեփականության օբյեկտի անվանումը, եթե այն չի բացահայտում տվյալ օբյեկտի էությունը։

Հոդված 8. Պետական տուրքերը

Սույն օրենքի համաձայն իրավունքների ձեռքբերման եւ պահպանման հետ կապված  գործողություններ կատարելու համար գանձվում են պետական տուրքեր: Պետական տուրքերի տեսակները, դրանց չափերն ու վճարման ժամկետները, պետական տուրքերի չափերը նվազեցնելը կամ վերադարձնելը, պետական տուրքից ազատվելու հիմքերը եւ կարգը սահմանվում են օրենքով:
 

ԳԼՈՒԽ 2. ԳՅՈՒՏԻ ԵՒ ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 9. Գյուտի արտոնագրաունակության պայմանները

Սույն օրենքի իմաստով՝ որպես գյուտ պահպանվում է ցանկացած բնագավառի տեխնիկական լուծում, որը վերաբերում է արտադրանքին (մասնավորապես՝ սարքին, նյութին, կենսատեխնոլոգիական արգասիքին) կամ եղանակին (նյութական միջոցների օգնությամբ նյութական օբյեկտի վրա գործողությունների իրականացման գործընթացին)։ Գյուտը ենթակա է իրավական պահպանության, եթե այն նոր է, ունի գյուտարարական մակարդակ եւ արդյունաբերորեն կիրառելի է (գյուտի արտոնագրաունակության պայմաններ):

Հոդված 10. Բացառություններ իրավական պահպանությունից

1. Սույն օրենքի 9-րդ հոդվածի իմաստով իրավական պահպանության ենթակա չեն, մասնավորապես՝

1) գիտական  հայտնագործությունները.

2) գիտական տեսությունները, մաթեմատիկական մեթոդները, տեղեկատվության սովորական տրամադրումը.

3) տնտեսության կազմակերպման եւ ղեկավարման եղանակները.

4) պայմանական նշանները, կարգացուցակները եւ կանոնները.

5) մտավոր գործունեության եղանակները.

6) հաշվիչ մեքենաների ալգորիթմները.

7) կառույցների, շենքերի ու տարածքների հատակագծերի սխեմաները եւ նախագծերը.

8) իրի արտաքին տեսքին վերաբերող այն լուծումները, որոնք ունեն միայն գեղագիտական նշանակություն.

9) ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաները։

2. Իրավական պահպանության ենթակա չեն այն գյուտերը, որոնց օգտագործումը հակասում է հասարակության շահերին, մարդասիրության եւ բարոյականության սկզբունքներին։

3. Սույն օրենքի իմաստով արտոնագրաունակ գյուտեր չեն համարվում՝

1) բույսերի տեսակները եւ կենդանիների ցեղատեսակները, ինչպես նաեւ դրանց ստացման բնական կենսաբանական եղանակները.

2) մարդու կլոնավորման եղանակները.

3) արդյունաբերական կամ առեւտրային նպատակներով մարդու էմբրիոնների օգտագործումը.

4) մարդու սաղմի բջիջների գենետիկական նույնականության ձեւափոխման եղանակները.

5) կենդանիների գենետիկական նույնականության ձեւափոխման եղանակները, ինչպես նաեւ այդպիսի եղանակով ստացված կենդանին.

Հոդված 11. Նորությունը

1. Գյուտը նոր է, եթե դա տեխնիկայի մակարդակի առանձին մաս չէ:

2. Տեխնիկայի մակարդակը ներառում է մինչեւ տվյալ գյուտի առաջնության թվականն աշխարհում բանավոր կամ գրավոր բացահայտման, կամ ցանկացած այլ միջոցով հանրամատչելի դարձած տեխնիկայի տվյալ բնագավառի լուծումների (առանձին մասերի) վերաբերյալ ցանկացած տեղեկություն: Հանրամատչելի են համարվում տեղեկատվության այն աղբյուրների մեջ բերված տեղեկությունները, որոնց բովանդակությանը ցանկացած անձ կարող է ծանոթանալ անմիջականորեն կամ դրա մասին ծանուցվել օրինական ճանապարհով, ընդ որում  բաց օգտագործմամբ հանրամատչելի դարձած լուծումները ներառվում են տեխնիկայի մակարդակում, եթե այդպիսի օգտագործումն իրականացվել է Հայաստանի Հանրապետությունում։

3. Տեխնիկայի մակարդակը ներառում է նաեւ պետական լիազոր մարմին ներկայացված հայտերով բացահայտված ավելի վաղ առաջնությամբ գյուտերի եւ օգտակար մոդելների էությունը՝ պայմանով, որ տվյալ հայտերը կամ դրանց հիման վրա տրված արտոնագրերը պետական լիազոր մարմինը կհրապարակի հետագայում:

Հոդված 12. Արտոնագրմանը չխոչընդոտող գյուտի էության հրապարակային բացահայտումը

Սույն օրենքի 11-րդ հոդվածի նպատակներով, գյուտի էության բացահայտումը հաշվի չի առնվում, եթե դա տեղի է ունեցել գյուտի հայտը ներկայացնելուն նախորդող, իսկ ավելի վաղ առաջնություն պահանջելու դեպքում՝ այդ առաջնության թվականին նախորդող տասներկու ամսվա ընթացքում՝ հեղինակի (հայտատուի) կամ գյուտի էության մասին նրանից ուղղակիորեն կամ անուղղակի տեղեկություն ստացած անձի կողմից (այդ հանգամանքը պետք է ապացուցի հայտատուն)։

Հոդված 13. Գյուտարարական մակարդակը

1. Գյուտն ունի գյուտարարական մակարդակ, եթե տվյալ բնագավառի մասնագետի համար դա ակնհայտորեն չի բխում սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասում նշված տեխնիկայի մակարդակից:

2. Եթե սույն օրենքի  11-րդ հոդվածի 3-րդ մասի  համաձայն տեխնիկայի մակարդակը ներառում է նաեւ չհրապակված հայտեր, ապա գյուտարարական մակարդակն ստուգելիս  դրանք հաշվի չեն առնվում։

3. Եթե հայտ ներկայացնելուց հետո, բայց մինչեւ դրա հրապարակումը, նույն գյուտի համար հայտատուն ներկայացնում է մեկ այլ հայտ, ապա երկրորդ հայտով գյուտարարական մակարդակը որոշելու համար առաջին հայտը հաշվի չի առնվում։

Հոդված 14. Արդյունաբերորեն կիրառելիությունը

Գյուտն արդյունաբերորեն կիրառելի է, եթե այն կարող է օգտագործվել արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության եւ այլ ոլորտներում:

Հոդված 15. Օգտակար մոդելի արտոնագրաունակության պայմանները

1. Որպես օգտակար մոդել՝  օրենքով սահմանված կարգով պահպանվում է նոր եւ արդյունաբերորեն կիրառելի այն լուծումը, որը վերաբերում է արտադրանքին (մասնավորապես՝ սարքին, նյութին) կամ եղանակին  (օգտակար մոդելի արտոնագրաունակության պայմաններ)։

2. Օգտակար մոդելը նոր է, եթե դա տեխնիկայի մակարդակի առանձին մաս չէ:

3. Տեխնիկայի մակարդակը որոշվում է մինչեւ օգտակար մոդելի առաջնության թվականը ներկայացված օգտակար մոդելի հետ նույնանշանակ միջոցների մասին աշխարհում հրապարակված հանրամատչելի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում այդպիսի միջոցների կիրառման մասին տեղեկություններով: Տեխնիկայի մակարդակը ներառում է նաեւ պետական լիազոր մարմին ներկայացված հայտերով բացահայտված ավելի վաղ առաջնությամբ գյուտերի եւ օգտակար մոդելների էությունը՝  պայմանով, որ տվյալ հայտերը կամ դրանց հիման վրա տրված արտոնագրերը պետական լիազոր մարմինը կհրապարակի հետագայում:

4. Արտոնագրաունակ օգտակար մոդելներ չեն համարվում՝

1) կենսաբանական նյութին վերաբերող տեխնիկական լուծումները,

2) քիմիական կամ դեղագործական նյութերին կամ եղանակներին վերաբերող տեխնիկական լուծումները, ինչպես նաեւ՝ մարդու եւ կենդանիների բուժման եղանակները

3) սույն օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում նշված օբյեկտները։

3. Սույն օրենքի դրույթները, որոնք վերաբերում են գյուտերին, օգտակար մոդելների նկատմամբ կիրառվում են mutatis mutandis, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ։

Հոդված 16. Արտոնագրից բխող բացառիկ իրավունքը

1. Գյուտի կամ օգտակար մոդելի արտոնագրով արտոնագրատիրոջը բացառիկ իրավունք է տրվում արտոնագրված օբյեկտն օգտագործել իր հայեցողությամբ, եթե դա չի խախտում այլ արտոնագրատերերի իրավունքները, ինչպես նաեւ երրորդ անձանց արգելելու՝

1) եթե արտոնագրի առարկան արտադրանք է՝ առանց իր թույլտվության պատրաստել, օգտագործել, առաջարկել վաճառքի, վաճառել կամ այդ նպատակներով ներմուծել այդ արտադրանքը,

2) եթե արտոնագրի առարկան եղանակ է՝ առանց իր թույլտվության օգտագործել այդ եղանակը եւ այդ եղանակով անմիջականորեն ստացված արտադրանքի կիրառումը, ներմուծումը, վաճառքի առաջարկությունը, վաճառքը եւ այլ ձեւով քաղաքացիական շրջանառության մեջ մտցնելը։

2. Արտադրանքի ստացման եղանակի արտոնագրի գործողությունը տարածվում է նաեւ անմիջականորեն այդ եղանակով ստացված արտադրանքի վրա: Ընդ որում, արտադրանքը համարվում է արտոնագրված եղանակով ստացված, եթե ապացուցված չէ, որ դա ստացվել է այլ եղանակով: Այս դեպքում ապացուցման պարտավորությունը դրվում է պատասխանողի վրա, եթե արտոնագրված եղանակով ստացված արտադրանքը նոր է:

3. Արտոնագրից բխող իրավական պահպանության ծավալը որոշվում է հավակնության սահմանման ծավալով։ Գյուտի, օգտակար մոդելի նկարագրությունը եւ գծագրերը  օգտագործվում են հավակնության սահմանման մեկնաբանման համար։

Հոդված 17. Արտոնագրից բխող բացառիկ իրավունքի խախտում չհամարվող գործողությունները

Սույն օրենքի 16-րդ հոդվածում նշված արտոնագրատիրոջ բացառիկ իրավունքի խախտում չի համարվում արտոնագրով պահպանվող գյուտի, օգտակար մոդելի օգտագործումը՝

1) անձնական կարիքների համար` առանց եկամուտ ստանալու նպատակի.

2) որպես գիտափորձի կամ գիտական հետազոտության առարկա.

3) բժշկի դեղատոմսով դեղատներում դեղորայքի միանգամյա պատրաստման դեպքում.

4) այլ պետությանը պատկանող եւ պատահաբար կամ ժամանակավորապես Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ցանկացած փոխադրամիջոցի վրա, եթե դա պայմանավորված է բացառապես փոխադրամիջոցի կարիքներով  եւ փոխադրամիջոցը պատկանում է այն պետության քաղաքացիներին եւ (կամ) իրավաբանական անձանց, որը նույնպիսի իրավունքներ է վերապահում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց.

Հոդված 18. Վաղօրոք օգտագործման իրավունքը

1. Ցանկացած անձ, որը մինչեւ գյուտի, օգտակար մոդելի առաջնության թվականը Հայաստանի Հանրապետության տարածքում բարեխղճորեն օգտագործել է դրա հեղինակից անկախ ստեղծված նույնական լուծումը կամ դրա համար կատարել է անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ, պահպանում է դրա հետագա անհատույց օգտագործման իրավունքը՝ այդպիսի օգտագործման ծավալի չընդլայնման պայմանով (վաղօրոք օգտագործման իրավունք):

2. Վաղօրոք օգտագործման իրավունքը թույլատրվում է փոխանցել այլ ֆիզիկական կամ իրավաբանական անձի միայն այն արտադրության հետ միասին, որտեղ օգտագործվել է նույնական լուծումը, կամ կատարվել են դրա համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ:

Հոդված 19. Արտոնագրից բխող իրավունքների սահմանափակումները

1. Արտոնագրատերը կամ բացառիկ լիցենզիա ունեցող անձը իրավունք չունի արգելելու արտոնագրով պահպանվող գյուտ կամ օգտակար մոդել պարունակող կամ արտոնագրով պահպանվող եղանակի կիրառմամբ ստացված արտադրանքը Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական շրջանառության մեջ մտցնելը, եթե այդ արտադրանքը կամ իրը  Հայաստանի Հանրապետությունում վաճառքի միջոցով օրինական ճանապարհով քաղաքացիական շրջանառության մեջ է դրվել արտոնագրատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ:

2. Արտոնագրատիրոջ բացառիկ իրավունքի խախտում չի համարվում նաեւ արտոնագրով պահպանվող արդյունաբերական սեփականության օբյեկտ պարունակող կամ արտոնագրով պահպանվող եղանակի կիրառմամբ ստացված արտադրանքի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք, եթե դա այլ երկրում վաճառքի միջոցով օրինական ճանապարհով քաղաքացիական շրջանառության մեջ է դրվել արտոնագրատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ:

Հոդված 20. Գյուտի արտոնագրի գործողության  ժամկետը

1. Գյուտի արտոնագիրը գործում է հայտը ներկայացնելու օրվանից մինչեւ քսան տարին լրանալը։

2. Պատերազմի, տարերային աղետների կամ նմանատիպ այլ անկանխատեսելի իրադարձության դեպքում, արտոնագրի գործողության ժամկետը լրանալուց անմիջապես հետո  այն կարող է երկարաձգվել մեկ անգամ, ոչ ավելի քան հինգ տարով։

3. Արտոնագրված գյուտի օբյեկտ համարվող դեղագործական պատրաստուկներին, նյութերին կամ բաղադրանյութերին, որոնք ունեն մարդու կամ կենդանիների վրա կանխարգելիչ կամ բուժական ներգործության հատկություններ, բույսերի պաշտպանության քիմիական կամ կենսաբանական նյութերին, դրանց ստացման եղանակներին, ինչպես նաեւ այդ պատրաստուկների, նյութերի կամ բաղադրանյութերի արտադրության համար անհրաժեշտ նյութերին եւ դրանց ստացման եղանակներին կարող է տրամադրվել լրացուցիչ իրավական պահպանություն՝ գյուտի հայտի ներկայացման թվականի եւ այդ օբյեկտը Հայաստանի Հանրապետության շուկայում շրջանառության մեջ մտցնելու համար համապատասխան իրավասու մարմնի թույլտվության թվականների միջեւ ընկած ժամկետով, բայց հինգ տարուց ոչ ավելի։

4. Լրացուցիչ իրավական պահպանություն խնդրարկելու մասին դիմումը, որին կցվում է սույն հոդվածի 3-րդ մասում նշված իրավասու մարմնի տված թույլտվությունը, պետական լիազոր մարմին է ներկայացվում այդ թույլտվության տրման օրվանից վեցամսյա ժամկետում կամ մինչեւ արտոնագիր տալու օրվանից 6 ամիսը լրանալը, եթե նշված թույլտվությունը տրվել է ավելի շուտ, քան արտոնագիրը։

Հոդված 21. Օգտակար մոդելի արտոնագրի գործողության  ժամկետը

Օգտակար մոդելի արտոնագիրը գործում է հայտը ներկայացնելու օրվանից  մինչեւ տաս տարին լրանալը:
 

ԳԼՈՒԽ 3. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 22. Արդյունաբերական նմուշի պահպանունակության պայմանները

1. Որպես արդյունաբերական նմուշ օրենքով սահմանված կարգով պահպանվում է իրի արտաքին տեսքը բնորոշող այն լուծումը, որը նոր է եւ ինքնատիպ (արդյունաբերական նմուշի պահպանունակության պայմաններ):

2.  Սույն օրենքի իմաստով «նմուշը» իրի արտաքին տեսքն է ամբողջությամբ կամ մասնակիորեն, որը դրա բնորոշ հատկանիշների, մասնավորապես՝ ուրվագծերի,  գույների,  ձեւերի, կազմվածքի, ինչպես նաեւ նյութերի եւ (կամ) դրա զարդանախշի արդյունքն է։

3. Սույն օրենքի իմաստով «իրը» արդյունաբերական կամ տնայնագործական ցանկացած արտադրանք է, որը ներառում է նաեւ համալիր (բարդ) արտադրանքում միավորելու համար նախատեսված փաթեթվածքները, ձեւավորումները, գրաֆիկական խորհրդանիշերը եւ տպագրական տառաշարերը, բացառությամբ համակարգչային ծրագրերի։ Սույն օրենքի իմաստով «համալիր (բարդ) իրը» այն արտադրանքն է, որը ներառում է բազմաթիվ բաղադրիչներ, որոնք կարող են փոխարինվել իրի թույլատրելի ապամոնտաժման եւ մոնտաժման դեպքում։

4. Համալիր իրի մասը կարող է լինել պահպանունակ արդյունաբերական նմուշ, եթե՝

1) այն մնում է տեսանելի արտադրանքի բնականոն օգտագործման ընթացքում, եւ

2) այն համապատասխանում է արդյունաբերական նմուշի պահպանունակության պայմաններին՝ նորությանը եւ ինքնատիպությանը։

5. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի իմաստով, «բնականոն օգտագործումը» վերջին  սպառողի կողմից օգտագործումն է, բացառությամբ շահագործման, սպասարկման եւ նորոգման աշխատանքների։

Հոդված 23. Նորությունը եւ ինքնատիպությունը

1. Արդյունաբերական նմուշը նոր է, եթե չի հայտնաբերվել նույնական արդյունաբերական նմուշ, որը հանրամատչելի է դարձել մինչեւ պետական լիազոր մարմին հայտ ներկայացնելու թվականը, կամ  եթե խնդրարկվում է առաջնություն, ապա՝ մինչեւ առաջնության թվականը։

Արդյունաբերական նմուշները համարվում են նույնական, եթե դրանց բոլոր հատկանիշները համընկնում են կամ տարբերվում են միայն ոչ էական մանրամասերով։

2. Արդյունաբերական նմուշը ինքնատիպ է, եթե ընդհանուր տպավորությունը, որը նա թողնում է տեղեկացված սպառողի վրա, տարբերվում է այդպիսի սպառողի վրա ցանկացած այլ արդյունաբերական նմուշի թողած ընդհանուր տպավորությունից, որը հանրամատչելի է դարձել մինչեւ հայտի ներկայացման թվականը, կամ եթե խնդրարկվում է առաջնություն, ապա՝ մինչեւ առաջնության թվականը։

3. Արդյունաբերական նմուշի ինքնատիպությունը գնահատելիս  հաշվի է առնվում դրա ստեղծման ժամանակ դիզայների ազատության աստիճանը։

Հոդված 24. Արդյունաբերական նմուշի բացահայտումը

1. Սույն օրենքի 23-րդ հոդվածի նպատակներով, արդյունաբերական նմուշը  համարվում է հանրամատչելի դարձած, եթե այն հրապարակվել է կամ ցուցադրման   կամ վաճառքի միջոցով  բացահայտվել է մինչեւ պետական լիազոր մարմին հայտ ներկայացնելու թվականը, կամ եթե խնդրարկվում է առաջնություն, ապա՝ մինչեւ առաջնության թվականը։

2. Սույն օրենքի 23-րդ հոդվածի նպատակներով, արդյունաբերական նմուշի էության բացահայտումը հաշվի չի առնվում, եթե դա տեղի է ունեցել հայտը ներկայացնելուն նախորդող, իսկ ավելի վաղ առաջնություն պահանջելու դեպքում՝ այդ առաջնության թվականին նախորդող տասներկու ամսվա ընթացքում՝ հեղինակի (հայտատուի) կամ արդյունաբերական նմուշի էության մասին նրանից ուղղակիորեն կամ անուղղակի տեղեկություն ստացած անձի կողմից (այդ հանգամանքը պետք է ապացուցի հայտատուն)։

3. Սույն հոդվածիի 2-րդ մասը կիրառվում է նաեւ այն դեպքերում, երբ արդյունաբերական նմուշը  հանրամատչելի է դարձել դիզայների կամ նրա իրավահաջորդի նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի արդյունքում։

Հոդված 25. Արդյունաբերական նմուշի գրանցման մերժումը

1. Արդյունաբերական նմուշը չի գրանցվում որպես այդպիսին, եթե.

1) սույն օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով դա արդյունաբերական նմուշ չէ,

2) դա չի համապատասխանում սույն օրենքի 22-րդ հոդվածի 1-ին կամ 4-րդ մասերի, կամ 23-րդ հոդվածի պահանջներին, կամ հակասության մեջ է Հայաստանի Հանրապետության տարածքում պահպանվող, ավելի վաղ առաջնության թվական ունեցող մեկ այլ արդյունաբերական նմուշի հետ,

3) այն հակասում է Փարիզյան կոնվենցիայի 6 ter հոդվածի պահանջներին՝ ներկայացվել է առանց համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված թույլտվության,

4) այն ներառում կամ նմանակում է խորհրդանիշեր, խորհրդանշաններ, զինանշաններ, որոնք այլ են, քան Փարիզյան կոնվենցիայի 6 ter  հոդվածով սահմանվածները եւ որոնք առանձնահատուկ հետաքրքրություն են առաջացնում հանրության համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց  գրանցման համար առկա է համապատասխան իրավասու մարմնի թույլտվությունը,

5) դրա օգտագործումը հակասում է հասարակության շահերին, մարդասիրության եւ բարոյականության սկզբունքներին։

2. Որպես արդյունաբերական նմուշ չի կարող գրանցվել այն նմուշը, որը բնութագրվում է միայն տեխնիկական գործառույթով։ Եթե տեխնիկական գործառույթը անմիջականորեն կապված է արտադրանքի արտաքին տեսքի հետ, ապա նա չի կարող պահպանվել որպես արդյունաբերական նմուշ։

3. Որպես արդյունաբերական նմուշ չի կարող գրանցվել այն նմուշը, որը պարտադիր պետք է վերարտադրված լինի իր նույնական ձեւով եւ չափերով, որպեսզի իրը, որում արդյունաբերական նմուշը մարմնավորված կամ օգտագործված է, կարողանա մեխանիկորեն կապակցված կամ տեղադրված լինել ցանկացած այլ իրի մեջ, պայմանով, որ այդ իրերից յուրաքանչյուրը կարողանա կատարել իր գործառույթը։

4. Բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում նախատեսված դեպքերի, նոր եւ ինքնատիպ արդյունաբերական նմուշը կարող է  պահպանվել, եթե այն ծառայում է մոդուլային համակարգում բազմակի մոնտաժման կամ երկուստեք փոխարինելի իրերի կապակցման հնարավորությունն ապահովելուն:

Հոդված 26. Արդյունաբերական նմուշի նկատմամբ բացառիկ իրավունքը եւ գրանցման վկայագիրը

1. Արդյունաբերական նմուշի գրանցման հիման վրա դրա իրավատիրոջն ընձեռվում է այն օգտագործելու եւ առանց իր թույլտվության երրորդ անձանց կողմից դրա օգտագործումն արգելելու բացառիկ իրավունք։ Սույն օրենքի իմաստով օգտագործումը կարող է վերաբերել, մասնավորապես, դրա պատրաստմանը, վաճառքի առաջարկությանը, վաճառքին, ներմուծմանը կամ նմուշը ներառող կամ այն մարմնավորող արտադրանքի օգտագործմանը, ինչպես նաեւ նման նպատակներով դրա պահեստավորմանը։

2. Արդյունաբերական նմուշի իրավական պահպանության ծավալը որոշվում է տեղեկացված սպառողի վրա արտադրանքի արտաքին տեսքի պատկերն առաջացնող ընդհանուր տպավորությամբ։ Արդյունաբերական նմուշի իրավական պահպանության ծավալը գնահատելիս հաշվի է առնվում դրա ստեղծման ժամանակ դիզայների ինքնուրույնության աստիճանը։

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված իրավունքները չեն տարածվում.

1) պահեստամասերի եւ առարկաների ներմուծման վրա, որոնք նախատեսված են այլ պետությանը պատկանող եւ պատահաբար կամ ժամանակավորապես Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ցանկացած փոխադրամիջոցի վրա, եթե դա բացառապես պայմանավորված է փոխադրամիջոցի կարիքներով, եւ փոխադրամիջոցը պատկանում է այն պետության քաղաքացիներին եւ (կամ) իրավաբանական անձանց, որը նույնպիսի իրավունքներ է վերապահում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց, եւ այս դեպքում սույն օրենքի 17-րդ հոդվածում նշված գործողությունները, բացառությամբ 3-րդ կետի, կիրառվում են mutatis mutandis,

2) մեջբերման կամ ուսուցման նպատակով արդյունաբերական նմուշի վերարտադրման գործողությունների վրա՝  պայմանով, որ այդպիսի գործողությունները համատեղելի լինեն բարեխիղճ առեւտրային փորձի հետ եւ նշվի սկզբնաղբյուրը, ինչպես նաեւ անօրինական կերպով չվնասեն արդյունաբերական նմուշի բնականոն օգտագործմանը։

4. Ցանկացած երրորդ անձ կարող է պաշտպանել արդյունաբերական նմուշի նկատմամբ իր իրավունքները, որոնք վերաբերում են դրա վաղօրոք օգտագործմանը։ Այս դեպքում սույն օրենքի 18-րդ հոդվածի պահանջները կիրառվում են mutatis mutandis։

5. Գրանցված արդյունաբերական նմուշի համար տրվում է արդյունաբերական նմուշի գրանցման վկայագիր (այuուհետ` արդյունաբերական նմուշի վկայագիր): Արդյունաբերական նմուշի վկայագիրը տրվում է այն անձին, ում անունով գրանցված է արդյունաբերական նմուշը (այuուհետ` արդյունաբերական նմուշի իրավատեր):

6. Արդյունաբերական նմուշի վկայագիրը հաuտատում է արդյունաբերական նմուշի գրանցման փաuտը, առաջնությունը, ինչպեu նաեւ արդյունաբերական նմուշի նկատմամբ բացառիկ իրավունքը:

Հոդված 27. Արդյունաբերական նմուշի գրանցումից բխող իրավունքների սահմանափակումները

1. Արդյունաբերական նմուշի իրավատերը կամ բացառիկ լիցենզիա ունեցող անձը իրավունք չունի արգելելու պահպանվող արդյունաբերական նմուշ ներառող կամ այն մարմնավորող արտադրանքը Հայաստանի Հանրապետությունում  քաղաքացիական շրջանառության մեջ մտցնելը, եթե այդ արտադրանքը Հայաստանի Հանրապետությունում վաճառքի միջոցով օրինական ճանապարհով քաղաքացիական շրջանառության մեջ է դրվել իրավատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ:

2. Արդյունաբերական նմուշի նկատմամբ բացառիկ իրավունքի խախտում չի համարվում նաեւ արդյունաբերական նմուշ ներառող կամ այն մարմնավորող արտադրանքի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք, եթե դա այլ երկրում վաճառքի միջոցով օրինական ճանապարհով քաղաքացիական շրջանառության մեջ է դրվել իրավատիրոջ կողմից կամ նրա համաձայնությամբ:

Հոդված 28. Արդյունաբերական նմուշի իրավական պահպանության այլ ձեւերը

1. Սույն օրենքի դրույթները, որոնք վերաբերում են արդյունաբերական նմուշներին, չեն սահմանափակում այլ օրենքների դրույթները, որոնք վերաբերում են  չգրանցված նմուշներին, ապրանքային նշաններին կամ այլ տարբերակման նշաններին, գյուտերին եւ օգտակար մոդելներին, տպագրական տառատեսակներին, պատասխանատվությանը կամ անբարեխիղճ մրցակցությանը։

2. Արդյունաբերական նմուշը կարող է չգրանցվել սույն օրենքով սահմանված կարգով եւ իր ստեղծման կամ ցանկացած ձեւով ամրագրման օրվանից կարող է օրենքով սահմանված կարգով պահպանվել որպես հեղինակային իրավունքի օբյեկտ:

Հոդված 29. Արդյունաբերական նմուշի վկայագրի գործողության ժամկետը

1. Արդյունաբերական նմուշը կարող է պահպանվել հայտի ներկայացման թվականից սկսած 5 տարի  ժամկետով երկարաձգման հնարավորությամբ։

2. Սույն օրենքի 67-րդ հոդվածի համաձայն  արդյունաբերական նմուշի իրավատերը կարող է երկարաձգել դրա պահպանության ժամկետը մեկ կամ մի քանի անգամ, յուրաքանչյուր անգամ հինգ տարի ժամկետով, ընդհանուր առմամբ մինչեւ հայտի ներկայացման թվականից սկսած քսանհինգ տարին լրանալը։

3. Սույն հոդվածի  2-րդ մասի համաձայն, որպես համալիր (բարդ) իր պահպանվող արդյունաբերական նմուշի վկայագրի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել ինչպես ամբողջությամբ, այնպես էլ  մասնակիորեն՝ միայն դրա որոշ բաղադրիչների համար։
 

ԳԼՈՒԽ 4. ՀԱՅՏԸ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ

Հոդված 30. Միջազգային առաջնության իրավունքը

1. Արդյունաբերական սեփականության օբյեկտի առաջնությունը որոշվում է հայտը պետական լիազոր մարմին ներկայացնելու թվականով:

2. Առաջնությունը կարող է որոշվել առաջին հայտը Փարիզյան կոնվենցիայի մասնակից որեւէ պետություն կամ այդ կոնվենցիայի մասնակից  չհանդիսացող Առետրի համաշխարհային կազմակերպության անդամ որեւէ պետություն  ներկայացնելու թվականով (միջազգային առաջնություն), եթե գյուտի կամ  օգտակար մոդելի հայտը պետական լիազոր մարմին է ներկայացվել նշված թվականից տասներկու ամսվա ընթացքում, իսկ արդյունաբերական նմուշինը` վեց ամսվա ընթացքում:

3. Միջազգային առաջնության իրավունքից օգտվելու համար պետական լիազոր մարմին ներկայացվող հայտում պետք է նշվի խնդրարկվող առաջնության թվականը: Հայտի ներկայացման օրվանից երեք ամսվա ընթացքում հայտատուն պետք է պետական լիազոր մարմնին հայտնի առաջին հայտի համարը, դրա ներկայացման երկրի կամ գերատեսչության անվանումը, ինչպես նաեւ առաջին հայտի՝ այն ստացող գերատեսչության կողմից վավերացված պատճենը ։ Սույն պահանջը չկատարելու դեպքում միջազգային առաջնություն խնդրարկելու մասին դիմումը չի բավարարվում:

4. Եթե առաջին հայտի պատճենը ներկայացված է ոչ հայերենով եւ ներկայացված օբյեկտի արտոնագրաունակության (պահպանունակության) որոշման նպատակով անհրաժեշտ է տվյալ հայտի հայերեն թարգմանությունը, ապա պետական լիազոր մարմինը հայտատուից կարող է պահանջել առաջին հայտի հայերեն թարգմանությունը, որը ներկայացվում է այդ մասին հարցումն ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում։

5. Մի քանի առաջնություններ կարող են խնդրարկվել մի քանի առաջին հայտերի հիման վրա, որոնք ներկայացվել են մեկ կամ մի քանի երկրներում։

6. Գյուտի հայտով առաջնության իրավունք հայտատուն կարող է խնդրարկել օգտակար մոդելի հայտի հիման վրա։

Հոդված 31. Ժամանակավոր իրավական պահպանությունը որոշ միջազգային ցուցահանդեսներում

1. Անձը, որը գյուտը, օգտակար մոդելը կամ իրի արտաքին տեսքն ամբողջությամբ կամ մասնակիորեն ցուցադրում է պաշտոնական կամ պաշտոնապես ճանաչված միջազգային ցուցահանդեսում, որը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետությունում կամ Փարիզյան կոնվենցիային մասնակից որեւէ պետությունում կամ այդ կոնվենցիայի մասնակից չհանդիսացող Առետրի համաշխարհային կազմակերպության անդամ որեւէ պետությունում, կարող է ցուցահանդեսի փակման օրվանից երեք ամսվա ընթացքում պետական լիազոր մարմին հայտ ներկայացնել՝ խնդրարկելով առաջնություն, որը սահմանվում է ցուցահանդեսում գյուտը, օգտակար մոդելը կամ արտադրանքի արտաքին տեսքն ամբողջությամբ կամ մասնակիորեն ցուցադրման առաջին օրով (ցուցահանդեսային առաջնություն)։

2. Անձը, որը սույն հոդվածի 1-ին մասի համաձայն խնդրարկում է ցուցահանդեսային առաջնություն, պետական լիազոր մարմին հայտ ներկայացնելիս  նշում է ցուցահանդեսի տեսակը, դրա անցկացման վայրը, բացման եւ փակման թվականները, ցուցադրման առաջին օրը եւ ցուցահանդեսի միջազգային կարգավիճակի մասին գրավոր հավաստագիր, որը տրվել է  ցուցահանդեսն անցկացրած մարմնի կողմից։ Նշված պահանջները չկատարելու դեպքում, խնդրարկվող ցուցահանդեսային առաջնությունը չի տրվում։

3. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն խնդրարկվող ցուցահանդեսային առաջնությունը չի երկարաձգում սույն օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված միջազգային առաջնության խնդրարկման ժամկետը։

Հոդված 32. Խնդրարկվող առաջնության ճշգրտումը կամ լրացումը

1. Խնդրարկվող առաջնությունը ճշգրտելու կամ լրացնելու համար հայտատուն կարող է դիմում ներկայացնել պետական լիազոր մարմին առաջնության թվականից, կամ՝ եթե ճշգրտումը կամ լրացումն առաջացնում է առաջնության թվականի փոփոխություն՝ այդ փոփոխված առաջնության թվականից սկսած տասնվեց ամսվա ընթացքում՝ պայմանով, որ այդ դիմումը պետական լիազոր մարմին է ներկայացվում հայտը ներկայացնելու թվականից սկսած չորս ամսվա ընթացքում։

2. Դիմումին կցվում է սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը, առանց որի դիմումը համարվում է չներկայացված:

3. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն ցանկացած դիմում, որը պետական լիազոր մարմին  է ներկայացվել սույն օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն հրապարակման մասին հայտատուի դիմումից հետո, համարվում է չներկայացված, եթե հրապարակման մասին դիմումը հետ չի կանչվել մինչեւ հայտի հրապարակման տեխնիկական նախապատրաստման ավարտը։

4. Եթե խնդրարկվող առաջնության ճշգրտումը կամ լրացումն առաջացնում է առաջնության թվականի փոփոխություն, սահմանված ժամկետները հաշվարկվում են փոփոխված առաջնության թվականից։

Հոդված 33. Առաջնության իրավունքի վերականգնումը

1. Եթե հայտը, որով խնդրարկվում է միջազգային առաջնություն, հայտատուի կողմից պետական լիազոր մարմին է ներկայացվում ուշացումով՝ առաջին հայտի ներկայացման թվականից տասներկու ամիս լրանալուց հետո, ապա հայտատուն կարող է առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմում ներկայացնել պետական լիազոր մարմին, եթե նշված ժամկետի խախտումը տեղի է ունեցել հայտատուից անկախ հանգամանքներով։

2. Առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմումը  պետական լիազոր մարմին ներկայացվում  է առաջնության թվականի խնդրարկման ժամկետի ավարտից հետո երկու ամսվա ընթացքում, բայց ոչ ուշ քան հայտի հրապարակման տեխնիկական նախապատրաստման ավարտը։  Դիմումին կցվում է սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը, առանց որի դիմումը համարվում է չներկայացված։

Հոդված 34. Հայտի իրավական ծավալի ընդլայնման արգելքը

1. Գյուտի կամ օգտակար մոդելի հայտի ներկայացման թվականից հետո հայտով խնդրարկվող իրավական ծավալը չպետք է ընդլայնվի սկզբնական ծավալից։

2. Արդյունաբերական նմուշի հայտի ներկայացման թվականից հետո հայտով խնդրարկվող արտադրանքի արտաքին տեսքն ամբողջությամբ կամ մասնակիորեն  չպետք է էապես փոփոխվի կամ ավելացնի համալիր իրի բաղադրիչների ներկայացված քանակը։

Հոդված 35. Սահմանված ժամկետների երկարաձգումը

1. Մինչեւ որոշակի գործողություններ կատարելու համար սույն օրենքով սահմանված ժամկետների ավարտը, հայտատուն կամ իրավատերը  կարող է այդ ժամկետների երկարաձգման մասին դիմում ներկայացնել պետական լիազոր մարմին՝ կցելով օրենքով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը: Պետական լիազոր մարմինը կարող է սահմանված ժամկետները երկարաձգել մինչեւ երեք ամիս։

2. Սույն օրենքի 12-րդ հոդվածով, 24-րդ հոդվածի 2-րդ մասով, 30-րդ հոդվածի 2-րդ մասով, 31-րդ հոդվածի 1-ին մասով, 32-րդ հոդվածի 1-ին մասով, 33-րդ հոդվածի 2-րդ մասով, 36-րդ հոդվածի 2-րդ մասով, 37-րդ հոդվածի 2-րդ մասով, 47-րդ հոդվածի 3-րդ մասով, 52-րդ հոդվածի 3-րդ մասով, 57-րդ հոդվածի 1-ին մասով, 58-րդ հոդվածի 2-րդ մասով, 60-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով,  67-րդ հոդվածով,  68-րդ հոդվածով, 74-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում սահմանված ժամկետները սույն հոդվածի 1-ին մասի համաձայն չեն երկարաձգվում։

Հոդված 36. Հայտով գործավարությունը՝ սահմանված ժամկետները խախտելու դեպքում

1. Հայտատուն, որը սահմանված ժամկետում չի կատարել արդյունաբերական սեփականության օբյեկտի նկատմամբ իրավունքների ձեռքբերման գործընթացներին առնչվող պարտադիր գործողությունները, որի հետեւանքով  կորցրել է հայտի նկատմամբ ունեցած իրավունքը, կարող է դիմել պետական լիազոր մարմին՝ իր իրավունքը վերականգնելու եւ հայտով գործավարությունը շարունակելու խնդրանքով։

2. Հայտի նկատմամբ իրավունքների վերականգնման մասին դիմումը ներկայացնելու համար, սահմանված ժամկետի խախտման եւ այդ խախտման իրավական հետեւանքների մասին ծանուցագիրն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում, հայտատուն պետք է ավարտի չկատարված գործողությունը եւ վճարի օրենքով սահմանված պետական տուրքը։ Նշված ժամկետում պահանջվող գործողությունը չկատարելու եւ համապատասխան պետական տուրքը չվճարելու դեպքում դիմումը համարվում է չներկայացված։

3. Պետական լիազոր մարմինը չի կարող բավարարել հետագա գործավարությունը շարունակելու մասին հայտատուի դիմումը, եթե դա վերաբերում է սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետի, ինչպես նաեւ առարկության կամ հայցի ներկայացման  կամ բաց թողնված ժամկետի վերականգնման, կամ խնդրարկվող առաջնության ճշգրտման կամ լրացման կամ առաջնության իրավունքի վերականգնման ժամկետների խախտմանը։

4. Եթե պետական լիազոր մարմինն ստացել է հետագա գործավարությունը շարունակելու մասին դիմում, ապա սույն օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասը կիրառվում է mutatis mutandis։

Հոդված 37. Իրավունքների վերականգնումը

1. Պետական լիազոր մարմնի առջեւ գործավարություն իրականացնող կողմը, որը հանգամանքներից ելնելով՝ սույն oրենքի եւ վերջինիս կիրարկումն ապահովող կարգերի համաձայն, պետական լիազոր մարմնի կողմից սահմանված ժամկետներում չի կարողացել պատշաճ կերպով կատարել իր պարտականությունները հարգելի պատճառներով, կարող է վերականգնել իր իրավունքները, եթե սահմանված ժամկետի խախտումը կապված է հայտի կամ ցանկացած դիմումի հետկանչման կամ մերժման հետ,  կամ իրավունքից զրկելու հետ:

2. Իրավունքների վերականգնման մասին դիմումը ներկայացվում է սահմանված ժամկետի խախտման պատճառի վերացման պահից կամ եթե կողմը հետագայում ծանուցվել է սահմանված ժամկետի խախտման մասին՝ այդ մասին ծանուցագիրն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում: Դիմումը ներկայացվում է սահմանված ժամկետը լրանալուց հետո, պահանջված գործողությունները կատարելու դեպքում, կցելով սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը։ Նշված պահանջների չկատարման դեպքում դիմումը համարվում է չներկայացված։

3. Իրավունքների վերականգնման մասին դիմումը չի կարող ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժվել, եթե դիմող կողմը նախապես գրավոր չի ծանուցվել նախատեսվող ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժման մասին՝ ծանուցագիրն ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում իր նկատառումները ներկայացնելու առաջարկությամբ։

4. Իրավունքների վերականգնման մասին դիմումը ներկայացվում է ոչ ուշ, քան սահմանված ժամկետը լրանալուց հետո մեկ տարվա ընթացքում:

5. Իրավունքների վերականգնման մասին դիմումը չի բավարարվում, եթե դա վերաբերում է առարկություն կամ հայց ներկայացնելու, առաջին հայտի վավերացված պատճենը ներկայացնելու, բաց թողնված ժամկետների վերականգնման մասին դիմում ներկայացնելու, հետագա գործավարությունը շարունակելու մասին դիմում ներկայացնելու, առաջնության խնդրարկման մասին դիմում ներկայացնելու, խնդրարկվող առաջնության ճշգրտման կամ լրացման մասին դիմում ներկայացնելու կամ առաջնության իրավունքի վերականգնման մասին դիմում ներկայացնելու ժամկետներին։

6. Եթե իրավունքների վերականգնման մասին դիմում ներկայացնելիս նշված չեն եղել ժամկետը բաց թողնելու պատճառները, կողմն այդ տվյալները ներկայացնում է պետական լիազոր մարմնի ծանուցագրում նշված ժամկետում։

Հոդված 38. Դիմումի հետկանչումը

1. Գործավարության ցանկացած փուլում հայտատուն կարող է հետ կանչել պետական լիազոր մարմին ներկայացրած իր ցանկացած դիմում։

2. Դիմումը համարվում է հետ կանչված՝ պետական լիազոր մարմնի կողմից այն ստանալու օրվանից։

3. Արտոնագիր (վկայագիր) ստանալու դիմումի հետկանչման մասին հայտատուի դիմումի հիման վրա պետական լիազոր մարմինը տեղեկություն է հրապարակում տվյալ հայտով գործավարությունն ավարտելու մասին։

4. Եթե արտոնագիր (վկայագիր)  ստանալու մասին դիմումը հայտատուն հետ է կանչում հրապարակման տեխնիկական նախապատրաստական աշխատանքներն ավարտելուց եւ հայտը հրապարակելուց հետո, ապա հրապարակված հայտը չի կարող սույն օրենքի 11–րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն կազմել տեխնիկայի նախորդող մակարդակի առանձին մաս։

Հոդված 39. Հայտատուի ծանուցումը՝ մինչեւ արտոնագիր (վկայագիր) տալը մերժելու մասին նախատեսվող որոշումը

1. Պետական լիազոր մարմինն արտոնագիր (վկայագիր) տալն ամբողջոթյամբ կամ մասնակիորեն մերժելու մասին որոշումը չի կարող հրապարակել, եթե  դիմող կողմը նախապես գրավոր չի ծանուցվել նախատեսվող այդպիսի մերժման մասին՝ ծանուցագիրն ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում իր նկատառումները ներկայացնելու առաջարկությամբ։

 2. Եթե հայտատուն սահմանված ժամկետում ներկայացնում է իր նկատառումները դիմումի մերժման վերաբերյալ, կամ ճշգրտում է իր դիմումը, պետական լիազոր մարմինը մինչեւ որոշման հրապարակումը ամբողջությամբ կամ մասնակիորեն ճշգրտում է մերժման մասին որոշման հիմքերը։

Հոդված 40. Հեղինակը (գյուտարարը, դիզայները)

1. Հեղինակն այն ֆիզիկական անձն է, որը որպես այդպիսին նշված է գյուտի կամ օգտակար մոդելի արտոնագիր ստանալու մասին դիմումում (գյուտարար) կամ արդյունաբերական նմուշի վկայագիր ստանալու մասին դիմումում (դիզայներ), քանի դեռ դատարանի վճռով ապացուցված չէ հակառակը։

2. Եթե որպես հեղինակ դիմումում նշված են մի քանի ֆիզիկական անձինք, նրանք համարվում են համահեղինակներ, որոնց փոխհարաբերությունները սահմանվում են նրանց համաձայնությամբ։

3. Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի ստեղծմանը ցուցաբերված ոչ ստեղծագործական բնույթի աջակցությունը (տեխնիկական, կազմակերպչական կամ նյութական օգնություն, իրավունքների ձեւակերպմանն օժանդակություն եւ այլն) չի հանգեցնում համահեղինակության:

4. Պետական լիազոր մարմինը պատասխանատու չէ հեղինակներին վերաբերող տվյալների իսկության համար։

Հոդված 41. Իրավատերը

1. Արտոնագիրը տրվում է կամ արդյունաբերական նմուշը գրանցվում է այն անձի անունով (այսուհետ նաեւ՝ իրավատեր), որն արտոնագիր տալու կամ արդյունաբերական նմուշը գրանցելու պահին նշված է որպես հայտատու։

2. Եթե մի քանի անձ նշված են որպես համահայտատուներ, սույն հոդվածի 1-ին մասը կիրառվում է mutatis mutandis, եւ նշված անձանց տրվում է մեկ արտոնագիր կամ մեկ վկայագիր։ Այս դեպքում իրավատերերի փոխհարաբերությունները կարգավորվում են նրանց համաձայնությամբ։ Համաձայնության բացակայության դեպքում նրանցից յուրաքանչյուրն իրավունք ունի պահպանվող օբյեկտն օգտագործել իր հայեցողությամբ,  ցանկացած անձի կողմից առանց թույլտվության պահպանվող օբյեկտի օգտագործումն արգելելու հայցով դիմել դատարան,  սակայն իրավունք չունի առանց մնացած իրավատերերին ծանուցելու հրաժարվել արտոնագրից կամ վկայագրից եւ առանց նրանց համաձայնության իր իրավունքները զիջել այլ անձի կամ կնքել լիցենզային պայմանագիր։

3. Ծառայողական պարտականությունների կամ գործատուի առաջադրանքը կատարելու ընթացքում  աշխատողի ստեղծած արդյունաբերական սեփականության օբյեկտի (ծառայողական արդյունաբերական սեփականության օբյեկտ) արտոնագիր ստանալու իրավունքը պատկանում է գործատուին, եթե դա նախատեսված է նրանց միջեւ կնքված պայմանագրով:

4. Ծառայողական գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի հեղինակի վարձատրության չափը, պայմանները եւ վճարման կարգը որոշվում են հեղինակի ու գործատուի միջեւ կնքված պայմանագրով, իսկ դրա բացակայության դեպքում՝ դատական կարգով:

5. Աշխատողը պարտավոր է իր ծառայողական գործունեությանը վերաբերող իր ստեղծած արդյունաբերական սեփականության օբյեկտի մասին գործատուին գրավոր հայտնել ստեղծման օրվանից մեկամսյա ժամկետում:

6. Եթե արդյունաբերական սեփականության օբյեկտի ստեղծման մասին գործատուին հայտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում վերջինս կամ նրա իրավահաջորդը հայտ չի ներկայացնում պետական լիազոր մարմին, ապա հայտ ներկայացնելու եւ արտոնագիր ստանալու իրավունքն անցնում է հեղինակին:

7. Այդ դեպքում գործատուն օգտվում է տվյալ օբյեկտի օգտագործման հասարակ լիցենզիա ստանալու առաջնահերթ իրավունքից:

8. Հայտ ներկայացնելու եւ արտոնագիր կամ վկայագիր ստանալու իրավունքը, արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործման բացառիկ իրավունքը, ինչպես նաեւ դրանց օգտագործումից առաջացած եկամուտներն ստանալու իրավունքն օրենքով սահմանված կարգով անցնում է ժառանգաբար:

Հոդված 42. Իրավունքների փոխանցման  եւ լիցենզիային պայմանագրի կնքումը

1. Արտոնագրատերը, ինչպես նաեւ արդյունաբերական նմուշի իրավատերն իր իրավունքներն ամբողջությամբ կամ մասնակիորեն կարող է պայմանագրով զիջել այլ անձի եւ (կամ) կնքել լիցենզային պայմանագիր։

2. Արտոնագրատերը կամ արդյունաբերական նմուշի իրավատերը (լիցենզատու) լիցենզային պայմանագրով թույլատրում է մեկ այլ անձի (լիցենզառու) արտոնագրով պահպանված օբյեկտը կամ գրանցված արդյունաբերական նմուշը պայմանագրով նախատեսված ծավալով օգտագործել, իսկ լիցենզառուն պարտավորվում է լիցենզատուին վճարել պայմանագրով սահմանված վճարները եւ իրականացնել պայմանագրով նախատեսված այլ գործողություններ:

3. Բացառիկ լիցենզիայի դեպքում արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործման բացառիկ իրավունքը լիցենզառուին փոխանցվում է պայմանագրով որոշված սահմաններում, ընդ որում  լիցենզատուն պահպանում է արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործման իրավունքն այն մասով, որը չի փոխանցվել լիցենզառուին:

4. Հասարակ լիցենզիայի դեպքում լիցենզատուն, արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործման իրավունքը լիցենզառուին փոխանցելով, պահպանում է իր բոլոր իրավունքները, այդ թվում նաեւ՝ երրորդ անձանց լիցենզիա տալու իրավունքը:

5. Արտոնագրատերը կամ արդյունաբերական նմուշի իրավատերը կարող է դիմել պետական լիազոր մարմին՝ արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործման իրավունքն այլ անձի տալու պատրաստակամության մասին հայտարարություն հրապարակելու խնդրանքով (բաց լիցենզիա): Հայտարարություն հրապարակելուց հետո երկու տարվա ընթացքում լիցենզային պայմանագիր կնքելու մասին գրավոր առաջարկություն չստանալու դեպքում, նա կարող է դիմել լիազոր մարմին՝ իր դիմումը հետ կանչելու մասին խնդրանքով։ Այս դեպքում հայտարարությունը հրապարակելուց մինչեւ դրա հետկանչման թվականն ընկած ժամանակահատվածի համար արտոնագիրն ուժի մեջ պահելու պետական տուրքերը ենթակա են լրավճարման, իսկ հետագա ժամկետների համար դրանք վճարվում են լրիվ դրույքաչափերով։ Պետական լիազոր մարմինն իր պաշտոնական տեղեկագրում տեղեկություններ է հրապարակում դիմումը հետ կանչելու մասին։

6. Լիցենզային պայմանագիրը եւ զիջման մասին պայմանագրերը (ակտը) ենթակա են գրանցման պետական լիազոր մարմնում՝ սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն պետական լիազոր մարմնի սահմանած կարգով։

7. Պետական լիազոր մարմնում չգրանցված զիջման մասին պայմանագիրը կամ լիցենզային պայմանագիրն առոչինչ է:

8. Լիցենզային պայմանագրի եւ զիջման մասին պայմանագրի գրանցման հետ կապված պետական լիազոր մարմնի որոշումները կարող են վիճարկվել պետական լիազոր մարմնի բողոքարկման խորհրդում կամ դատական կարգով։

9. Սույն հոդվածի 1-ին մասը կիրառվում է նաեւ հայտատուի նկատմամբ mutatis mutandis։

Հոդված 43. Իրավունքների ծագումը

1. Բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի, 16-րդ հոդվածով եւ 26-րդ հոդվածով նախատեսված իրավունքները ծագում են տվյալ օբյեկտը համապատասխան պետական գրանցամատյանում գրանցելու թվականից։

2. Մինչեւ սույն օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մասի  1-ին կամ 2-րդ կետերով նախատեսված արտոնագրաունակության մասին եզրակացության հրապարակումը  սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավունքը չի կարող կիրարկվել օրենքով սահմանված կարգով:

Հոդված 44. Իրավունքների վաղաժամկետ դադարեցումը

Գյուտի, օգտակար մոդելի եւ արդյունաբերական նմուշի նկատմամբ  տրամադրված իրավունքները դադարեցվում են վաղաժամկետ, եթե`

1) իրավատերը դրանցից հրաժարվելու մասին դիմում է ներկայացրել պետական լիազոր մարմին։ Այս դեպքում արտոնագրի կամ վկայագրի նկատմամբ նա կորցնում է իր իրավունքը՝  դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից,

2) արտոնագիրը կամ վկայագիրը գործողության մեջ պահելու համար տարեկան պետական տուրքը սահմանված ժամկետներում չի վճարվել,

3) սույն օրենքով նախատեսված դեպքերում դատարանը կայացրել է համապատասխան վճիռ կամ պետական լիազոր մարմինը սահմանված կարգով ընդունել է համապատասխան որոշում ։

Հոդված 45. Սխալների ուղղումը

1. Պետական լիազոր մարմինը կարող է ցանկացած ժամանակ  իր նախաձեռնությամբ կամ հայտատուի դիմումի համաձայն, անվանումների, թվականների, համարների եւ այլ ակնհայտ սխալների վերաբերյալ կատարել ուղղումներ իր հրապարակումներում եւ գրանցամատյաններում։

2. Ուղղված սխալների մասին տեղեկությունները հրապարակվում են պետական լիազոր մարմնի պաշտոնական տեղեկագրում։
 

ԳԼՈՒԽ 5. ՀԱՅՏ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ ԵՒ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 46. Հայտին ներկայացվող ընդհանուր պահանջները

1. Հայտը ներառում է՝

1)  դիմում՝ արտոնագիր կամ վկայագիր ստանալու մասին,

2) արտոնագիր ստանալու համար՝ սույն օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասում նշված փաստաթղթերը,

3) արդյունաբերական նմուշի վկայագիր ստանալու համար՝ սույն օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասում նշված փաստաթղթերը։

2. Հայտին կցվում են՝

1) լիազորագիր, եթե այն ներկայացվել է հավատարմատարի կամ ներկայացուցչի միջոցով, եթե ճրենքով այլ բան նախատեսված չէ,

2)  հայտի փաստաթղթերի հայերեն թարգմանությունը, եթե սույն օրենքի 48–րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն օտարերկրյա հայտատուների կողմից հայտը ներկայացվել է այլ լեզվով,

3) սահմանված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը։

3. Հայտը եւ դրան կից փաստաթղթերը ներկայացվում են պետական լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով, որտեղ նշվում են մանրամասն տեղեկություններ հայտի բովանդակության եւ իրավունքների ձեռքբերման ընթացակարգի մասին։

Հոդված 47. Հայտի ձեւակերպումը եւ ներկայացման ձեւերը

1. Հայտի բովանդակությունը եւ ձեւը պետք է համապատասխանեն սույն օրենքի եւ պետական լիազոր մարմնի կողմից սահմանված կարգի պահանջներին։ Հայտը պետք է լինի ընթեռնելի, իսկ գյուտի, օգտակար մոդելի կամ արդյունաբերական նմուշի նկարագրությունը՝ պարզ ձեւակերպված, որը բավարար է տվյալ բնագավառի մասնագետի կողմից իրականացնելու համար։

2. Հայտը գրավոր ներկայացվում է պետական լիազոր մարմին անմիջականորեն  կամ փոստային առաքմամբ, ֆաքսով՝ ֆաքսիմիլային պատկերի տեսքով կամ հաղորդակցության այլ էլեկտրոնային միջոցներով։ Հաղորդակցության էլեկտրոնային միջոցներով հայտի եւ դրան կից փաստաթղթերի ներկայացման կարգը սահմանում է պետական լիազոր մարմինը։

3.  Եթե ֆաքսով կամ հաղորդակցության այլ էլեկտրոնային միջոցներով ստացված փաստաթղթերն ամբողջությամբ կամ մասամբ ընթեռնելի չեն, ապա հայտատուին առաջարկվում  է այդ մասին ծանուցագիրն ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում ներկայացնել հայտի գրավոր պատճենը։ Սահմանված ժամկետում հայտի պահանջվող պատճենը պետական լիազոր մարմին չներկայացնելու դեպքում  հայտը համարվում է հետ կանչված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն։

4. Եթե հայտ ներկայացնելու համար պետական տուրքը վճարված է ոչ լրիվությամբ, ապա հայտատուին առաջարկվում է այդ մասին ծանուցագիրն ստանալու օրվանից երկու ամսվա ընթացքում լրավճարել պետական տուրքը: Սահմանված ժամկետում պետական տուրքը չլրավճարելու դեպքում  հայտը համարվում է հետ կանչված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն։

Հոդված 48. Հայտի լեզուն

1. Հայտի դիմումը ներկայացվում է հայերեն:

2. Հայտի մյուս փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության հայտատուները պարտավոր են ներկայացնել հայերեն, իսկ օտարերկրյա հայտատուները կարող են ներկայացնել այլ լեզվով։ Այս դեպքում նրանք պարտավոր են պետական լիազոր մարմին ներկայացնել դրանց հայերեն թարգմանությունը՝ հայտը ներկայացնելու օրվանից եռամսյա ժամկետում:

3. Սահմանված ժամկետում հայտի փաստաթղթերի թարգմանությունը պետական լիազոր մարմին չներկայացնելու դեպքում, հայտը համարվում է հետ կանչված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն։

4. Պետական լիազոր մարմինը հայտով գործավարությունն իրականացնում է հայերեն։

Հոդված 49. Հայտի ներկայացման թվականը

1.Պետական լիազոր մարմինը արդյունաբերական սեփականության օբյեկտի հայտի ներկայացման թվականը  սահմանում է հայտի ստացման թվականով եւ հայտին տալիս է գրանցման հերթական համար, եթե այն պարունակում է, առնվազն.

1) հիշատակում (դիմում) այն մասին, որ հայտով խնդրարկվում է գյուտի կամ օգտակար մոդելի արտոնագիր կամ արդյունաբերական նմուշի վկայագիր.

2) տեղեկություններ, որոնք թույլ են տալիս անհատականացնել հայտատուին կամ հաղորդակցվել նրա հետ.

3) տարր, որն արտաքնապես հիշեցնում է գյուտի կամ օգտակար մոդելի նկարագրություն.

4) տարր, որն արտաքնապես հիշեցնում է գյուտի կամ օգտակար մոդելի հավակնության սահմանում,

5) արդյունաբերական նմուշների համար՝ ամբողջությամբ կամ մասնակիորեն իրի արտաքին տեսքի լուսանկարը կամ գրաֆիկական տեսքը, իսկ  երկչափ արտադրանքի համար՝ դրա կամ դրա մի մասի նմուշը։

2. Պետական լիազոր մարմինը հայտն ստանալու օրվանից հնգօրյա ժամկետում ստուգում է դրա համապատասխանությունը սույն հոդվածի 1-ին մասում նշված պահանջներին եւ անհամապատասխանության դեպքում այդ մասին անհապաղ ծանուցում է հայտատուին` առաջարկելով նշված ծանուցագիրն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում ներկայացնել բացակայող փաստաթղթերը (տեղեկությունները)։ Սահմանված ժամկետում պահանջվող փաստաթղթերը պետական լիազոր մարմին չներկայացնելու դեպքում  հայտը համարվում է չներկայացված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն։

Եթե նշված փաստաթղթերը պետական լիազոր մարմին ներկայացվել են ոչ միաժամանակ, ապա հայտի ներկայացման թվականը սահմանվում է բացակայող փաստաթղթերից վերջինի ստացման թվականով։

Հոդված 50. Հայտի ներկայացման թվականի առանձնահատկությունները

1. Եթե հայտի ներկայացման թվականը սահմանելիս պետական լիազոր մարմինը գտնում է, որ գյուտի կամ օգտակար մոդելի նկարագրության մասը կամ գծագիրը, որին հղում է կատարված, ենթադրվում է բացակայող, ապա նա այդ մասին անհապաղ ծանուցում է հայտատուին`  նշելով ծանուցագիրն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում բացակայող նյութերը ներկայացնելու անհրաժեշտության մասին։

2. Հայտատուի կողմից նշված եռամսյա ժամկետում ծանուցագրում նշված նկարագրության բացակայող մասը կամ բացակայող գծագիրը ներկայացնելու դեպքում  դրանք ներառվում են հայտի կազմում։ Այս դեպքում հայտի ներկայացման թվականը սահմանվում է նկարագրության այդ մասի կամ գծագրի ստացման թվականով։ Եթե պահանջված փաստաթղթերը ներկայացվում են ոչ միաժամանակ, ապա հայտի ներկայացման թվականը սահմանվում է դրանցից վերջինի ստացման թվականով։ Սահմանված ժամկետում պահանջված փաստաթղթերը չներկայացնելու դեպքում հայտը համարվում է չներկայացված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն։

3. Սույն օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն,  արտաքնապես գյուտի կամ օգտակար մոդելի նկարագրություն հիշեցնող տարրի փոխարեն հայտատուն կարող է ներկայացնել դիմում այն մասին, որ հայտի ներկայացման թվականը սահմանելու համար գյուտի կամ օգտակար մոդելի նկարագրությունը փոխարինված է հայտատուի կողմից ավելի վաղ ներկայացված (սկզբնական կամ նախորդող) հայտին կատարված հղումով։ Դիմումը պետք է ներկայացվի հայերեն եւ պարունակի ավելի վաղ ներկայացված հայտի համարն ու ներկայացման թվականը։ Եթե սկզբնական կամ նախորդող հայտը ներկայացված է այլ անձի կողմից, ապա դիմումին կցվում է հայտատուի իրավահաջորդությունը հաստատող փաստաթուղթը:

Հոդված 51. Հայտի փորձաքննությունը

1. Եթե հայտը համապատասխանում է սույն օրենքի 46-րդ հոդվածի պահանջներին, ապա պետական լիազոր մարմինն անցկացնում է փորձաքննություն, որի ընթացքում ստուգվում է հայտի, լրացուցիչ նյութերի կամ ապացույցների բովանդակության եւ ձեւի համապատասխանությունը սույն օրենքով եւ կարգով սահմանված պահանջներին։

2. Պետական լիազոր մարմինն ստուգում է նաեւ գյուտի համապատասխանությունը  սույն օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերով սահմանված պահանջներին  եւ վճարված պետական տուրքերի համապատասխանությունը օրենքով սահմանված չափերին, ներառյալ սույն օրենքի 67-րդ հոդվածի 6-րդ եւ 68-րդ հոդվածի 4-րդ մասերի համաձայն տարեկան պետական տուրքերը։

3. Եթե փորձաքննության ընթացքում պարզվի, որ հայտում, լրացումներում կամ ապացույցներում առկա են բացակայող մասեր կամ փաստաթղթեր, ապա պետական լիազոր մարմինը հայտատուին ուղարկում է հարցում՝ ուղղված կամ բացակայող մասերը կամ փաստաթղթերը հարցումն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում ներկայացնելու առաջարկությամբ:

4. Սահմանված ժամկետում հարցման մեջ նշված բոլոր թերությունները հայտատուի կողմից չվերացվելու դեպքում  հայտը համարվում է հետ կանչված, բացառությամբ սույն օրենքի  73 -րդ եւ  74-րդ հոդվածներում նշված դեպքերի։

5. Եթե պետական լիազոր մարմինը գտնում է, որ հայտի բոլոր փաստաթղթերը, լրացումները, ապացույցները  իրենց բովանդակությամբ եւ ձեւով համապատասխանում են սույն օրենքով եւ կարգով սահմանված պահանջներին, ապա նա գործավարությունը շարունակում է սույն օրենքով սահմանված կարգով:
 

ԳԼՈՒԽ 6. ԳՅՈՒՏԵՐԻ ԵՒ ՕԳՏԱԿԱՐ ՄՈԴԵԼՆԵՐԻ ՀԱՅՏԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 52. Հայտին ներկայացվող հատուկ պահանջները

1. Հայտը պետք է պարունակի՝

1) դիմում՝ արտոնագիր ստանալու մասին,

2) գյուտի կամ օգտակար մոդելի նկարագրությունը,

3) գյուտի կամ օգտակար մոդելի հավակնության սահմանումը, որը ներառում է մեկ կամ ավելի կետեր,

4) գծագրեր եւ այլ նյութեր, եթե դրանք անհրաժեշտ են գյուտի կամ օգտակար մոդելի էությունը հասկանալու համար.

5) գյուտի կամ օգտակար մոդելի համառոտ շարադրանքը (ռեֆերատ):

2. Ոչ ուշ, քան մինչեւ հայտի հրապարակումը, հայտատուն կարող է ներկայացնել զատված հայտ այն գյուտի առարկայի նկատմամբ, որն ավելի վաղ ներկայացված հայտում դուրս է գալիս այդ հայտի շրջանակներից։ Զատված հայտը համարվում է ներկայացված ավելի վաղ հայտի ներկայացման թվականով եւ ունի ավելի վաղ ներկայացված հայտի առաջնության իրավունք։

3. Մինչեւ գյուտի արտոնագիր տալու մասին պետական լիազոր մարմնի որոշման կայացումը հայտատուն կարող է դիմում ներկայացնել պետական լիազոր մարմին՝ տվյալ գյուտի հայտը օգտակար մոդելի հայտի փոխակերպելու խնդրանքով։

4. Հայտատուի դիմումի համաձայն, պետական լիազոր մարմինը գյուտի հայտը փոխակերպում է օգտակար մոդելի հայտի, եթե այն համապատասխանում է սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին։

5. Օգտակար մոդելի հայտը կարող է փոխակերպվել գյուտի հայտի մինչեւ օգտակար մոդելի արտոնագիր տալու վերաբերյալ պետական լիազոր մարմնի որոշման ընդունումը։

6. Սույն հոդվածի 3-րդ եւ 5-րդ մասերում նշված փոխակերպումների ժամանակ պահպանվում են սկզբնական հայտով սահմանված առաջնությունը եւ հայտի ներկայացման թվականը:

Հոդված 53. Հայտին ներկայացվող պահանջների բովանդակությունը

1. Գյուտի արտոնագիր ստանալու մասին դիմումում նշվում են տվյալներ հայտատուի մասին (անունը, ազգանունը եւ բնակության վայրը   կամ կազմակերպության պաշտոնական անվանումը եւ գտնվելու վայրը), գյուտի անվանումը, որը բնորոշում է գյուտի առարկան եւ պետական լիազոր մարմնի կողմից սահմանված այլ տվյալներ։

2. Գյուտի նկարագրությունը  ներառում է տեխնիկական խնդիրը, որի լուծմանը նպատակաուղղված է գյուտը, տեխնիկական արդյունքը, որը կարելի է ստանալ գյուտի կիրառմամբ, տեղեկատվություն՝ տեխնիկայի մակարդակի կամ այլ տեխնիկական լուծումների մասին, որոնք հանրամատչելի են դարձել մինչեւ գյուտի առաջնության թվականը, եւ հայտատուին հայտնի՝ պահանջվող տեխնիկական արդյունքի ստացմանը խոչընդոտող պատճառները, ինչպես նաեւ տեխնիկական խնդրի տեխնիկական լուծման նկարագրությունը: Գյուտի նկարագրությունը պետք է պարզ եւ հստակ բացահայտի գյուտը՝ տվյալ բնագավառի մասնագետի կողմից դա իրականացնելու համար բավարար չափով.

3. Եթե գյուտը վերաբերում է կենսաբանական նյութի, որը մատչելի չէ հանրությանը եւ չի կարող որոշակիորեն նկարագրվել տվյալ բնագավառի մասնագետի կողմից դա իրականացնելու համար բավարար չափով, ապա այդ գյուտի նկարագրությունը լրացվում է Արտոնագրային գործընթացի նպատակով միկրոօրգանիզմների ավանդադրման միջազգային ճանաչման մասին Բուդապեշտյան պայմանագրի Հրահանգի 7-րդ հոդվածի համաձայն տրված կամ միկրոօրգանիզմների ավանդադրման հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված հաստատության տված կենսաբանական նյութի ավանդադրման մասին տեղեկանքով։

4. Գյուտի հավակնության սահմանումը տեխնիկական հատկանիշների  համախմբության միջոցով որոշում է գյուտի առարկան, որի համար խնդրարկվում է  իրավական պահպանություն։ Հավակնության սահմանումը, որը ներկայացվում է մեկ կամ ավելի կետերով, պետք է լինի պարզ ու հստակ եւ ամբողջապես հիմնված լինի նկարագրության վրա։

5. Գծագրերը եւ այլ նյութերը  ծառայում են գյուտի էությունը հասկանալուն։

6.  Գյուտի համառոտ շարադրանքը (ռեֆերատ) գյուտի նկարագրության բովանդակության համառոտ շարադրանքն է եւ  ծառայում է միայն արտոնագրային որոնման նպատակներին։ Համառոտ շարադրանքը ներառում է գյուտի անվանումը, գյուտին վերաբերող տեխնիկայի բնագավառը, որին վերաբերում է գյուտը եւ (կամ) գյուտի կիրառման բնագավառը, եթե այն պարզ չէ գյուտի անվանումից, գյուտի էության բնութագիրը՝ նշելով ստացվող տեխնիկական արդյունքը։ Համառոտ շարադրանքը չի կարող օգտագործվել այլ նպատակների համար, մասնավորապես՝ գյուտի իրավական ծավալի մեկնաբանման համար։

7. Գյուտի հայտը կարող է վերաբերել մեկ գյուտի կամ միասնական գյուտարարական մտահղացում կազմող մի խումբ գյուտերի (գյուտի միասնության պահանջ):

Հոդված 54. Արտոնագիր տալու համար սահմանված պահանջների փորձաքննությունը

1. Գյուտի արտոնագիր տալու գործընթացն իրականացնելիս պետական լիազոր մարմինն ստուգում է.

1) հայտարկված գյուտի առարկայի համապատասխանությունը սույն օրենքի 10-րդ հոդվածով սահմանված արտոնագրաունակության պայմաններին,

2)  հայտարկված գյուտի՝ առաջին հայացքից (ակնհայտորեն, բացահայտորեն), համապատասխանությունը սույն օրենքի 11-րդ, 13-րդ եւ 14-րդ հոդվածներով սահմանված արտոնագրաունակության պայմաններին՝  տեխնիկայի մակարդակը որոշելով միայն իր տրամադրության տակ գտնվող նյութերով։

2. Օգտակար մոդելի արտոնագիր տալու գործընթացն իրականացնելիս պետական լիազոր մարմինն ստուգում է.

1) հայտարկված օգտակար մոդելի առարկայի համապատասխանությունը  սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված արտոնագրաունակության պայմաններին,

2) հայտարկված օգտակար մոդելի համապատասխանությունը սույն օրենքի  14-րդ եւ 15-րդ հոդվածներով սահմանված արտոնագրաունակության պայմաններին։

3. Եթե պետական լիազոր մարմինը պարզում է, որ ներկայացված հավակնության սահմանմամբ  գյուտը համապատասխանում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին, կամ ներկայացված հավակնության սահմանմամբ օգտակար մոդելը համապատասխանում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին, ապա որոշում է կայացնում  հայտը պաշտոնական տեղեկագրում հրապարակելու եւ արտոնագիր տալու մասին։

4.  Եթե պետական լիազոր մարմինը պարզում է, որ ներկայացված հավակնության սահմանմամբ  գյուտը չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջներին, կամ ներկայացված հավակնության սահմանմամբ օգտակար մոդելը չի համապատասխանում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին, ապա որոշում է կայացնում հայտը մերժելու մասին։

5. Եթե պետական լիազոր մարմինը պարզում է, որ ներկայացված հավակնության սահմանմամբ  գյուտը չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասով կամ ներկայացված հավակնության սահմանմամբ  օգտակար մոդելը չի համապատասխանում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջներին միայն մասամբ, ապա որոշում է կայացնում միայն այդ մասի նկատմամբ հայտը մերժելու մասին։

Հոդված 55. Հայտի հրապարակումը

1. Պետական լիազոր մարմինը  հայտը հրապարակում է այն ներկայացնելու թվականից, կամ եթե խնդրարկվում է առաջնություն՝ առաջնության թվականից տասնութ ամիս լրանալուց հետո։

2. Հայտատուն կարող է պահանջել, որ հայտը հրապարակվի մինչեւ սույն հոդվածի 1-ին մասում նշված տասնութամսյա ժամկետի լրանալը, բայց ոչ շուտ, քան հայտը ներկայացնելու թվականից կամ, եթե խնդրարկվում է առաջնություն՝ առաջնության թվականից երեք ամիս լրանալուց հետո։

3. Պետական լիազոր մարմինը հայտը հրապարակում է արտոնագիր տալու մասին տեղեկությունների հետ միասին։ Հրապարակվող տեղեկությունների ցանկը սահմանում է պետական լիազոր մարմինը:

Հոդված 56. Արտոնագիր տալը

1. Պետական լիազոր մարմինը գյուտը գրանցում է գյուտերի պետական գրանցամատյանում եւ տեղեկություններ է հրապարակում  արտոնագիր տալու մասին։ Արտոնագիր տալու թվական համարվում է հայտի հրապարակման թվականը։

2. Մինչեւ սույն օրենքի 59-րդ հոդվածի համաձայն արտոնագրաունակության մասին եզրակացության հրապարակումը,  իրավական պահպանության ծավալը որոշվում է հրապարակված հավակնության սահմանման բովանդակությամբ։

Հոդված 57. Գրավոր ապացույցի ներկայացման ժամկետը

1. Գյուտի արտոնագրատերը կամ արտոնագրից բխող բացառիկ իրավունքի իրավատերը ոչ ուշ, քան մինչեւ արտոնագրի գործողության իններորդ տարվա ավարտը գրավոր ապացույց է ներկայացնում պետական լիազոր մարմին այն մասին, որ արտոնագրված գյուտը համապատասխանում է սույն օրենքի 9-րդ, 11-րդ, 13-րդ եւ 14-րդ հոդվածներով սահմանված պահանջներին։

2. Գյուտի արտոնագրատերը կամ արտոնագրից բխող բացառիկ իրավունքի իրավատերը սույն հոդվածի 1-ին մասի համաձայն գրավոր ապացույցը պետական լիազոր մարմին ներկայացնելու կամ այն ներկայացնելու մասին ծանուցագիրն ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում վճարում է արտոնագրաունակության մասին եզրակացությունը հրապարակելու համար պետական տուրքը։ Սահմանված ժամկետում նշված պետական տուրքը չվճարելու դեպքում, գրավոր ապացույցը համարվում է չներկայացված, ինչի մասին ծանուցվում է արտոնագրատերը կամ բացառիկ իրավունքի իրավատերը։

3. Եթե գյուտի արտոնագրատերը կամ արտոնագրից բխող բացառիկ իրավունքի իրավատերը խախտում է սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը, ապա արտոնագիրը դադարում է գործել արտոնագրի գործողության 10-րդ տարին լրանալուց հետո։

4. Եթե սույն հոդվածի 1-ին մասի համաձայն արտոնագրատերը  ներկայացնում է գրավոր ապացույց, որը վերաբերում է իրավատիրոջ բացառիկ իրավունքի խախտման հետ կապված դատական հայցերին, ապա պետական լիազոր մարմինը հրապարակում է սույն օրենքի  59-րդ հոդվածում նշված   արտոնագրաունակության մասին եզրակացություններից որեւէ մեկը:

5. Սույն հոդվածի դրույթները չեն կիրառվում օգտակար մոդելների նկատմամբ։

Հոդված 58. Գրավոր ապացույցի ձեւերը

1. Գրավոր ապացույցը կարող է տրամադրվել կամ ԱՀՊ պայմանագրի 32-րդ հոդվածի համաձայն Միջազգային նախնական փորձաքննության մարմնի կողմից, կամ այլ արտոնագրային գերատեսչության կողմից, որի հետ պետական լիազոր մարմինը կնքել է համապատասխան պայմանագիր։

2. Եթե արտոնագիր տալու գործընթացի համար սույն հոդվածի 1-ին մասի համաձայն գրավոր ապացույցի տրամադրումն ավարտված չէ, ապա դրա մասին հայտատուն տեղեկացնում է պետական լիազոր մարմնին սույն օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում։

Այս տեղեկատվության հիման վրա  պետական լիազոր մարմինն ընդհատում է  արտոնագիր տալու գործավարությունը։ Գործավարությունը շարունակվում է, եթե հայտատուն սույն հոդվածի համաձայն գրավոր ապացույց է ներկայացնում ոչ ուշ՝ քան սահմանված ժամկետը լրանալուց հետո երեք ամիսը լրանալը։ Եթե սահմանված ժամկետում գրավոր ապացույցը սույն հոդվածի համաձայն չի ներկայացվում, արտոնագրի գործողությունը դադարեցվում է տասներորդ տարին լրանալուն պես։

3. Եթե գրավոր ապացույցը ներկայացվում է սույն հոդվածի 1-ին մասի համաձայն, արտոնագրատերը կամ բացառիկ իրավունքի իրավատերը ներկայացնում է գրավոր ապացույցի հիմք հանդիսացող բոլոր այլ արտոնագրերի ցանկը եւ պատճենները, ներառյալ՝ մերժված հայտերի եւ դրանց տվյալների։ Գրավոր ապացույցին արտոնագրերի պատճենները եւ ցանկը չկցելու դեպքում  գրավոր ապացույցը համարվում է չներկայացված, ինչի մասին ծանուցվում է հայտատուն։

4. Եթե պետական լիազոր մարմինը գտնում է, որ սույն հոդվածի համաձայն ներկայացված գրավոր ապացույցը կեղծված է կամ ճիշտ չէ, ապա արտոնագիրը ճանաչվում է անվավեր։

5.Գրավոր ապացույց չունենալու դեպքում արտոնագրատերը կամ բացառիկ իրավունքի իրավատերը կարող է պահանջել, որ պետական լիազոր մարմինը համապատասխան պետական տուրքի վճարման դիմաց ձեռք բերի անհրաժեշտ տվյալներ կամ կարծիքներ, որոնք որպես հիմք կօգտագործվեն սույն օրենքի 59-րդ հոդվածի  համաձայն եզրակացություններից որեւէ մեկը հրապարակելու համար։

Հոդված 59. Արտոնագրաունակության մասին եզրակացության հրապարակումը

1. Ներկայացված գրավոր ապացույցի եւ 58-րդ հոդվածում նշված փաստաթղթերի հիման վրա  պետական լիազոր մարմինը հրապարակում է արտոնագրաունակության մասին եզրակացությունը, որը հավաստում է, որ՝

1)  գյուտը համապատասխանում է սույն օրենքի 9-րդ, 11-րդ, 13-րդ եւ 14-րդ հոդվածների պահանջներին եւ դրա հավակնության սահմանումն ամբողջությամբ համապատասխանում է այդ պահանջներին, կամ

2) գյուտը համապատասխանում է սույն օրենքի 9-րդ, 11-րդ, 13-րդ եւ 14-րդ հոդվածների պահանջներին մասամբ, եւ այդ պատճառով դրա հավակնության սահմանման մեջ կատարվում են համապատասխան ճշգրտումներ, կամ

3)  հայտի ներկայացման թվականի դրությամբ գյուտը չի համապատասխանում սույն օրենքի 9-րդ, 11-րդ, 13-րդ եւ 14-րդ հոդվածների պահանջներին, եւ տրված արտոնագիրը ճանաչվում է անվավեր։

2. Պետական լիազոր մարմինը չի կարող հրապարակել արտոնագրաունակության մասին եզրակացությունը՝ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կամ 3-րդ կետերով նախատեսված դեպքերում, եթե նա նախապես չի ծանուցել արտոնագրատիրոջը՝  հավակնության սահմանման նախատեսվող փոփոխությունների եւ արտոնագիրն անվավեր ճանաչելու հնարավորության մասին, ծանուցագիրն ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում հավակնության սահմանումը ճշգրտելու կամ պարզաբանելու առաջարկությամբ։ Այս դեպքում, մինչեւ  արտոնագրաունակության մասին եզրակացության հրապարակումը պետական լիազոր մարմինն ստուգում է արտոնագրաունակության մասին այդպիսի եզրակացության հրապարակման համար հիմքերի առկայությունը։ Եթե արտոնագրատերը սահմանված ժամկետում պարզաբանումներ չի ներկայացնում, համարվում է, որ նա համաձայն է  արտոնագրաունակության մասին պետական լիազոր մարմնի եզրակացության հետ։

3. Հավակնության սահմանումը, որն  արտոնագրաունակության մասին եզրակացության համաձայն ճշգրտվել է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, չի կարող ապահովել ավելի լայն իրավական պահպանություն, քան այն հավակնության սահմանումը, որը հրապարակվել է սույն օրենքի 56-րդ հոդվածի համաձայն։

4. Եթե հայտը ներկայացվել է միասնության պահանջի խախտմամբ, ապա հայտատուին առաջարկվում է եռամսյա ժամկետում հայտնել, թե գյուտերից որը պետք է քննարկվի, եւ անհրաժեշտ ճշգրտումներ կատարել հայտի փաստաթղթերում:

5. Միասնության պահանջի խախտման մասին ծանուցագիրը նշված եռամսյա ժամկետում հայտատուի կողմից անպատասխան թողնելու դեպքում քննարկվում է այն գյուտը, որը հավակնության սահմանման մեջ բերված է առաջինը: Այս դեպքում հայտատուին ուղարկվում է հարցում՝ այն ստանալու օրվանից եռամսյա ժամկետում հայտի փաստաթղթերում ճշգրտումներ կատարելու առաջարկությամբ։
 

ԳԼՈՒԽ 7. ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՆՄՈՒՇԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 60. Արդյունաբերական նմուշի հայտին ներկայացվող հատուկ պահանջները

1. Արդյունաբերական նմուշի հայտը պետք է պարունակի.

1) դիմում՝ արդյունաբերական նմուշը գրանցելու մասին,

2) իրի կամ մեկ հայտում ներառված մի քանի իրերի արտաքին տեսքն ամբողջությամբ կամ մասնակիորեն բացահայտող լուսանկարը (լուսանկարները) կամ գրաֆիկական պատկերը (պատկերները)  պետական լիազոր մարմնի կողմից նախատեսված քանակով։  Արդյունաբերական նմուշի հայտի փաստաթղթերի նկատմամբ պահանջները սահմանում է պետական լիազոր մարմինը:

2. Արդյունաբերական նմուշի հայտ ներկայացնելիս հայտատուն կարող է դիմել հայտի հրապարակումը դրա ներկայացման թվականից, կամ եթե խնդրարկվում է առաջնություն՝ առաջնության թվականից տասներկու ամսով հետաձգելու  խնդրանքով։ Մի քանի իրերի արտաքին տեսքին վերաբերող հայտի դեպքում հրապարակման հետաձգման դիմումը կարող է վերաբերել դրանց մի մասին։

3. Եթե արդյունաբերական նմուշը, ներառյալ մանածագործական նմուշը կամ հոլոգրամը, երկչափ է եւ սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն ներկայացվել է հրապարակումը հետաձգելու մասին խնդրանք, ապա իրի արտաքին տեսքի (ամբողջությամբ կամ մասնակիորեն) լուսանկարի կամ գրաֆիկական պատկերի փոխարեն  հայտին կարող է կցվել իրի կամ դրա մի մասի նմուշը։ Իրերի սահմանած քանակով լուսանկարները կամ գրաֆիկական պատկերները ներկայացվում են ոչ ուշ, քան սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն հրապարակման հետաձգված ժամկետի ավարտից երկու ամիս առաջ։ Սույն պահանջը չկատարելու դեպքում  հայտը համարվում է հետ կանչված։

Հոդված 61. Արդյունաբերական նմուշի հայտին ներկայացվող պահանջների բովանդակությունը

1. Արդյունաբերական նմուշի գրանցման դիմումում նշվում են տվյալներ հայտատուի մասին (ազգանունը, անունը եւ բնակության վայրը, կամ կազմակերպության անվանումը եւ գտնվելու վայրը), արտադրանքի նշումը, որում արդյունաբերական նմուշը կարող է մարմնավորվել կամ օգտագործվել, արդյունաբերական նմուշների միջազգային դասակարգման ցուցիչը եւ պետական լիազոր մարմնի կողմից սահմանված այլ տվյալներ։

2. Արդյունաբերական նմուշի հայտը կարող է ներառել մի քանի արդյունաբերական նմուշներ` պայմանով, որ դրանք վերաբերում են արդյունաբերական նմուշների միջազգային դասակարգման մեկ դասին, բացառությամբ զարդանախշերի։

3. Իրի արտաքին տեսքի (ամբողջությամբ կամ մասնակիորեն) լուսանկարը կամ գրաֆիկական պատկերը պետք է հստակ բացահայտի արտաքին տեսքի նորությունը եւ ինքնատիպությունը։

Հոդված 62. Արդյունաբերական նմուշի հայտի փորձաքննությունը

1. Փորձաքննության ընթացքում պետական լիազոր մարմինը ստուգում է հայտի անհրաժեշտ եւ սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն սահմանված կարգի պահանջներին համապատասխան ձեւակերպված փաստաթղթերի առկայությունը, պարզում է ներկայացված արդյունաբերական նմուշի համապատասխանությունը սույն օրենքի 25-րդ հոդվածով սահմանված պահանջներին, բացառությամբ 2-րդ մասի։

2. Եթե փորձաքննության արդյունքում պետական լիազոր մարմինը պարզի, որ.

1) հայտը համապատասխանում է սույն հոդվածի 1-ին մասի պահանջներին, ապա որոշում է կայացնում արդյունաբերական նմուշի գրանցման մասին  եւ հայտատուի կողմից համապատասխան պետական տուրքի վճարման դեպքում  արդյունաբերական նմուշին վերաբերող տվյալները մուտքագրում է գրանցամատյան եւ այդ մասին տեղեկություններ է հրապարակում իր պաշտոնական տեղեկագրում,

2) հայտը չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին մասի պահանջներին, ապա հայտը մերժում է մասնակիորեն կամ ամբողջությամբ։
 

ԳԼՈՒԽ 8.  ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՒ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԸ

Հոդված 63. Պետական գրանցամատյանները

1. Պետական լիազոր մարմինը վարում է գյուտերի, օգտակար մոդելների եւ արդյունաբերական նմուշների Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանները (այսուհետ՝ գրանցամատյաններ)։ Գրանցամատ՟յան՟ները բաց են հանրության համար, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ։

2. Արտոնագրի տրման թվականը  կամ արդյունաբերական նմուշի վկայագրի տրման թվականը գրանցամատյանում դրա գրանցման թվականն է։

3. Ցանկացած անձի դիմումի հիման վրա եւ սահմանված պետական  տուրքի վճարման դիմաց  պետական լիազոր մարմինը քաղվածք է տրամադրում գրանցամատյանից։

4. Գրանցամատյանների բովանդակությունը, գրանցամատյաններում փոփոխություն կատարելու մասին դիմումի բովանդակությունը, այդպիսի փոփոխություններ կատարելու ընթացակարգը, գրանցամատյանից կատարվող քաղվածքի բովանդակությունը եւ այդ քաղվածքների առաքման, ինչպես նաեւ գրանցամատյանների վարման հետ կապված այլ գործողությունների կատարման կարգը սահմանում է պետական լիազոր մարմինը։

Հոդված 64. Գրանցամատյանների բովանդակությունը

1. Գյուտերի եւ օգտակար մոդելների գրանցամատյանը հիմնականում պարունակում է գյուտի գրանցման համարը (արտոնագրի համարը), հայտի համարը եւ ներկայացման թվականը, խնդրարկված առաջնության թվականը, հրապարակման թվականը, գրանցամատյանում գրանցման թվականը, սույն օրենքի 59-րդ հոդվածի համաձայն տրված արտոնագրաունակության մասին եզրակացության համարը եւ տրման թվականը, սեփականատիրոջը վերաբերող տվյալները (անունը կամ անվանումը եւ բնակության կամ գտնվելու վայրը), արտոնագրի տեսակը, գյուտարարին վերաբերող տվյալները (անունը եւ բնակության վայրը), գյուտի անվանումը, արտոնագրի գործողության մասին տվյալները, արտոնագրի գործողության դադարեցման թվականը, ինչպես նաեւ լրացուցիչ պահպանություն տրամադրելու մասին տվյալներ։

2. Արդյունաբերական նմուշների գրանցամատյանը հիմնականում պարունակում է արդյունաբերական նմուշի գրանցման համարը (վկայագրի համարը), հայտի համարը եւ ներկայացման թվականը, խնդրարկված առաջնության թվականը, հրապարակման թվականը, գրանցամատյանում գրանցման թվականը, սեփականատիրոջը վերաբերող տվյալները (անունը կամ անվանումը եւ բնակության կամ գտնվելու վայրը), դիզայներին վերաբերող տվյալները (անունը եւ բնակության վայրը), նրա ցանկությամբ՝ արտադրանքի նշումը, արտադրանքի քանակը, դասակարգման ցուցիչն ըստ Լոկառնոյի դասակարգչի, արդյունաբերական նմուշի վկայագրի գործողության մասին տվյալները, արդյունաբերական նմուշի վկայագրի գործողության դադարեցման թվականը։

3. Դատական գործերի եւ վերջնական վճիռների մասին տեղեկատվությունը, որի մասին ծանուցվել է պետական լիազոր մարմինը,  գրանցվում է սույն օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասում նշված գրանցամատյանում։

Հոդված 65. Գրանցամատյաններում փոփոխությունների կատարումը

1. Իրավունքներին եւ իրավատերերին վերաբերող տվյալների հետագա փոփոխությունները գրանցամատյան մուտքագրվում են համապատասխան դիմումի համաձայն։ Սույն հոդվածի դրույթները mutatis mutandis կիրառվում են հայտերի եւ հայտատուների նկատմամբ։

2. Իրավունքների փոխանցումը եւ լիցենզիաների տրամադրման մասին տվյալները մուտքագրվում են համապատասխան գրանցամատյան՝ պայմանագրի կողմերից որեւէ մեկի դիմումի համաձայն։

3. Մինչեւ փոփոխությունների կատարումը որպես իրավատեր գրանցամատյանում նշված անձը, համապատասխան ապացույցներ ներկայացնելու դեպքում, կարող է դատական կարգով վիճարկել ցանկացած փոփոխություն, որն անօրինական ձեւով կատարվել է առանց իր համաձայնության։

Հոդված 66. Փոփոխություններ կատարելու ընթացակարգը

1. Մեկ դիմումով կարող է խնդրարկվել գրանցամատյանում կատարել մի քանի փոփոխություններ։ Մեկ դիմումը բավարար է նաեւ այն դեպքում, երբ փոփոխությունները խնդրարկվում են մեկից ավելի հայտերի եւ (կամ) միեւնույն անձի իրավունքի համար՝ պայմանով, որ փոփոխությունը կամ փոփոխությունները նույնը լինեն քննարկվող բոլոր հայտերի եւ իրավունքների համար եւ  բոլոր հայտերի եւ իրավունքների համարները նշված լինեն դիմումում։

2. Յուրաքանչյուր հայտի կամ իրավունքի վերաբերյալ փոփոխությունը գրանցամատյանում գրանցելու համար վճարվում է պետական տուրք  դիմում ներկայացնելիս կամ համապատասխան ծանուցագիր ստանալուց հետո երեք ամսվա ընթացքում։ Սահմանված ժամկետում պետական տուրքը չվճարելու դեպքում  դիմումը համարվում է չներկայացված։

3. Եթե փոփոխությունները խնդրարկվում են որպես իրավատեր գրանցամատյանում նշված անձի կողմից, ապա պետական լիազոր մարմինը փոփոխությունները գրանցում է համապատասխան գրանցամատյանում։

4. Եթե փոփոխությունները խնդրարկվում են  գրանցամատյանում որպես իրավատեր չգրանցված անձի կողմից, ապա տվյալ անձը  դիմումը ներկայացնելիս կամ համապատասխան ծանուցագիրն ստանալուց հետո երեք ամսվա ընթացքում  իր հայեցողությամբ ներկայացնում է իրավատիրոջ համաձայնությունը կամ փոփոխությունների կատարման իրավական հիմք հանդիսացող այլ փաստաթղթեր։  Եթե պետական լիազոր մարմինը կասկածներ ունի փոփոխություներ կատարելու համար ներկայացված դիմումում տեղ գտած որեւէ նշման վերաբերյալ, կամ եթե ներկայացված փաստաթղթերն օտար լեզվով են, ապա կարող է պահանջել, որ դիմումն ստանալուց հետո երեք ամսվա ընթացքում ներկայացվեն լրացուցիչ փաստաթղթեր կամ ներկայացված փաստաթղթերի հայերեն թարգմանությունը։

5. Եթե դիմողը ժամանակին չի ներկայացնում սույն հոդվածի 4-րդ մասում նշված լրացուցիչ փաստաթղթերը կամ փաստաթղթերի թարգմանությունը, ապա փոփոխություններ կատարելու մասին դիմումը համարվում է հետ կանչված։

6. Փոփոխությունները կատարվում են  պետական լիազոր մարմնի որոշման հիման վրա։

Հոդված 67. Իրավունքների պահպանության ժամկետների երկարաձգումը

1. Գյուտի, օգտակար մոդելի արտոնագրով վերապահված, ինչպես նաեւ արդյունաբերական նմուշի գրանցումից բխող իրավունքների պահպանության ժամկետը երկարաձգվում է սահմանված ժամկետներում  պետական տուրքի վճարման հիման վրա, որը հաշվարկվում է հայտը ներկայացնելու թվականից.

1) արտոնագրերի համար յուրաքանչյուր տարի՝ մեկ տարով,

2) արդյունաբերական նմուշի համար յուրաքանչյուր հինգ տարին մեկ՝ հինգ տարով։

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված պետական տուրքերը (տարեկան պետական տուրքեր) վճարվում են յուրաքանչյուր հաջորդ տարվա համար մինչեւ գործողության ընթացիկ տարվա ավարտը:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքների պահպանության ժամկետի երկարաձգման պետական տուրքը վճարվում է յուրաքանչյուր հինգ տարվա համար գործողության ընթացիկ հինգերորդ տարվա ընթացքում:

4. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված տարեկան պետական տուրքերը վճարվում են արտոնագրի գործողության երկրորդ տարվանից սկսած:

5.  Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված պետական տուքերը վճարվում են արդյունաբերական նմուշի գրանցման գործողության առաջին հինգ տարվանից սկսած:

6. Եթե արտոնագիր տալու գործընթացը տեւում է հայտը ներկայացնելու թվականից սկսած մեկ տարուց ավելի, ապա սույն հոդվածի 1-ին մասի դրույթները կիրառվում են mutatis mutandis։

7. Գյուտի, օգտակար մոդելի արտոնագրով վերապահված, ինչպես նաեւ արդյունաբերական նմուշի գրանցումից բխող իրավունքների պահպանության ժամկետները կարող են երկարաձգվել նաեւ սույն հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված ժամկետների ավարտից հետո վեց ամսվա ընթացքում վճարված պետական տուրքի հիման վրա: Այս դեպքում պետական տուրքի չափն ավելացվում է 50 տոկոսով:

8.  Պետական լիազոր մարմինը իրավատիրոջը հիշեցումով ծանուցում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պետական տուրքը վճարված չլինելու եւ սույն հոդվածի 7-րդ մասով վճարելու հնարավորության ու  չվճարելու դեպքում դրա հետեւանքների մասին՝ իրավունքների պահպանության ժամկետը լրանալուց մեկ ամսվա ընթացքում։

9. Պետական տուրքերը ժամանակին չվճարելը կամ սույն հոդվածի 7-րդ մասում նշված ժամանակահատվածի համար պետական լիազոր մարմնի հիշեցումն անհետեւանք թողնելը հանգեցնում է արդյունաբերական սեփականության օբյեկտի իրավական պահպանության (գյուտի, օգտակար մոդելի արտոնագրի գործողության կամ արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքների) դադարեցման՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետին հաջորդող օրվանից։

10. Սույն հոդվածի 7-րդ եւ 8-րդ մասերը mutatis mutandis կիրառվում են սույն հոդվածի 6-րդ մասում նշված դեպքերի նկատմամբ։ Եթե այդ դեպքերում պետական տուրքը եւ լրացուցիչ պետական տուրքը չի վճարվում սահմանված ժամկետում, ապա հայտը համարվում է հետ կանչված։

Հոդված 68. Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքների վերականգնումը եւ հետօգտագործման իրավունքը

1. Գյուտի, օգտակար մոդելի կամ արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքները, որոնք դադարեցվել են սույն օրենքի 67-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն, կարող է վերականգնվել իրավատիրոջ դիմումի հիման վրա։ Դիմումն անհրաժեշտ է պետական լիազոր մարմին ներկայացնել սույն օրենքի 67-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված ժամկետը լրանալուց հետո երեք տարվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչեւ արտոնագրի կամ արդյունաբերական նմուշի գրանցման վկայագրի գործողության սույն օրենքով սահմանված ժամկետի լրանալը։ Դիմումին կցվում է արտոնագրի կամ վկայագրի գործողության վերականգնման համար սահմանված պետական տուրքի, ինչպես նաեւ արտոնագիրը գործողության մեջ պահելու համար կամ արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքների երկարաձգման համար չվճարված տարեկան պետական տուրքերի վճարումը հաստատող փաստաթուղթը։

2. Գյուտի, օգտակար մոդելի արտոնագրի գործողության վերականգնման կամ արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքների վերականգնման մասին պետական լիազոր մարմինը տեղեկություն է հրապարակում իր պաշտոնական տեղեկագրում։

3. Ցանկացած անձ, որը սույն օրենքի 67-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն գյուտի, օգտակար մոդելի կամ արդյունաբերական նմուշի իրավական պահպանության դադարեցման թվականից մինչեւ պետական լիազոր մարմնի պաշտոնական տեղեկագրում արտոնագրի գործողության կամ արդյունաբերական նմուշի նկատմամբ իրավունքների վերականգնման մասին տեղեկությունների հրապարակման թվականը բարեխղճորեն սկսել է սույն օրենքի համաձայն պահպանվող գյուտի, օգտակար մոդելի կամ արդյունաբերական նմուշի օգտագործումը կամ  կատարել է օգտագործման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ, պահպանում է դրա հետագա անհատույց օգտագործման իրավունքը՝ առանց այդպիսի օգտագործման ծավալի ընդլայնման (հետօգտագործման իրավունք)։

4. Սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասում նշված իրավունքը կորցնելու եւ դրա վերականգնման մասին հայտարարություն հրապարակելու  ժամանակահատվածի համար սույն հոդվածի 3-րդ մասը կիրառվում է mutatis mutandis:

5. Հետօգտագործման իրավունքը թույլատրվում է փոխանցել այլ անձի միայն այն արտադրության հետ միասին, որտեղ օգտագործվել է գյուտը, օգտակար մոդելը կամ արդյունաբերական նմուշը, կամ կատարվել են դրա համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ։
 

ԳԼՈՒԽ 9.  ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ

Հոդված 69. Հարկադրական լիցենզիա

1. Ցանկացած անձ կամ Հայաստանի Հանրապետությունը առանց արտոնագրատիրոջ (իրավատիրոջ) համաձայնության, դատարանի որոշմամբ կարող է օգտագործել պահպանվող գյուտը, օգտակար մոդելը, արդյունաբերական նմուշը (հարկադրական լիցենզիա), հետեւյալ դեպքերում՝

1)  դա պահանջում են հասարակության շահերը, մասնավորապես՝ ազգային անվտանգության, սննդի, առողջապահության կամ կենսական նշանակություն ունեցող այլ բնագավառները,

2) արտոնագրատերը կամ լիցենզառուն արտոնագրային իրավունքներն օգտագործում է անբարեխիղճ, մասնավորապես, երբ օգտագործման ձեւերը հակասում են ընդունված կանոններին, սահմանափակելով մրցակցությունը,

3) գյուտը, օգտակար մոդելը, արդյունաբերական նմուշը հայտը ներկայացնելու թվականից 4 տարվա կամ արտոնագիր (վկայագիր)տալու օրվանից 3 տարվա ընթացքում (ընդ որում, պետք է կիրառվի ավելի ուշ լրացող ժամկետը) չի օգտագործվել կամ օգտագործվել է անբավարար։

2. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն դատարանը հարկադրական լիցենզիաները տրամադրում է հանգամանքներին ծանոթանալուց եւ իրավատիրոջը լսելուց հետո։

3.  Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն հարկադրական լիցենզիաները տրամադրվում են, եթե դիմում ներկայացնող անձն ապացուցում է, որ ինքը փորձել է իրավատիրոջ հետ կնքել լիցենզային պայմանագիր ողջամիտ առեւտրային ժամկետում եւ որ այդպիսի փորձերը չեն հաջողվել այդ ժամկետում։

4. Սույն հոդվածի 3-րդ մասի դրույթները չեն կիրառվում, եթե հայտարարվել է ռազմական կամ արտակարգ դրություն։

Հոդված 70. Հարկադրական լիցենզիայի տրամադրման պայմանները

1. Սույն օրենքի 69-րդ հոդվածի համաձայն հարկադրական լիցենզիաները տրամադրվում են հետեւյալ պայմաններով.

1) սահմանափակ ժամկետով ու ծավալով՝ ելնելով լիցենզիա տալու նպատակից,

2) դրանք պետք է լինեն միայն ոչ բացառիկ,

3) չեն կարող փոխանցվել երրորդ անձանց, բացառությամբ լիցենզիա ստացողի (լիցենզառու) կազմակերպության կամ գործարարության հետ միասին, որին տրվում  է լիցենզիան,

4) հիմնականում տրամադրվում են ներքին շուկայի պահանջարկն ապահովելու համար:

2. Եթե արտոնագիրը (այսուհետ՝ «երկրորդ արտոնագիր») չի կարող օգտագործվել առանց այլ արտոնագրի (այսուհետ՝ «առաջին արտոնագիր») խախտման, ապա «առաջին արտոնագրի» համար հարկադրական լիցենզիա ստանալու համար, ի լրումն սույն հոդվածի 1-ին մասում բերված պայմանների,  անհրաժեշտ է, որ՝

1) գյուտը, որը պահպանված է «երկրորդ արտոնագրով», «առաջին արտոնագրով» պահպանված գյուտի համեմատությամբ ապահովի մեծ տնտեսական կարեւորության տեխնիկական առավելություն,

 2) «առաջին արտոնագրի» արտոնագրատերն ընդունելի պայմանների դեպքում  «երկրորդ արտոնագրով» պահպանված գյուտի օգտագործման համար ունենա փոխադարձ լիցենզիայի իրավունք,

3) «առաջին արտոնագրով» պահպանված գյուտի օգտագործման իրավունքը հարկադրական լիցենզիա ստացած անձը փոխանցում է միայն կազմակերպության այն մասի հետ միասին, որտեղ իրականացվում է նշված օբյեկտի օգտագործումը:

3. Դատական ակտով հարկադրական լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվում, եթե՝

1) դրան հանգեցնող հանգամանքները վերացված են, եւ դրանց կրկնվելը քիչ հավանական է,

2) հարկադրական լիցենզիան ստանալուց մեկ տարվա ընթացքում պահպանվող օբյեկտի օգտագործման համար լիցենզառուն չի ձեռնարկել անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ:

4. Կիսահաղորդչային տեխնոլոգիաների դեպքում հարկադրական լիցենզիան կարող է տրամադրել միայն պետությունը՝ բացառապես ոչ առեւտրային օգտագործման համար, ինչպես նաեւ դատական կամ վարչական մարմինները՝ անբարեխիղճ մրցակցությունը կանխելու համար:

Հոդված 71. Հարկադրական լիցենզիայի համար վարձատրությունը

1. Հարկադրական լիցենզիան տրամադրվում է արտոնագրատիրոջը համարժեք դրամական վարձատրության պայմանով։

2. Վարձատրության չափը որոշվում է՝  ելնելով յուրաքանչյուր դեպքի հանգամանքներից եւ հաշվի առնելով այդպիսի թույլտվության տնտեսական նշանակությունը:
 

ԳԼՈՒԽ 10.  ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 72. Ներկայացուցչություն պետական լիազոր մարմնի առջեւ

1.Հայտատուն, արտոնագրատերը, այլ շահագրգիռ անձը պետական լիազոր մարմնի հետ գործավարությունը կարող են վարել ներկայացուցչի միջոցով։ Ներկայացուցչի իրավասությունը վավերացվում է նրանց կողմից տրված լիազորագրով, որը կազմվում է հասարակ գրավոր ձեւով։

2. Ներկայացուցիչ նշանակող կողմը կարող է նշանակել մեկ կամ մի քանի ներկայացուցիչ յուրաքանչյուր կամ բոլոր գործողությունների համար, որոնք նախատեսված են  պետական լիազոր մարմնի ընթացակարգով: Եթե նշանակված են մի քանի ներկայացուցիչ եւ ներկայացուցիչ նշանակող կողմը չի նշանակում այն ընդհանուր ներկայացուցչին, որի հետ պետական լիազոր մարմինը պետք է վարի գործավարությունը, ապա պետական լիազոր մարմինը գործավարությունը վարում է այն ներկայացուցչի հետ, որը լիազորագրում նշված է առաջինը։

3. Ներկայացուցիչ նշանակող կողմը մեկ լիազորագրով կարող է լիազորել ներկայացուցչին կատարել միեւնույն հայտատուի՝ պետական լիազոր մարմին ներկայացված կամ հետագայում ներկայացվելիք հայտերին վերաբերող գործողությունները: Այս դեպքում հայտերից մեկի համար ներկայացվում է լիազորագրի բնօրինակը (դրա վավերացված պատճենը), իսկ մնացած հայտերից յուրաքանչյուրի համար՝ լիազորագրի պատճենը, որի վրա նշվում է այն հայտի համարը, որում պահվում է լիազորագրի բնօրինակը (վավերացված պատճենը)։

4. Ներկայացուցչի լիազորագիրը ներկայացվում է պետական լիազոր մարմին հայտը ներկայացնելիս  կամ համապատասխան ծանուցագիրն ստանալուց հետո երեք ամսվա ընթացքում: Մինչեւ լիազորագիր ներկայացնելը ներկայացուցչի կատարած գործողությունները համարվում են անօրինական եւ հաշվի չեն առնվում:

Հոդված 73. Օտարերկրյա անձանց ներկայացուցչությունը

1. Օտարերկրյա ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում չունեն մշտական բնակության վայր կամ իրական եւ գործող արդյունաբերական կամ առեւտրային հաստատություն (այսուհետ՝ «օտարերկյա անձինք»), սույն օրենքի համաձայն իրենց իրավունքների ձեռքբերման եւ պաշտպանության հետ կապված գործերը պետական լիազոր մարմնում վարում են ներկայացուցչի միջոցով, եթե Հայաստանի Հանրապետության  միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

2. Անկախ սույն հոդվածի 1-ին մասի պահանջներից եւ հաշվի առնելով սույն հոդվածի 3-րդ մասի պահանջները` օտարերկյա անձինք կարող են պետական լիազոր մարմին հայտ ներկայացնել, հայտի ներկայացման թվականի առնչությամբ գործողություններ կատարել, գործավարության կատարման համար վճարել պետական տուրքեր, սույն օրենքի 30-րդ հոդվածի համաձայն առաջնության իրավունքի խնդրարկման դեպքում՝ ներկայացնել առաջին հայտի վավերացված պատճենները եւ այդ գործավարության վերաբերյալ պետական լիազոր մարմնի կողմից ստանալ ծանուցագիր՝ առանց ներկայացուցչի:

3. Եթե օտարերկյա անձը սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն, փաստաթղթերը պետական լիազոր մարմին ներկայացնելու համար չունի ներկայացուցիչ, ապա նա պետական լիազոր մարմնի հետ  նամակագրության համար տալիս է փոստային հասցե, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության  տարածքում: Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ցանկացած ծանուցագիր, որը պետական լիազոր մարմինն ուղարկում է  տվյալ փոստային հասցեով,  համարվում է բավարար ծանուցում:

4. Անկախ սույն հոդվածի 1-ին մասի պահանջներից,  տարեկան պետական տուրքը կարող է վճարել ցանկացած անձ:

5. Եթե օտարերկյա անձը պետական լիազոր մարմնի հետ գործավարության համար չի նշանակում ներկայացուցիչ եւ  չի նշում Հայաստանի Հանրապետությունում գտնվող նամակագրության հասցե, ապա պետական լիազոր մարմինը նրան ծանուցագիր է ուղարկում այն ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում ներկայացուցիչ նշանակելու եւ լիազորագիր ներկայացնելու, կամ սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նամակագրության համար փոստային հասցե նշելու առաջարկությամբ։ Եթե օտարերկյա աձը ժամանակին ներկայացուցիչ չի նշանակում եւ լիազորարագիր չի ներկայացնում, կամ սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն փոստային հասցե չի նշում,  ապա պետական լիազոր մարմինը մերժում է գործավարության հետ կապված ցանկացած դիմում, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

Հոդված 74. Ներկայացուցչի լիազորագիրն անվավեր ճանաչելը եւ ծառայություններից հրաժարվելը

1. Ներկայացուցիչ նշանակող կողմը ցանկացած ժամանակ կարող է դադարեցնել լիազորագրի գործողությունը, իսկ ներկայացուցիչը՝  հրաժարվել իր նշանակումից, այդ մասին տեղեկացնելով պետական լիազոր մարմնին:

2. Ներկայացուցչի լիազորագրի գործողության  դադարեցման մասին ներկայացուցիչ նշանակող կողմի  որոշումն ուժի մեջ է մտնում պետական լիազոր մարմնի կողմից այն ստանալու օրվանից: Իր նշանակումից հրաժարվելու մասին ներկայացուցչի որոշումն ուժի մեջ է մտնում ներկայացուցիչ նշանակող կողմի՝ նոր ներկայացուցիչ նշանակելու մասին գրավոր ծանուցումը, կամ նոր ներկայացուցչին տված լիազորագիրը պետական լիազոր մարմնի կողմից ստանալու օրվանից, բայց ոչ ուշ քան իր նշանակումից հրաժարվելու մասին ներկայացուցչի որոշումը պետական լիազոր մարմնի կողմից ստանալու օրվանից երեք ամիսը լրանալը:

3.  Եթե ներկայացուցչի լիազորություններն անվավեր ճանաչելու մասին ներկայացուցիչ նշանակող կողմի որոշման կամ  իր լիազորություններից հրաժարվելու մասին ներկայացուցչի որոշման պատճառով օտարերկյա անձը մնում է առանց ներկայացուցչի, ապա սույն օրենքի     73 -րդ հոդվածի 5-րդ մասը կիրարկվում է mutatis mutandis:

Հոդված 75. Հավատարմատարները

1. Գյուտի, օգտակար մոդելի կամ արդյունաբերական նմուշի հայտ ներկայացնելու, հայտով նամակագրություն վարելու, ինչպես նաեւ սույն օրենքով նախատեսված իրավունքների ձեռքբերման եւ տնօրինման հետ կապված գործողոթյունները կատարելու համար հայտատուն կարող է նշանակել հավատարմատար:

Արդյունաբերական նմուշների հավատարմատարներն իրականացնում են միայն այն կողմերի գործողությունները, որոնք կապված են արդյունաբերական նմուշների նկատմամբ իրավունքների ձեռքբերման եւ տնօրինման, ինչպես նաեւ այդ իրավունքներին վերաբերող այլ գործողությունների հետ։

2. Արտոնագրային հավատարմատար կարող են լինել՝

1) Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն ունեցող այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն եւ որպես արտոնագրային հավատարմատար պետական լիազոր մարմնում հանձնել են որակավորման քննություն,

2) Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձինք, որտեղ աշխատում է սույն մասի 1-ին կետի պահանջներին համապատասխանող առնվազն մեկ անձ։

3. Արդյունաբերական նմուշների հավատարմատար կարող են լինել՝

1) Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակություն ունեցող այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն կրթություն եւ որպես արդյունաբերական նմուշների հավատարմատար պետական լիազոր մարմնում հանձնել են որակավորման քննություն,

2) Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու վայր ունեցող իրավաբանական անձինք, որտեղ աշխատում է սույն մասի 1-ին կետի պահանջներին համապատասխանող առնվազն մեկ անձ։

4. Կողմերը, որոնք սույն օրենքի համաձայն իրականացնում են իրավունքների հետ կապված գործողություններ, կարող են նաեւ դատարաններում եւ այլ պետական մարմիններում ներկայացվել արտոնագրային եւ արդյունաբերական նմուշների հավատարմատարների կողմից՝  պայմանով, որ նրանք համապատասխանում են դատարանում եւ այլ պետական մարմիններում հանդես գալու մասին կանոնակարգերով սահմանված պահանջներին, ինչպես նաեւ հավատարմատարի մոտ աշխատող լիազորված անձի միջոցով՝ պայմանով, որ նա Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ստացել է բարձրագույն իրավաբանական կրթություն Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետությունում, ինչը ճանաչվում  է Հայաստանի Հանրապետության կողմից, հանձնել է պետական քննություն եւ ունի առնվազն հինգ տարվա մասնագիտական ստաժ, ազատ տիրապետում է հայերենին։ Այս դեպքերում հավատարմատարը իրավասու է իր աշխատանքի դիմաց վարձատրվելու ըստ հավատարմատարների ամրագրված գնացուցակի եւ իր ծախսերի դիմաց հատուցում ստանալու հակառակ կողմից:

5. Սույն հոդվածի  2-րդ եւ 3-րդ մասերի համաձայն պետական լիազոր մարմինն անցկացնում է հավատարմատարների որակավորման քննություններ՝ սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն իր սահմանած կարգով:

Հոդված 76. Հավատարմատարների գրանցումը գրանցամատյանում

1. Պետական լիազոր մարմինը վարում է արտոնագրային եւ արդյունաբերական նմուշների հավատարմատարների գրանցամատյանները:

2. Գրանցամատյանում գրանցվելու համար վճարվում է օրենքով սահմանված պետական տուրք: Պետական տուրքի վճարումից հետո պետական լիազոր մարմինը որոշում է կայացնում արտոնագրային հավատարմատարին կամ արդյունաբերական նմուշների հավատարմատարին գրանցելու մասին:

3. Արտոնագրային հավատարմատարը կարող է դիմել պետական լիազոր մարմին՝ իրեն արտոնագրային հավատարմատարների գրանցամատյանից արդյունաբերական նմուշների հավատարմատարների գրանցամատյան տեղափոխելու խնդրանքով: Արդյունաբերական նմուշների հավատարմատարը կարող է խնդրել, որ իրեն արդյունաբերական նմուշների հավատարմատարների գրանցամատյանից տեղափոխեն արտոնագրային հավատարմատարների գրանցամատյան՝ պայմանով, որ նա համապատասխանում է սույն օրենքի 75-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին:

4. Հավատարմատարները կարող են հանվել գրանցամատյանից, եթե՝

1)  նրանք այդ մասին դիմում են ներկայացրել,

2) դատարանի որոշմամբ նրանք զրկվել են տվյալ գործունեությամբ զբաղվելու իրավունքից։

5. Գրանցամատյանում գրանցվում են, մասնավորապես, հետեւյալ տվյալները՝ ներկայացուցչի գրանցման համարը, ներկայացուցչի տվյալները (ազգանունը, անունը կամ  անվանումը եւ բնակության կամ գտնվելու վայրը), գրանցամատյանում գրանցման թվականը եւ այն անձի տվյալները, ով համապատասխանում է սույն օրենքի 75-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի կամ 3-րդ մասի 1-ին կետի պահանջներին եւ ընդունված է մշտական կամ պայմանագրային աշխատանքի հավատարմատարի կողմից (անունը, ազգանունը, բնակության վայրը եւ կրթությունը):

6. Հավատարմատարների գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կանոնադրությամբ: Հավատարմատարների գրանցմումն իրականացնում է պետական լիազոր մարմինը՝ սույն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն իր սահմանած կարգով:
 

ԳԼՈՒԽ 11.  ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՒ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 77. Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի հայտն օտարերկրյա պետություններ ներկայացնելը

1. Հայաստանի Հանրապետությունում ստեղծված գյուտը, օգտակար մոդելը, արդյունաբերական նմուշը կարող է արտոնագրվել օտարերկրյա պետություններում:

2. Մինչեւ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված արդյունաբերական սեփականության օբյեկտի հայտն օտարերկրյա պետություն ներկայացնելը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում, հայտատուն պարտավոր է արդյունաբերական սեփականության տվյալ օբյեկտի հայտը ներկայացնել պետական լիազոր մարմին՝ հայտնելով նաեւ օտարերկրյա պետությունում դա արտոնագրելու մտադրության մասին։

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով արտոնագիր տալու գործընթացն ամբողջովին կամ մասնակիորեն իրականացնում է միջազգային մարմինը, ապա Հայաստանի Հանրապետությունում ստեղծված արդյունաբերական սեփականության օբյեկտի հայտը նշված միջազգային մարմին է ներկայացվում միայն պետական լիազոր մարմնի միջոցով՝ ազգային անվտանգության պահանջներին դրա համապատասխանության դեպքում։

3. Եթե սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան` գյուտը, օգտակար մոդելը կամ արդյունաբերական նմուշը օտարերկրյա պետությունում արտոնագրելու մտադրության մասին հաղորդումն ստանալու օրվանից 3 ամսվա ընթացքում պետական լիազոր մարմինը սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով արտոնագրումն օտարերկրյա պետություններում չի արգելում, ապա հայտատուն կարող է գործել իր հայեցողությամբ։

4. Սույն հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտումը հանգեցնում է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվության:

5. ԱՀՊ պայմանագրի ընթացակարգով Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Միջազգային բյուրո (այսուհետ՝ Միջազգային բյուրո) ներկայացվող միջազգային եւ Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի ընթացակարգով Եվրասիական արտոնագրային  կազմակերպություն ներկայացվող եվրասիական հայտերով պետական լիազոր մարմինը հանդես է գալիս որպես ստացող պետական մարմի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ իրավաբանական անձանց, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող ֆիզիկական անձանց համար։

Միջազգային հայտը ներկայացվում է անգլերեն, իսկ եվրասիական հայտը՝ ռուսերեն լեզվով։

Պետական լիազոր մարմինն ստուգում է ստացված հայտերի անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը եւ դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, որի արդյունքներով սահմանում է միջազգային կամ եվրասիական հայտերի ներկայացման թվականը, եւ այդ թվականից մեկամսյա ժամկետում առաքում է դրանք համապատասխանաբար Միջազգային բյուրո կամ Եվրասիական արտոնագրային գերատեսչություն։

Հոդված 78. Միջազգային եւ եվրասիական հայտերը, որոնք ունեն սույն օրենքով սահմանված կարգով ներկայացվող հայտերի ուժ

1. ԱՀՊ ընթացակարգով Միջազգային բյուրո ներկայացված գյուտի կամ օգտակար մոդելի միջազգային հայտը կարող է Հայաստանի Հանրապետությունում ազգային փուլ փոխադրվել, եթե այն պետական լիազոր մարմին է ներկայացվել խնդրարկվող առաջնության թվականից երեսունմեկ ամսվա ընթացքում՝  պայմանով, որ Հայաստանի Հանրապետությունը միջազգային հայտում նշված է որպես նշված պետություն։

2. Միջազգային հայտն ազգային փուլ փոխադրելու թվականը պետական լիազոր մարմինը սահմանում է, եթե պետական լիազոր մարմին ներկայացվել է առնվազն հետեւյալ փաստաթղթերի ստացման թվականով՝

1) սույն օրենքի 52-րդ եւ 53-րդ հոդվածներին համապատասխան՝ դիմում արտոնագիր ստանալու մասին, որում նշված է նաեւ միջազգային հայտի համարը եւ ներկայացման թվականը.

2) Միջազգային բյուրոյի կողմից միջազգային հայտի հրապարակման առաջին էջը։

3. Եթե սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված փաստաթղթերը երեսունմեկ ամսվա ընթացքում չեն ներկայացվել պետական լիազոր մարմին, ապա ԱՀՊ ընթացակարգով միջազգային հայտի գործողությունը Հայաստանի Հանրապետության նկատմամբ դադարեցվում է։

4. Միջազգային հայտի մյուս փաստաթղթերը ներկայացվում են սույն օրենքի 52-րդ եւ 53-րդ հոդվածներին համապատասխան։

5. Մերժված եվրասիական հայտի հիման վրա, Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի համաձայն, սույն օրենքով սահմանված կարգով արտոնագիր տալու հայտը քննարկում է պետական լիազոր մարմինը՝ Եվրասիական արտոնագրային գերատեսչությունից տվյալ հայտի վավերացված պատճենն ստանալու օրվանից։ Նշված օրվանից երկամսյա ժամկետում հայտատուն պարտավոր է ներկայացնել սույն օրենքի 52 - 62-րդ հոդվածներով սահմանված հայտի անհրաժեշտ նյութերը։

Հոդված 79. Նույնական գյուտերին տրված եվրասիական արտոնագիրը եւ Հայաստանի Հանրապետության արտոնագիրը

1. Եթե նույնական գյուտերին կամ նույնական գյուտին եւ օգտակար մոդելին տրված եվրասիական արտոնագիրը եւ Հայաստանի Հանրապետության արտոնագիրը ունեն միեւնույն առաջնության թվականը եւ պատկանում են տարբեր արտոնագրատերերի, ապա այդպիսի գյուտերը կամ գյուտը եւ օգտակար մոդելը կարող են օգտագործվել միայն` պահպանելով դրանց բոլոր արտոնագրատերերի իրավունքները։

2. Եթե նույնական գյուտերին կամ նույնական գյուտին եւ օգտակար մոդելին տրված եվրասիական արտոնագիրը եւ Հայաստանի Հանրապետության արտոնագիրն ունեն միեւնույն առաջնության թվականը եւ պատկանում են միեւնույն անձին, ապա այդպիսի գյուտերի կամ գյուտի եւ օգտակար մոդելի օգտագործման իրավունքը կարող է փոխանցվել ցանկացած անձի՝ այդ արտոնագրերի հիման վրա կնքված լիցենզային պայմանագրի համաձայն։

Հոդված 80.  Անցումային դրույթներ

1. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրված գյուտի հիմնական արտոնագրերը, որոնց գործողությունը մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը դադարեցված չէ, շարունակում են գործել սույն օրենքի դրույթներին համապատասխան՝ որպես սույն օրենքի համաձայն գյուտի արտոնագրաունակության մասին հրապարակված եզրակացությամբ գյուտի արտոնագրեր:

2. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրված գյուտի նախնական արտոնագրերը, որոնց գործողությունը մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը դադարեցված չէ, շարունակում են գործել սույն օրենքի դրույթներին համապատասխան՝ որպես սույն օրենքի համաձայն տրված գյուտի արտոնագրեր:

3. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրված օգտակար մոդելի  արտոնագրերը, որոնց գործողությունը մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը դադարեցված չէ, շարունակում են գործել սույն օրենքի դրույթներին համապատասխան՝ որպես սույն օրենքի համաձայն տրված օգտակար մոդելի արտոնագրեր:

4. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործողությունը դադարեցված գյուտի նախնական ու հիմնական արտոնագրերով եւ օգտակար մոդելի արտոնագրով  իրավունքները վերականգնվում են սույն օրենքով սահմանված կարգով:

5. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրված արդյունաբերական նմուշի  արտոնագրերը, որոնց գործողությունը մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը դադարեցված չէ, շարունակում են գործել սույն օրենքի դրույթներին համապատասխան՝ որպես սույն օրենքի համաձայն տրված արդյունաբերական նմուշի վկայագրեր: Ընդ որում, նշված վկայագրերը համարվում են գործողության մեջ հերթական հինգ տարում, եթե սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին արդեն վճարված է այդ հինգ տարիներից որեւէ տարվա համար օրենքով նախատեսված տարեկան պետական տուրքը:

6. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն ստացված, նախնական փորձաքննության փուլում գտնվող եւ համընդհանուր ծանոթացման չդրված գյուտերի հայտերի քննարկումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով:

7. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին ըստ էության փորձաքննության  փուլում գտնվող գյուտի հայտերով գործավարությունն իրականացվում է եւ արտոնագիր տրվում է մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող օրենքով սահմանված կարգով:

8. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն ստացված, նախնական փորձաքննություն անցած եւ համընդհանուր ծանոթացման դրված գյուտերի հայտերով արտոնագիր տրվում է սույն օրենքով սահմանված կարգով, հրապարակման թվականը եւ արտոնագիր տալու թվականը համարելով համընդհանուր ծանոթացման դնելու թվականը:

9. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն ստացված եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին փորձաքննության փուլում գտնվող օգտակար մոդելների հայտերի քննարկումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով:

10. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն ստացված եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին փորձաքննությունն ավարտված օգտակար մոդելների հայտերով արտոնագիր տրվում է մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող օրենքով սահմանված կարգով:

11. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն ստացված եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին փորձաքննության փուլում գտնվող արդյունաբերական նմուշների հայտերի քննարկումն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով:

12. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն ստացված եւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին փորձաքննությունն ավարտված արդյունաբերական նմուշների հայտերով վկայագիր տրվում է սույն օրենքով սահմանված կարգով, եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահին արդյունաբերական նմուշի արտոնագիր տրված չէ:

13. Ուժը կորցրած ճանաչել «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության  2004 թվականի դեկտեմբերի 8-ի, ՀՕ-175-Ն օրենքը:

Հոդված 81. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից։